Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

ԱՄՆ-ը հույս ունի, որ Կիմ Չեն Ինի հետ հանդիպումը կկայանա

ԱՄՆ-ը հույս ունի, որ Կիմ Չեն Ինի հետ հանդիպումը կկայանա
17.05.2018 | 19:09

Նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը հույս է հայտնել, որ Հյուսիսային Կորեայի ղեկավար Կիմ Չեն Ինի հետ հունիսին ծրագրված հանդիպումը, այնուամենայնիվ, կկայանա: Սպիտակ տան մամլո քարտուղար Սառա Սանդերսն ասել է, որ նախագահ Թրամփը պատրաստ է մեկնել Սինգապուր, որտեղ հունիսի 12-ին պետք է կայանա երկու ղեկավարների հանդիպումը:

Չորեքշաբթի օրը Հյուսիսային Կորեան հրապարակեց զայրալից հայտարարություն, որ հանդիպումը չի կայանա, եթե ԱՄՆ-ը շարունակի պնդել, որ Հյուսիսային Կորեան միակողմանի հրաժարվի միջուկային զենքից: «Նախագահը պատրաստ է, եթե հանդիպումը կայանա,-ասաց Սանդերսը:-Եթե հանդիպում չլինի, մենք կշարունակենք առավելագույն ճնշման քաղաքականությունը»: «Կկայանա հադիպու՞մը» հարցին Թրամփը պատասխանեց` «Կապրենք` կտեսնենք»: Նա ընդգծեց, որ ԱՄՆ-ը նախկինի պես պնդում է, որ Հյուսիսային Կորեան պետք է հրաժարվի միջուկային զենքից: Երկու ղեկավարների աննախադեպ հանդիպման համաձայնությունը ձեռք էր բերվել, երբ Հյուսիսային Կորեան հայտարարել էր, որ ուզում է Կորեական թերակղզին տեսնել առանց միջուկային զենքի: Առայժմ հայտնի չէ` ինչ է այդ հայտարարությունը գործնականում նշանակում, բայց Փխենյանը հրավիրել է միջազգային մամուլին ներկա գտնվել իր հիմնական միջուկային փորձակայանի քանդվելուն մայիսի վերջին:
Ի՞նչը հանկարծ զայրացրեց Հյուսիսային Կորեային: Պետական ԶԼՄ-ների տարածած հայտարարության մեջ նշվում է, որ Փխենյանը մեծ հույսեր էր կապում այդ հանդիպման հետ, բայց «խորապես հիասթափված են» ԱՄՆ-ի վերջերս հնչած չմտածված հայտարարություններից: Հայտարարության մեջ անձամբ հիշատակվում է Թրամփի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլտոնի անունը:

«Մենք չենք թաքցնում, որ նրա նկատմամբ հակակրանք ունենք»` ասել են հյուսիսկորեացիները: Անցած կիրակի հեռուստահարցազրույցում Ջոն Բոլտոնն ասել է, որ Հյուսիսային Կորեան կարող է գնալ Լիբիայի ճանապարհով, որը համաձայնեց միջազգային ստուգման` ապացուցելու համար լիակատար հրաժարումը միջուկային ծրագրից: Նման հայտարարություններն անհանգստացնում են Փխենյանին, քանի որ Հյուսիսային Կորեան տեսել է, որ միջուկային ծրագրից հրաժարվելուց մի քանի տարի հետո Լիբիայի նախագահ Մուամար Կադաֆիին սպանեցին ապստամբները, որ ունեին Արևմուտքի աջակցությունը: Երբ Փխենյանը հրապարակեց իր հայտարարությունը, Ջոն Բոլտոնը Fox-ին ասաց, որ իր կարծիքով` հանդիպումը, այնուամենայնիվ, կկայանա: «Մենք փորձում ենք միաժամանակ լավատես ու իրատես լինել»-ասաց Բոլտոնը: Հյուսիսային Կորեան տարիներ է ծախսել միջուկային զենքի ստեղծման վրա, որ ապահովի իր վարչակարգի գոյությունը: Ուստի Փխենյանի միջուկային ծրագրի դադարեցման համեմատությունը Լիբիայում կամ Իրաքում կատարվածի հետ, որ արել է Բոլտոնը, հաստատ վստահություն չի հաղորդի Փխենյանի վարչակարգին: Եվ Լիբիայում, և Իրաքում իշխանությունները վերացվեցին: Հյուսիսային Կորեայի հայտարարությունը պետք է դիտարկել նաև իբրև զգուշացում Թրամփի վարչակարգին: Փխենյանը գիտի` որքան է Դոնալդ Թրամփը ցանկանում, որ այդ հանդիպումը կայանա, բայց և նա, և նրա վարչակարգը հայտարարում են, որ հանդիպման առաջարկը Փխենյանի կողմից Հյուսիսային Կորեայի վրա առավելագույն ճնշման արդյունք է: Ակնհայտ է, որ նման խոսքերը Փխենյանի նյարդայնությունն են հարուցում:


Հյուսիսային Կորեան ցանկանում է, որ ամբողջ աշխարհը տեսնի` ԿԺԴՀ բանակցությունների սեղանի շուրջ է նստում ուժի դիրքերից, բայց զգուշանում է, որ ստիպված է զիջումների գնալ: Հյուսիսային Կորեան արդեն սառեցրել է բալիստիկ հրթիռների փորձարկումները, ազատել է ԱՄՆ 3 քաղաքացիների, որ բանտարկված էին ԿԺԴՀ-ում, բացի այդ` Կիմ Չեն Ինը հանդիպել է Հարավային Կորեայի նախագահի հետ, որից հետո հայտարարել է իր միջուկային փորձակայանի ապամոնտաժման մասին: Իհարկե, հյուսիսկորացիներին բոլորովին դուր չի գալիս, որ Թրամփի վարչակազմը իրեն է վերագրում այդ լիցքաթափման առանցքային դերը: Հյուսիսային Կորեան հստակ հասկացնում է, որ պատրաստ է հրաժարվել հանդիպումից, եթե Վաշինգտոնից չլսի ավելի բարեկամական հայտարարություններ:


«Եթե ԱՄՆ-ը փորձի մեզ անկյուն քշել, որ պարտադրի միակողմանի հրաժարվել միջուկային ծրագրից, մեզ այդ երկխոսությունը չի հետաքրքում»` նշված է հայտարարության մեջ, որ ստորագրել է Հյուսիսային Կորեայի ԱԳ փոխնախարարը, որ մեծ ազդեցություն ունի հյուսիսկորեական ղեկավարության վրա և անցյալում մասնակցել է ԱՄՆ-ի հետ բանակցություններին: Հայտարարության հրապարակումից մի քանի ժամ առաջ Հյուսիսային Կորեան բեկանեց Հարավային Կորեայի ներկայացուցչի հետ բարձրամակարդակ հանդիպումը, որովհետև Փխենյանը դժգոհ է համատեղ հարավկորեական-ամերիկյան զորավարժություններից:


Ինչո՞վ Ջոն Բոլտոնը դուր չի գալիս Փխենյանին: Ջոն Բոլտոնը պահպանողական է և կոշտ գծի կողմնակից, որ մշտապես կողմնակից է ԱՄՆ հզորության ցուցադրությանը, նաև` արտասահմանում ուժի կիրառմանը: Անցյալում նա ասում էր, որ կանխարգելիչ հարվածը Հյուսիսային Կորեային «լիովին օրինական է»:
BBC


Հ.Գ. Բոլոր նշված փաստարկներին հավելեք` Կիմ Չեն Ինը չի կարող չմտահոգվել, որ մեկ տարի կամ ավելի քիչ ժամանակ անց Դոնալդ Թրամփը չի հայտարարի, որ Հյուսիսային Կորեայի հետ կնքված համաձայնագիրը «սարսափելի է» ու պետք է վերանայվի` ինչպես Իրանի միջուկային համաձայնագրի դեպքում է: Եվ Ջոն Բոլտոնի հայտարարությունները լավագույն պատրվակն են, որից կառչելով Կիմ Չեն Ինը ուղղակի պարտավոր է ԱՄՆ-ից հավաստիացումներ ու երաշխիքներ ստանալ հանդիպումից առաջ:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 1715

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ