Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Մի քիչ արտաքին, որ դառնում է ներքին քաղաքականություն

Մի քիչ արտաքին, որ դառնում է ներքին քաղաքականություն
21.05.2018 | 09:35

Միայն հակիրճ փաստեր` վարչապետ Նիկոլ Փաշինյանը առաջին այցով մեկնեց Ստեփանակերտ և միջազգային լրատվամիջոցների համար ասուլիսում փաստացի ԼՂ հարցի լուծման իր տեսակետը ներկայացրեց` Լեռնային Ղարաբաղը պետք է վերադառնա բանակցային սեղան, բանակցությունների համար պայմաններ են պետք: Եղավ նաև հայտարարություն Թուրքիայի վերաբերյալ` Հայաստանը պատրաստ է առանց նախապայմանների հարաբերություններ հաստատել Թուրքիայի հետ: Բոլոր հայտարարություններին հետևեցին Ադրբեջանի ու Թուրքիայի արձագանքները: Ընդ որում` Էրդողանի աշխատակազմից հայտարարեցին, որ Թուրքիան հավատարիմ է մնում իր դիրքորոշմանը, վարչապետ Բինալի Յիլդիրիմը որևէ նախապայման չդրեց, պարզապես տրտնջաց, որ հայերը չեն ընդունում սահմանը: Բաքուն Յիլդիրիմին չպատասխանեց:

Փոխարենը նորից կրկնեց, որ ակնկալում է սուբստանտիվ բանակցություններ: Այսինքն` որևէ նորություն Բաքվի օրակարգում չկա և հազիվ թե Իլհամ Ալիևը մտադիր է կատարել Վինեննայի համաձայնությունը: Երկրորդ այցը Սոչի էր: ԵԱՏՄ-ն` ԵԱՏՄ, կարևորը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպումն էր: Հետո ռուսները ներկայացրին, որ կարող էին դադար վերցնել և Նիկոլ Փաշինյանին չհրավիրել ԵԱՏՄ նիստին` պատճառաբանելով, որ կառավարության ծրագիրը դեռ հաստատված չէ, բայց հրավիրեցին ու լավ ընդունեցին: Այցը, իհարկե, հիմնականում ճանաչողական էր` ԵԱՏՄ հավերժական նախագահները ընդունել էին մեկին, որ գահընկեց էր արել իրենց նմանին ու ժպտադեմ նստել էր իրենց դիմաց: Ընդունեք, որ հաճելի վիճակ չէ: Արագ կողմնորոշվեց Լուկաշենկոն ու հայտարարեց, որ Բելառուսը եղել է ու մնալու է Հայաստանի կողքին: Անպատասխանատու հայտարարություն էր` փաստացի Լուկաշենկոն Իլհամ Ալիևի կողքին է եղել ու մնում:


Նիկոլ Փաշինյանը Սոչիում վերահաստատեց Հայաստանի հավատարմությունը արտաքին քաղաքականությանը: Ի պատասխան ռուսները որոշել են նոր ռազմական տեխնիկա տրամադրել Հայաստանին` վերականգնելու տարածաշրջանում ռազմական հավասարակշռությունը, որ իրենք էլ խախտել են 2010-ից միլիարդների հարձակողական զենք վաճառելով Ադրբեջանին: Սա Հայաստանին Մոսկվային կապված պահելու փորձ է: Երրորդ այցը կարող էր լինել Բրյուսել, բայց Նիկոլ Փաշինյանը մերժեց Ֆեդերիկա Մոգերինիի մայիսի 16-ի հրավերը` մասնակցելու Եվրախորհրդարանի արտաքին հարցերով հանձնաժողովի նիստին: Հանձնաժողովը դրական գնահատեց առաջընթացը Հայաստանում ու նույնիսկ կոչ արեց մեծացնել ֆինանսական աջակցությունը Հայաստանին ու բանակցություններ սկսել վիզային ռեժիմի պարզեցման համար:
Հաջորդ այցը կլինի Թբիլիսի` մայիսի 26-ին, մասնակցելու Վրաստանի Հանրապետության 100-ամյակին: Բնականաբար կլինի հանդիպում Վրաստանի վարչապետի հետ` հայ-վրացական ընդարձակ օրակարգով:


Դատելով վարչապետ Նիկոլ Փաշինյանին ուղղված շնորհավորանքներից` նրա լեգիտիմությունը ընդունել են ՌԴ-ն, ԵՄ-ն, ԱՄՆ-ը, Իրանը, Հնդկաստանը և տասնյակ այլ երկրներ: Մայիսի 16-ին ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի ու Եվրասիայի հարցերով օգնական Ուես Միթչելի հետ` քննարկել են հայ-ամերիկյան միջկառավարական հանձնաժողովի, Հայաստանի ու ԱՄՆ միջև առևտրի ու ներդրումային խորհրդի գործունեությունը: Նիկոլ Փաշինյանն ընդունել ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսին, որ նրան է փոխանցել է ԱՄՆ կառավարության ուղերձը նպատակներին հասնելու գործում Հայաստանին օգնելու պատրաստակամության վերաբերյալ: «ՀՀ կառավարությունը շահագրգռված է և մեծ նշանակություն է տալիս ժողովրդավարության զարգացման, կոռուպցիայի դեմ պայքարի, մարդու իրավունքների պաշտպանության և այլ ոլորտներում նախատեսվող բարեփոխումների գործընթացում ամերիկյան կողմի հետ փոխգործակցությունն ու հնարավոր օժանդակությունը»` դեսպանին ասել է վարչապետը: Բիզնես հետաքրքրություն են դրսևորել իտալացիները: Մայիսի 13-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանին շնորհավորեց ԻԻՀ նախագահ Հասան Ռուհանին` համագործակցությունը խորացնելու պատրաստակամությամբ: Անցած շաբաթ կնքվեց Իրան-ԵԱՏՄ ազատ տնտեսական գոտու ստեղծման համաձայնագիր, որ կարող է նպաստել հայ-իրանական առևտրային կապերի զարգացմանը` առևտրաշրջանառությունը 2 անգամ ավելացնելով` մի շարք ապրանքատեսակների համար իրանական կողմը մաքսատուրքերն իջեցրել է 3 անգամ: Իրան-ԵԱՏՄ ազատ տնտեսական գոտու պայմանագիրը կնքվել է 3 տարով: Իրանում արգելված է մաքսատուրքը 4%-ից ցածր սահմանել:

Հայաստանի արտաքին առևտրի 4 տոկոսն է բաժին ընկնում Իրանին՝ 240 մլն դոլար: Իրան-ԵԱՏՄ ազատ գոտու պայմանագիրը ներառում է 900 ապրանքատեսակ: 2017-ից գործում է Մեղրիի ազատ տնտեսական գոտին: Իրան-ԵԱՏՄ ազատ գոտու ստեղծումով իրանցի և հայ գործարարները կարող են Մեղրիի ազատ գոտում արտադրված ու ցածր ինքնարժեք ունեցող ապրանքներն արտահանել ԵԱՏՄ շուկա: Պայմանագրով նախատեսված ապրանքատեսակների մեջ չկա էներգետիկան: Մնում է հավերժական հարցը` հնարավո՞ր է, որ Հայաստանը սկսի ավելի մեծ ծավալներով գազ ներկրել Իրանից։ Նախկինում հայ պաշտոնատարները ասում էին, որ իրանական գազը թանկ է ռուսականից:
Իսկ հիմա՞: Հայաստան ներկրվող 2,2 մլրդ խորանարդ մետր գազից 1,8 միլիարդը ներկրվում է Ռուսաստանից, 400 միլիոնը՝ Իրանից: Եթե վերականգնվի արտադրությունը, գազի պահանջարկը ինքնին մեծանալու է և որտեղի՞ց է ներկրվելու: Եթե իրոք Իրանի գազը թանկ է ռուսականից, բանակցության թեմա՞ է, թե՞ ոչ: Սրանք ընդամենը փաստեր են, եզրակացություններ վաղ է անել:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ.Գ. Ինքնաբերաբար ստացվել է, որ ամբողջ ուշադրությունը կենտրոնացվել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու նրա կառավարության առաջին քայլերի վրա` ստվերում թողնելով ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին: Իսկ նա միայն մանուկների հետ պաղպաղակ չի ուտում, հանգիստ, անշտապ իր ձեռքն է հավաքում արտաքին քաղաքականության գործառույթները: Նույնիսկ Ռուսաստանում արդեն տեսակետներ են հնչում, որ Լեռնային Ղարաբաղի հարցով բանակցություններում հենց նա կարող է լիազորվել` ներկայացնելու Հայաստանը: Հավելեմ, որ սկսվում են Հայաստանի համար կարևոր իրադարձությունները` առաջին հանրապետության 100-ամյակից մինչև Ֆրանկոֆոնիայի վեհաժողով, որ ակնհայտորեն սրելու են ո՞վ` ու՞մ հարցը: Կարող է ստացվել արտառոց իրավիճակ, որ ներքին քաղաքականության խրթին խնդիրները մնան վարչապետին, իսկ արտաքին քաղաքականությունը` սպիտակ ձեռնոցներով նախագահ Արմեն Սարգսյանին: Եվ այդ պարագայում նրանց միջև կոնֆլիկտը ընդամենը ժամանակի հարց է:

Դիտվել է՝ 2029

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ