USD482.44
EUR564.60
RUB7.28
  •  Երևան 
    ... °C
  •  Գյումրի 
    ... °C
  •  Աբովյան 
    ... °C
National Centre of Chamber Music
Անկախության տոնի կապակցությամբ «Իրատեսի» հաջորդ համարը լույս կտեսնի սեպտեմբերի 25-ին:               
 

Նախարարի առաջարկը ոտնձգություն է ՀՀ իշխանության դեմ

Նախարարի առաջարկը ոտնձգություն է ՀՀ իշխանության դեմ
22.05.2018 | 01:04

ՀՀ սփյուռքի նորանշանակ նախարար Մխիթար Հայրապետյանն առաջարկել է ստեղծել երկպալատ խորհրդարան, որոնցից մեկում ներկայացված կլինեն միայն սփյուռքի ներկայացուցիչները: Առաջարկն ընդունելու համար հարկ կլինի ՀՀ Սահմանադրության և Ընտրական օրենսգրքի մեջ համապատասխան փոփոխություններ ու լրացումներ կատարել, սակայն այդ խնդիրը դեռ մի կողմ թողնենք ու մտածենք, թե, ընդհանրապես, պե՞տք է ընդունել վերոնշյալ առաջարկը, թե՞ մերժել:


Առաջ քաշված գաղափարը նորություն չէ, տարբեր ժամանակներում այլոց կողմից էլ է եղել այդ առաջարկը, սակայն իշխանությունները խելամիտ զգուշավորությամբ այն չեն ողջունել, տվյալ առաջարկն ընդունելուց ձեռնպահ են մնացել:
Ինչու՞… Ընտրելու և ընտրվելու իրավունքը մարդը ձեռք է բերում տվյալ երկրի քաղաքացի լինելով, իսկ քաղաքացի լինելը նշանակում է ոչ միայն ընտրելու, ընտրվելու և այլ իրավունքներ, այլև որոշակի պարտականություններ ունենալ տվյալ երկրի առջև, օրինակ, բանակում ծառայելու, հարկեր վճարելու: Մարդու համար իրավունքներն ու պարտականությունները միմյանցից անբաժան են, հնարավոր չէ ունենալ մեկը ու չունենալ մյուսը: Մեր Սփյուռքի ներկայացուցիչները որևէ խնդիր չունեն Հայաստանի Հանրապետության խորհրդարանում ներկայացված լինելու, առավել ևս հիմա, երբ իշխանափոխություն է տեղի ունեցել, ու նրանց մի մասը, որ նախկինում պատճառաբանում էր ՀՀ իշխանությունների նկատմամբ իր անվստահությունը, հիմա այլևս նույն պատճառաբանությամբ չի կարող հրաժարվել ՀՀ քաղաքացիություն ընդունելու ընձեռված հնարավորությունից:


Ավելին. դեռ Ռոբերտ Քոչարյանի նախագահության շրջանում, 2007 թ. ՀՀ Ազգային ժողովը «ՀՀ քաղաքացիության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը լրացրեց 13 պրիմ 1 հոդվածով («Երկքաղաքացիություն»), որի համաձայն, «Հայաստանի Հանրապետության երկքաղաքացի է համարվում այն անձը, որը Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունից բացի, ունի նաև այլ պետության (երկրների) քաղաքացիություն»: Տվյալ հոդվածը սփյուռքում ապրող մեր հայրենակիցներին հնարավորություն է տալիս արտերկրում ապրելով և այլ երկրի քաղաքացի լինելով, տվյալ երկրի քաղաքացիությունից չհրաժարվելով հանդերձ, լինել նաև ՀՀ քաղաքացի, ընտրել և ընտրվել Ազգային ժողովի պատգամավոր որպես ՀՀ քաղաքացի («Հայաստանի Հանրապետության երկքաղաքացին Հայաստանի Հանրապետության համար ճանաչվում է միայն որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի»): Նշված հոդվածի համաձայն, «Հայաստանի Հանրապետության երկքաղաքացին ունի Հայաստանի Հանրապետության քաղաքացու համար նախատեսված բոլոր իրավունքները և կրում է Հայաստանի Հանրապետության քաղաքացու համար նախատեսված բոլոր պարտականություններն ու պատասխանատվությունը, բացառությամբ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով կամ օրենքով նախատեսված դեպքերի»: Է, եղբայր, եկեք երկքաղաքացիություն ընդունեք, ցանկության դեպքում ընտրեք, ընտրվեք Ազգային ժողովի պատգամավոր, մենք էլ ասենք շնորհավոր, այլապես ինչպե՞ս եք պատկերացնում երկրի բոլոր քաղաքացիների համար սահմանված իրավունքներից օգտվելը, առանց այդ նույն քաղաքացիների համար սահմանված պարտականությունները կրելու, նրանցից ինչո՞վ եք առավել…


Քաղաքագետ Նարեկ Գալստյանը ՀՀ սփյուռքի նախարարի հիշյալ առաջարկությունը համարում է հետաքրքիր գաղափար, բայց միաժամանակ ընդգծում, որ այն իրականացնելու համար կան հետևյալ պայմանները.
«1. Այդ երկրորդ պալատն ունենա ոչ թե օրենքներ ընդունելու, այլ օրինագծեր և որոշումների նախագծեր առաջարկելու իրավունք,
2. Երկրորդ պալատի լիազորությունները տարածվեն գերազանցապես Հայրենիք-Սփյուռք համագործակցության հարցերի (օրինակ՝ հայապահպանությունը Սփյուռքում, Սփյուռքից ներդրումները Հայաստան) վրա։
3. Պալատի պատգամավորների՝ Սփյուռքի գաղթօջախների ներկայացուցիչների հայաստանյան գործուղումների ծախսերը և աշխատավարձը հոգան այդ գաղթօջախները (գուցե հետո, երբ Հայաստանը դառնա հարուստ երկիր, իր վրա վերցնի այդ ծախսերի, օրինակ, 10 %-ը)։
4. Պալատի ընտրությունները կանցկացվեն Սփյուռքի գաղթօջախների և ՀՀ իշխանությունների միջև համաձայնեցված ընթացակարգով,
5. Պալատի պատգամավորների ընտրությունները չեն վտանգի գաղթօջախի միասնականությունը, ներքին պառակտումների պատճառ չեն դառնա»։


Թվում է, թե այս նախապայմաններով կարելի է ընդունել ՀՀ սփյուռքի նորանշանակ նախարար Մխիթար Հայրապետյանի հիշյալ առաջարկը, սակայն ո՞վ կարող է երաշխավորել, որ պալատի պատգամավորների ընտրություններն իսկապես չեն վտանգի սփյուռքի գաղթօջախների միասնականությունը, ներքին պառակտումների պատճառ չեն դառնա, ինչի վտանգը, եթե չասենք մեծ վտանգը, կա և այն չպետք է թերագնահատել: Եվ ամենակարևորը` որտե՞ղ է երաշխիքը, որ ՀՀ Ազգային ժողովը երկպալատ խորհրդարանի վերածելուց, դրանցից մեկն ամբողջությամբ Սփյուռքի ներկայացուցիչներին տրամադրելուց տարիներ անց նրանց կողմից իրենց լիազորությունների ընդլայնման խնդիրը չի բարձրացվի, արդեն օրինագծերի և որոշումների նախագծեր առաջարկելու իրավունք ունենալով, չեն պահանջի նաև օրենքներ ընդունելու իրավասություն, ընդ որում, ոչ միայն Հայրենիք-Սփյուռք համագործակցության հարցերի, այլև զուտ ներհայաստանյան խնդիրների վերաբերյալ:


«Մոտավորապես 2015-16-ից տարբեր կողմերից ու տարբեր ձևաչափերով մեր հրապարակային դաշտում սկսեց երևալ «համաշխարհային հայության» թեման,- «Ֆեյսբուքի» իր էջում գրել է քաղաքական վերլուծաբան, հրապարակախոս Հրանտ Տեր-Աբրահամյանը:- Հիմա չեմ ուզում շատ խորանալ, թե ինչ կռահումներ ու ենթադրություններ կարող են լինել այդ առթիվ, և ինչ կապ կարող էր լինել կամ չլինել այդ թեմայի արծարծման ու վերջին իրադարձությունների միջև (կարծում եմ, որ որոշ կապեր կան):
Ի միջի այլոց նշեմ, որ այդ թեմայի ակտիվ ջատագովներից է նաև նախագահ Արմեն Սարգսյանը:
Հիմա նորանշանակ սփյուռքի նախարարը խոսում է երկպալատ պառլամենտի ստեղծման գաղափարի մասին, ըստ որում` երկրորդ պալատը պետք է ներկայացնի սփյուռքահայությունը: Սփյուռքի նկատմամբ ողջ հարգանքով հանդերձ, համարում եմ, որ այս թեման պետք է խեղդվի իր բնում:


Սա Հայաստանի ինքնիշխանության դեմ ոտնձգություն է:
Ես չեմ կարծում, որ սա նորանշանակ նախարարի զուտ ռոմանտիզմի հետևանք է: Ես կարծում եմ, որ սա ինչ որ ծրագրի մաս է, որի մանրամասները չգիտենք, բայց առանց իմանալու էլ պետք է արձանագրենք, որ սա վտանգավոր խոսակցություն է:
Սփյուռքի իրական շահերն այստեղ կապ չունեն: Այստեղ կապ ունեն օտարերկրա շահեր, և Հայաստանը դրսից կառավարելու շահեր:
Կներեք կտրուկ ոճիս համար:


Նոր կառավարությունը պետք է միանշանակ տարանջատվի այս թեմայից, այլապես լուրջ կասկածների տեղ է տալու իր հայաստանակենտրոն բնույթի մասին»:
Երբեք Հրանտ Տեր-Աբրահամյանի առաջ քաշած գաղափարների, արտահայտած մտքերի պաշտպանը կամ նրա համախոհը չեմ եղել, թերևս կարելի է ասել ճիշտ հակառակը, նույնիսկ տարիներ առաջ անգամ մամուլում քննադատել եմ նրան մի հրապարակման առնչությամբ, սակայն երբ մարդը խելամիտ բան է ասում, առավել ևս, երբ ասելիքը թելադրված է Հայաստանի ինքնիշխանության կորստի վտանգից, ՀՀ ազգային անվտանգության նկատմամբ ասպարեզ եկած շատ լուրջ սպառնալիքից բխող միանգամայն հիմնավոր մտահոգություններով, չեմ կարող նրան համամիտ չլինել: Ինչ վերաբերում է «համաշխարհային հայության» գաղափարին, ապա այն շատ լավ, ողջունելի, անհրաժեշտ գաղափար է և, առաջին հերթին, պետք է ծառայի համահայկական նպատակների իրագործմանը հայության ողջ ներուժը ծառայեցնելուն, սակայն հիշյալ գաղափարը ոչ մի պարագայում չի կարելի իրականություն դարձնել ՀՀ Ազգային ժողովը երկպալատ խորհրդարանի վերածելով, ՀՀ քաղաքացի չհանդիսացող անձանց ՀՀ ԱԺ պատգամավոր լինելու իրավունք տալով կամ այդպիսի նախապայմանով:


Չմոռանանք նաև, որ ՀՀ Ազգային ժողովի պատգամավորները մասնակցում են նաև փակ նիստերի, տիրապետում որոշակի պետական գաղտնիքների, այդ կապակցությամբ ստորագրություն տալիս, տեղեկացվում պետական գաղտնիքը հայտնելու դեպքում նախատեսված քրեական պատասխանատվության մասին: Հայաստանի քաղաքացի չհանդիսացող և Հայաստանի հանդեպ իրավական առումով որևէ պարտավորություն չունեցող սփյուռքահայ պատգամավորների կամ, թեկուզ, նրանց մի մասի համար (որոնց, սա էլ նկատի ունենանք, ՀՀ իրավապահ մարմինների ձեռքը, անհրաժեշտության դեպքում, կարող է չհասնել) վերոնշյալ ստորագրությունը կարող է որևէ նշանակություն չունենալ: Ո՞վ կարող է բացառել, որ, ասենք, ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի և այլ երկրների քաղաքացի լինելով, նրանք առավելություն չեն տա այն երկրների շահերին, չեն ծառայի հենց այն պետությունների պետական քաղաքականությանը (բացահայտ ու թաքուն վարվող), որոնց քաղաքացին են և, որպես այդպիսին, տվյալ երկրների օրենսդրությամբ էլ որոշակի պարտավորություններ, պարտականություններ ունեն այդ երկրների հանդեպ:


Հասկանալի է, ՀՀ քաղաքացի չհանդիսացող սփյուռքահայերի ներկայացվածության համար խորհրդարանում առանձին պալատ ստեղծելու պարագայում այնտեղ մեծամասնություն են կազմելու այժմ ԱՄՆ-ում և արևմտյան այլ երկրներում ապրող սփյուռքահայերը, որոնք ՀՀ ԱԺ պատգամավոր են ընտրվելու հենց այդ երկրներում: Կարո՞ղ է որևէ մեկը երաշխավորել, որ այդ երկրների շա՜տ հզոր հատուկ ծառայությունները, ցանկության դեպքում, չեն կարողանալու իրենց ուզած ձևով ուղղորդել ընտրական գործընթացը և վերջնարդյունքում հասնել նրան, որ գոնե մեծամասնությամբ ընտրվեն հենց իրենց ուզած, իրենց ազդեցության տիրույթում գտնվող, տվյալ երկրների պետական քաղաքականության իրականացմանը ծառայելու պատրաստ սփյուռքահայերը: Նույնիսկ եթե ընտրական գործընթացը չուղղորդեն էլ, Սփյուռքում ապրող ցանկացած մեկը այս կամ այն պետության հատուկ և գաղտնի ծառայությունների տեսադաշտում, հսկողության տակ է, եթե ցանկանան, մեծամասնությունը (քչերը պատրաստ կլինեն չհամաձայնելու և անձնազոհության) նաև` ազդեցության տակ: Եթե ցանկանան, մի ինչ-որ բան կգտնեն կամ կսարքեն պատգամավորի թեկնածուի վրա, որից հետո նրան կառաջադրեն հստակ պահանջներ… Կարո՞ղ է որևէ մեկը երաշխավորել, որ սփյուռքահայերի համար նախատեսված պալատի` օրենսդրական ակտեր ընդունելու լիազորություններ ունենալու պարագայում, այդպիսի պատգամավորները կատարելով այսօր Ռուսաստանի ախոյան ԱՄՆ-ի ու նրա դաշնակից որոշ պետությունների հատուկ ու գաղտնի ծառայությունների հնարավոր պահանջը, մի օր այստեղ, ԱԺ մյուս պալատի իրենց համախոհների հետ միասնական ջանքերով, Հայաստան-Ռուսաստան, Հայաստան-ՀԱՊԿ, Հայաստան-ԵԱՏՄ հարաբերությունների տորպեդահարման չեն հասնի: Հետևանքները, կարծում ենք, ինքներդ կպատկերացնեք:


Արթուր ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 1738

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ

DiplomatRadio Mao
Ալեքսեյ ՉումակովMarketers CommunityԱռողջ սիրտ