ԵՄ արտաքին և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը կոչ է արել թուլացնել Իսրայելի և Իրանի միջև հակամարտության լարվածությունը՝ հրեական պետությանը Իսլամական Հանրապետության հարվածից հետո: «Մենք կանգնած ենք անդունդի եզրին և պետք է հեռանանք այդտեղից։ Մենք պետք է սեղմենք արգելակները և միացնենք հետընթաց շարժումը»,- ասել է ԵՄ բարձրաստիճան դիվանագետը։                
 

«Աթլետիկոն» շանս չտվեց

«Աթլետիկոն» շանս չտվեց
18.05.2018 | 12:50

Մայիսի 16-ին Լիոնի 45000 հանդիսատես տեղավորող «Օլիմպիկ Պարկ» մարզադաշտում Եվրոպայի լիգայի եզրափակչում մրցեցին Մադրիդի «Աթլետիկոն» ու ֆրանսիական «Մարսելը»: Հաղթելու դեպքում այն իսպանական ակումբի համար կլիներ նման երրորդը (2010-ին 2:1 հաշվով պարտության է մատնել անգլիական «Ֆուլհեմին», 2012-ին` իսպանական «Աթլետիկին»` 3:0), իսկ պրովանսալցիների համար` առաջինը, քանի որ մինչ այդ հանդիպումը պարտվել էին 1999-ի ու 2004-ի եզրափակիչներում (1999-ի պարտությունը իտալական «Պարմայից» էր` 0:3, 2004-ինը` իսպանական «Վալենսիայից»` 0:2): Հիշեցման կարգով ասենք, որ այն ժամանակ այս խաղարկությունը կրում էր ՈՒԵՖԱ-ի գավաթ անունը:

Այս եզրափակչում էլ «Մարսելը» պարտվեց ու դարձյալ չկարողացավ խոցել մրցակցի դարպասը:
Հարց` իսկ խոցելու հնարավորություն կա՞ր:
Կա՛ր, եթե Ժերմենն այդպես անշնորհք չօգտագործեր ընձեռված շանսը: Ի դեպ, նրան գնդակ փոխանցողը Պայետն էր, որը ոչ միայն ֆրանսիական ակումբի, այլև Եվրոպայի լիգայի այս խաղարկության ամենաշատ գոլային փոխանցում կատարած ֆուտբոլիստն էր ու այդպիսին էլ մնաց:
ՈՒ քանի որ ֆուտբոլային չգրված օրենքն ասում է` չես խփում դու, խփում են քեզ, ահա հենց այդ օրենքն էլ մտավ գործողության մեջ: Ազգակիցների դարպասը երկու անգամ գրավեց իսպանական ակումբում իր վերջին կամ վերջին հանդիպումներից մեկն անցկացնող Անտուան Գրիզմանը (նա «Աթլետիկոյի» գլխավոր հարվածային ուժն է, փլեյօֆյան փուլում հեղինակել է չորս գոլ, երկու գոլային փոխանցում), որին նոր մրցաշրջանում սպասում է համաշխարհային ակումբային ֆուտբոլի գրանդներից մեկում մրցելույթ. պակաս իրազեկվածների համար ավելի կոնկրետանանք` խոսքը «Բարսելոնին» է վերաբերում, իսկ եզրափակիչ գոլի իրավունքը վերապահվեց թիմի երկարամյա ավագին` Գաբիին:


Ի միջի այլոց, եթե ակումբի կազմում Գրիզմանի ևս մեկ խաղում հանդես գալու-չգալու հարցում որոշակի տարակարծություն կա, ապա Ֆեռնանդո Տորեսի պարագայում դա էլ չկա: Այս հիրավի լեգենդար ֆուտբոլիստը, որ «Աթլետիկո» ֆուտբոլային ակումբի սան է, հարազատ թիմի կազմում երբեք ոչ մի տիտղոսի չի արժանացել: Խորհրդանշական է, որ նա խաղավարտին մտավ փոխարինելու Գրիզմանին ու հարազատ թիմի կազմում հնարավորություն ունեցավ գլխավերևում պահելու գավաթը, մի բան, որ նա շատ անգամ է արել երկրի հավաքականի ու անգլիական թիմերում հանդես գալու տարիներին:
Ի՞նչ ցույց տվեց խաղը:


Նախ այն, որ այդ օրը մրցակցում էին միանգամայն տարբեր «քաշայիններ», որ «Աթլետիկոն» իր բարձր կարգով Չեմպիոնների լիգայի թիմ է, իսկ «Մարսելը», որ անցյալի հարուստ պատմություն ունի, իսպանական ակումբին հասնելու համար դեռ երկար ճանապարհ ունի անցնելու: «Աթլետիկոյի» ղեկին լինելու այս վեց տարիներին Դիեգո Սիմեոնեն իսկապես ստեղծել է մի թիմ, որը եթե այդ խաղում ինքն իրեն պարտության չմատներ, մրցակցին դրա հնարավորությունը չէր տա: Արգենտինացի մասնագետը թիմի գլխին եղած այս վեց տարիների ընթացքում նրան վեց անգամ դարձրել է տիտղոսակիր: Տարբեր մրցաշարերում: Նկատենք, որ սա փայլուն արդյունք է ու միանգամայն բարձրաձայն խոսում է նրա մարզչական տաղանդի մասին: Թե դեռ ինչքան ժամանակ Սիմեոնեն կգլխավորի «Աթլետիկոն», այս պահին դժվար է ասել, բայց որ նրան ունենալու համար շահագրգռված են բազմաթիվ առաջնակարգ ակումբներ, անտարակուսելի փաստ է:


Ամփոփենք: «Աթլետիկոն» տարավ միանգամայն սպասված հաղթանակ: Թե սուպերգավաթի խաղում ո՞վ կլինի նրա մրցակիցը, շատ առաջ անցնել պետք չէ, քանզի դրա համար նախ պիտի կայանա Չեմպիոնների լիգայի «Ռեալ»-«Լիվերպուլ» դիմակայությունը: Այս մրցակցությունում «արքայականի» հաղթելու պարագայում կունենանք զուտ իսպանական եզրափակիչ, ու շատ հետաքրքիր կլինի, թե ինչպես են այս երկու ակումբները իրար «ուտելու», իսկ եթե Չեմպիոնների լիգայի հաղթողի տիտղոսը նվաճի անգլիական ակումբը, պակաս հետաքրքիր չի լինի և նրանց բախումը, որովհետև այս դեպքում իրար հետ մրցելու կելնեն համաշխարհային ֆուտբոլի երկու խարիզմատիկ մարզիչներ:
Մի խոսքով, ոնց գցում-բռնում ենք, երկու դեպքում էլ ֆուտբոլասերի գործը աջ է` գժվելու ֆուտբոլի ականատես ենք լինելու:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 2455

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ