Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

«Ամեն տեղ խոսում են գրողի շիտակ խոսքը, ազնիվ հայ մարդը, Հրաչյա Մաթևոսյանը»

«Ամեն տեղ խոսում են գրողի շիտակ խոսքը, ազնիվ հայ մարդը, Հրաչյա Մաթևոսյանը»
17.05.2018 | 15:45

Ավետիք Իսահակյանի անվան Կենտրոնական գրադարանում տեղի ունեցավ Հրաչյա Մաթևոսյանին (Հրաչօ) նվիրված գրքի շնորհանդեսը: «Մեր Հրաչօն. Հրաչյա Մաթևոսյանը ժամանակակիցների հուշերում» գիրքը կազմել է գրողի որդին՝ Արտակ Մաթևոսյանը, խմբագիրներն են Մարգարիտ Խաչատրյանը, Գևորգ Յազիճյանը: Գրքի շապիկի նկարը գրողի թոռնուհունն է՝ Սոնայինը: Գրքում տեղ են գտել նաև հատվածներ Հրաչյա Մաթևոսյանի ստեղծագործություններից:

«Առաջաբանի փոխարեն» ակնարկում գրականագետ, բանասիրական գիտությունների դոկտոր ՄԱՐԳԱՐԻՏ ԽԱՉԱՏՐՅԱՆԸ պատմում է գրքի ստեղծման մասին. նրա բնորոշմամբ՝ Մաթևոսյան ընտանիքի ու Հրաչոյի մտերիմների, ընկերների հիշատակի խոսքն է այս գիրքը, որի էջերում վերակենդանանում են Հրաչոյի կյանքի բազմաթիվ դրվագներ. «Մեկ տարի առաջ, Հրաչոյի հիշատակին նվիրված բացառիկ ջերմ հուշ-երեկոն ամփոփելիս, ցանկություն հայտնեցի նրան նվիրված գիրք հրատարակելու. ԳՐՔԻ մարդու հիշատակը հարգելու լավագույն ձևն է: Ամիսներ անց Մաթևոսյան ընտանիքի անդամները սիրով հավաքել էին հոդվածները ու սկսվեց իսկապես ստեղծագործական աշխատանքը, որը շատ հաճելի, անմոռանալի պահեր նվիրեց բոլորիս: Համոզված եմ՝ սա առաջին, բայց ոչ վերջին փորձն է»:


Գրողի եղբայրը՝ գրականագետ, բանասիրական գիտությունների թեկնածու ՀԱՄՈ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԸ, մեզ հետ զրույցում ասաց, որ գիրքը կազմվել է գրողի ձեռագրին հավատարիմ, այսինքն, ընթերցողը կտեսնի գրողին, հրապարակախոսին, ակնարկագրին. «Պետք չէ առանձնացնել. ամեն տեղ խոսում են գրողի շիտակ խոսքը, ազնիվ հայ մարդը, Հրաչյա Մաթևոսյանը: Ժողովածուն կազմված է մոտ 20 մտերիմ, գրի հարգն իմացող մարդկանց խոսքերից, համառո՛տ խոսքերից, որովհետև նրա մասին կարելի է խոսել ու դարձյալ խոսել»:


Գրողի թոռնուհի ՍՈՆԱՆ ասաց, որ պապիկին նկարել է առաջին անգամ ու հենց այս գրքի համար: Գիրքն ուրիշ տեսք պետք է ունենար, բայց հետո խնդիրներ են եղել, ու որոշել են՝ Սոնան պետք է նկարի: Սոնան հիշում է, որ պապիկն իրեն միշտ տանում էր զբոսանքի, սովորեցնում էր թեթև ապրել, կյանքին նայել լավ աչքերով ու վատի մեջ էլ լավը տեսնել: Հենց այսպիսին է Հրաչյա Մաթևոսյանը Սոնայի նկարում: Կուբիստական ոճն էլ ընտրել է, պարզապես, որ նկարը գեղեցիկ լինի: Սոնան ասաց նաև, որ ուզում է դառնալ այնպիսի մարդ, որն արժանի լինի Մաթևոսյան ընտանիքին:


Օպերային երգչուհի, աշխարհահռչակ սոպրանո ՀԱՍՄԻԿ ՊԱՊՅԱՆԸ ազգակցական կապ ունի գրողի հետ: «Նա մնաց հավատարիմ իր համոզմունքներին, երբեք չճկվեց, չխոնարհվեց, չհարմարվեց գոյություն ունեցող անարդարություններին: Անչափելի հայրենասեր էր, մեծ մարդասեր, փոքրի հետ՝ փոքր, մեծի հետ՝ մեծ: Սիրտն անդադար բոլորի հետ էր, ու դա նաև հանձնեց գրչին, մենք ունենք այդ բախտավորությունը, որ այսօր կարող ենք կարդալ իրեն: Ցավում եմ, որ մեզ հետ չէ, ու այս օրը չտեսավ»: Ժողովածուի մասին խոսելով՝ ասաց, որ ազնիվ ու անկեղծ խոսքեր են, համոզված է նաև, որ շատերը կուզեին խոսք ասել. անթիվ անհամար են նրան սիրողները, գնահատողները:


Գրքի խմբագիր, հրապարակախոս, պատմաբան ԳԵՎՈՐԳ ՅԱԶԻՃՅԱՆԻ կարծիքով՝ վերջին շաբաթների իրադարձությունները լակմուսի թղթի նման ցույց տվեցին, թե ովքեր են իսկական մտավորականները, ովքեր են իսկական գրող, և ովքեր են գրող-մրոտող: Նշեց՝ Հրաչoն առաջին տեսակից է: Գևորգ Յազիճյանի խոսքով՝ գիրքը կարելի է բաժանել երեք մասի, առաջինը՝ գրողի հարազատների, գրչընկերների, ճանաչող արվեստագետների մտքերն են և մեջբերումներ նրա իսկ խոհափիլիսոփայական հայացքներից: Երկրորդը ներդիր է՝ անձնական լուսանկարներ, որոնք շատ կարևոր են իբրև պատմական փաստաթուղթ, և երրորդը՝ գրքի վերջին մասը, հատվածներ Հրաչյա Մաթևոսյանի լույս տեսած տարբեր գրքերից: «Կան տողեր, որ կարծես այսօրվա համար են գրված,- ընդգծեց գրքի խմբագիրը:- Մտավորական մարդը, երբ գրում է, պետք է ինչ-որ տեղ կանխատեսող լինի, մարգարե: 40 տարի առաջ նրա գրած տողերը կարծես այսօրվա համար են գրված ու մեզ համար ուղենիշ են դառնալու նաև վաղվա օրը ծրագրելու: Կուզեի, որ գրողների միությունը նախաձեռներ (ինքս էլ կօժանդակեմ ինչով կարող եմ) երկերի եթե ոչ ամբողջական, գոնե ընտրանու հրատարակություն: Հրաշագործ այս սերունդը կարիք ունի մեր բոլորի և հատկապես մեր մեծերի այս խորհուրդներին, նրանց կյանքի փորձառությունից զտված եզրակացություններին. ես դրանով եմ արժևորում նաև Հրաչոյի այս ընտրանու հրատարակությունը»:


Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Լուսանկարներ

. .
Դիտվել է՝ 3260

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ