Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Նաև մարմնի գեղեցկության հաղթահանդես

Նաև մարմնի գեղեցկության հաղթահանդես
18.05.2018 | 12:52

ԱՄՆ-ի գեղասահքի ղեկավար Սամյուել Օկսեն հանդես է եկել տասնութ տարին չլրացած մարզիկներին առաջնություններին մասնակցել թույլ չտալու առաջարկով: «Գործերի ներկա վիճակը խանգարում է մրցակցության ծավալմանն ու մարզաձևի պրոպագանդմանը, գցում է գեղասահքի նկատմամբ հետաքրքրությունն ու գրավչությունը»,- կարծում է նա: ՈՒշագրավն այն է, որ այլ որակումներով սույնը պնդում են և այլ մասնագետներ` համոզված լինելով, որ այս քայլը ինչպես որ թույլ կտա երկարացնել գեղասահորդների մարզական կարիերան, այնպես էլ էապես կնպաստի վնասվածքներ ստանալուց խուսափելուն:


Ավելորդ չհամարենք նկատել, որ ամերիկացի ֆունկցիոների նախաձեռնությանն իր համերաշխությունն է հայտնել հայտնի հայազգի մարզիչ Ռաֆայել Հարությունյանը, որը երկար տարիներ է արդեն, ինչ Ռուսաստանից մեկնել է Ամերիկա ու ոչ միայն բնակություն է հաստատել, այլև արդյունավետ գործունեություն ծավալել. «Ներկայումս բոլորը սկսել են խոսել ցատկ-պտույտներից, ու դրանով մարդիկ վնասում են իրենց: Ինչպե՞ս եք պատրաստվում նրանց դեմն առնելու: Ըստ իս, կա միայն մի միջոց` մինչև տասնութ տարեկան աղջիկներին թույլ չտալ մասնակցել մեծահասակների առաջնություններին»:
Եթե հանկարծ մարզաշխարհն ընդունի այս առաջարկը, այն առաջին հերթին լուրջ հարված կլինի ռուսական գեղասահքին, որտեղ վարժվել են դեռահասներից աշխարհի, Եվրոպայի, օլիմպիական խաղերի չեմպիոններ թխելուն: Սակայն ողջ հարցն այն է, որ ռուս շատ մասնագետներ, անցյալի հանրաճանաչ մարզիկներ համակարծիք են ամերիկացի այն գործընկերներին, ովքեր կողմ են այս նախաձեռնությանը: Տեսեք, թե ի մասնավորի ինչ է ասում հանրահայտ Ալեքսանդր Ժուլինը. «Դա հետաքրքիր է ու ճիշտ: Մարդիկ ցանկանում են դիտել կանանց գեղասահք, երբ մարզիկները ձևավորված են և կանացի են նայվում ու թող որ քառակի ցատկ-պտույտ չեն կատարում»:


Իսկ ահա թե ինչ է ասել Վիկտորյա Վոլոչկովան. «Ես այդ թեմայի շուրջ երկար եմ մտածել ու, անկեղծ ասած, դժվարանում եմ միանշանակ պատասխանել: Աղջիկները սահում են մինչև տասնվեց տարեկանը, ու նրանց կարիերան ավարտվում է: Այս տեսանկյունից տարիքային տարբերությամբ բաժանումը միանգամայն ճիշտ է: Այդպես մենք կարող ենք երկարացնել սպորտում մարզիկների գտնվելու ժամանակը»:
Բոլոր մասնագետները համահունչ են այն հարցում, որ արմատապես տարբերվում են կանանց ու աղջնակների սահքերը: «Ծրագրի տեխնիկական առումով աղջնակներն ավելի բա՞րդ ծրագրերով են հանդես գալու,- հարցնում է Ռաֆայել Հարությունյանն ու ինքն էլ պատասխանում։- Հետո՞ ինչ: Եթե ձեզ դուր չի գալիս մեծահասակների սահքը, նայեք աղջնակներինը: Դուք ունեք կա՛մ թռիչք-պտույտներ, կա՛մ կանանց սահք դիտելու հնարավորություն: Դա անարդար է, երբ կինը մրցում է երեխայի հետ, որը տղայի մարմին ունի»:


Ինչու է տարիքային սահմանափակումը դիտվում տրամաբանական:
Բանն այն է, որ վաղ տարիքում աղջնակի մարմինը գերճկուն է, գերկտրուկ, ինչը տարիքի հետ բնական նահանջ, հետընթաց է ապրում: Մոտավորապես 17 տարեկանից, պայմանավորված օրգանիզմի ֆիզիոլոգիական փոփոխություններով, վրա է հասնում կանանց սահքի ժամանակը, ինչը նաև զգացական առումով է էապես տարբերվում, քանզի մի բան է ինչ-որ հոգեվիճակ երևակայելը, երբ այն հասկանալի պատճառներով դեռևս ապրված զգացում չէ, ու միանգամայն այլ բան այդ նույնը կյանքի փորձառության միջով անցկացրած ներկայացնելը: Ասել է` տարիքային այս հատվածից մարզիկի մոտ սկսվում է միանգամայն այլ շրջան` այստեղից բխող հետևանքներով, որոնց մասին արդեն վերն ասել ենք ու սրանից առաջ եղած նյութերում էլ ենք ասել:


Նկատի առնելով այն, թե սկզբունքորեն ինչ տարբերությունների ենք բախվում մինչ տասնյոթ ու տասնյոթից հետո եկող տարիքային սահքերի պարագայում, անվրեպ կարող ենք ասել, որ գործ ենք ունենում տարբեր սպորտաձևերի հետ:
Դասդասում անելու համար, թե որ տարիքը համարել բազային, մասնագետների լուծելիք կամ համաձայնության գալու խնդիրն է, բայց այն, որ, զորօրինակ, վերջին օլիմպիական խաղերի չեմպիոնուհի Ալինա Զագիտովան (15 տարեկանում է նվաճել օլիմպիական ոսկին) առաջիկա երկու-երեք տարում (իհարկե, որոշումը կայացնելուց հետո) կարող է հետ գնալ դեպի պատանեկան մրցումներ, դառնում է պրոբլեմային, քանզի մեծահասակների շրջանում իրեն հաստատածին հետ ենք գործուղում: Սակայն ամբողջ խնդիրն այն է, որ հարցը լուծում է պահանջում ու, ընդ որում, այնպիսի լուծում, որ այդ մարզաձևի դիտարժանությանն ու հետագա մասսայականությանն է առնչվում: Այնպես որ, հնարավոր ընդունելիք որոշումը նաև որոշակի զոհաբերությունների խնդիր կարող է բարձրացնել, բայց առանց դրա էլ չի լինի: Միշտ էլ ինչ-որ բան մի սերնդի գլխին կոտրվում է:


ISU-ի հաջորդ կոնֆերանսը հունիսի սկզբներին է, և միանգամայն ռեալ է, որ այն տարիքային սահմանափակման խնդիրը կդնի ու կլուծի: Սա անխուսափ է, սակայն եկեք միաժամանակ նկատենք, որ տարիքային շեմի բարձրացման հարցը կրկին շոշափվեց Էթերի Տուտբերիձեի սաների հաղթանակների հետևանքով: Եթե մինչև վերջ փորձենք չդավաճանել ճիշտ խոսքին, այստեղ հարցն այնքան էլ Զագիտովային չի առնչվում, որքան 13-ամյա Ալեքսանդրա Տրուսովային, որն արդեն իսկ երկու քառակի պտույտ-ցատկ է կատարում ու դրանցով մրցակիցների համեմատ միավորների այնպիսի առավելություն է ստանում, որը հաղթահարելը գործնականում դառնում է անհնարին: Մենք Տրուսովայի օրինակն ենք բերում` բնավ աչքաթող չանելով 14-ամյա Ալյոնա Կոստորնային, որը պակաս հրաշամանուկ չէ: Այսուհանդերձ, անառարկելի է այն դիտարկումը, որ մարդիկ կանանց մենասահքի մրցումները դիտում են նաև մարմնի գեղեցկության, այդ գեղեցկությունը տարբեր դիտանկյուններից տեսնելու համար, ու որ այն իսկապես պիտի կապ չունենա տղայի կառուցվածքով մարմիններ ունեցող աղջնակների հետ: Նրանք հանգիստ կարող են հանդես գալ իրենց տարիքային խմբում:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 2132

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ