Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

«Թատրոնների՝ վարձակալությամբ տրվող դահլիճների գները բազմապատկվել են»

«Թատրոնների՝ վարձակալությամբ տրվող դահլիճների գները բազմապատկվել են»
18.05.2018 | 12:48

Դերասանուհի ԱՐՍԻՆԵ ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆԸ պատրաստվում է բաց նամակ հղելու վարչապետ Նիկոլ Փաշինյանին` վեր հանելով թատրոնի ոլորտի հիմնախնդիրները: Արսինե Նավասարդյանի դիմումին միացել են մեծ թվով մտավորականներ:


«Խնդիրները, որ կետ առ կետ ներկայացրել եմ, հասունացել են տարիների ընթացքում: Կետերից մեկը վերաբերում է թատրոնի և կինոյի ոլորտում ընտանեկան կլանային համակարգին, որն ինքնըստինքյան բերում է կոռուպցիայի (ֆինանսավորում մերձավոր շրջանակին) և հնարավորությունների սահմանափակումների (ոչ մերձավոր շրջանակի ֆինանսավորման բացառում)»,- մեզ հետ զրույցում ասաց Արսինե Նավասարդյանը: Երկրորդ կետում մատնանշվում է հանձնաժողովների ոչ ֆունկցիոնալ լինելը, որն անմիջական հետևանք է առաջինի: Նրա խոսքով՝ հանձնաժողովների անդամները կա՛մ շահագրգիռ անձինք են, կա՛մ ենթարկվում են նախարարության կլանային որոշումներին` կորցնելով անկախ դիտարկում անելու իրենց պարտադիր գործառույթը: Կոռուպցիայի աղբյուր են նաև վաստակավոր և ժողովրդական կոչումների ինստիտուտը, թատրոններում պարտադիր գլխավոր ռեժիսորների ինստիտուտը, անարդյունավետ փառատոները:

«Կոչումների ինստիտուտը Խորհրդային Միությունից մնացած բեռ է, ինչը, երևի թե, թոշակի անցնելուց հետո դերասանին մի փոքր առավելություն է տալիս: Ինչո՞վ են դերասանը, մշակույթի գործիչը տարբերվում հացթուխից, վերջին հաշվով, երկուսն էլ ծառայություն են մատուցում ժողովրդին: Հացթուխը շատ ավելի կարևոր ծառայություն է մատուցում: Մշակութային դաշտի որևէ ներկայացուցիչ, առանց հացթուխի, առանց ջրմուղի աշխատակցի, առանց ոստիկանի կամ լրագրողի, չի կարող սոցիումում գոյություն ունենալ»: Ինչ վերաբերում է ծանոթ-բարեկամ գործելաոճին՝ մեր զրուցակիցը պարզաբանում է, որ դա չի նշանակում, թե դերասանի երեխան չպետք է լինի բեմանկարիչ, դերասան կամ ռեժիսոր, կամ երբ ամուսիններով մի թատրոնում են, դա հրաշալի է, բայց գիտենք, թե ինչ է կատարվում, երբ ամեն բան անցնում է մեկի ձեռքը: Թատրոնի ոլորտի ներկայացուցիչներին վրդովեցնում են նաև անիմաստ, մեկը մյուսից թույլ փառատոները:

«Չգիտեմ, եթե սրա վերջը չտրվի, ի՞նչ պետք է անենք: Փառատոների վրա ծախսվող գումարները եթե նպատակային օգտագործեն, կարող են օրնիբուն աշխատող դերասանների աշխատավարձերը մի քանի ամիսը մեկ գոնե տասը հազարով ավելացնել»,- ասաց մեր զրուցակիցը: Անդրադարձավ նաև կոմերցիոն ներկայացումների հնարավորությունների սահմանափակման խնդրին, փաստելով, որ վերջին 6-7 ամսում թատրոնների՝ վարձակալությամբ տրվող դահլիճների գները բազմապատկվել են մի քանի անգամ, ինչի արդյունքում կոմերցիոն ներկայացումները փաստացի զրկված են ինքնաֆինանսավորման հնարավորությունից, հետևաբար նաև կենսունակ չեն վերարտադրողականության տեսանկյունից: Փոխարենը, պետական բյուջեից ամեն տարի ահռելի գումարներ են տրամադրվում, օրինակ, «Եվրատեսիլին»: «Ներկայացուցիչ ենք ուղարկում ցածր կարգի փառատոնի, որտեղ ելույթ են ունենում կանացի հագուստով, մորուքով տղամարդիկ: Այդ գումարները կարող ենք ուղղել կոմիտասյան փառատոնին, ամբողջ աշխարհից երաժիշտներ կգան, կկատարեն Կոմիտաս: Այնքան հեշտ է, դահլիճներ ունենք` օպերային թատրոն, ֆիլհարմոնիկ, մարզահամերգային համալիր: Մենք կրում ենք մշակութային այն գերհզոր պաշարը, որից ամբողջ աշխարհը սնվում է: Ինչու՞ ցույց չտանք մեր մշակույթի եզակիությունը»:


Ի՞նչ է պետք ոլորտում դրական տեղաշարժեր գրանցելու համար, ի՞նչ դեր ունի այստեղ մշակույթի նախարարությունը, և ինչպիսի՞ն պետք է լինի մշակույթի նախարարը: Արսինե Նավասարդյանի կարծիքով՝ չի կարող միանգամից ինչ-որ բան լինել, նախարարն էլ առաջին հերթին պետք է ազնիվ լինի, հին նոմենկլատուրայից չլինի. «Ինչպես կվերաքննվեն նախկին գործերը, դա քաղաքական գործիչների գործն է, չգիտեմ, բայց գոնե ժպիտով քեզ չճանապարհեն ու մոռանան: Պետք է շաբաթը մեկ, տասն օրը մեկ, ամիսը մեկ բաց դռներ լինեն, քննարկումներ, մարդիկ ներկայացնեն իրենց առաջարկները, լսելի լինի այդ ամենը»:
Ասել է թե՝ թատրոնի ոլորտին պակասում են հոգածությունն ու ուշադրությունը: Մեր այս դիտարկմանը դերասանուհին հակադարձեց. «Դրանք վերացական բառեր են, պետք է մաքրվի դաշտը»:


Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 3482

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ