Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Պատմություն «պատմության» փոխարե՞ն

Պատմություն «պատմության» փոխարե՞ն
22.05.2018 | 00:12

Դուք դեռ հիշու՞մ եք ձեր ոչ վաղ անցյալը: Ասենք` Կարեն Կարապետյանի գմփոց-շմփոցները, «Ներդրողների ակումբը», որ ավելի շուտ ու ավելի շատ քաղաքական էր, քան պետության տնտեսական որևէ հարց լուծելու համար` հետո ինչ վարչապետին Մոսկվայից են ուղարկել, հետևից էլ փողերն են ուղարկում: Տեղ հասա՞ն: Չեն էլ հասնի: ՈՒմ համար էր գաղտնիք, որ Կարեն Կարապետյանի ձեռամբ Հայաստանը ինքնիշխանության վերջին նշխարներն էր վատնելու` ռուսական ծագմամբ ֆինանսների դիմաց, որ Հայաստան չէին մտնի առանց փոխհատուցման` իշխանության ու շահույթի տեսքով: Եվ դեռ վստահ մի եղեք, որ ի դեմս Կարեն Կարապետյանի չստացվեց, ուրիշ փորձողներ չեն լինելու: Լինելու են: Ավելի «բարեկամաբար», ավելի զգույշ, ավելի համառ: Խնդիրը Կարեն Կարապետյանը կամ կարենկարապետյանները չեն, խնդիրը Հայաստանում է` Հայաստանի քաղաքացին ինքն իրեն չի ընկալում անկախ պետության քաղաքացի ու ինչ-որ մեկի ուսն է փնտրում, որ հենվի կամ մեղադրի, որ իրեն «գցեցին»: Տարբեր մարդկանց հետ շփումներում օրը քանի՞ անգամ եք լսում աշխարհի ամենահիմար արտահայտությունը` «Երկիրը երկիր չի»` տաքսիստից սկսած շուկայի վաճառողով վերջացրած: Տունդ վարպետ է մտնում, սխալ գործ է անում` ասում ես` չեղավ, քանդի, չի աշխատի, պատասխանում է` երկիրը երկիր չի, ես ի՞նչ անեմ:

ՈՒ դա մտածողության համակարգ է` մեղավոր են բոլորը, բայց ոչ դու: Դու ի՞նչ ես անում որ` տուն ես պահում, միլիոն խնդիր ունես, ու` այդ շարքով: Մենք դարձել ենք իներտ ու գլուխ չենք դնում հիմարության հետ, որ լավ պաշտպանվում է իր սոփեստությամբ ու դեմագոգիայով:


Քաղաքական կյանքը ճիշտ ու ճիշտ պատճենում էր մեր անհատական կյանքը: Ի՞նչ է հիմա փոխվելու: Կարողանալու՞ ենք ձերբազատվել հնարովի «պատմությունից» ու անցնել իրական պատմության, որտեղ ստիպված ենք լինելու դառնալ գործող անձեր, ոչ թե ականատեսներ ու ուղեկիցներ մեր կյանքի: Կարողանալու՞ ենք մեր իներցիան կոտրել: Անկախանալ: Եթե անցած կիրակի լինեին ՌԴ նախագահի ընտրությունները, Հայաստանում ՌԴ դեսպանատան մոտ հերթեր չէի՞ն լինի, ու մեր հայրենակիցները չէի՞ն հայտարարի, որ ուզում են Պուտինը գա Հայաստան ու կարգուկանոն հաստատի: Ես վստահ չեմ: Որովհետև Ռուսաստանում աշխատում են հազարավոր հայեր ու Հայաստանում տուն են պահում, որովհետև մեջները նստած է մուրացկանը, որ չի ուզում աշխատել, բայց ուզում է լավ ապրել: Որովհետև կուրորեն, սրբորեն, անվերապահ հավատում է, որ Հայաստանը պետք է փրկել, ու այդ փրկությունը Ռուսաստանն է: Իրականում Հայաստանը պետք է փրկել այդպես մտածողներից: Որևէ երկիր հենց այնպես այլ երկրում փող չի ծախսում` կամ իշխանություն է գնում, կամ գերշահույթ է ստանում: Հընթացս էլ ներկայանում է բարերար ու մարդասեր:


Մի քանի օր առաջ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ միացմամբ խոսեց դատական համակարգի խնդիրների լուծման մասին, հայտարարեց, որ ՀՀ իշխանության որևէ ներկայացուցիչ հրահանգ չի տալու դատարաններին որոշում կայացնելու հարցում: «Դա ինձ համար կարմիր գիծ է, և չեմ կարող թույլ տալ, որ մեր իշխանության որևէ ներկայացուցիչ հատի այդ կարմիր գիծը, որովհետև անկախ դատական համակարգ ունենալու համար պետք է ապահովել երկու բան. առաջինը՝ հնարավորություն տալ դատավորներին իրենց լիազորությունների շրջանակներում կայացնել որոշումներ և երկրորդ` փակենք նրանց կողմից կաշառքով հարցեր լուծելու բոլոր ճանապարհները»,- ասաց Նիկոլ Փաշինյանը: Հրաշալի դիրքորոշում է: Բայց որտեղի՞ց գտնել այդ դատավորներին, որ ունակ են աշխատելու առանց հրահանգների, հետևելով օրենքին: Հասարակությունը միանշանակ կպաշտպանի վարչապետին, համակարգը կդիմադրի, նրանք եղել են կատարողներ, ինքնուրույն որոշում ընդունելու բարդությունը նրանց ստիպելու է կառչած մնալ սովոր գործելակերպին:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասում է, որ օրենսդրությամբ ՀՀ դատավորները գործունեության որոշակի երաշխիքներ ունեն և պետք է այդ երաշխիքներից օգտվեն` ցանկացած գործով կայացնեն օբյեկտիվ դատավճիռ՝ հիմք ընդունելով գործով ձեռք բերված ապացույցները: «Ես ուզում եմ հստակ արձանագրել, որ Հայաստանում որևէ մեկը իրավունք չունի դատական համակարգի գործերին միջամտել, նույնիսկ դատական համակարգի ներսի մարդիկ և դատավորները, եթե իրենք իրենց վրա վերցրել են պատասխանատվություն ստանձնելու այդ պաշտոնը, ուրեմն պետք է վերցնեն պատասխանատվություն կայացնելու վճիռներ»,- ասել է Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով կալանքը որպես խափանման միջոց կիրառելու պրակտիկային: Նրա կարծիքով` այն դեպքերում, երբ արդարացված չէ կալանավորումը, պետք է անձանց կալանքից ազատել: Դրույթ, որ բազմիցս նշել են ՄԻԵԴ-ում` շեշտելով, որ Հայաստանում չեն գործում կասկածյալին կալանավորելուց բացի այլ մեթոդներ, որ դատարանները արդարացնող վճիռներ գրեթե չեն կայացնում: «Պետք է խուսափել այն վիճակից, երբ կալանավայրերում լեփ-լեցուն է և որտեղ կալանավորները հերթով են քնում: Սրանք ուղղակի խոշտանգման երևույթներ են, և ուզում եմ հստակ ուշադրություն դարձնել այս խնդրի վրա: Ես պաշտպանում եմ արդարադատության նախարարի դիրքորոշումը. այն է՝ կալանավորների թիվը չպետք է գերազանցի կալանավայրերում քնելու տեղերին»` ասել է Նիկոլ Փաշինյանը և ամրագրել. «ՀՀ-ում կա քաղաքական կամք՝ ունենալ անկախ դատական համակարգ, և մենք կունենանք անկախ դատական համակարգ: Իշխանական որևէ կաբինետից որևէ հրահանգ չի լինելու, հրահանգ տվողները և ընդունողները պատասխանատու են օրենքի առաջ, էլ չեմ ասում որևէ մեկը փորձի կաշառք վերցնել և կաշառքով որոշում կայացնել»:


Կհերիքի՞ Նիկոլ Փաշինյանի հասարակական լեգիտիմությունը իրականացնելու համակարգ փոխելու հասարակական պահանջը, երբ այդ համակարգը լիքն է «քինդեր-սյուրպրիզներով»: Կհերիքի՞ Նիկոլ Փաշինյանի լեգիտիմությունը նրա կառավարության անդամների որոշումների ու գործողությունների լեգիտիմությանը: Ի վերջո` բացի լեգիտիմությունից կա կոմպետենտության խնդիր: Եվ միայն կոմպետենտությունն է ապահովում լեգիտիմության շարունակականությունը: Հասարակությունը անվերջորեն վստահում է Նիկոլ Փաշինյանին, և նրան ու նրա կառավարությանը ժամանակ է պետք աշխատելու համար: Իսկ ժամանակը կարող է և հօգուտ, և դեմ աշխատել:


ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը, պատասխանելով` ինչպե՞ս է պատրաստվում պայքարել կոռուպցիայի դեմ հարցին, ասել է, որ քայլեր են ձեռնարկվում նախկինում կատարված հանցագործությունների, կոռուպցիոն շղթաների հայտնաբերման ուղղությամբ և խոստացել է, որ շուտով կբացահայտվեն ապօրինի հարստացած մարդիկ, որ գործել են կոռուպցիոն սխեմաներով, պետությունից գումար են գողացել տարիներ շարունակ ու ապօրինի հարստացել են։ Նա կողմ է, որ կոռուպցիայի մեջ մեղադրվող անձանցից առգրավվեն պետությունից գողացված միջոցները և վերադարձվեն պետական բյուջե։ Բայց հետոյի համար առաջարկել է տարօրինակ ճանապարհ` «Այդ միջոցներից կարող են պարգևատրվել կոռուպցիայի դեմ պայքար մղող ոստիկանության և ԱԱԾ աշխատակիցները։ Նրանց աշխատավարձերը այդ միջոցների հաշվին կարող են բարձրացվել արդեն հաջորդ տարի, իսկ այս տարի հնարավոր են միայն պարգևատրումներ»։ Գուցե մենք արդեն պրոֆիցիտով բյուջե՞ ունենք, որ ոստիկանության ու ԱԱԾ-ի աշխատակիցները իրենց գործն անելու համար աշխատավարձի բարձրացում ու պարգևատրում են ստանում:


Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը հայտարարեց, որ կոռուպցիայի դեմ պայքարը թևակոխում է առավել վճռական ու թիրախավորված փուլ` շուտով կոռուպցիայի դեմ պայքարող նոր մարմին է ստեղծվելու: «Կառավարությունն առաջիկայում նախատեսում է ստեղծել անհրաժեշտ երաշխիքներով և գործիքակազմով օժտված հակակոռուպցիոն մարմին: Ընդ որում` մարմինն իրավասու է լինելու իրականացնել կանխարգելիչ, կրթական, օպերատիվ-հետախուզական և կրթական գործառույթներ: Ձեռնարկվելու են բոլոր անհրաժեշտ միջոցները մարմնի լիարժեք անկախությունն ապահովելու նպատակով»` ասել է Արտակ Զեյնալյանը: Չհիշեցնեմ, թե քանի կառավարություն է «պայքարել» կոռուպցիայի դեմ ու ինչ «հաջողություններ» է գրանցել թղթի վրա` նույնիսկ միջազգային կառույցների դրվատանքին արժանանալով: Արտակ Զեյնալյանը փորձում է կոռուպցիայի դեմ պայքարում ներգրավել քաղաքացիական հանրությանը. «Առանցքային ուշադրության է արժանանալու կոռուպցիոն դեպքերի բացահայտման ցուցանիշի բարելավումը: Մենք պետք է առավելագույն ջանքեր գործադրենք կոռուպցիան համատեղ ուժերով հաղթահարելու, կոռուպցիոն երևույթների դեպքում պատիժն անխուսափելի դարձնելու ուղղությամբ»:


Վենդետաներ չեն լինելու` դա սկզբունք է, և այդ սկզբունքով առաջարկվում է կոռուպցիայի հետևանքով Հայաստանին պատճառված վնասը փոխհատուցելու համար ներդնել երկրից դուրս բերված գումարների վերադարձման համակարգ, որը կհիմնվի քրեական ու քաղաքացիական դատավարության վրա: Կապիտալի համաներումը կարևորագույն հարց է, որ տարբեր երկրներում լուծվել է օրենսդրական ճանապարհով: Հեղափոխությունը սիրում է արագություն` կամակոր երեխայի պես ամեն ինչ ուզում է այստեղ ու հիմա: Բայց հեղափոխությունը չի կարող անվերջ տևել` հնարավոր չէ անվերջ քանդել` չկառուցելով: Քանդողների խնդիրն է ապահովել անցյալի անդառնալիությունը: Կառուցողները նույն խնդիրն են լուծում` մյուս ծայրից: Կարևորը նրանց հանդիպելն է: Չեն կարող հեղափոխություն արած ու հեղափոխությամբ իշխանափոխություն արած երկրում անհնազանդության գործողությունները շարունակվել: Դա պայքար է ոչ թե նախորդ, այլ ներկա իշխանության դեմ: Բայց այս պարզ ճշմարտությունը բարդ է տեղ հասցնելը: Տարբեր պատճառներով` մարդիկ միանգամայն անկեղծ փոփոխություն են ուզում իրենց վիճակում, միանգամայն անկեղծ իր հնարավոր իշխանությունն է փորձում պահպանել ՀՀԿ-ն, միանգամայն անկեղծ` հեղափոխականներն են ուզում ամեն ինչ ու միանգամից քանդել` առանց կառուցման հանդիպակաց շարժման: Եվ բոլորի անկեղծությունը դառնում է պայթուցիկ: Պետությունը պետք է ինքնանույնականացվի: Դա ամենաբարդ գործն է, որ կիսատ է մնացել սկզբից, որ կարող էր շարունակվել 1999-ի մայիսին, բայց գնդակահարվեց հոկտեմբերին, պատմությունը դադարներ չունի, պարզապես մարդկային կյանքերն են կիսատվում ու ճակատագրերը բեկվում` բախվելով պետության պատին: Կամ` խրամատին:

Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Հ. Գ. Մտածե՞լ եք` ինչու՞ Ջորջ Օրուելի «1984»-ը անվանում են դժվար ժամանակներում ապրողների տեղեկատու: Ինչու՞ 1949-ին տպագրված վեպը ակտուալ է առայսօր:
Բազմակի ստանդարտները, նորալեզուն, սիրո նախարարությունը, որ ցավ էր պատճառում, հուսահատություն սփռում ու ոչնչացնում, խաղաղության նախարարությունը, որ պատերազմներ էր հրահրում, ռոբոտ գրողները, որ զանգվածներին զբաղեցնելու համար պոռնոգրաֆիկ գրականություն էին շարադրում: ՈՒինսթոն Սմիթն ամեն օր գնում էր Ճշմարտության նախարարություն՝ աշխատանքի, որ անընդհատ նորացնում էր պատմությունը` հարմարեցնելով ժամանակակից հանգամանքներին ու քաղաքական փոփոխություններին: Բոլորին հետևում էր Մեծ Եղբայրը, որ ամեն ինչ գիտեր ու տեսնում էր: Նրան միշտ պետք էր «թշնամի»` քարոզչության ու ատելության «2 րոպեներով» ամեն ինչ իր տեղն էր ընկնում, և ոչ ոք չէր զարմանում, որ 2+2=5, որ մեթոդիկ աղավաղվում ու իմաստազրկվում է լեզուն` բառերը, զգացումները, գաղափարները, որովհետև իրականությունը ցանկացած բռնապետության թշնամին է: Գիտակցել սեփական եսը և պետությունը` իբրև սեփական եսի շարունակություն` այս ճանապարհն են անցել երկրները, որ այսօր «1984»-ը կարդում են իբրև վեպ անդառնալի անցյալի մասին: ՈՒինսթոն Սմիթը կտտանքների տակ ընդունեց, որ 2+2=5, բայց մտքում ուներ 4-ը իբրև ճշմարտություն: Մենք էլ գիտենք, բայց… երբ պետք է, դառնում է 5: ՈՒինսթոն Սմիթը կապրի՞ մեր մեջ, թե՞ կմեռնի: 1984-ը չէ, 2018-ն է: Եվ «պատմությունը» պետք է պատմություն լինի:

Դիտվել է՝ 2396

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ