Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Երբ մակընթացությունն ու տեղատվությունը հանդիպում են

Երբ մակընթացությունն ու տեղատվությունը հանդիպում են
18.05.2018 | 01:07

Մենք ապրում ենք սքանչելի ու խառնակ ժամանակներում, երբ բոլորն իրենց պարտավորված են համարում կարծիք ունենալ ու արտահայտել, հատկապես` քայլ անել: Սկսվել է բրոունյան շարժում` բոլորը բողոքում են, բոլորը պահանջատեր են, հայտնի չէ` ո՞վ է տերը: Ամենազվարճալին նրանք են, որ լուրջ տեսքով մարգարեի դերի մեջ մտած գուշակություններ են անում… անցյալ ժամանակով: Իրենք գիտեին: Զգացել էին: Հասկացել էին: Սկսվել է հեղափոխության տեղատվությունը: Բոլոր նախարարները նշանակված են, նույնիսկ սկսել են գործել, ինչ-որ տեղ գրվում է կառավարության ծրագիրը: Ամեն օր անձրևում է, տեղ-տեղ կարկուտ է գալիս: Ինչպես միշտ` հակակարկտային կայանները չեն գործում: Ցոգոլը կարող է ծիրան չդառնալ: ՈՒ դա համահայկական փաստ է, որ ընդհանրական նշանակություն ունի այսօրվա ու վաղվա իրադարձությունների առումով:


Զարմացրին թուրքերը: Բինալի Յիլդիրիմից հետո, որ թուրք-հայկական հարաբերությունների համար նախապայման չէր դրել Ադրբեջանի պահանջը, խոսեց Էրդողանը: Լոնդոնում, Chatham House-ում արտաքին քաղաքականության հիմնական ուղղությունների և միջազգային օրակարգին առնչվող հարցերի մեջ անդրադարձավ Հայաստանի հետ հարաբերություններին. «Թուրքիան սատարում է Կովկասում և Միջին Ասիայում մնայուն խաղաղությանը, զարգացմանն ու բարօրությանը ուղղված բոլոր ջանքերին: Այս դրական պատկերից դուրս մնացած միակ երկիրը Հայաստանն է: Մենք սպասում ենք այն օրվան, երբ Հայաստանի ղեկավարությունը խելամիտ մոտեցում և ողջամտություն կցուցաբերի»: Իհարկե` ստեց ու չասաց` ի՞նչ է հասկանում խելամիտ ու ողջամիտ ասելով: Լուկաշենկոյի ցինիզմը զգետնեց` Սոչիում վարչապետ Նիկոլ Փաշինյանին ասել էր` Մինսկի և Երևանի հարաբերություններում խնդիրներ չկան և չեն լինի: Ասել էր` «Դուք կարող եք հույս դնել մեզ վրա, ինչպես նախկինում: Մեր քաղաքականությունը հայ ժողովրդի նկատմամբ երբեք չի փոխվի: Դա ես Ձեզ խոստանում եմ: Կլինի նույնքան կառուցողական և բարեկամական»: Կառուցողական ու բարեկամականը ո՞րն է` Ադրբեջանին բոլոր հարցերում սատարելն ու զենք վաճառե՞լը: Մայիսի 16-ին Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը հանդիպել է Բելառուսի ռազմարդյունաբերական պետական հանձնաժողովի նախագահ Օլեգ Դվիգալևի հետ` քննարկելու ռազմատեխնիկական համագործակցության զարգացման կարևորությունը, որոշել են նոր խոշոր նախագծերի իրականացման ուղղությունները: Պուտինը ևս զարմացրեց` Սոչիում ու Սոչիից առաջ: Գրեթե անտարբերությամբ Հայաստանի նկատմամբ, որի հիմքում վստահությունն էր` սուզանավից չեն հեռանում: Հատկապես ծով չունեցողները, մանավանդ լողալ չիմացողները: «Ես ուզում եմ ձեզ հաջողություններ մաղթել վարչապետի պաշտոնում և հույս ունեմ, որ մեր հարաբերությունները կզարգանան նույնքան առաջընթացիկ, ինչպես եղել են մինչև հիմա»` երկուշաբթի Սոչիում առաջին հանդիպմանն ասաց Պուտինը: Հայաստանի նոր վարչապետին, ում բացահայտ ուսումնասիրում էր ու մտքում համեմատում միայն ինքը գիտի` ում հետ: Գուցե նրա համար գաղտնիք մնաց` ո՞վ էր իրեն ստում` ռու՞ս պաշտոնյաները, որ վստահեցնում էին` Հայաստանում մի 10 տարի ֆորս մաժոր չի լինի, բնակչության 80 և ավելի տոկոսը կողմ է ԵԱՏՄ-ին, ինչ-որ մի 10 տոկոս` ԵՄ-ին, թե՞ ռուսամետ հայերն էին ներկայացնում այն պատկերը, որ ուզում էր տեսնել Մոսկվան: Հիմա ու՞մ պատժի: ՈՒ՞մ խրախուսի: Հայաստանի հետ հարաբերությունների համար մի քանի կառույցներ են պատասխանատու: Իր աշխատակազմի` արտասահմանյան երկրների հետ միջռեգիոնալ ու մշակութային կապերի վարչությունը Վլադիմիր Չեռնովի գլխավորությամբ, որ հիմք են ընդունում ՀՀ-ում ՌԴ դեսպանատան տվյալները, ԱԳՆ-ն, ԱԴԾ 5-րդ վարչությունը (օպերատիվ տեղեկատվություն ու միջազգային կապեր), ՌԴ Անվտանգության խորհուրդը, ՌԴ Գլխավոր շտաբի գլխավոր վարչությունը (ռազմական հետախուզություն): Ի՞նչ են նրանք հաղորդել Պուտինին իրավիճակի մասին: Մոսկվայի ու Երևանի հարաբերությունները կառուցվում էին Վլադիմիր Պուտինի ու Սերժ Սարգսյանի անձնական շփումների վրա, հիմա պիտի գործարկվեն այլ ալիքներ: Պուտինը պիտի ընտրի` ո՞ր:

Կրեմլամերձ աղբյուրների համաձայն` ռուսաստանաբնակ հայ բիզնեսմեններ` «Տաշիր գրուպի» նախագահ Սամվել Կարապետյանը և «Ավիլոն» ավտոդիլերի համասեփականատեր Կամո Ավագումյանն են համոզել Սերժ Սարգսյանին հրաժարական տալ: Գուցե այդպես է, գուցե ոչ: Մոսկվան նրան չպահեց: Ինչպես անցյալ դարում չպահեց ՀՀ առաջին նախագահին, ավելին` հրաժարական պարտադրեց ու բերեց Ռոբերտ Քոչարյանին: Երկրորդ անգամ խաղը չստացվեց` Սերժ Սարգսյանին համոզեցին հրաժարական տալ, որ մնա Կարեն Կարապետյանը: Պուտինը նույնիսկ նրան զանգահարեց ու աջակցություն հայտնեց: Բայց նույն ցեղից մեկ նախագահ է լինում: Հիմա Պուտինը պիտի անձամբ հասկանա` ո՞վ է ու ի՞նչ է ուզում Նիկոլ Փաշինյանը: Ինչքա՞ն է տևելու նրա իշխանությունը: Որքանո՞վ են իրավիճակային ու որքանո՞վ անկեղծ նրա հավաստիացումները և ի՞նչ քաղաքականություն վարել Հայաստանի նկատմամբ: Ի վերջո` տոտալ լոյալություն չկար` ռուսական հեռուստաալիքներով ու մամուլում տարբեր տրամաչափի հայառուս ու ռուս քաղաքագետներ պարբերաբար Հայաստանում և մայդան էին տեսնում, և վարդերի հեղափոխություն, և Սորոսի «ձեռքը» ու ԱՄՆ դեսպանատան «մատը»: Չափաբաժինն էր թույլ հրահանգված:


Չզարմացրեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Արագ կերպարանափոխությամբ: Մինչև այսօր նրա հրապարակային տեսակետները տարբեր հարցերով գրեթե չեն տարբերվում ՀՀԿ-ի տեսակետներից ու հիմնովին տարբերվում են Նիկոլ Փաշինյանի տեսակետներից` նախքան վարչապետ դառնալը: Սպասելի էր: Ընդդիմությունն ու իշխանությունը տարբեր հարթություններում են ու տարբեր պատասխանատվություն ունեն: Առայժմ նա ոչ մի հարցի հստակ պատասխան չի տալիս` սկսած Արցախի հարցից մինչև… արտահերթ ընտրություններ: Հիմա արտահերթ ընտրությունների ժամկետի հարցին վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատասխանում է` այս տարի: Մնում է կես տարի: Ի՞նչ կարող է լինել կես տարում:


1. Ընտրական օրենսգրքի փոփոխություն և ռեյտինգային ընտրակարգից հրաժարում` հանուն արդար ընտրության: Հայաստանում երբեք որևէ օրենսգիրք չի խանգարել ընտրություններին: Խնդիրը օրենսգիրքը չէ, խնդիրը համակարգն է` կհաջողվի՞ կես տարում փոխել համակարգը ու հասնել իրապես ազատ ու թափանցիկ ընտրությունների կազմակերպման` հաշվի առնելով ՀՀԿ-ի իրապես մեծ ռեսուրսը և ռևանշի բնական ցանկությունը: Իսկ եթե ՀՀԿ-ն դեմ քվեարկի՞:


2. Կա՞ տարբերակ, որ արտահերթ ընտրությունները կհետաձգվեն կամ չեն լինի: Եթե ՀՀԿ-ն կառուցողական դիրքորոշում դրսևորի ու չարգելակի կառավարության օրինագծերն ու քայլերը, ինչու ո՞չ: Կառավարությունը կիրականացնի իր ծրագրերը, ՀՀԿ-ն կպահպանի իր տեղը խորհրդարանում: Իսկ խոստումնե՞րը: Ո՞ր հեղափոխությունն է կատարում իր խոստացածը:


3. Միշտ կա ֆորս մաժորի տարբերակը` երբեք չես ծրագրի ուրիշի գործողություններն ու քայլերը:
ՀՀԿ-ն վաղաժամ է համարում արտահերթ ընտրությունների մասին խոսելը։ «Արտահերթ խորհրդարանական ընտրությունների գնում են այն ժամանակ, երբ լինում է քաղաքական ճգնաժամ, երբ կառավարության ծրագիրն ունենում է անհաղթահարելի պրոբլեմներ՝ իր քաղաքականությունն իրականացնելու համար: Մենք բացահայտ հայտարարել ենք, որ մենք արհեստականորեն չենք խոչընդոտելու Փաշինյանի կառավարության գործողություններին»` հիմնավորել է ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը: Կառավարության ծրագրի հաստատման դեպքում ԱԺ-ն 1 տարի չի կարող հեռացնել վարչապետին։ Ըստ Սահմանադրության` արտահերթ ԱԺ ընտրություններ հնարավոր են, եթե վարչապետը հրաժարական տա և ԱԺ-ն 2 անգամ չընտրի նոր վարչապետ։ Իսկ եթե ընտրե՞ց: Կարևորը հասարակությանը տեսանելի սոցիալական փոփոխություններն են: Կարող է պարզվել` նոր կառավարությունը ոչ անցումային է, ոչ ժամանակավոր, թավշե հեղափոխության «ճանապարհային քարտեզը» փոխվում է կյանքի պարտադրանքով: Կա՞ ռեսուրս մինչև 2022-ը: Հանրային վստահության ռեսուրս ու ֆինանս: Մակընթացության ու տեղատվության մեջ: Հեղափոխության մակընթացությունը ճանապարհներ փակելով ու ցույցերով հրաժարականներ է պահանջում, տեղատվությունը նախարարների շուրթերով հորդորում է օրինականությունը պահպանել: Երևանի քաղաքապետարանն արդեն ոստիկանություն է դիմում` աշխատանքային պայմաններ ապահովելու խնդրանքով: Բաղրամյան 26-ում ցուցարարները հերթապահում են` զինկոմիսարիատների օպտիմալացման դեմ պայքարողները, ավտոներկրողները, տաքսու վարորդները, «Նաիրիտի» նախկին աշխատակիցները: Փակվել է Արշակունյաց պողոտան` «Սասնա ծռերի» ազատությունն են պահանջում: Նրանցից ոչ ոք այդպես էլ վարչապետ Նիկոլ Փաշինյանին չտեսավ: Տարբեր պաշտոնյաներ ընդունեցին ու խոստացան հարցերը լուծել: Ի՞նչ է կատարվում` պերմանենտ հեղափոխությու՞ն: Թե՞ ջինը շշից դուրս է եկել ու կախարդական բառը ջնջվել է: Այս դիֆուզ վիճակում ինչպե՞ս են գործելու պետական կառույցները: Կողմնորոշվել է պետք` համակարգը կամ վերակառուցում ես, կամ քանդում ես: Երկուսը միաժամանակ չի ստացվի: Արդարության հույսը չի կարելի սպանել: Այդ սպանությունից հետո մնում է ինքնասպանությունը:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Հ. Գ. Ֆրանսիայի, Չեխիայի, Իսպանիայի վարչապետներից հետո Նիկոլ Փաշինյանին շնորհավորեց ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը: «Անհամբերությամբ եմ սպասում մեր համագործակցությանը փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բազմաթիվ բնագավառներում, այդ թվում` առևտրի, ժողովրդավարական ինստիտուտների և տարածաշրջանային անվտանգության ամրապնդման ոլորտներում: Առաջընթացը կոռուպցիայի դեմ պայքարում, քաղաքական բոլոր ուժերի համախմբումը և Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորումը կնպաստեն այդ ջանքերին և կերաշխավորեն Հայաստանի պայծառ ապագան: Լավագույն մաղթանքներս Ձեզ և հայ ժողովրդին»: Եվրախորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը հաստատեց ԵՄ-ՀՀ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը՝ կողմ էին 55, դեմ` 2, ձեռնպահ` 7 պատգամավոր։ Եվրախորհրդարանի պատգամավորները հիշեցրին` եվրոպական արժեքներից՝ ժողովրդավարությունից, օրենքի ու մարդու իրավունքների գերակայությունից նահանջը կարող է հանգեցնել համաձայնագրի դադարեցմանը։ Կարծես թե Հայաստանի հեղափոխական իշխանության միջազգային ճանաչումն ամբողջացավ: Թեպետ ինքը` Նիկոլ Փաշինյանը, հրապարակային մակարդակում գործեց գրեթե հակառակ ճանաչմանը` հաշվի չառնելով աշխարհաքաղաքական իրավիճակն աշխարհում:

Առայժմ նա ԱՄՆ-ից ու ԵՄ-ից ստանում է ավանս: Լեռնային Ղարաբաղի խնդիր ունեցող երկրի համար եվրաանտեսումը անվտանգության հարց է: Նրանք այնքան հեղափոխություններ են տեսել, որ քո հեղափոխությամբ չես զարմացնի: Գործ է պետք անել, ոչ թե հայտարարություններ: Փաստացի ԱՄՆ նախագահը շարադրել է ԱՄՆ-ՀՀ օրակարգը, որը կարող է լրացվել համագործակցությամբ: Եթե կայանա: Այն տպավորությունն է, որ Նիկոլ Փաշինյանն աշխարհագրության դասերից փախել է, կամ ուսուցիչը թունդ կոմունիստ է եղել ու Ռուսաստանից դուրս որևէ երկիր քարտեզի վրա ոչ ցույց է տվել, ոչ ընդունել է: Կոռուպցիայի դեմ պայքարի ու օլիգարխիայի վերացման պրիմիտիվ պատկերացումները` հրաման տվեցի ու կատարվեց, նույնիսկ քննարկման ենթակա չեն: Հավելեք համակարգի ինքնապահպանական դիմադրությունը ու կստանաք պատասխանը` պե՞տք է արտահերթ ընտրություններ անցկացնել, թե՞ շարունակել համակարգի ներսից բարեփոխումը: Ինքնիշխանության վերականգնումը առաջին քայլն է, որից հետո միայն հնարավոր են մյուս քայլերը: Այդ մասին հեղափոխությունը մոռացել է: Գուցե իսկապես շա՞տ փափուկ են իշխանական բազկաթոռները, երանելի` սպասարկումն ու կենցաղային պայմանները:

Դիտվել է՝ 2061

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ