Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանի մուտքը Հայաստան արգելել են: Նա «Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ է հայտարարել: «Ես Հայաստանից գնացողը չեմ, ես հենց այստեղ՝ «Զվարթնոց» օդանավակայանի անձնագրային բաժնում, հայտարարում եմ հացադուլ։ Առանց որոշումը ցույց տալու, առանց հիմնավորման արգելել են իմ մուտքը իմ հայրենիք։ Միգուցե` որովհետև լուսաբանել եմ Ոսկեպարի դեպքերը, եղել եմ Ոսկեպարում»,- իր տեսաուղերձում նշել է Նիկոլյանը:                
 

Կառավարական մենահամերգ. երբ մանչուկը ջազ է նվագում («Քաղաքացիական պայմանագիր»` պետության հետ)

Կառավարական մենահամերգ. երբ մանչուկը ջազ է նվագում («Քաղաքացիական պայմանագիր»` պետության հետ)
18.05.2018 | 12:29

ՆԱԽԵՐԳ


Ծիրանը հասնում է։ Ծիրանի գույնե՜րը... Հայոց ցորենի շիկնանքը և որդան կարմիրը, նաիրյան այգաբացն ու թոնրի մարող կրակը երփնագրված են հայկազյան մրգի թավշոսկի այտերին։ Ի՞նչ եք կարծում, ժամանակը չէ՞, որ շնորհապետական հայկյան պետության դրոշի նարնջագույնը տեղը զիջի ծիրանագույնին։

Մի՞թե ժամանակը չէ, որ արմատապես փոխվի հանրապետության զինանշանը, որը յուր ներկա նկարագրով ուղղակի դավի տոհմանշան է, ոչ թե պետականության խորհրդապատկեր։ Իսկ օրհնե՞րգը։ Նախկինում այն լացի աղերսներ ուներ, «թշվառ, անտեր»-ը չեղարկված է, բայց մեղեդին սահում, վար է իջնում Մասիս սարից և թափվում Արարատյան դաշտի ձկնաբուծարանները։ Նոր դրոշ, նոր զինանշան և մի նոր օրհներգ. սա ժամանակի գաղափարական պահանջատիրությունն է, ուրիշ ոչինչ։ Այս պատկերաքանդակ տողերս իսկույն բեկվեցին, երբ հնչեց բոթը` տիար Նիկոլը բնակվեց կառավարական ամառանոցում։ Վարչապետ դառնալու (ո՛չ ընտրվելու, որովհետև փողոցի ճնշման տակ վարչապետ չեն ընտրվում) հենց 2-րդ օրը։ Սա հարիր չէ նոր Հայաստանի ոգուն, զի համաժողովրդական զարթոնքի մակընթացությամբ իշխանության եկած երկրի կառավարիչը պետք է Բաղրամյան-26-ը վերադարձնի ժողովրդին (այն դարձնելով թանգարան), ինքն էլ պետք է աշխատի կառավարական թիվ 1 շենքում և բնակվի սեփական տանը։ Համաձայնեք, որ վարչաբյուրոկրատական 3 շենքերը (ԱԺ, Կառավարական տուն և նախագահի նստավայր) ակնհայտ հակոտնյա են մեր արտագաղթյալ օրերին։ Նաև զանց մի առ, արգո Նիկոլ, որ ակամա մխրճվել ես փթթուն ամբոխավարության հորձանուտը` կառավարական ամառանոցում բնակվելու ցանկությունդ բացատրելով ներքոնշյալ գլխայուղմամբ. «...սիմվոլի առումով կարող է սիմվոլիզմ ստացվել, թե ՀՀ վարչապետը կառավարական ամառանոցում չի ապրում...»։
Ի դեպ, ՀՀ ամենաերկարակյաց վարչապետ Անդրանիկ Մարգարյանը ապրում էր Ավան համայնքի բազմաբնակարան շենքում, գրեթե ամեն օր հարևանների հետ նարդի էր խաղում բակի տաղավարում` որպես հարևան, ո՛չ որպես կառավարության ղեկավար։ Այնպես որ լսիր հորդորս, ապրիր բնակարանումդ, բակ իջիր, ծառ ջրիր և հեռու մնա իշխանական պերճանքից ու շքեղությունից, ինչպես սատանան է երկնչում խաչից։ Եվ, հավատա, տանուլ չես տա։

ԺԱՄԱՆԱԿԱՎՐԵՊ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՐԵՍՆ ՈՒ ԴԱՐՁԵՐԵՍԸ


Տիար Փաշինյանը հռչակել է ազգային համաձայնության ժամանակավոր կառավարության տեսլականը` բաղկացած 4 հիմնադրույթներից.
ա) երկրի քաղաքական իրավիճակի կայունացում,
բ) անցումային կայուն շրջանի ապահովում,
գ) ընտրական ոլորտում օրենսդրական անհրաժեշտ փոփոխությունների իրականացում,
դ) ազատ և արդար ընտրությունների անցկացում։
Եվ ահա ես, ծառան ձեր հեզ, խիստ հուզվեցի տեսլականն ըմբոշխնելով, սակայն քիչ անց հայտնվեցի տագնապի ճիրաններում, զի ազգային համաձայնության ներկա կառավարության կայծկլտուն կազմը հածանավի անձնակազմ չէ, ընդամենը ժամանցային «քինդեր սյուրպրիզ» խմբակ է։
Վատատե՞ս եմ, ամենևին, պարզապես հայ հանրության, համայն հայության և ուրբաթօրյա հողմաղացի տառապանքի փորձն այնքան մեծ է, որ լավատեսությունը իսկույն հօդս է ցնդում, ճախրում է օդում օճառի պղպջակի պես։
Տեղազննենք մի քանի նախարարի որպիսությունը և փորձենք ըմբռնել, թե նրանք ի զորու՞ են սխրանք գործելու, մաքրելու երկիրն ապականած 27-ամյա աղտեղության ավգյան, այս պարագայում ոչ թե ախոռները, այլ ամրոցները։
Արսեն Թորոսյան, ՀՀ առողջապահության նախարար։ «Գարդասիլ» ահաբեկչական պատվաստանյութի երդվյալ ջատագովն է, այսինքն` արտաքին պատվերի դաշտում է գործում, ընդդեմ հանրապետության։


Մարտնչող աթեիստ է, հանրաճանաչ է հակաքրիստոնեական և հակաեկեղեցական կեցվածքով։ Երկամսյա մանկան մահը մեկնաբանել է այսպես` «Աստված ա պատժել»։ Սա ասում է աթեիստը։ Առհասարակ մղձավանջային հոգեմտակերպի տեր է Արսենը` Թորոսյան, զի պնդում է առանց այլևայլության. «Ես սպասում եմ մահերի։ Ռումինիայում արդեն 46-րդ երեխան մահացավ կարմրուկից վերջին տարում»։ Իսկ «Գարդասիլ» պատվաստանյութի կիրառումը համարելով պարտադիր, համոզված է, որ պատվաստումից հրաժարվողներին պետք է ենթարկել 6-ամսյա ազատազրկման։ Չափազանց ուշագրավ էր նրա նշանաբառը` ուղղված տխրահռչակ և չարաբաստիկ պատվաստանյութից հրաժարվողներին` «Դագաղագործներ»։


Արսեն Թորոսյանին պետք է անհապաղ ազատել ՀՀ (ըստ նրա` մի «չմո երկրի») առողջապահության նախարարի գերպատասխանատու պաշտոնից, զգուշանալով այն բռնարարքներից, որոնք վերջինս կիրականացնի ժողովրդի հանդեպ։
Հրաչյա Ռոստոմյան, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար։ Արտառոց և հակապետական հրապարակումներով աչքի չի ընկել։ Աչք էր ծակում նրա մշտաժպիտությունը, որը կասկածներ է հարուցում, զի պետական բարձրաստիճան պաշտոնյան պետք է այնքան ծանրաբեռնված լինի պետականաշեն հոգսերով, որ նրա դիմախաղում գերիշխի նախ մտահոգությունը, հետո միայն ժպտախաղը։ Անկասկած, տիար Ռոստոմյանի համար անհաղթահարելի բարձունք է ԱԻՆ-ի կառավարումը, զի արտակարգ իրավիճակներում որոշակիորեն միաձուլվում են պաշտպանության նախարարության և ոստիկանության գործառույթները, և նախարարը պետք է լինի համակարգին քաջածանոթ, փորձառյալ և գերպատրաստված մարտական գայլ։ Այսինքն` հածանավի հրամանատար կամ էլ բոցման։ Տիար Հրաչյան` Ռոստոմյան, անուշաժպիտ սույն տղեկն ընդամենը մակույկավար է։
Խղճմտանքով պետք է վերաբերվել Հրաչյա Ռոստոմյանին և նրան չնետել անհարկի փորձությունների խառնարանը, տղան ազնիվ է և դեռ կարող է պիտանի լինել հանրությանը։
Լիլիթ Մակունց, ՀՀ մշակույթի նախարար։ Օրիորդը մի նշանակալից սխալ է թույլ տվել, համաձայնելով գլխավորել մի նախարարություն, որտեղ նրա նախորդները 27 տարի շարունակ զբաղվել են հայ ազգային մշակույթի գլխակերությամբ։ Այս տեսանկյունից գլուխգործոց-գլուխկոտրուկ էր «գլամուրային ալեծփանք» Արմեն Ամիրյանը։
Լիլիթ Մակունցը, ըստ ամենայնի, անծանոթ է հայ արդի թատրոնին և վերջինիս հիմնախնդիրներին, գրականությանը ծանոթ է գրքի ընթերցմամբ, կերպարվեստին` ցուցահանդեսում շրջագայելով։ ՈՒրիշ ոչինչ։ Սակայն հանրային կյանքի տեսանկյունից քաջածանոթ է մեզ մարիխուանա թմրանյութի գործածումը օրենքով թույլատրելու ջատագովման հարցում։ ՈՒ այս պարագայում հայտարարել` մշակույթը ես եմ, առնվազն «մարիխուանայոտ» է։


Արգո իմ ընթերցողներ, բավարարվենք այսքանով, նաև հիշելով, որ ներկա կառավարության քաջամարտիկ այրերը (որ ամենայն կրքոտությամբ քննադատում էին նախորդներին` դասալքության պատճառով) հայոց բանակում չեն ծառայել։

ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՍԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ
Քնարական դադար է, հողմաղացին հյուր է եկել ինքնատիպ բանաստեղծ Հուսիկը Արա յուր պատկերագիր յոթնատողով.
Տվածդ մի կյանք է, երկիր
ու երկու հեղափոխություն
օրերս կում-կում բարակեցին
այդ երկճյուղ թավշե կոկորդում
Մանր թելեր մնացին
ու սարդի մի ձիգ լար
որ կախվում է հող ու ամպի արանքում...

Ահա և ազգային համաձայնության ժամանակավոր կառավարության տնտեսական փրկօղակը, ի դեմս Դարոն Աջեմօղլի հռչակավոր տնտեսագետի, որին հրավիրել են Հայաստան։ Հայաստանում չկա՞ն մարդիկ գիտակ և նվիրյալ, որոնք պատրաստ են երկրի տնտեսությունը դուրս բերելու փակուղուց և մի քանի տնտեսական քարշակ-շոգեքարշերի հրմամբ թռիչքային եղանակով զարկ տալու տնտեսության զարգացմանը։ Չկասկածեք, նրանք կան և բազմիցս հրապարակել են յուրյանց խելահաս ծրագրերը։ Հրապարակել են համառորեն, անտեսվել են ստորաբար։


Գուցե և տիար Աջեմօղլուն մի պատվական այր է և պատրաստ է սխրանքի։ Նրա մասին այսօր աղմկում-չարախնդում են թուրքական ԶԼՄ-ները։ Ի մասնավորի, Hurriyet-ը հրովարտակել է` «Աջեմօղլուն փրկելու է Հայաստանը»։ Իսկ ազգայնական Yehi Sag թերթի կայքն ուղղակի պարզաբանում է` «Քեմալ դերվիշի մոդելը Հայաստանում»։
Դերվիշ Քեմալի մոդելին, հուսամ, որ դեռ կանդրադառնան «Իրատեսի» արթնամիտ վերլուծաբանները։ Ինքս ընդամենը հիշեցնեմ այն, ինչը հրապարակել եմ բազմիցս, ՀՀ-ի գերմենաշնորհված տնտեսությունը կքանստած դիրքից կարող է ոտքի ելնել միայն մի պարագայում, երբ պետությունն ինքը կդառնա որոշակի ռազմավարական ուղղությունների կամ լիարժեք մենաշնորհատեր (ասենք` ազգայնացնելով ՀԷՑ-ը), կամ էլ շուկայի մասնակից, պահպանելով իր ձեռքում մենաշնորհների վերահսկիչ փաթեթը։ Այսպես է ողջ քաղաքակիրթ աշխարհում, սկսած ԱՄՆ-ից, վերջացրած Չեխիայի Հանրապետությունով։ Ի դեպ, ռազմավարական դաշնակից Ռուսիայում և Իրանում տնտեսության գերակա-ռազմավարական ճյուղերը պետության վերահսկման տակ են։
Ի՞նչ պետք է կենսագործեն ՀՀ-ում Դարոն Աջեմօղլուն և մյուս սպասվելիք հրավիրյալները։ Պետք է գերխելամիտ և զարմանահրաշ հնարավորություն ընձեռել, որ շաքարավազ և բանան ներկրեն ոչ միայն Ալեքսանյանն ու Պողոսյա՞նը։ Աճպարարություն և թոզփչոցի։ Պետք է կառավարման մոդելների ճկունության շնորհիվ մի քանի դրամով նվազեցնեն գազի և էլեկտրաէներգիայի սակագի՞նը։ Թոզփչոցի է և աճպարարություն։
Միով բանիվ, ներկա իրավիճակի կնքահայրերի գերնպատակն է Հայաստանը քրեաօլիգարխիկ տնտեսակարգից փրկել և դարձնել քաղաքակիրթ օլիգոպոլիա։

ՎԵՐՋԵՐԳ
Նախ և առաջ` գործող ազգային համաձայնության ներկա կառավարությունը պետք է անհապաղ լուծարել, այն համարելով թավշյա ահաբեկչություն հայկական խարխլուն պետականության նկատմամբ։
Նախ և հետո` ՀՀԿ-ն պետք է իր մեջ ուժ գտնի և միակողմանի լուծարի ներկա խորհրդարանը և ապահովի ազգային համաձայնության խորհրդարանի ընտրությունները։ Եվ վերջապես` անհրաժեշտ է իսկույն ևեթ հրավիրել համահայկական աննախադեպ մի համաժողով և երևելի հայորդիների առաջարկներով կերտել 4-րդ շնորհապետական հայկյան հանրապետությունը։ Ամե՜ն։


Վրեժ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Դիտվել է՝ 5877

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ