Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Իրան. թիկունքն ամրացնելով՝ առաջ դեպի ՌԴ-ի և ՉԺՀ-ի հետ ռազմավարական համագործակցություն

Իրան. թիկունքն ամրացնելով՝ առաջ դեպի ՌԴ-ի և ՉԺՀ-ի հետ  ռազմավարական համագործակցություն
18.05.2018 | 10:46

(Նախորդ մասը)

Իրանի բանակը և ԻՀՊԿ-ն հաստատեցին իրենց նպատակների ու մտադրությունների միասնությունը: Առաջին հերթին դա զարգացման արևմտյան ուղղությանը չվերադառնալու գիծը պաշտպանելն է: Երկրորդ՝ տարածաշրջանում ԱՄՆ-ին և Իսրայելին դիմադրությունն ուժեղացնելը: ՈՒշադրություն դարձնենք. 4-օրյա պաշտոնական այցով Թեհրանում գտնվող, Իրաքի փոխնախագահի տեղակալ, շիա Նուրի Մալիկին հայտարարեց, որ այսօր աշխարհը տեսնում է բարեկամ երկրներ Իրանի և Իրաքի միասնությունն ու համերաշխությունը: «Իրանի և Իրաքի միասնություն» բառակապակցությունը Մերձավոր Արևելքին ոչ հատուկ փաստ է, որն էական սպառնալիք է Արևմուտքի և Իսրայելի համար: Նրանց հասկանալի է, թե մոտ ապագայում ինչին են ուղղվելու Իրաքի նորացված, հիմնականում շիաներից բաղկացած բանակի և աշխարհազորի գլխավոր դաշնակիցների՝ Իրանի բանակի և ԻՀՊԿ-ի ջանքերը: Բայց մենք կարճատես չենք. տեսնում ենք, որ նշված ուժերը և «Արևմտյան Ասիայում անվտանգություն ապահովող խոշոր և արդյունավետ խաղացողները» գնում են Սիրիա և Լիբանան: Դրան են հանգեցնում նաև վերջին օրերի հաղորդագրություններն այն մասին, որ համապատասխան կողմերը պատրաստվում են շահագործման հանձնելու Իրանը, Իրաքը, Սիրիան և Լիբանանը միացնող անընդմեջ խճուղին, որը մի քանի անգամ կհեշտացնի զորքերի արագ տեղաշարժը:


Իրանից եկող այլ լուրերը ևս պակաս հետաքրքիր չեն: Այսպես, Թեհրան էր այցելել չինական ներկայացուցչական պատվիրակություն: Այաթոլահի գլխավոր խորհրդատու Ալի Աքբար Վելայեթին բանակցությունների ժամանակ հայտարարեց, որ «բարեբախտաբար, մեր երկրների կապերն ավելանում են», «Իրանի ու Չինաստանի հարաբերություններն ունեն ռազմավարական և կառուցողական բնույթ»: Պատասխան խոսքում չինական կողմը նշեց, որ «Իրանի ու Չինաստանի հարաբերություններն սկսվել են հազարավոր տարիներ առաջ, և «Մետաքսի ճանապարհը» միացնում է երկու երկրները»: Գոհունակություն է հայտնվել, որ 2016-ին Չինաստանի առաջնորդն այցելել էր Իրան և երկկողմանի կապերի հույս հայտնել: Դրանից հետո, Իրանի և Չինաստանի միջուկային համագործակցության գծով համատեղ կոնֆերանսում, Իրանի Մեջլիսի (խորհրդարանի) միջուկային հանձնաժողովի նախագահ Մոջթափա Զոննուրին ասաց. «Թեհրանը և Պեկինը բանակցել են Իրանում ոչ մեծ ատոմային էլեկտրակայան կառուցելու վերաբերյալ»: Կոնֆերանսը կազմակերպել էր Չինաստանը, մասնակցում էին Իրանի միջուկային ծրագրով բանակցող «Մեծ վեցյակ» խմբի երկրների ներկայացուցիչներ: Զոննուրին հայտնել է, որ իրանական պատվիրակությունն այցելել է չինական ԱԷԿ-ներ, իսկ Չինաստանը ողջունում է Իրանում ԱԷԿ-ի կառուցումը: Եվ եթե ԱԷԿ-ի հայտարարված շինարարությունը չինացիների կողմից սկսվի, դա կլինի այն բանի լավագույն ապացույցը, որ իրանա-չինական հարաբերություններն իսկապես ունեն ռազմավարական բնույթ և նշանակություն: Այդ հանգամանքը ստիպված են հաշվի առնելու ոչ միայն Իրանի թշնամիները, այլև բարեկամներն ու գործընկերները, այդ թվում՝ Այսրկովկասում: Մեր աչքի առաջ հասունանում ու զարգանում է բոլորովին նոր իրողություն. ոչ թե Իրանից նավթի ու գազի մատակարարում Չինաստան, այլ Չինաստանի ներկայություն Իրանի միջուկային ոլորտում: Այնպես որ, Արևմուտքի հետ Այսրկովկասի ինտեգրման հետագա խորացում ցանկացողները պետք է նկատի ունենան, որ այսուհետ «Իրան» ասելիս գիտակցության մեջ պետք է հառնեն ոչ միայն ռուս-իրանական համագործակցության երկար ցուցակի դրվագները (ԱԷԿ, զենքի տրամադրում, Սիրիա և այլն), այլև իրանա-չինական միջուկային գործակցության հստակ պատկերը:


ՈՒզում եմ առանձնացնել նաև ռուս-իրանական հարաբերություններին վերաբերող տեղեկույթը: Առաջին հայացքից այն կապ չունի քաղաքականության հետ: Բայց ուշադրություն դարձնենք, որ բանակցությունները պաշտոնական բնույթ ունեին: Իրանի կրթության նախարար Սեյեդ Մահդի Բատաին, որը Մոսկվայում էր գտնվում իր ռուս գործընկերոջ հրավերով, առաջարկեց, որ Իրանն ու Ռուսաստանն իրենց դպրոցական ծրագրերում ավելացնեն ռուսաց և իրանական (ֆարսի) լեզուները: Բատաին ասաց, որ իրանական կառավարությունը մտադիր է ընդհատելու անգլերենի մենաշնորհը. «Կրթության ոլորտում կառավարության քաղաքականությունը ենթադրում է խախտել անգլերենի՝ որպես երկրորդ լեզվի մենաշնորհը և ավելացնել այլ լեզուներ, մասնավորապես ռուսերենը»: Նա ափսոսանքով նշեց, որ ռուսական դպրոց իր այցի ժամանակ պարզել է, որ աշակերտներից ոչ մեկը ոչինչ չգիտեր Իրանի մասին: ՌԴ Պետդումայի կրթության ու գիտության կոմիտեի նախագահ Վյաչեսլավ Նիկոնովը հայտնեց, որ ներկայումս ֆարսին դասավանդվում է Ռուսաստանի միայն մի քանի բուհում, միաժամանակ կարծիք հայտնեց, որ անհրաժեշտ է մտածել դպրոցներում ֆարսիի ուսուցում մտցնելու մասին, ինչպես չինարենի, որը որոշ կրթահամալիրներում ուսումնասիրվում է որպես երկրորդ օտար լեզու:


Հիշեցնենք, որ ապրիլի սկզբին ՌԴ-ում Իրանի դեսպան Մեհդի Սանաի Իրանը և Ռուսաստանը համաձայնության հասան արտոնյալ սակագների հարցով և այժմ պատրաստ են պայմանագիր կնքելու մոտակա ժամանակներում: Դեսպանը հայտարարեց, որ ԵԱՏՄ-ին Իրանի անդամակցությունն էական ազդեցություն կունենա տարածաշրջանում առևտրի հեշտացման վրա, քանի որ մաքսային սակագների կրճատումը կընդլայնի ապրանքափոխանակությունը Իրանի և միության անդամ երկրների միջև: «Իրանն ամենայն հավանականությամբ կմիանա ԵԱՏՄ-ին»,- ավելացրել է դեսպանը:


Օտար լեզվի ուսուցմանը պաշտոնական կարգավիճակ տալը պատվավոր է ցանկացած երկրի համար: Եվ եթե Նիկոնովի ու Սանաիի նախաձեռնությունը զարգացում ստանա, ապա կարելի է միայն ուրախանալ Իրանի և Ռուսաստանի աշակերտների և ուսանողների համար: Իսկ ինչու՞ Հայաստանը և Իրանը հանդես չգան նման նախաձեռնությամբ. հայերենը՝ Իրանի դպրոցներում ու բուհերում, ֆարսին՝ Հայաստանի: Մի՞թե նման քայլը կաղքատացնի հայ և իրանցի ազգերի էությունը կամ ինչ-որ վնաս կհասցնի: Եվ եթե ԵԱՏՄ-ին Իրանի միանալու մասին խոսքը վերաբերում է ամենամոտ հեռանկարին, ապա, ինչպես ասում են, Աստծո կամքն է, որ երկու հարևան երկրներում հայերենին ու ֆարսիին տիրապետեն ոչ միայն թարգմանիչները և հայագիտության ու իրանագիտության մասնագետները, այլև մեր երկրների շարքային քաղաքացիները: Ինչ վերաբերում է Հայաստանի ու Ռուսաստանի միջև լեզուների դասավանդման «փոխանակմանը», ապա դա լուծելի հարց է, միայն թե լինի երկու երկրների իշխանությունների երկուստեք ցանկությունը, մանավանդ որ անցյալի նախադեպեր շատ կան: Բայց, իմ կարծիքով, Հայաստանի համար ֆարսին հիմա ավելի կարևոր է: Թե ինչու, կերևա, երբ մենք շարունակենք մեզ համար Իրանի դերի ու նշանակության, այն իրադարձությունների ու երևույթների մասին խոսակցությունը, որոնք տեղի են ունենում Իրանի շուրջը հենց այժմ, և չսպասենք, մինչև Հայաստանը դուրս գա քաղաքական ճգնաժամից: Աշխարհը պարտավոր չէ սպասելու, թե մենք երբ կվճռենք մեր ներքին գործերն ու խնդիրները:


Դատելով այն բանից, որ մայիսի 4-ին Նիկոլ Փաշինյանն առանձին հանդիպում ունեցավ Հայաստանում Իրանի դեսպանության ներկայացուցիչների հետ, նա էլ գիտի կամ, համենայն դեպս, կռահում է, որ Այսրկովկասում դժվար թե որևէ հարց լուծվի առանց Թեհրանի կարծիքը կամ քաղաքական դիրքորոշումը հաշվի առնելու: Փաշինյանը բանակցեց Իրանի դեսպանի տեղակալ Ալի Նասեր Սոբհանիպուրի հետ: Դժվարանում եմ ասել, թե իսկապես «Իրանի դեսպանը Հայաստանում չէր գտնվում», ինչպես նախազգուշաբար նշել էր Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում: Մեզ ոչ ոք չի ասի, թե փողոցների կուռքին իրականում ինչ է ասել դեսպանը: Բայց, վերհիշելով իրանական դիվանագիտական առաքելության անցած տարիների գործունեությունը, կարող եմ ենթադրել. նրա կարգի պաշտոնյան ոչ միայն դիվանագետ է, այլև լայն մասշտաբի մասնագետ: Իսկ Փաշինյանն իր ֆեյսբուքից հանգստացնում է հայ հասարակությանը, թե «տեղեկացրել է ստեղծված քաղաքական ճգնաժամից դուրս գալու նպատակով ձեռք բերված պայմանավորվածությունների մասին, ինչպես նաև ուղերձ է հղել բարեկամ իրանական ժողովրդին ու կառավարությանը»: Անիմաստություն է. մասնավոր անձը, թեկուզ պատգամավոր (մայիսի 4-ի դրությամբ) խոսում է բոլորիս անունից: Ընդ որում, ներկայացնում է այն ուժերի դաշինքը, որոնք 2017 թ. խորհրդարանական ընտրությունում հանդես էին գալիս ակնհայտ արևմտամետ ծրագրով: Իզուր չէ, որ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը մայիսի 7-ին, պատասխանելով վարչապետի պաշտոնի համար Փաշինյանի թեկնածության վերաբերյալ ՀՀԿ-ի դիրքորոշման փոփոխության մասին լրագրողի հարցին, ընդգծեց. «Ապրիլի 30-ին և մայիսի 1-ին մեր հայտնած մտահոգությունը մնում է: Այն վերաբերում է արտքաղաքական վեկտորի փոփոխությանը և երկրի անվտանգությանը»: Համոզված եմ, որ այդ մտահոգությունն ունեն ոչ միայն հանրապետականները: Վատ չէր լինի, եթե Իրանին սահմանակից բոլոր երկրները հաշվի առնեին այն նորագույն իրականությունը, որի գալուն շատ ժամանակ չի մնացել, ճշտեին արտքաղաքական ասպարեզում իրենց տրամադրվածությունը, եթե այն չի համապատասխանում Իրանի, Չինաստանի և Ռուսաստանի ռազմավարական ու այլ համատեղ ձգտումներին: Նախազգուշացումը վերաբերում է Իրանի հարևան երկրների և՛ իշխանություններին, և՛ ընդդիմադիրներին: Հաշվի առնելը կարելի է սկսել թեկուզ հենց նույն «Տելեգրամ» հաղորդակցամիջոցից, քանի որ առիթն էլ կա:

Սերգեյ ՇԱՔԱՐՅԱՆՑ

Դիտվել է՝ 3390

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ