«Ռուսաստանին ռազմավարական պարտության հասցնելու համար Հավաքական Արևմուտքը, ՈՒկրաինայից հետո, ձգտում է ապակայունացնել իրավիճակը հետխորհրդային տարածքի այլ հատվածներում, այդ թվում՝ Հարավային Կովկասում, խարխլելու Ռուսաստանին տարածաշրջանի երկրների հետ կապող դաշինքային և գործընկերային հարաբերությունները: Ռուսաստանը կշարունակի զարգացնել փոխադարձ հարգալից և փոխշահավետ համագործակցություն տարածաշրջանի բոլոր պետությունների հետ»,- ասված է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ։                
 

Թուրք-ադրբեջանական ռազմավարական որոգայթ

Թուրք-ադրբեջանական ռազմավարական որոգայթ
22.05.2018 | 00:58

Եթե մի պահ պատկերացնենք, որ պատմությունը որպես քաղաքականության ուսուցիչ քննություն է ընդունում աշակերտ-հայ ժողովրդից, ապա վերջինիս տված պատասխանները գերազանցապես կգնահատվեն «անբավարար»։


Ինչ փույթ, որ այդ աշակերտ-ժողովրդի տարիքը (իմա՝ հայերիս) վաղուց բոլորել է 6000-ը... Ասել կուզի, ե՞րբ մենք, վերջապես, ամբողջապես պիտի յուրացնենք պատմության կողմից անվերջ մատուցվող քաղաքական դասերը: Ի՞նչ է, մեզ՝ հայերիս, պատմությունը «արտոնյալ» պայմաններով ևս մի 6000 տարիների «կրեդի՞տ» պիտի տրամադրի, որպեսզի մեծ քաղաքականության այբուբենը լիարժեք յուրացնենք, իսկ էությունը՝ խորապես հասկանանք: Թուրքը իր բնածին քոչվորական վարքագծով իջավ պատմության թատերաբեմ ու կարճ ժամանակահատվածում շատ ավելի արագ յուրացրեց դաժան քաղաքականության այբուբենը, քան մենք: Վաղուց պարզ է դարձել, որ վերջին 1000 տարվա ընթացքում թուրքը մեզ՝ հայերիս, ավելի լավ է ճանաչում, քան մենք՝ նրան: Պատմությունից կարելի է բազմաթիվ օրինակներ բերել ի հաստատում վերն ասվածի: Սակայն պատմությունը հանգիստ թողնենք և խոսենք մեր օրերի օրինակների միջոցով:


Վերջերս Ադրբեջանում մեկնարկած նախագահական ընտրությունների քարոզարշավի ժամանակ այդ երկրի նախագահի թեկնածու Իլհամ Ալիևի կողմից հնչեց Երևանը` որպես «ադրբեջանական տարածք», ադրբեջանցիներին վերադարձնելու մասին հայտարարությունը: Զարմանալին այն է, որ հատկապես հայաստանյան վերլուծական-փորձագիտական որոշակի շրջանակներ (հենց այս իրողությունն է անհանգստացնողը) օլիմպիական հանգստությամբ Իլհամ Ալիևի նման հայտարարությունը գնահատեցին որպես նախընտրական քարոզչական հնարք, որը բացառապես ուղղված է ներքին սպառողներին՝ ընտրողներին, սիրաշահելուն: Հարց է առաջանում. այդ ո՞ր ընտրազանգվածին է ուղղված Ալիևի նման հայտարարությունը (հիշենք Աբուլֆազ Էլչիբեյի «Սևանում լողանալու», հայր Ալիևի «Ստեփանակերտում չայ խմելու», Իլհամ Ալիևի «Զանգեզուրը Ադրբեջանին միացնելու» և այլ ծավալապաշտական կոչերը): Երբ մենք փորձում ենք ինքներս մեզ ներշնչել ու համոզել, որ նման ագրեսիվ, ծավալապաշտական կոչերն ու հայտարարությունները ունեն բացառապես կամ հիմնականում քարոզչական բնույթ, արդյո՞ք այդ կերպ մտածողներին հայտնի չեն հետևյալ հարցերի պատասխանները.


ա) արդյո՞ք Իլհամ Ալիևը իր երկրի ներսում ուներ չորրորդ անգամ նախագահ ընտրվելու հետ կապված մեծ դժվարություններ կամ լուրջ կասկածներ: Իհարկե ո՛չ:
բ) Արդյո՞ք Իլհամ Ալիևը «չի գիտակցում», որ Հայաստանի նկատմամբ ցուցաբերվող ծավալապաշտական նկրտումներն ու ագրեսիվ հռետորաբանությունը կարող են Հայաստանի կողմից օգտագործվել ոչ միայն իր դեմ, այլև միջազգային հանրությունը «կոշտ» կարձագանքի դրանց: Անկասկած է, որ Իլհամ Ալիևը գիտակցում է: Այդ դեպքում կրկին հարց է առաջանում. եթե գիտակցում է, ապա ինչու՞ է պարբերաբար ծավալապաշտական հայտարարություններ անում: Որովհետև Իլհամ Ալիևը շատ լավ գիտի միջազգային հանրության «կոշտ» արձագանքների իրական դերն ու նշանակությունը: Որ այդ միջազգային հանրությունը երբեք ու երբեք իր նկատմամբ պատժամիջոցներ այսքան տարիների ընթացքում (Բաքվի, Սումգայիթի, Կիրովաբադի ջարդերը, Ռամիլ Սաֆարովի հայտնի գազանությունը և այլն, և այլն) ինչպես չի կիրառել, այնպես էլ չի կիրառելու ապագայում: Եվ, վերջապես, միջազգային հանրության կողմից Ադրբեջանի հանդեպ տարաբնույթ պատժամիջոցներ կիրառելու, թերևս, հիմնավոր առիթ ու պատճառ էր 2016 թ. ապրիլյան քառօրյա պատերազմի սանձազերծումը: Ինչպես հայտնի է, այդ ագրեսիայի վերաբերյալ բացի «փոխադարձ զսպվածության», «տարածաշրջանում իրավիճակը կտրուկ չսրելու» և այլ նմանատիպ ոչինչ չասող հայտարարություններից, միջազգային հանրությունը որևէ այլ սպառնալից դատապարտում չարեց: Հետևաբար, ոչ միայն Արցախի, այլև Հայաստանի հանդեպ Իլհամ Ալիևի լկտի ու ագրեսիվ հռետորաբանությունը միջազգային հանրության ականջներին սովորական դարձնելը եղել և մնում է (մշտապես անելով մարտաշունչ հայտարարություններ) նրա (նաև՝ Ադրբեջանի բոլոր նախկին ղեկավարների) ռազմավարական քարոզչության բաղկացուցիչներից մեկը:
Իրողությունն այն է, որ Ադրբեջանը Արցախի հարցում բացառապես Թուրքիայի օգնությամբ ու խորհուրդներով երկու տասնամյակից ավելի մեր դեմ քարոզչական-հոգեբանական պատերազմ է իրականացնում, իսկ մենք հեգնանքով, արհամարհանքով և «ձեռքի հետ» մեկնաբանություններ ու գնահատականներ տալով ենք վերաբերվում դրանց:

Բոլորովին վերջերս, երբ Ալիևը աշխատանքային այցով գտնվում էր Անկարայում, Էրդողանը, կրկին շեշտելով, որ Թուրքիան միշտ կլինի Ադրբեջանի կողքին, նաև ասել է. «Դեռ ամենասկզբից մենք Լեռնային Ղարաբաղի հարցը դիտարկել ենք մերը»: Բացի պատերազմ հայտարարելուց (առայժմ), Թուրքիան էլ ի՞նչ պիտի անի, որ մենք վերջնականապես պարզենք մեզ համար, որ Ադրբեջանը բուտաֆորիա է ու գործ ունենք հիմնականում թուրքական պետության հետ:
Խորապես համոզված լինելով, որ ոչ համանախագահող երկրները, ոչ միջազգային ավելի «լայն» հանրությունը երբևիցե չեն դիմի տարաբնույթ պատժամիջոցների, թուրք-ադրբեջանական տանդեմը գրագետ ու հանգիստ, քայլ առ քայլ ձգտում է հասնել իր ռազմավարական նպատակին: Իսկ ռազմավարական այդ նպատակը մեզ՝ հայերիս համար, շատ հստակ է՝ որևէ պարագայում, որևէ կարգավիճակով Արցախը երբեք չպետք է լինի անկախ, և ոչ էլ, առավել ևս, միավորվի Հայաստանի հետ:
Սույն նպատակին հասնելու համար թուրք-ադրբեջանական տանդեմը ցանկացած միջոցով ու գնով պետք է լուծի հետևյալ խնդիրները.


ա) ամենազոր ժամանակը դարձնել ռազմավարական դաշնակից:
բ) Հնարավոր բոլոր ընդունելի և անընդունելի քաղաքական-դիվանագիտական, անհրաժեշտության դեպքում՝ նաև ռազմական (դիվերսիա, «միկրո» պատերազմներ և այլն) ձևերով, միջոցներով Արցախին առնչվող բանակցությունները մշտապես ու պարբերաբար մտցնել փակուղի: Այլ կերպ ասած, անվերջ ձգձգել բանակցությունները և կոնֆլիկտի կրակը մշտապես թեժ պահել ու ժամանակ շահել:
Այս երկու տարբերակները (Աստված մի արասցե) որքան գրավիչ են թուրք-ադրբեջանական տանդեմի, նույնքան դաժան ու կործանարար են մեզ համար:
Թուրքիայի և Ադրբեջանի ռազմավարական նպատակն է` սպասել աշխարհաքաղաքական այնպիսի իրողությունների ձևավորմանը, որոնք հնարավորություններ կստեղծեն և առիթ կհանդիսանան միասնական ճակատով ոչ միայն Արցախը վերջնականապես վերադարձնելու Ադրբեջանին, այլև Հայաստանն էլ դարձնելու կոտրված ողնաշարով երկիր (սա լավագույն դեպքում):


Կարծում եմ, որ մեզ՝ հայերիս, արդեն ծանոթ է թուրքերի՝ իրենց համար բարենպաստ հանգամանքների դասավորությանը համբերատար սպասելու քաղաքական վարքագիծը: (Հիշենք՝ Հայոց մեծ եղեռնը իրագործելու համար սպասեցին այնքան ժամանակ, մինչև սկսվեց 1-ին համաշխարհային պատերազմը, որն էլ հանդիսացավ հարմար առիթ և նպաստավոր պայմաններ պարգևեց երիտթուրքերին):
Ինչու՞ եմ համոզված, որ հայ-ադրբեջանական արհեստածին կոնֆլիկտը երբե՛ք բանակցային ճանապարհով, առավել ևս՝ այսպես կոչված, փոխզիջումային սկզբունքով չի լուծվի: Ոչ թե տողերիս հեղինակը ծայրահեղ հոռետեսորեն է տրամադրված բանակցությունների հաջողությունների նկատմամբ, այլ աշխարհաքաղաքական իրողությունների թելադրանքները լավատեսության հիմքեր չեն տալիս: Արցախի թնջուկի լուծման հետ կապված պայմանները համեմատության ընդհանուր եզրեր չունեն ո՛չ Արևմտյան Եվրոպայի կենտրոնում գտնվող Կոսովոյի, ո՛չ Արևելյան Թիմորի, ո՛չ Էրիթրեայի և ո՛չ էլ Հարավային Սուդանի անկախացման գործընթացներին առնչվող մեր տարածաշրջանում աշխարհաքաղաքական շահեր հետապնդող հայտնի պետությունների հետաքրքրությունների հետ: Հայտնի է նաև, որ ամենատարբեր մակարդակներ ներկայացնող մեր նախկին պաշտոնյաները (դրանց թվում՝ և բարձր) մշտապես շեշտում են, որ «Ադրբեջանը պատրանքների մեջ է», կամ «անիրատեսական պահանջներ է ներկայացնում» հայկական կողմին և այլն, և այլն: Վերջապես մենք պիտի մի օր հասկանանք, որ Ադրբեջանը (իմա՝ Թուրքիան) ոչ թե պատրանքներով է ապրում կամ անիրատեսական պահանջներ է ներկայացնում հայկական կողմին, այլ արտահայտում է թուրք-ադրբեջանական տանդեմի ռազմավարական դիրքորոշումը, այն է՝ կամ ամեն ինչ՝ ամբողջությամբ Արցախը ազատագրված տարածքների հետ հանձնել իրենց, կամ՝ միա՛յն պատերազմ:


Այսինքն՝ ռազմական ուժերի գերակշռություն ապահովել՝ սպասելով աշխարհաքաղաքական նպաստավոր առիթ-իրավիճակի առաջացմանը կամ, որ նույնն է, «կառավարելի քաոսային միջավայրի» ձևավորմանը: Եվ, բավական է տարածաշրջանային, թեկուզ, կարճաժամկետ 2-3 ամիս տևողությամբ պատերազմի բռնկում, թուրք-ադրբեջանական տանդեմը կգործի երկու՝ արցախյան և նախիջևանյան ճակատներով: Ընդ որում, նախիջևանյան ճակատում կգործեն հենց թուրքերը՝ ադրբեջանական զինուժի շղարշի տակ: Նկատենք նաև, որ նման ռազմական սցենարը իրականացվելու է ԱՄՆ-ի, ԵՄ-ի (ՆԱՏՕ-ի) և Ռուսաստանի միջև առայժմ մեղմացման միտումի բացակայության պայմաններում աճող դիմակայության համատեքստում: Իսկ Արևմուտքի և Ռուսաստանի միջև առկա քաղաքական-դիվանագիտական առճակատման պարագայում մեր ռազմավարական դաշնակցի քաղաքական-դիվանագիտական վարքագիծը կարող է անկանխատեսելի դրսևորումներ ունենալ…
Հայաստանում որոշակի քաղաքական, փորձագիտական-վերլուծական որոշ շրջանակներ կարծում են, որ եթե Ադրբեջանում տեղի ունենա իշխանափոխություն, ապա նոր, «ժողովրդավարական» իշխանությունների հետ հնարավոր կլինի «փոխզիջումների» միջոցով կնքել խաղաղության պայմանագիր: Այ, սա խոր մոլորություն, իսկական պատրանք ու անիրատեսական մոտեցում է հայկական կողմից:


Նման դատողություններիս իրավացիությունը հաստատելու համար օրինակ բերեմ ներկայումս ԱՄՆ-ում (Նյու Յորքում) ապրող ընդդիմադիր քաղաքագետ ոմն Իսազադեի խոսքերը. «Հայերին թող չթվա, որ եթե Ալիևի ռեժիմը տապալվի, ապա նրան փոխարինող ժողովրդավարական ուժերը կփոխեն իրենց մոտեցումները Լեռնային Ղարաբաղի նկատմամբ: Ալիևին հաջորդող բոլոր իշխանությունները Ղարաբաղի հարցում ոչ միայն որևէ փոխզիջման չեն գնա, այլև երբեք թույլ չեն տա, որ այն միանա Հայաստանին»: Ինչու՞: Որովհետև թուրք-ադրբեջանական տանդեմը իրատես է և շատ լավ հասկանում է, որ Արցախի միավորումը Հայաստանի հետ անպայման կհանգեցնի ու կնպաստի հայ ժողովրդի ոգու աննախադեպ զարթոնքին ամբողջ աշխարհում, և մեր երկիրը կարճ ժամանակահատվածում կդառնա ռազմաքաղաքական գործոն այս տարածաշրջանում: Իսկ հզոր, տարածաշրջանում ռազմաքաղաքական գործոն դարձած Հայաստանը մշտապես կմտածի Արևմտյան Հայաստանի մասին՝ սպասելով աշխարհաքաղաքական հարմար առիթի… Չէ՞ որ քաղաքականության երկաթյա կանոնը մշտապես հաստատում է, որ մեծ քաղաքականության մեջ ոչինչ բացառել չի կարելի: Բերեմ ևս մի պերճախոս օրինակ, որը կվկայի թուրք-ադրբեջանական տանդեմի ոչ խաղաղասիրական մտադրությունների (իմա՝ նպատակների) մասին:
2018 թ. հունվարի 27-ին (ըստ քրդական աղբյուրների) Ստամբուլում կայացած խորհրդաժողովում նախագահ Էրդողանը, ղեկավարվելով «նոր օսմանիզմի» քաղաքական գաղափարախոսությամբ, հայտարարել է հետևյալը. «…Հետաքրքիր է, ով է մեզ համար գծել Թուրքիայի ներկա քարտեզը, քանի որ ֆիզիկապես մենք խիստ տարբերվում ենք մեր երկրի իրական տարածքներից:


Մեր երկրի հողը կրճատվել է, ու մենք թույլ չենք տա, որ այն մնա այնպիսին, ինչպիսին է ներկայումս, մենք պետք է պաշտպանենք մեր եղբայրներին նաև աշխարհի այլ մասերում»։ Եվ այսպիսի քաղաքական մտադրություններ ու նպատակներ ունեցող, միջազգային պարտավորությունները, սկզբունքները, իրավունքները, նորմերը ցանկացած պահի ոտնահարող և անպատիժ մնացող, լիովին անկանխատեսելի երկիրն ու նրա ղեկավարը կարո՞ղ են թույլ տալ Ադրբեջանին բանակցային ճանապարհով ոչ ի նպաստ իրենց խաղաղության պայմանագիր կնքել: Իհարկե ո՛չ: Ինչպես նկատեցիք, և՛ Էրդողանի, և՛ Ալիևի ծավալապաշտական նկրտումներն ու ագրեսիվ հռետորաբանությունը ոչնչով չեն տարբերվում միմյանցից: Ես կարծում եմ, որ և՛ Ալիևի, և՛ Էրդողանի նախագահական ընտրությունների ժամկետների տեղափոխումը բոլորովին էլ պատահական չէր, ինչը մեր քարոզչամիջոցներն ու վերլուծաբանները բնութագրեցին որպես «անսպասելի»: Իմ խորին համոզմամբ, այդ ժամկետների տեղափոխումը ոչ թե «անսպասելի» էր, այլ հանգամանալից քաղաքական հաշվարկների հետևանք հանդիսացող մարտավարական քայլ: Ավելին, և՛ Էրդողանը, և՛ Ալիևը ամենայն հավանականությամբ տարածաշրջանային ինչ-ինչ աշխարհաքաղաքական լուրջ շրջադարձերի են պատրաստվում, որոնց պատճառների մասին հայկական կողմը, հավանաբար, դեռևս տեղեկությունների չի տիրապետում: Ինչու՞ բառացիորեն մի քանի ամսում Ալիևն ու Էրդողանը «անսպասելիորեն» որոշեցին նախագահական ընտրություններն արտահերթ անցկացնել: Մի՞թե կասկածելի ոչինչ չկա: Անշուշտ կա: Եվ մենք բոլորս առաջիկայում ականատես կլինենք նրանց հեռահար նպատակների իրականացման փորձերին:


Արտահերթ նախագահական ընտրությունների անցկացումը փորձել հիմնավորել այդ երկրներում առկա հիմնականում միայն ներքաղաքական գործոններով, առնվազն համոզիչ չէ: Սիրիայում աշխարհաքաղաքական կենտրոնների շահերի բախման պատճառով շարունակվող պատերազմական գործողությունները վկայում են, որ այդ տարածաշրջանում խաղաղության հաստատման հեռանկարը դեռևս անորոշ է: Եվ քանի դեռ «սահմանափակ» լայնամասշտաբ պատերազմական գործողություններ չեն սկսվել (բազմաթիվ այլ գործոններ ցույց են տալիս, որ այն անխուսափելի է), Հայաստանն իրենից կախված ամեն ինչ պիտի անի 2017 թ. նոյեմբերի 24-ին ՀՀ-ի և ԵՄ-ի միջև ստորագրված «Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը» կյանքի կոչելու համար: ԵՄ-ն որքան խորությամբ ներկայացված լինի Հայաստանում, այնքան մեր երկրի աշխարհաքաղաքական կողմնորոշման պատճառով հայոց ռազմավարական շահերի (ի դեմս Արցախի) զոհաբերման հավանականությունը փոքր կլինի… Ըստ էության, ՀՀ-ի և ԵՄ-ի միջև ստորագրված վերը նշված համաձայնագիրը ոչ այլ ինչ է, եթե ոչ հայ ժողովրդի կողմից պատմության մեջ առաջին անգամ արված աշխարհաքաղաքական կողմնորոշման դիվերսիֆիկացիայի փորձ… Սույն համաձայնագրով Հայաստանը իր թիկունքն ապահովող աշխարհաքաղաքական նահանջի հնարավորություն է ստեղծել: Մնում է, որ կարողանանք եզակի պատմական այս հնարավորությունից առավելագույնս օգտվել:
ՈՒնենք պետականազրկության պատճառով բազում «կարկատաններով» լեցուն պատմաքաղաքական անցյալ: Չպետք է թույլ տալ, որ «կարկատված» անցյալի էներգետիկան այնքան հզոր լինի, որի ներգործության տակ ձևավորվի անկախ պետականության ներկա իրականությունը: Եթե ներկա իրականությունն էլ գաղափարախոսական, քաղաքական, տնտեսական և հոգևոր-մշակութային առումներով «կարկատած» լինի, ապա, անկասկած, կունենանք նույնքան «կարկատած» ապագա: Իսկ «կարկատած» ապագա ունեցող ժողովուրդը չի՛ կարող ունենալ երաշխավորված ո՛չ գոյատևման, ո՛չ էլ զարգացման հեռանկար:
«Կարկատած» ապագա չի լինում: Ապագան կամ լինում է, կամ չի լինում: Մնացածը մեկնաբանությունների հարց է: Միևնույն ժամանակ, հզոր ու միասնական կամքով օժտված ժողովուրդը ապագա ունենալու համար երաշխիքներ չի աղերսում, այլ պարզապես կերտում է։
Հայ ժողովրդից «… աշխարհը պահանջում է լինի ինքնայարգ, եւ հարգանք պարտադրել ու աստիճան զօրաւոր»,- ասում է Գարեգին Նժդեհը:

Սիրակ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Քաղաքագետ

Դիտվել է՝ 2595

Մեկնաբանություններ

ates.am/hy醟/1713936623">

Բաժնի բոլոր նորությունները »

«Իրատես» թերթի արխիվից

Երկ­րում մո­լեգ­նում է «իմ­քայ­լա­կան տեր­տե­րը»
Երկ­րում մո­լեգ­նում է «իմ­քայ­լա­կան տեր­տե­րը»

Բաժնի բոլոր նորությունները »

Ծաղրանկարչի կսմիթ

Նոր տեխնոլոգիա՝ նոր Հայաստանում
Նոր տեխնոլոգիա՝ նոր Հայաստանում