Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Ղեկավարելի՞, թե՞ անղեկավարելի քաոս

Ղեկավարելի՞, թե՞ անղեկավարելի քաոս
18.05.2018 | 01:02

Հայաստանը մտնում է բավականին բարդ փուլ։ Մի կողմից, անհնար էր այլևս շարունակել նախկին ճահճի տրամաբանությամբ ապրելը, մյուս կողմից, կարծես դանդաղորեն առաջանում է անկառավարելիության շրջան, ուր ռիսկերն անչափ մեծ են՝ հասարակությունից ամբոխ դառնալու, սեփական զավակին՝ «թավշյա հեղափոխությունը», վայրկյանների ընթացքում խժռելու, երկիրը պերմանենտ ցնցումների տանելու մասով։ ՈՒ թե սրան էլ գումարում ենք արտաքին վտանգներն ու տարածաշրջանային վերադասավորություններն ու զարգացումները, ապա ռիսկերն է՛լ ավելի են մեծանում։


Կկարողանա՞ նոր իշխանությունը, վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, երկիրը հեռու պահել այս ռիսկերից։ Իրատեսական պատասխանը միակն է՝ կդժվարանա։ Խնդիրն այս պարագայում ամենևին էլ Նիկոլ Փաշինյանի անձը չէ։ Ցանկացած մեկը նման պարագայում չէր կարողանա գլուխ հանել։ Գլուխ չէր հանում արդեն Սերժ Սարգսյանը, որովհետև օբյեկտիվ-սուբյեկտիվ կուտակումների այնպիսի սարդոստայն էր առաջացել, որ ջինն ընդամենը պահվում էր շշում, որ հանկարծ դուրս չգա, ավերածություններ չգործի։
Ջինը շշից դուրս եկավ։


Ի՞նչ պետք է արվի։ Եթե Հայաստանում հիմնավորված լիներ նախագահական կառավարման ինստիտուտի շարունակականության ավանդույթը, ապա, որպես ակսակալական դպրոց, երեք նախագահները կկանգնեին Նիկոլի կողքին, անկախ ամեն ինչից, և պետությունն առաջ կտանեին։ Ավաղ։ Նրանք անգամ քաջություն չունեցան վերջինիս կեսբերան շնորհավորելու։ Ավելին, Ռուսաստանում՝ բավականին լուրջ մեկնարկի մեջ գտնվող Փաշինյանին բոլորը, ինչպես լրագրողական աշխարհում է ընդունված ասել, «մի լավ թաղեցին՝ Ղարաբաղյան խնդրով», քանզի լավ հասկացել էին՝ Նիկոլը քննություն չի բռնի այնտեղ, դաշտը հնարավոր է «բացվի», հարկավոր է Ռուսաստանին հիշեցնել իրենց մասին։
Հիմա հանդիպակաց հարց. այդպես է ամբողջովի՞ն, թե՞, բոլոր դեպքերում, կան խողովակներ, որոնցով կողմերը, կոնկրետ դեպքում Փաշինյանը, հարաբերակցվում են «նախկինների» հետ, մանավանդ այսօր, երբ հարևան է Սերժ Սարգսյանի հետ, և ինչպես օրերս կատակեց մեր զրուցակիցը, «Նիկոլը կարող է մեկ-մեկ զաբորը թռնել, փշալարն անցնել, մտնել Սերժ Սարգսյանենց տուն՝ երկրի համար էական, կարևորագույն հարցեր քննարկելու, իրավիճակը հասկանալու համար»։


Կդժվարանանք այս հարցին պատասխանել, այնուհանդերձ, ուշի ուշով հետևելով «նախկինների» գործելաոճին, կարող ենք նաև արձանագրել՝ Փաշինյանը կարող է առաջին հերթին համախոհներ գտնել շատ ավելի այսօր «նախկին» դարձածների մեջ, որոնց դեֆակտո քաղաքական օգնությունը նրան պետք է ապագա բոլոր քայլերում՝ կառավարության ծրագրի հաստատում, օրենսդրական զանազան-զարմանազան նախագծեր, նոր ընտրությունների գնալ-չգնալու ընթացք, արտաքին քաղաքականություն և այդպես շարունակ, քան իր նախկին «հոգեժառանգության»՝ Լևոն Տեր-Պետրոսյանի թիմում, ուր վերաբերմունքը Նիկոլի հանդեպ ուղիղ համեմատական է «Մենք դեռ քեզ կասենք»-ի հետ։ Քոչարյանի և նրա թիմի մասին... Լավ, մի ծիծաղեք, երկիրն այն վիճակում չէ, որ անգամ այս դեպքի համար ժպիտ ունենաք:
Այսպիսով, ինչպիսին է օրերս հեռացած թիմի պահվածքը. իհարկե և բնականաբար, ռևանշի սպասմամբ ներհագեցած։ Բայց և գրագետ։ Նաև՝ պարտադրված պետականամետ։ Մի շարք լուրջ մտահոգություններից «բաղկացած»։


Անկախ Նիկոլ Փաշինյանի նկատմամբ ունեցած վերաբերմունքից, նրա մարդկային, պետական գործչի նկարագրից, այսօր «հեռացած» իշխանությունը, որը, ասացինք, դեռևս լուրջ լծակներ ունի, եթե չասենք՝ երկրի բոլոր լծակները դեռ իր ձեռքում է պահում, հաստատապես կկանգնի Նիկոլի կողքին շատ դեպքերում (սրան կանդրադառնանք մեկ այլ անգամ), ինչպես նաև, եթե պարզվի, որ արդեն երկու օր փողոցները փակած «Սասնա ծռերի» համախոհները, բացի իրենց «քաղբանտարկյալներին» «ուզելուց», նաև իշխանություն են ուզում։ Եվ՝ լրջորեն։
Ընդ որում, նույն այն եղանակով, ինչ եղանակով իշխանության հասավ Նիկոլ Փաշինյանը՝ փողոցում շատ մարդ հավաքելով։ Ասված է, չէ՞, «Սուր վերցնողը սրից է ընկնում»։ Իսկ սա, համաձայնեք, երկիրը ոչ միայն անվախճան քաոսի կտանի, այլև պետականությունը կորցնելու «ներուժով» կօժտի։


Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 4162

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ