USD482.48
EUR565.61
RUB7.83
  •  Երևան 
    ... °C
  •  Գյումրի 
    ... °C
  •  Աբովյան 
    ... °C
 

Հանուն ինչի՞ էր Նիկոլ Փաշինյանը ձգտում ամեն գնով դառնալ վարչապետ

Հանուն ինչի՞ էր Նիկոլ Փաշինյանը ձգտում ամեն գնով դառնալ վարչապետ
18.05.2018 | 10:38

Նոր կառավարության ձևավորումից հետո հեղափոխական էյֆորիան, հետհեղափոխական գործընթացներին բնորոշ իրարանցումը շատ դանդաղ, բայց այնուամենայնիվ մարում են, և աստիճանաբար ամենօրյա օպերատիվ հարցերին զուգահեռ առաջին պլան է մղվում այն հարցը, թե հանուն ինչի՞ էր Նիկոլ Փաշինյանը ձգտում ամեն գնով դառնալ վարչապետ։ Այս համատեքստում առաջ է գալիս ԱԺ արտահերթ ընտրությունների թեման։ Եվ հարցերի հարցն է՝ ե՞րբ են ի վերջո տեղի ունենալու այդ ընտրությունները։


Ի սկզբանե Նիկոլ Փաշինյանը հիմնավորում էր, որ ժամանակավոր կառավարության նպատակը Հայաստանում ազատ, արդար, թափանցիկ ընտրությունների անցկացման համար համապատասխան մթնոլորտ, պայմաններ ստեղծելն է, ընտրություններ, որոնց արդյունքները որևէ մեկը կասկածի տակ չի դնի։ Դեռևս վարչապետ չընտրված ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտարարում էր, որ քաղաքական ուժերի հետ կա պայմանավորվածություն, որ ընտրությունները տեղի են ունենալու «ողջամիտ ժամկետներում»։ «Ողջամիտ ժամկետ» կոչվածի շուրջ, անշուշտ, տարբեր կարծիքներ կան. նշվում է երկու ամսից մինչև մեկ տարի ժամանակահատվածը։ Եվ բառացիորեն օրերս ՀՀ նորընտիր վարչապետը հստակեցրեց այդ «ողջամիտ ժամկետ» ասվածը. լրագրողների հետ զրույցում նա նշեց, որ խորհրդարանական արտահերթ ընտրություններ, ըստ ամենայնի, կանցկացվեն հենց այս տարվա ընթացքում։ Սա, թերևս, առաջին քիչ թե շատ որոշակի հայտարարությունն էր այս օրերի ընթացքում։ Իհարկե, կան բավականին լուրջ մտահոգություններ ու կասկածներ այդ ընտրությունների անցկացման մեխանիզմների շուրջ, քանի որ գործող գերխճճված սահմանադրությունը դրա համար բավականին սահմանափակումներ է դնում, սակայն, այնուամենայնիվ, այդ խնդիրն իրական ցանկության դեպքում կարելի է իրավաբանական կամ տեխնիկական համարել։


Եվ այսպես՝ այնուամենայնիվ, ի՞նչ տարբերակներ, ի՞նչ տրամաբանություն կարող են գործել ԱԺ արտահերթ ընտրություններ անցկացնելու ժամկետների հետ կապված։
1. Առաջին հայացքից թվում է, թե Նիկոլ Փաշինյանին կարող է ձեռնտու լինել արտահերթ խորհրդարանական ընտրությունների շուտ անցկացումը։ Եվ այս թեզը փաստարկվում է նրանով, որ կարճաժամկետ հեռանկարում հնարավոր է պահել հեղափոխական ակտիվության ալիքը, այն ռեսուրսը, որը, ինչպես ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն է իր վերջին դիտարկումներից մեկում նշել, այս պահի դրությամբ Նիկոլ Փաշինյանի միակ քաղաքական ռեսուրսն է։ Եվ այդ ռեսուրսը, ըստ ՀՀ առաջին նախագահի, անխուսափելիորեն սպառվում է։ Հիմա որպեսզի այդ ռեսուրսը չհասցնի փոշիանալ և օգտագործվի ընտրություններում, վարչապետին կարող է օգտակար լինել ընտրությունների շուտափույթ՝ երկու-երեք ամսվա ընթացքում անցկացումը։ Իսկ որքանո՞վ է դա հնարավոր։ Պարզ է, որ ընտրությունների չես կարող գնալ, մինչև չանես համապատասխան փոփոխություններ օրենսդրության մեջ, և ամենագլխավոր փոփոխությունը պետք է լինի ռեյտինգային համակարգի վերացումը, որն ըստ էության ժամանակին հնարավորություն տվեց «Հանրապետականին» հիմնականում ընտրակաշառքով ու վարչական ռեսուրսի օգտագործմամբ խորհրդարանում ապահովել ներկայիս քաղաքական կայուն մեծամասնությունը։ Հավանաբար պետք է փոխվի նաև կուսակցությունների մասին գործող օրենքը, մի շարք փոփոխություններ արվեն այլ օրենքներում։ Եվ այդ ամենը պետք է վերահաստատվի, մոնիտորինգի ենթարկվի, հավանության արժանանա միջազգային ատյաններում։ Երևի թե շատ մեծ ցանկության դեպքում կարելի է փորձել հնարավորինս արագ անել այս ամենը։ Սակայն ինչպես փորձը ցույց է տալիս, նման համաձայնեցումները բավականին երկար ժամանակ են պահանջում, ընթացակարգեր կան, որոնք անցնելու համար ամիսներ են հարկավոր, ինչպես մասնագետներն են պնդում՝ ընդհուպ մինչև մեկ տարի։


2. Հաջորդ կարծիքը, որ շրջանառվում է. Նիկոլ Փաշինյանը համաժողովրդական ոգևորության ալիքի վրա հանրային ճնշման մեխանիզմներով կարող է ապահովել անհրաժեշտ արդյունք։ Այդուհանդերձ պետք է փաստենք՝ վտանգ կա, որ Նիկոլ Փաշինյանի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը շատ արագ կարող է վերածվել սովորական կոնյունկտուրային իշխանական ուժի։ Դրա վկայությունն այն է, որ, կուսակցության առաջնորդների փաստմամբ, այսօր արդեն ՔՊ-ին անդամագրվելու հազարավոր դիմումներ են ստանում, սակայն փորձում են որոշակիորեն զտել, որպեսզի իրենց ապահովագրեն ՀՀԿ-ից եկող պատեհապաշտների ու կարիերիստների հոսքից։
Պետք է նաև փաստել, որ «Քաղաքացիական պայմանագիրը» գոնե մինչև հեղափոխությունը ամբողջ երկրի մասշտաբով կուսակցական կառույցներ ըստ էության չուներ։ Մինչդեռ ընտրություններում կուսակցական ենթակառուցվածքների դերը բավականին մեծ է։ Այս ամենը հաշվի առնելով՝ Նիկոլ Փաշինյանը կառավարության ղեկավարմանը զուգահեռ պետք է հասցնի ձևավորել նաև այդ ենթակառուցվածքները։ Իսկ դրա համար նույնպես ժամանակ է հարկավոր։ ՈՒստի շատ կասկածելի է, որ վարչապետը ձգտի հնարավորինս շուտ անցկացնել խորհրդարանական ընտրություններ։ Կառավարության ղեկավարի ներկա քայլերը բնավ էլ չեն հուշում վերջինիս շտապողականության մասին։ Պատահական չէ նաև, որ իր բոլոր ծրագրային ելույթներում Նիկոլ Փաշինյանը միշտ շեշտում է Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի անցկացման փաստը՝ նշելով, որ Հայաստանն ամեն ինչ անելու է այն պատշաճ մակարդակով անցկացնելու համար։ Այս առումով չի բացառվում, որ նա հասկանում է, որ շուրջ 80 երկրի ղեկավարների մասնակցությամբ այդ գագաթնաժողովի անցկացումը զգալիորեն կավելացնի իր քաղաքական կշիռը, ինչը կարող է օգտագործվել նախընտրական արշավի ընթացքում և բարձրացնել իր վարկանիշը։ Ի դեպ, այս ֆոնին փորձագետները որպես ընտրությունների անցկացման հավանական օպտիմալ ժամանակահատված նշում են Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովից հետո ընկած ժամանակաշրջանը՝ հոկտեմբերի կեսերից հետո։ Այսպիսով՝ կարող ենք արձանագրել, որ եթե Նիկոլ Փաշինյանը, դեպքերի բերումով, քաղաքական իրավիճակից ելնելով, 2-3 ամսվա ընթացքում չանցկացնի արտահերթ ընտրություններ, ինչի նախադրյալներն այս պահի դրությամբ չկան, ապա չի բացառվում, որ դրանք տեղի կունենան նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին՝ Ֆրանկոֆոնիայի վեհաժողովից հետո, այդ խոշորագույն իրադարձության գործոնն օգտագործելով։ Ի դեպ, այստեղ ավելացնենք մի կարևոր հանգամանք. Նիկոլ Փաշինյանը մինչև ընտրությունները պետք է լուծի նաև այս օրերին շատ սրված՝ քաղբանտարկյալների հարցը։ Եթե ոմանց դեպքում այս խնդիրը լուծելը համեմատաբար հեշտ է, ապա «Սասնա ծռերի» տարբերակում, ինչպես արդեն պարզորոշ երևում է, բարդություններ կան։ Եվ ինչպես երևում է Նիկոլ Փաշինյանի՝ այդ թեմային վերաբերող հատուկ «լայվ բրիֆինգից»՝ վարչապետը շատ լավ հասկանում է առկա դժվարություններն ու առանձնապես չի շտապում լուծում տալ։ Ամեն դեպքում Նիկոլ Փաշինյանն ընտրությունների պետք է գնա առանց քաղբանտարկյալների, հակառակ դեպքում սա տարբեր ու անխուսափելի շահարկումների թեմա է դառնալու։


3. ՀՀ մյուս քաղաքական ուժերը նույնպես խորհրդարանական ընտրությունների հարցում առանձնապես չեն շտապում։ Հանրապետականների պարագայում իրավիճակն առավել քան պարզ է։ ՀՀԿ-ն այսօր բարոյահոգեբանական ծանր վիճակում է։ Ինչպես բնորոշ է հետխորհրդային երկրների իշխանության կուսակցություններին, իշխանությունը կորցնելուց հետո ՀՀԿ-ն մեծ թափով լքում են ճիշտ այնպես, ինչպես ժամանակին մուտք էին գործում՝ քաղաքական այս ուժը հիմնականում իրենց անձնական խնդիրների լուծմանը ծառայեցնելու համար։ ՀՀԿ-ին նույնպես ձեռնտու չէ արտահերթ խորհրդարանական ընտրությունների կարճ ժամկետներում անցկացումը, քանի որ այս պահին հասկանալի պատճառով և օբյեկտիվորեն հանրապետականների նկատմամբ վերաբերմունքը ծայրահեղ վատ է։ Վերլուծաբանների և սոցիոլոգների կարծիքով՝ նույնիսկ սոցհարցումների ժամանակ ՀՀԿ-ի ոչ բոլոր համակիրներն են համարձակություն ունենում ասելու՝ հնարավոր ընտրությունների դեպքում ձայնը կտա՞ն ՀՀԿ-ին, թե՞ ոչ։ Խոսելով սոցհարցումների մասին՝ հիշենք, որ բառացիորեն վերջերս Gallup International Assocation-ի անդամ հանդիսացող ԷմՓիՋի ՍՊԸ-ի անցկացրած հարցումների արդյունքներով հանրապետականների օգտին (եթե ընտրությունները անցկացվեն մոտ օրերս) արտահայտվել է հարցվածների ընդամենը 3,8 տոկոսը՝ Փաշինյանի ղեկավարած քաղաքական ուժի 75 տոկոսի դիմաց։ Ամեն դեպքում, եթե հաշվի ենք առնում, որ ՀՀԿ-ի օգտին խոսելն այսօր տրենդի մեջ չէ, երբեմն նաև բավականին վտանգավոր է, ապա պետք է ենթադրել, որ նշված 3,8 տոկոս ցուցանիշը գուցե իրական չէ, այն կարող է ավելի բարձր լինել։ Ստեղծված իրավիճակում ՀՀԿ-ին ժամանակ է պետք վերակազմավորվելու, վերաբրենդավորվելու, գուցե էությունը կտրուկ փոխելու համար, որպեսզի կարողանա հանդես գալ որպես մարտունակ և իրոք գաղափարախոսություն ունեցող քաղաքական ուժ՝ միաժամանակ հույս փայփայելով, որ Նիկոլ Փաշինյանի կառավարությունն այս ընթացքում ձախողումներ կգրանցի, չի արդարացնի հանրության գերսպասումները և այլն։


4. Ինչ վերաբերում է Գագիկ Ծառուկյանի ԲՀԿ-ին, ապա թեև համարվում է, որ վերջինս այս պահի դրությամբ ամենապատրաստված ուժն է՝ ունի կառույցներ, ֆինանսներ, որոշակի ընտրազանգված, լրատվական ռեսուրսներ, սակայն ԲՀԿ-ն էլ հավանաբար չէր ցանկանա արտահերթ ընտրությունների արագ անցկացումը, քանի որ եթե ընտրություններում խաղի կանոններ փոխվեն, ու գումար բաժանելն արգելվի, ինչի մասին, ի դեպ, վերջերս իր հարցազրույցներում հստակ և անընդհատ շեշտում է ոստիկանապետ Վալերի Օսիպյանը, ապա դժվար է կանխատեսել, թե ԲՀԿ-ն որքան մաքուր ձայն կկարողանա հավաքել։ Որոշ փորձագետներ անգամ չեն բացառում, որ այս պայմաններում Ծառուկյանը կարող է կորցնել իր ընտրազանգվածի մոտ կեսը, քանի որ նրա էլեկտորատի մի հատվածի հիմնական ակնկալիքը այնուամենայնիվ գումարը կամ նյութական այլ խրախուսումներն են։


5. Հաջորդ քաղաքական ուժը՝ «Դաշնակցությունը», այսօր շատ դժվար է լուրջ ազդեցիկ քաղաքական միավոր համարել։ Այն վերջին տարիներին վերածվել է օրվա իշխանության քաղաքական կցորդի և ինքնուրույն ոչինչ չի կարող անել, անգամ լուծել խորհրդարան անցնելու շեմն ապահովելու հարցը։ Բացի այդ, այժմ այդ կուսակցությունում ևս լուրջ խմորումներ են սկսվել՝ պայմանավորված ՀՅԴ-ի կոնյունկտուրային քաղաքականությամբ։


6. Միանշանակ չէ նաև «Ելք» դաշինքի երկու կուսակցությունների՝ «Հանրապետության» և «Լուսավոր Հայաստանի» վիճակը։ Դատելով թավշյա հեղափոխությունից հետո առաջացած որոշակի նշաններից՝ Նիկոլ Փաշինյանն այլևս առանձնապես չի ցանկանում որևէ կերպ կապված լինել դաշինքային իր գործընկերների հետ, որոնք իրեն լքել էին հեղափոխության ժամանակ և միայն հաղթանակի մոտենալուն պես միացել ու աջակցել։ Սա խոսում է այն մասին, որ Նիկոլ Փաշինյանը դժվար թե ընտրությունների գնա դաշինքով։ Ավելի հավանական է, որ մեծ վարկանիշ ու աջակցություն ունեցող նրա քաղաքական ուժը կարող է միայնակ գնալ ընտրությունների, և եթե իր դաշնակից ուժերը ինքնուրույն կարողանան մուտք գործել խորհրդարան, գուցե հետագայում համագործակցի վերջիններիս հետ։ «Հանրապետություն» և «Լուսավոր Հայաստան» կուսակցությունները նույնպես պատրաստ չեն ընտրություններին ոչ միայն առանձին ձևաչափով, այլև, ամենայն հավանականությամբ, նաև համատեղ դաշինքով։
Ահա այսպիսի տրամադրություններ են տիրում գործող քաղաքական ուժերի շրջանում։ Ստեղծված ներկապնակում, սակայն, կարող են հայտնվել նաև նոր քաղաքական միավորներ, որոնք համախմբվելով պետք է փորձեն արդյունքի հասնել։


Հատկանշական է, որ վերջին օրերին մամուլում ժամանակ առ ժամանակ, հավանաբար ոչ պատահաբար, տեղեկություն է հայտնվում, որ խոշոր գործարար Սամվել Կարապետյանը ցանկանում է իր եղբոր, դեռևս ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Կարեն Կարապետյանի հետ ստեղծել նոր կուսակցություն, որի նախագահը կլինի հենց Սամվել Կարապետյանի եղբայրը՝ Կարեն Կարապետյանը: Նաև նշվում է, որ այդ նորաստեղծ կուսակցության դեմքը ամենայն հավանականությամբ կդառնա ՀՀ նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը, որը ժամանակին միայն դեպքերի բերումով էր հայտնվել ՀՀԿ-ում։ Եվ այն բանից հետո, երբ Սերժ Սարգսյանը որոշեց չզիջել վարչապետի պաշտոնը, Կարեն Կարապետյանն ըստ էության ակտիվ քաղաքականությունից միառժամանակ մեկուսացված է։ Նրա վերադարձի դեպքում, հաշվի առնելով վերջինիս դրական կերպարը, ֆինանսական, տնտեսական ռեսուրսները, Կարեն Կարապետյանների կուսակցությունը նույնպես կարող է բավականին մրցունակ լինել։


Արամ Վ. ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 656

Մեկնաբանություններ

DiplomatRadio Mao
Marketers CommunityԱռողջ սիրտ