Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

«Իմ թագավորությունը այս աշխարհից չէ» (Հովհ. 18. 36)

«Իմ  թագավորությունը այս աշխարհից չէ» (Հովհ. 18. 36)
18.05.2018 | 08:39

«Աստված, որ ստեղծեց այս աշխարհը և այն ամենը, որ նրա մեջ կա, Նա՛ է Տերը երկնքի և երկրի... Մեկ արյունից ստեղծեց մարդկանց բոլոր ազգերը, որ բնակվեն ամբողջ երկրի վրա, հաստատեց նախակարգյալ ժամանակները և դրեց նրանց բնակության սահմանները, որ փնտրեն Աստծուն ու խարխափելով, թերևս, գտնեն Նրան, թեև Նա մեզնից յուրաքանչյուրիցս հեռու չէ, քանի որ Նրանով ապրում ենք և շարժվում ենք և կանք, ինչպես ձեր բանաստեղծներից ոմանք ասացին, թե մենք Նրա զարմից ենք» (Գործք. 17. 24-28)։

Փորձելով շարադրել վերջին օրերի շրջադարձային իրադարձությունների շուրջ իմ դատողություններն ու դիտողությունները՝ ձեռնոց չեմ նետում որևէ մեկին, պարզապես օգտվում եմ հենց նորահաստատ իշխանության ընձեռած՝ խոսքի ազատության իմ բաժին իրավունքից օգտվելու հնարավորությունից: Կջանամ լինել հակիրճ և ըստ էության:
Սուրբ գիրքը փաստում է, որ Երկիր մոլորակի վրա եղած ցանկացած երևույթ երկնայինի պրոյեկցիան է: Մարդը ստեղծվել է Աստծո պատկերով, իսկ Հիսուս Երկնքի արքայության գաղտնիքները բացահայտում էր երկրային իրողությունների այլաբանական մատուցմամբ:
Ճշմարտությունը մեկն է: Կար ժամանակ, երբ իմ ժողովուրդը այդ միակ ճշմարտության կրողն ու նրա լույսի ջահակիրն էր, և դա նրա միակ պարծանքն ու պսակն էր:
Եվ այսպես: Քրիստոնյա ՀԱՅԱՍՏԱՆ: Շատ թավշյա, շատ փափուկ, սիրառատ ու սիրազեղ… հեղափոխություն: Դա այն դեպքում, երբ աշխարհում արհեստականորեն թեժացված անկյուններում, ըստ միջին վիճակագրական տվյալների, ամեն հինգ րոպեն մեկ զոհվում է մեկ քրիստոնյա միայն քրիստոնյա լինելու պատճառով:


Խոսքեր չկան… Ռեժիսորը կուլիսների հետևում է… Լսվում են ձայներ… Ցուցադրվում են միայն «մաքուր» կադրեր… Ազատություն… Վերջապես… Վերջապե՞ս:
Նախկին իշխանություններն ուտում էին ժողովրդի քրտինքը, փայ էին մտնում, քնում էին միջազգային համաժողովներին, կաշառակեր էին ու կոռումպացված, մի կողմից ճնշում էին խոսքի ազատությունը, մյուս կողմից բուծում էին աղանդներ ու ՀԿ-ներ, այո՛, անում էին շատ կասկածելի և անտրամաբանորեն հակասական քայլեր ու արտահայտություններ:
Այդ ամենը եղավ շատ ճակատագրական:
Ցավոք, մեր երկրում չկա հասարակությանը հասանելի վիճակագրություն մութ ուժերի՝ մեր հայրենիքում վարած գործունեության վերաբերյալ:
Հայաստանի համար երկարատև փորձարկումներից հետո ընտրվեց անարյուն ուծացման, սպիտակ ջարդի մոդելը: Ոչ մի քննադատություն, ոչ մի մտավախություն, ոչ մի կասկած, ոչ մի ահազանգ: Համատարած ընդունելություն: Ժողովրդին ի՞նչ է պետք. հաց և տեսարաններ: Նրա պահանջը հնչում էր համարյա սուրբգրային. «Եթե դու մեր առաջնորդն ու փրկիչն ես, հրամայիր, որ քարերը հաց դառնան» (Մատթ. 4. 3):


Տեսարաններն առատ էին, հացն էլ խոստացան: Այն, ինչ չարեց համատարած համարակալումը, արեց… Սաշիկը. համը հանել էր այն աստիճանի, որ ոչ ոք չէր էլ ուզում նկատել, որ հեղափոխությունը զուտ հայկական չէ ու միայն եռագույն չէ: Չգիտես ինչու՝ հեղափոխության ամենաշահագրգիռ ու գերակտիվ մասը էքստրաուլտրամեգագերլիբերալ ու բավականին գունավոր մարդիկ էին: Ես միայն կարող եմ ենթադրել, որ նրանք, թերևս, ժողովրդի ամենաչկոմպլեքսավորված, անվախ և իշխանությունների կողմից չֆինանսավորվող, թոշակ-աշխատավարձից զրկվելու սպառնալիքին անենթակա շերտն էին: Նրանց աննախադեպ ակտիվությունը հատկապես ստիպում է կասկածել հեղափոխության ազգային բնույթին ու բովանդակությանը կամ համազգային նպատակներին, և կամ նվազագույնը՝ հակազգային բովանդակության բացակայությանը: Ավետարանը արգելում է հալածել այդ մարդկանց կամ այրել նրանց բնակարանները, հրահանգում է ազատել նրանց կրակի դատապարտությունից (Հուդա 1. 22-23): Նրանց բուժել է պետք: Կա զգուշավորության և զգոնության մղող ևս մեկ բավականին հիմնավոր պատճառ. Նիկոլ Փաշինյանը ժամանակին կանգնած էր ԼՏՊ-ի կողքին. առանց մեկնաբանության:


Ոմանք իշխանություն-ընդդիմություն են խաղում, տուժում են հայ ժողովուրդը, հայ ազգը, հայ ընտանիքը, հայ տեսակը: «Մինչև անարգ մահու սյուն» ազատություն գոչելու պատրաստ, ընդհատակում բուծվող, բանտերում թրծվող մերօրյա առաջնորդները շատ կասկածելի գաղափարների կրողներ են, եթե անգամ ուզում են Հայաստանի դիրքերն ամրապնդել համաշխարհային թատերաբեմում, որովհետև նրանք չեն կարող շեղվել արդեն գրված սցենարից: Իսկ ըստ այդ սցենարի հայրենասիրությունը գնահատվում է որպես ազգայնամոլություն, ավանդապահությունը՝ որպես հոմոֆոբիա, և ադեկվատությունը՝ որպես տոլերանտության բացակայություն:
Քննարկվում է անգամ վարկած, ըստ որի այս չափազանց անարյուն հեղափոխությունը կատարվել է իշխանությունների հետ ունեցած փոխադարձ պայմանավորվածությամբ: Իսկ նոր նշանակումները… Տե՜ր Աստված, ողորմիր մեր ազգին:


Ովքե՞ր էին կանգնած հեղափոխականների կողքին: ՈՒ՞ր էր մեր հայ մտավորականությունը: Չկար: Մենք վաղուց ենք գլխատված համաշխարհայնացման ապազգային, ազգադավ յաթաղանով, պրկված՝ «մարդու իրավունքների ու ազատությունների» ազգախեղդ պարանով և արբած դեմոկրատիա կոչվող թույնի գոլորշիներով: Ատոմ Էգոյա՞նն էր ազգի չափանիշը, Արսինե Խանջյա՞նը, Սերժ Թանկյա՞նը… Քիմ Քարդաշյա՞նը, Իվետա Մուկուչյա՞նը, դերասաններն ու միմոսնե՞րը միայն:
Մենք չունենք մշակույթ, նկատե՞լ եք: Ինչպես 1915-ին, այսօր էլ ազգը բաժանված է ուլտրահայրենասերների և ուլտրաաշխարհաքաղաքացիների, հեթանոսների ու աղանդավորների, և նրանց արանքում՝ քրիստոնյաների փոքրիկ հոտը: Նկատե՞լ եք, որ աշխարհում ոչ ոք չի պայքարում հեթանոսության ու աղանդավորության դեմ, պայքարը՝ ակնհայտ, անսքող ու բացահայտ, միայն քրիստոնեության դեմ է: Դժվար չէ գուշակել, թե ում համար են մարդու իրավունքներն ու խոսքի ազատությունը, երբ շփոթվում են ազատությունն ու ստրկությունը սեփական բնազդական ցանկություններին, եթե մեր բառապաշարում ավելացան սկզբում «արդիական», «կարծրատիպ» բառերը, որոնք ոչ մի կերպ չեն տեղավորվում «Հիսուս Քրիստոս նույնն է՝ երեկ, այսօր և հավիտյան» (Եբր.13. 8) ճշմարտության համատեքստում, ապա՝ «հոմոֆոբ», «տոլերանտ» բառերը, որոնք ընդհանրապես չեն արտացոլում ճշմարտության որևէ մասը: Հասարակությունը մեկ մարմին է. «…Աչքը չի կարող ասել ձեռքին, թե՝ ինձ պետք չես, և կամ նույն ձևով գլուխը՝ ոտքերին, թե՝ ինձ պետք չեք: Եվս առավել, մարմնի այն անդամները, որ թվում է, թե ավելի տկար են, կարևորներն են, և նրանք, որ թվում է, թե մարմնի համար ավելի անարգ են, առավելագույն պատիվ ենք անում նրանց, և մեր ամոթույքները առավել ևս անհրաժեշտ է պարկեշտությամբ ծածկել…» (Ա Կորնթ. 12.14-26): Գլխիվայր շուռ եկած աշխարհում այլ պատկեր ենք տեսնում:
Լավագույն դեպքում ազգիս տեսլականը սեփական՝ ազգային սատանա ունենալն է, և սա համաշխարհային միտում է: Կարծես սատանան մրցույթ է հայտարարել. «Աշխարհը և նրա ողջ փառքը կտամ նրան, ով երկրպագի ինձ» (Մատթ. 4. 9): Ինչպես ասում են՝ բաժանիր ու տիրիր:


Ստեղծված իրավիճակը լավագույն ազդակ և հնարավորություն է վեր հանելու և լուծելու ներընտանեկան խնդիրները, որպեսզի վտանգված հայ ընտանիքը չհայտնվի Կարմիր գրքում: Այո՛, հենց լուծել, ոչ թե քողարկել, լռության մատնել կամ փորձել պահել ընտանիքը՝ վկայակոչելով արտաքին վտանգը, հակառակ դեպքում ինչո՞վ պիտի տարբերվենք նախկին իշխանություններից:
Շատերի համար ներշնչման աղբյուր և ազատության խորհրդանիշ հանդիսացող Ֆրանսիական հեղափոխությունից ի վեր, որը, ի դեպ, կոնկրետ իմ մեջ ասոցացվում է Լյուցիֆերի համատիեզերական ապստամբության հետ, ամեն ինչ գլխիվայր շուռ է եկել: Մեզ հայտնի հասկացությունների հետևում մեր իմացած երևույթները չեն:
Երբ վարչապետի «ժողովրդական» թեկնածու Նիկոլ Փաշինյանը ԱԺ-ում հանդիմանեց ՀՀԿ-ին, որ նրանք չեն ճանաչում իրենց ժողովրդին, որովհետև նրանից շատ հեռու են ու կտրված այդ ժողովրդից, ես վախ ապրեցի, երբ նրա կինը Հանրապետության հրապարակում կոնկրետ նպատակով հանդես եկավ «չնախատեսված» ելույթով և ասաց. «Հարազատնե՛րս, դուք ինչքան շատ եք»,- ես ապրեցի նույն վախը: Ճիշտ է, Զարուհի Փոստանջյանը ևս շատ կասկածելի անձնավորություն է, հատկապես՝ դև դառնալու՝ ԱԺ ամբիոնից ժողովրդին ուղղված իր կոչերով: Ինչևէ: Հրապարակում հավաքվածները, թվում է, պատրաստ էին «այո» ասելու բեմից հնչող ցանկացած անհեթեթության: Շատ է խոսվում նաև սերնդափոխության մասին. հեղափոխությունը կերտեց անկախության սերունդը: Անկախությա՞ն:


ԶԼՄ-ները՝ նախկինում տպագիր մամուլը, այժմ արդեն նաև էլեկտրոնային մամուլը և սոցցանցերը, անհնարինը հնարավոր են դարձնում, սակայն ես միտված չեմ կարծելու, թե վերջին իրադարձությունները ներկայացնելու կերպը պայմանավորված էր միայն «Ազատություն» կոչվող լրատվամիջոցի մասնագիտական բարձր որակներով: Ավելի հակված եմ համոզմանը, որ կա նշմարելի ձեռագրով հստակ գրված սցենար և, ամենայն հավանականությամբ, կիրառվեցին և առայսօր էլ կիրառվում են հատուկ մանիպուլյացիոն տեխնոլոգիաներ: Դեռևս 1974 թ. ԱՄՆ-ում հաջողությամբ ավարտվել են մարդկանց ֆիզիկական ու մտավոր հեռակառավարվող մանիպուլյացիաների ենթարկելու փորձերը: Եվ ի՞նչ է մեր ժամանակների «մշակույթ» հորջորջվող ողջ տեռորը: Դավադրության տեսություններին խելացի մարդիկ չեն հավատում մոտավորապես՝ Աստծո գոյությանը չհավատացող աթեիստ գիտնականի էնտուզիազմով:
Ինչու՞ էր Նիկոլը պնդում, որ հենց ինքը պետք է լինի վարչապետ, և իրեն կոչում էր «ժողովրդի» թեկնածու, եթե ակնհայտ էր, որ ժողովուրդը շատ այլ թեկնածուներ էլ կհանդուրժեր ու կընդուներ, միայն թե ազատվեր «ռեժիմից»: Եվ արդյոք Նիկոլի «արած քայլը» Քրիստոսի Երկրորդ Գալստյան հետ նույնացնելը կարելի է արդարացնել՝ որպես ինքնաբուխ և խոսքի ազատության շրջանակներում տեղավորվող բան: «Այն ժամանակ, եթե մեկը ձեզ ասի, թե՝ ահա՛ այստեղ է Քրիստոս կամ այնտեղ, չհավատաք. որովհետև սուտ քրիստոսներ և սուտ մարգարեներ պիտի ելնեն և նշաններ ու զարմանալի գործեր պիտի ցույց տան` մոլորեցնելու նպատակով, եթե հնար լինի՝ նույնիսկ ընտրյալներին: Բայց դուք զգու՛յշ եղեք. ահա առաջուց ձեզ ամեն ինչ ասացի» (Մարկ. 13. 21-23):


Մեր ժողովրդին նոր սպանդ է սպասում, անարյուն սպանդ: 19-րդ դարավերջի ու 20-րդ դարասկզբի հայկական ջարդերը պատճառաբանվում էին նաև պետականության բացակայությամբ, բայց պատմության ընթացքը ցույց տվեց, որ պետականության առկայությունը իրավիճակը էականորեն չի փոխում:
Զարմանալի է, բայց եթե հիշում եք, 3-րդ հանրապետության մեր բոլոր նախագահները երկիրն ընդունել են անհուսալի վատ վիճակում և անգամ իրենց կրկնակի ընտրվելուց հետո կրկնել են թութակի պես. «Անելիքներ շատ կան, երկու տարում չենք վերականգնի ու չենք զարգանա»: Հիմա էլ լսում ենք նույն խոսքերը:
Ինչու՞ մեզ մոտ հեղափոխությունը եղավ անցնցում և առանց նկատելի «արտաքին միջամտության», գուցե որովհետև Սերժի «ռեժիմը» այնքան սպառնալիքներ չէր պարունակում, որքան Սադամինը, Քադաֆիինը կամ Ասադինը: Թե՞՝ որովհետև ներսից «դարպասը բացող» կար:


Իշխանիկները կգան ու կգնան, ազգ իմ, մի կորցրու քո արժանապատվությունը, մի կորցրու քո ապագան:
«Տեսակ-տեսակ և օտարոտի ուսմունքների մեջ մի՛ տարուբերվեք, քանզի լավ է շնորհո՛վ ամրացնել սիրտը և ոչ թե կերակրով, որից ոչ մի օգուտ չստացան նրանք, որ այդպես ընթացան» (Եբր. 13.9)։
«Եթե միայն այս կյանքի համար ենք հույս դրել ի Քրիստոս, ողորմելի ենք, քան բոլոր մարդիկ» (Ա Կորնթ. 15. 19)։
«Եվ դրանից հետո տեսա մի մեծ բազմություն, որին թիվ չկար, բոլոր ազգերից, բոլոր լեզուներից և բոլոր ժողովուրդներից, որոնք կանգնած էին աթոռի առաջ և Գառան առաջ՝ իրենց վրա սպիտակ զգեստներ գցած և արմավենու ճյուղեր իրենց ձեռքերին: Բարձր ձայնով աղաղակում էին և ասում. «Փրկությունը մեր Աստծու՛նն է, որ նստում է աթոռի վրա, ինչպես և՝ Գառանը»: «Սրանք նրանք են, որ գալիս են մեծ նեղություններից և իրենց զգեստները լվացին ու սպիտակեցրին Գառան Արյունով:… Եվ Նա, որ նստում է աթոռի վրա, բնակվում է նրանց մեջ: Ո՛չ քաղց են զգալու, ո՛չ էլ ծարավելու են, և նրանց չեն վնասելու ո՛չ արեգակը, ո՛չ էլ տոթը: Եվ Գառը, որ Իր աթոռի մեջտեղում է, պիտի հովվի նրանց դեպի կյանքի աղբյուրը կենդանի ջրի, քանզի Աստված նրանց աչքերից սրբեց ամեն արտասուք» (Հայտն. 7. 9-10, 14-17):


Լիլիթ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 2160

Մեկնաբանություններ