Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

ԱՄՆ-ը և Իսրայելն Իրանի դեմ պատերազմի նոր սցենար են սկսել

ԱՄՆ-ը և Իսրայելն Իրանի դեմ  պատերազմի նոր սցենար են սկսել
22.05.2018 | 00:55

Քանի որ ԱՄՆ-ի և Իսրայելի հակաիրանական քայլերն արդեն գաղտնիք չեն, ապա շարունակենք Իրանի շուրջը իրադրության սրման մասին խոսակցությունը: Պարզ է, որ այդ իրադրությունը վերլուծելիս մենք պարտավոր ենք տեսնելու վտանգները նաև Հայաստանի համար: Անցած ապրիլի ամեն շաբաթն ապացուցում էր, որ Մերձավոր Արևելքն անշեղորեն մղում են նոր պատերազմի: Դրա առաջին նշաններից մեկն այն է, որ Բանակի օրը Իրանի ցամաքային զորքերի հրամանատար, բրիգադային գեներալ Կիոմարս Հեյդարին Թեհրանում միջնորդավորված կերպով խոստովանեց պատերազմի վտանգը, չնայած հավաստիացրեց, որ տվյալ պահին Իրանն արտաքին լուրջ պատերազմական վտանգ չի տեսնում: «Զինված ուժերն այսօր պատրաստ են, և թշնամիները գիտեն դա: Զինված ուժերը համակարգի համար լուրջ վտանգ չեն տեսնում»,- ասել է Հեյդարին: Նա նաև հայտարարել է, որ արևմտյան երկրները Սաուդյան Արաբիայի և Իսրայելի սիոնիստական վարչակարգի հետ անհաջողության մատնվեցին Իսլամական հեղափոխության դեմ իրենց դավերում՝ ստեղծելով «ԻՊ քաղցկեղային ուռուցքը», որին Իրանը հակադրվեց իր սահմաններից հեռու: Հիշեցնենք, որ ասելով ԻՊ, այսինքն՝ «Իսլամական պետություն», իրանցիները նկատի ունեն ոչ միայն այդ ահաբեկչական հրոսակախումբը, այլև ԱՄՆ-ը և Իսրայելը, քանի որ իրանական հետախուզությունը դեռ 2014 թ. ամռանը ԶԼՄ-ներում ապացուցել էր, որ հենց ԱՄՆ-ը և սիոնիստներն են ստեղծել ԻՊ-ը: Հետագայում ԱՄՆ-ի ներկայիս նախագահ Թրամփն էլ մեղադրեց Բարաք Օբամային և Հիլարի Քլինթոնին ԻՊ-ի ստեղծման համար:


Այնուամենայնիվ, գեներալ Հեյդարիի խոսքում նաև Իրանի հնարավոր պատերազմական հակառակորդներին ուղղված նախազգուշական ակնարկներ են զգացվում, ինչպես նաև Իրանի նախագահ Ռոհանիի հայտարարության մեջ, որ ինքը և կառավարությունը անհողդողդ կերպով պաշտպանում են երկրի պաշտպանության համար անհրաժեշտ զենքի և տեխնիկայի արտադրության ու մատակարարման գծով զինված ուժերի պլանները: Ապրիլին իրանցիները համարյա ամեն օր հայտարարում էին սպառազինության այս կամ այն տեսակի պատրաստության մասին, սկսած հայրենական արտադրության ՀՕՊ-ի «Բավար» զենիթահրթիռային համալիրներից և վերջացրած ուղղաթիռների նոր նմուշներով, «Կարար» տանկերով և այլն: Նույն շարքում պետք է դիտարկել Fars News-ի ապրիլի 25-ի այն տեղեկությունը, որ Իրանի արդյունաբերական զարգացման և նորացման կազմակերպությունը ռուսական ընկերության հետ բանակցություններ է վարում նոր ուղղաթիռների համատեղ մշակման շուրջ: Բանակի կարիքներին մեծ ուշադրություն է դարձրել նաև Գերագույն առաջնորդ Խամենեին: Բանակի գլխավոր հրամանատարի և ցամաքային զորքերի ավագ հրամանատարների հետ ապրիլի 22-ի հանդիպման ժամանակ նա բարձր գնահատեց բանակի հին կադրերի փորձը, «երիտասարդ կադրերի լուսավոր ապագայի» հույս հայտնեց, բանակի ներուժի զարգացման կոչ արեց և ավելացրեց, որ «առաջընթացը պետք է շարունակվի, որպեսզի ապագայում ունենանք ավելի ուժեղ, լավ, հեղափոխական բանակ, քան այն, որ ունենք հիմա»:


Առաջին անգամ չէ, որ Իրանի Գերագույն առաջնորդը և նախագահը միաբանորեն գերակա են համարում երկրի անվտանգության ու բանակի հզորության ու մարտունակության բարձրացման հարցերը: Մենք կավելացնեինք նաև՝ ԻՀՊԿ-ի շահերը, հիշեցնելով, որ Իրանի զինված ուժերի հրամանատարությունը նախորդ շաբաթ հաստատեց անվտանգությունն ապահովելու գործում ԻՀՊԿ-ի գործունեության բոլոր ուղղություններում նրա հետ համագործակցությանն իր պատրաստ լինելը: Այդ թվում՝ Իրանի պետական սահմաններից դուրս, հաշվի առնելով, որ ԻՀՊԿ-ի ռազմածովային ուժերի հրամանատար, դերծովակալ Ալի Ֆադավին, որը հայտնի է ԱՄՆ-Իսրայել երկյակի նկատմամբ իր անհաշտ կոշտ դիրքորոշմամբ, հենց վերջերս հայտարարեց. «Իսլամական հեղափոխության պաշտպանությունը չի նշանակում միայն մեկ պետության և մեկ կառավարության, այսինքն՝ Իրանի պաշտպանություն: Դա իմամ Հոմեյնիի հրամանն է», ընդգծելով, որ ԻՀՊԿ-ի զորքերը մարտնչում են Իրանից հազարավոր կիլոմետրեր հեռու, իսկ դա նշանակում է, որ ԻՀՊԿ-ի հատուկ ծառայությունները պետության սահմաններով չսահմանափակված ուժ են: Ապրիլի 24-ին հենց Ֆադավին զգուշացրեց. «Ամերիկացիները քիչ բան գիտեն Իրանի ռազմածովային ուժերի մասին: Նրանք մեր իրական ուժը կզգան, երբ նրանց նավերը երբևէ կխորտակվեն կամ կհայտնվեն սարսափելի իրավիճակում»: Դրանից հետո Իրանի ՌԾՈՒ-ի հրամանատար, դերծովակալ Հոսեյն Խանզադիի առաջարկությունը, որն արվեց նույն օրը, Թեհրանում ընթացող Հնդկական օվկիանոսի երկրների 6-րդ ռազմածովային խորհրդաժողովում, արդեն լիովին օրինաչափ էր: «Անվտանգությունը Հնդկական օվկիանոսում առաջնահերթություն է, որի հիման վրա առաջարկում ենք ստեղծել համատեղ դաշինք և խմբավորում: Այն պաշտոնատար անձանց մեծամասնությունը, որոնց հետ ես շփվել եմ այս խորհրդաժողովի ընթացքում, համաձայնել է այդ առաջարկին, ու ենթադրվում է, որ այդ հարցը կքննարկվի հրամանատարների գագաթնաժողովում և իրականություն կդառնա, եթե բոլոր անդամ պետությունները համաձայնեն»,- հայտարարել է նա, հավելելով, որ Իրանը կողջունի այդ դաշինքին այլ երկրների միանալը, բայց դա չի վերաբերում ԱՄՆ-ին:


Վաշինգտոնում էլ են ակնհայտ «ըմբռնումով» վերաբերվում իրադրությանը, քանի որ, բացի Իրանի հետ «միջուկային համաձայնագրից» դուրս գալուց կամ Իրանին «գործարքի պայմանների» փոփոխություն պարտադրելու սպառնալիքներից, ԱՄՆ-ը հիմա, Ֆրանսիայի նախագահ Մակրոնի միջնորդությամբ, օրեցօր խստացնում է հակաիրանական հռետորաբանությունը: Հենց Մակրոնի հետ հանդիպման ժամանակ Թրամփը հայտարարեց, որ մտադիր է Իրանին «կասեցնելու» Մերձավոր Արևելքում, և Թեհրանը «մեծ խնդիրներ կունենա», եթե որոշի վերսկսել միջուկային ծրագիրը: Դա պատասխան էր Իրանի ԱԳ նախարար Մոհամեդ Ջավադ Զարիֆի հերթական նախազգուշացմանը, որն այս անգամ հնչեց Նյու Յորքում, Միջազգային հարաբերությունների խորհրդում, թե Իրանը պատրաստ է «արագացված տեմպերով» վերսկսելու իր միջուկային ծրագիրը, եթե ԱՄՆ-ը դուրս գա 2015 թ. միջուկային համաձայնագրից: Ավելին, Թրամփը երդմնավոր խոստում տվեց, որ «Միջուկային գործարքի» հարցը լուծելու համար «ինչ-որ բան կանի» Իրանին, իսկ Մակրոնը հանձն առավ միջնորդ դառնալ ԱՄՆ-ի և Իրանի միջև, զուգահեռաբար երազելով դրանում ընդգրկել Ռուսաստանը: Հավանաբար, որպեսզի Թեհրանում ամենայն լրջությամբ վերաբերվեն Թրամփի սպառնալիքներին, ապրիլի 24-ին ոչպաշտոնական այցով Իսրայել ժամանեց Մերձավոր Արևելքում ԱՄՆ-ի ԶՈՒ հատուկ գործողությունների վարչության ղեկավար, գեներալ Ջոզեֆ Վոթելը: Ըստ թուրքական «Անադոլու» գործակալության, «սպասվում էր, որ նա կհանդիպի իսրայելցի բարձրաստիճան զինվորականների, այդ թվում՝ գլխավոր շտաբի պետ Գադի Այզենկոտի հետ»: Այցի նպատակը բանակցություններն են Իրանի և Իսրայելի հարաբերությունների վերջին սրման հետ կապված և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր: Ինչպես նշում են որոշ փորձագետներ, կողմերը կարող են շոշափել Սիրիայից ամերիկյան զորքերի դուրսբերման, ինչպես նաև Իրանի հետ միջուկային գործարքից ԱՄՆ-ի դուրս գալու հարցերը:


Ապրիլի 25-ին Իսրայելի պաշտպանության նախարար Ավիգդոր Լիբերմանը ժամանեց ԱՄՆ, որտեղ բանակցեց Պենտագոնի ղեկավար Ջեյմս Մեթիսի հետ: Հիմնական թեմաներն էին Մերձավոր Արևելքի իրադրությունը և քաղաքականությունը Իրանի շուրջ: Լիբերմանը հանդիպեց նաև ազգային անվտանգության գծով ԱՄՆ-ի նախագահի խորհրդական Ջոն Բոլթոնի և Սենատի անդամների հետ: «Քննարկումների առանցքում կլինի անվտանգության ոլորտում, պաշտպանական կառույցներում Իսրայելի և ԱՄՆ-ի սերտ համագործակցությունը ընդդեմ այն բացասական զարգացումների, որոնք պայմանավորված են Մերձավոր Արևելքում իրանական ծավալապաշտությամբ, Սիրիայի շեշտադրմամբ»,- ասվում է Իսրայելի ՊՆ-ի մամլո հաղորդագրության մեջ, որը տարածվել էր Լիբերմանի այցի նախօրեին: Իսկ ԱՄՆ-ում Լիբերմանի բանակցությունների մանրամասները, ինչպես և պետք էր սպասել, հայտնի չեն: Քանի որ Վոթելի ծրագրում էլ կար Սիրիայից ամերիկյան զինվորականներին հանելու հարցը, ապա կարող ենք մոտավորապես պատկերել ռազմական ուղղակի գործողությունների մեջ Իրանի ներքաշման հնարավոր սցենարը, որի հետևանքը կդառնա ԱՄՆ-ի հարձակումը Իրանի վրա:


Հասկանալի է, որ Թեհրանում ուշադրությամբ հետևում էին և հետևում են ամերիկացի պաշտոնատար անձանց հայտարարություններին և տեղաշարժերին, էլ ավելի ուշադիր՝ Իսրայելի ու Սաուդյան Արաբիայի հայտարարություններին և գործողություններին, և հասկանալի է, որ Իրանում ոչ ոք վախեցած ու խուճապահար չէ, ինչի վկայությունն է վերոնշյալ 6-րդ խորհրդաժողովում ապրիլի 23-ին Իրանի ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գեներալ-մայոր Մոհամադ Բագերիի հայտարարությունը. «Ավանդական երկբևեռ աշխարհակարգը տրոհվել է Արևմուտքում և Արևելքում նոր ուժերի ի հայտ գալուց հետո: Սակայն որոշ տերություններ և տարածաշրջանային սուբյեկտներ չեն ուզում ճանաչել նոր աշխարհի փաստը: ԻՊ-ին ԱՄՆ-ի աջակցությունը քայքայեց Արևմտյան Ասիայի զգալի մասը և առաջ բերեց մարդկանց տեղաշարժ ու կործանում: Իրանը երբեք չի խոնարհվի ԱՄՆ-ի ու նրա դաշնակիցների կամքի ու ճնշման առաջ և կշարունակի ընդլայնել ինքնաբավ համագործակցությունը հարևան երկրների հետ»: ՈՒշադրություն դարձրեք. Բագերին նույնությամբ կրկնեց Չինաստանի ու Ռուսաստանի առաջնորդների ոչ հեռավոր անցյալի լայնորեն հայտնի հայտարարությունները, որոնցում Պեկինը և Մոսկվան Արևմուտքին կոչ արեցին թաղել «ամերիկյան համաշխարհայնացման» պլանները և անցնել իրավահավասար ու փոխշահավետ համաշխարհային գործակցության ընդդեմ քայքայիչ ուժերի, հանուն ամբողջ աշխարհի հրատապ հարցերի ու խնդիրների համատեղ լուծման:


Գեներալ Բագերիի հայտարարությունն ակնհայտորեն վկայում է, որ համաշխարհային ասպարեզում Իրանը Չինաստանի ու Ռուսաստանի հետ «նույն խաղն է խաղում», և դա մենք Հայաստանում առաջիկայում պետք է բազմակի գիտակցենք ու մտովին մարսենք, քանի որ ոչ միայն պարզապես Իրանի հարևանն ենք, այլև կամա-ակամա հայտնվել ենք Չինաստանի, Ռուսաստանի և Իրանի ուշադրության եթե ոչ հենց կենտրոնում, ապա առնվազն կենտրոններից մեկում: Այնուամենայնիվ, համառոտ կերպով դիտարկենք Իրանի շուրջն առաջացող իրադրությունը:
(շարունակելի)

Սերգեյ ՇԱՔԱՐՅԱՆՑ

Դիտվել է՝ 3972

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ