Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանի մուտքը Հայաստան արգելել են: Նա «Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ է հայտարարել: «Ես Հայաստանից գնացողը չեմ, ես հենց այստեղ՝ «Զվարթնոց» օդանավակայանի անձնագրային բաժնում, հայտարարում եմ հացադուլ։ Առանց որոշումը ցույց տալու, առանց հիմնավորման արգելել են իմ մուտքը իմ հայրենիք։ Միգուցե` որովհետև լուսաբանել եմ Ոսկեպարի դեպքերը, եղել եմ Ոսկեպարում»,- իր տեսաուղերձում նշել է Նիկոլյանը:                
 

Հետհեղափոխության 9-րդ օրը

Հետհեղափոխության 9-րդ օրը
18.05.2018 | 13:14

Վարչապետության 9-րդ օրը Նիկոլ Փաշինյանն ստիպված էր դիմել հակառակ կոչով` հնազանդության: Մայիսի 16-ը հետհեղափոխության պատմության մեջ կմտնի անհնազանդության միանգամից մի քանի դրսևորումներով: Ինչու՞ են մարդիկ փողոց դուրս գալիս հեղափոխության արդեն 8-րդ օրն ու պահանջում լուծել խնդիրները, որ տարիներով հանդուրժում էին` հիանալի հասկանալով, որ ցանկացած հարցի լուծում ժամանակ է պահանջում: «15.00-ից դադարեցնում ենք անհնազանդության բոլոր ակցիաները՚՝ Facebook-ի ուղիղ եթերում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Կոչ եմ անում ժամը 15.00-ից բացել բոլոր ճանապարհները, դադարեցնել քաղաքացիական անհնազանդության բոլոր գործողությունները և այդ պահանջների լուծումը դնել ինստիտուցիոնալ հիմքի վրա»,- ասել է նա:


«Երբ երկրում կա ժողովրդի վստահությունը վայելող իշխանություն, քաղաքացիական անհնազանդության գործողությունները մի փոքր տրամաբանության խնդիր են ունենում: Այն ժամանակներում, երբ մենք փակում էինք ճանապարհները և բողոքի ակցիաներ էինք իրականացնում, մենք դա անում էինք, որովհետև համոզված էինք, գիտեինք, որ Հայաստանի Հանրապետությունում չկա իշխանություն, որն ի վիճակի է լսել քաղաքացիներին, ապրել քաղաքացիների հոգսերով և լուծել քաղաքացիների խնդիրը, պաշտպանել քաղաքացիների իրավունքները։ Հիմա, երբ Հայաստանում հաստատված է իշխանություն, որը հենց ժողովրդի որոշմամբ և մանդատով, ժողովրդի խնդիրները լուծելու համար է հասել իշխանության կարգավիճակի, ճիշտն ասած հասկանալի չէ, որ մենք ամեն օր փակում ենք ճանապարհներ և իրականացնում ենք քաղաքացիական անհնազանդության գործողություններ, իսկ ո՞ւմ ենք մենք անհնազանդություն հայտարարում»»,- հայտարարեց Փաշինյանը` փաստացի անհնազանդության գործողությունների ստվերում հակահեղափոխության ռևանշի ձգտում արձանագրելով. «Այսօր հաստատված է քաղաքացու իշխանություն, ու՞մ ենք անհնազանդություն հայտարարում, ինքներս մե՞զ, սա ճիշտ մոտեցում չէ»։


Կառավարության նիստից առաջ նա հանդիպեց շենքի առջև հավաքված ցուցարարներին, որ պահանջում էին զինվորի սպանության բացահայտումից մինչև երեխայի մանկապարտեզի հարցի լուծում։ Լսելով բոլորին և վերցնելով իրեն ուղղված նամակները՝ վարչապետը հայտարարեց. «Մենք պետք է հասկանանք, որ բոլոր հարցերը միանգամից լուծելու տրամաբանությունը չի կարող գործել: Որովհետև եթե մենք բոլոր հարցերը միանգամից փորձենք լուծել, մենք բոլոր հարցերի լուծումը միանգամից կձախողենք: Դրա համար մենք պետք է հերթով, հանգիստ, հանդարտ հասկանանք բոլոր հարցերը և հերթով զբաղվենք դրանց լուծմամբ»: Նա կոչ արեց հնարավորություն տալ կառավարությանը աշխատել: «Կառավարությունը պետք է հնարավորություն ունենա խնդիրները դասավորել ըստ առաջնահերթության և հերթով զբաղվել այդ խնդիրներով, և ես կոչ եմ անում ՀՀ քաղաքացիներին այդ հնարավորությունը տալ Հայաստանի Հանրապետության կառավարությանը, որովհետև, եթե այդ հնարավորությունը չի տրվելու, մեր այստեղ լինելը զրկվում է որևէ իմաստից։ Մենք պետք է հստակ ցույց տանք, որ կառավարությունն ունի ժողովրդի վստահությունը, և ՀՀ քաղաքացիները չունեն քաղաքացիական անհնազանդության ակցիաներ իրականացնելու առիթ», - ասաց Փաշինյանը։


Կլսի՞ փողոցը հաղթանակից հետո տուն գնալու նրա կոչին` կերևա այսօր: Առայժմ արվում են պոպուլիստական քայլեր այդ նպատակով` Նիկոլ Փաշինյանը երեկ կառավարության նիստում հայտարարել է, որ նպատակահարմար է ժամանակավորապես դադարեցնել արագաչափերի և տեսախցիկների գործունեությունը: Վարչապետը պետք է պատրաստ լիներ, որ համակարգը չի հանձնվելու և իր զենքով է իր դեմ պայքարելու:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ.Գ. Իհարկե, կան տարաբնույթ սոցիալական հարցեր, իհարկե, կա սաբոտաժ, ելքը արագ և արդյունավետ աշխատանքն է, քաոսը խեղդելու է մայիսի 8-ը: Ելք, որ հարվածում է պետությանը:

Դիտվել է՝ 2840

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ