Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Պուտինն ու Մակրոնը տետ ա տետ կհանդիպեն Կոնստանտինովյան պալատում

Պուտինն ու Մակրոնը տետ ա տետ կհանդիպեն Կոնստանտինովյան պալատում
21.05.2018 | 09:32

Սկրիպալի գործի, Սիրիայի սրացումների և ԱՄՆ-ի` Իրանի հետ միջուկային համաձայնագրից դուրս գալու համապատկերում Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Սանկտ Պետերբուրգում կլինի երկօրյա այցով` մայիսի 24-25-ին: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հրավերով նա կմասնակցի Միջազգային տնտեսական համաժողովին:


Բանակցություններ Վլադիմիր Պուտինի հետ
Էմանուել Մակրոնի ու Վլադիմիր Պուտինի տետ ա տետ հանդիպումը կկայանա մայիսի 24-ի երեկոյան Կոնստանտինովյան պալատում: Պալատը բացվել է 2003-ի վերականգնումից հետո` Սանկտ Պետերբուրգի 300-ամյակին և ստացել է նախագահական նստավայրի կարգավիճակ: 2006-ին այստեղ է կայացել Մեծ G 8-ի սամմիթը, 2013-ին G 20-ի: Բանակցությունները կդառնան Ֆրանսիայի ու Ռուսաստանի նախագահների երրորդ հանդիպումը` Վերսալում ու Համբուրգում G-20-ի հանդիպումներից հետո: Ենթադրվում է, որ Մակրոնն ու Պուտինը կքննարկեն իրավիճակը Սիրիայում ու ՈՒկրաինայում, Իրանի միջուկային համաձայնագիրը: Ելիսեյան պալատում ընդգծում են, որ ցանկանում են հնարավորինս շատ ժամանակ հատկացնել երկկողմ բանակցություններին և հիշեցնում են Ֆրանսիայի երեք հիմնական տեսակետները, որ մեկ տարի առաջ ներկայացրել է Էմանուել Մակրոնը Վլադիմիր Պուտինի հետ Վերսալի հանդիպման ժամանակ, Փարիզի դիրքորոշման հստակությունն ու հաստատունությունը Մոսկվայի հետ տարաձայնություններում: Ելիսեյան պալատում նշում են ենթադրյալ «ռուսական միջամտության ու քարոզչության» հարցերը, նաև «կարմիր գիծը», որ Մակրոնը գծել է Վերսալում Սիրիայում քիմիական զենքի կիառման վերաբերյալ:

Մակրոնի աշխատակազմում նաև ընդգծում են, որ Փարիզի դիրքորոշումը Ղրիմի հարցում մնում է անփոփոխ: Կարևորվում է Մոսկվայի հետ Իրանի միջուկային համաձայնագրի շուրջ, Սիրիայի ու ՈՒկրաինայի կոնֆլիկտներով և այլ հարցերով երկխոսության անհրաժեշտությունը: Չնայած տարաձայնություններին, Ռուսաստանի ու Ֆրանսիայի նախագահները պարբերաբար հեռախոսազրույցներ են ունեցել` նշում են Ելիսեյան պալատում: Ֆրանսիայի նախագահը փորձում է գտնել «շփման կետեր» Մոսկվայի հետ իր այցի ընթացքում` ասում են նրա աշխատակազմում և ընդունում, որ դա հեշտ չի լինելու: Նման «մերձեցման կետերից» է Իրանի միջուկային համաձայնագիրը պահպանելու ցանկությունը` ԱՄՆ-ի դուրս գալուց հետո: Փարիզում, ի տարբերություն Մոսկվայի, կողմ են գործող համաձայնագրի «ընդլայնմանը»: Երկկողմ հարաբերությունների վերսկսումը տնտեսության, մշակույթի, կրթության, սպորտի ոլորտում` պատժամիջոցային ռեժիմի պահպանմամբ հանդերձ: Էմանուել Մակրոնը Վլադիմիր Պուտինի հետ բանակցություններում պետք է բարձրացնի մարդու իրավունքների հետ կապված հարցեր` հաղորդել են Ելիսեյան պալատից: Նախօրեին ֆրանսիացի կինեմատոգրաֆիստները Ֆրանսիայի նախագահին կոչ արեցին պաշտպանել ռեժիսոր Օլեգ Սենցովին, որ հացադուլ է հայտարարել ռուսական բանտում:


Ստարտափներ, ՀԿ-ներ և Մարիինյան թատրոն
Մայիսի 25-ին Էմանուել Մակրոնը կմասնակցի Միջազգային տնտեսական հանձնաժողովին իբրև պատվավոր հյուր, ինչպես և Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն: Պետերբուրգ Էմանուել Մակրոնը կուղևորվի տիկնոջ` Բրիջիտի հետ: Մակրոնին Ռուսաստանում կուղեկցեն ԱԳ նախարար Ժան Իվ լը Դրիանը, մշակույթի նախարար Ֆրանսուազա Նիսենը, էկոնոմիկայի պետական քարտուղար Դելֆին Ժենի-Ստեֆանին, Ազգային ժողովի ու Սենատի Ֆրանսիա-Ռուսաստան բարեկամության խմբերի ղեկավարները, «Տրիանոնի երկխոսություն» համակարգող խորհրդի անդամները, արվեստագետներ, գիտնականներ: Էմանուել Մակրոնի պատվիրակության կազմում Սանկտ Պետերբուրգ կուղևորվեն ֆրանսիական ստարտափների և փոքր բիզնեսի ներկայացուցիչները, համաժողովում ներկայացված են և ֆրանսիական խոշոր ընկեություններ` 100-ից ավելի ընկերություններ ընդհանուր առմամբ: Մակրոնի երկկողմ հանդիպումներ գործարար հանրության հետ չի ծրագրվում: Ֆրանսիայի նախագահը Պետերբուրգում ծրագրում է հանդիպել քաղաքացիական հասարակության ու ՀԿ-ների անդամների հետ։ Նրա այցը կավարտվի Մարիինյան թատրոնում` ֆրանսիացի հանրահայտ բալետմայստեր Մարիուս Պետիպայի ծննդյան 200-ամյակին նվիրված արարողությամբ, որի կազմակերպիչը դիրիժոր Վալերի Գերգիևն է:
RFI


Հ.Գ. RFI-ն նաև տեղեկացնում է, որ Սոչիում մայիսի 18-ին բանակցել են Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն ու ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը: Քննարկվել է երկու երկրների մասնակցությունը Իրանի միջուկային ծրագրի համաձայնագրին, իրավիճակը Սիրիայում ու ՈՒկրաինայի արևելքում, Ռուսաստանից Գերմանիա «Հյուսիսային հոսք 2» (Nord Stream 2) գազատարի շինարարությունը: ՌԴ նախագահը հայտարարեց, որ ռուսական գազի տարանցումը կկատարվի ՈՒկրաինայով, եթե տնտեսապես շահութաբեր լինի «Հյուսիսային հոսք-2»-ի շահագործումից հետո, որն անցնելու է Սև ծովի հատակով: Կանխատեսվում է, որ «Հյուսիսային հոսք 2»-ը 2019-ին կկրկնապատկի «Հյուսիսային հոսք 1» գազատարի թողունակությունը: Ռուսական գազը Գերմանիա կմատակարարվի` շրջանցելով ՈՒկրաինան: Անգելա Մերկելը «երաշխիքներ» պահանջեց ՈՒկրաինայի համար, որ պետք է մնա գազի տարանցման երկիր: Շատ երկրներ, այդ թվում` ՈՒկրաինան ու Լեհաստանը, քննադատել են նախագիծը: ԱՄՆ պետքարտուղարությունն անվանեց «վատ գաղափար»: «Մենք ուրախ կլինենք, եթե նախագիծը չիրականացվի»` հայտարարեց պետքարտուղարության ներկայացուցիչը Süddeutsche Zeitung-ին` հիշեցնելով, որ 2017-ի օգոստոսին ԱՄՆ Կոնգրեսի ընդունած հակառուսական պատժամիջոցները Վաշինգտոնին թույլ կտան պատժամիջոցներ կիրառել գազատարի շինարարությանը մասնակցող եվրոպական ձեռնարկությունների նկատմամբ:


Երբ հանդիպում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկու երկրների նախագահները, կքննարկե՞ն, թե՞ չեն քննարկի Ղարաբաղի հարցը: Առավել ևս Հայաստանում իշխանափոխության համապատկերում: Եվ` Թուրքիայում նախագահական ընտրություններից առաջ:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 2326

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ