«Ռուսաստանին ռազմավարական պարտության հասցնելու համար Հավաքական Արևմուտքը, ՈՒկրաինայից հետո, ձգտում է ապակայունացնել իրավիճակը հետխորհրդային տարածքի այլ հատվածներում, այդ թվում՝ Հարավային Կովկասում, խարխլելու Ռուսաստանին տարածաշրջանի երկրների հետ կապող դաշինքային և գործընկերային հարաբերությունները: Ռուսաստանը կշարունակի զարգացնել փոխադարձ հարգալից և փոխշահավետ համագործակցություն տարածաշրջանի բոլոր պետությունների հետ»,- ասված է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ։                
 

Մեծ ճանապարհ անցած և շատ բան տեսած պետական, քաղաքական գործչի հեռուն նայող և իմաստուն քայլ

Մեծ ճանապարհ անցած և շատ բան տեսած պետական, քաղաքական գործչի հեռուն նայող և իմաստուն քայլ
25.05.2018 | 01:06

Դեռ շատ է գրվելու ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի վարչապետական ոչ այնքան սպասելի հրաժարականի մասին:
ՈՒ որքան էլ կարծիքները տարբեր` մի կետում լինելու են միասնական. կատարվածը ճիշտ քայլ էր, քանզի հակառակ պարագայում զարգացումները կարող էին անկանխատեսելի հուն մտնել:


Դա մեծ ճանապարհ անցած և շատ բան տեսած պետական, քաղաքական գործչի հեռուն նայող և իմաստուն քայլ էր: Պատահական չէ, որ առաջին արձագանքները` թե՛ բարձր մակարդակի, թե՛ շարքային, հենվում էին մեկ կարևոր գաղափարի վրա` Սերժ Սարգսյանն այդ քայլով կանխեց երկրում ժամ առ ժամ հասունացող վտանգավոր զարգացումները: Եվ երրորդ նախագահն իր հրաժարականում ամենևին էլ պատահաբար չէր նշում, թե ստեղծված իրավիճակը մի քանի լուծում ունի, բայց դրանցից ոչ մեկին ինքը չի գնա, քանի որ դրանք իրենը չեն, ուստի թողնում է երկրի ղեկավարի` Հայաստանի վարչապետի պաշտոնը:
Հետաքրքիր է, որ հայոց երրորդ հանրապետության քառորդդարյա պատմության ընթացքում որքան էլ իր տեսակի մեջ Սերժ Սարգսյանի հրաժարականը առանձնանում է և եզակի է, բայց նաև նորություն չէ, քանզի հանրապետության առաջին նախագահը ևս իր կամքով չհեռացավ այդ բարձր պաշտոնից: Նրան ստիպեցին իր թիմակիցները, որոնց հետ պայքարել և եկել էր իշխանության` ժողովրդի ցնծության պայմաններում: Բայց նա՝ Լևոն Տեր-Պետրոսյանը, հեռացավ ոչ այնքան ժողովրդական զանգվածների ամենօրյա դժգոհության պատճառով, որքան իր հետ ճանապարհ անցած և պայքարած զինակիցների պահանջով, որին գոնե ուղիղ իմաստով հաղորդակից և մասնակից չէր ժողովուրդը:


Սերժ Սարգսյանի դեպքում պատկերն այլ է: Որքան էլ ՀՀ երրորդ նախագահը իշխանության եկավ 2008-ի մարտյան դեպքերի (տասը զոհ և տասնյակ վիրավորներ) հենքի վրա (իսկ հիշողությունը մարդկանց մեջ դեռ թարմ է), նրան հաջողվեց իր կառավարման տասնամյակում ձեռք բերել որոշակի հաջողություններ, հատկապես արտաքին աշխարհի հետ ունեցած հարաբերություններում։ Նաև Արցախի հիմնախնդրում. եթե ոչ շոշափելի առաջընթաց, ապա գոնե շահեկան դիրքերից վարեց բանակցությունները և շատ ու շատ հարցերում ստեղծեց հարգանք երկրի նկատմամբ:
Անուրանալի են նրա ծառայությունները նոր տիպի հարաբերություններում, որոնք պետք է գային փոխարինելու տասնամյակներ շարունակ հաստատված «կամ-կամ»-ի քաղաքականությանը նոր՝ «և-և»-ի քաղաքականությամբ, որը գնահատում և ճանաչում է ստացել շատ երկրներում:


Չխորանալով այլ մանրամասների մեջ, միայն փաստենք. եթե Սերժ Սարգսյանն այդքան իմաստուն և հմուտ էր աշխարհի հետ իր երկխոսությունում, այդպիսին չէր իր երկրի ներսում, ինչն էլ օր օրի օրինական դժգոհություն էր հարուցում իշխանությունների վարած, մեղմ ասած, ոչ ժողովրդահաճո քայլերից։ Կուտակումները ի վերջո, նոր դրսևորումներ էին ունենալու, որոնց էլ բախվելու էին երկրի իշխանությունները և առաջին հերթին Սերժ Սարգսյանը:
Իսկ այդ դժգոհությունն ավելի սաստկացավ, երբ Սերժ Սարգսյանն իր իշխանությունը երկարացնելու հնարքը տեսավ երկրի կառավարման համակարգը փոխելու մեջ. երկիրը նախագահական կառավարումից անցավ խորհրդարանական կառավարման, որի իրագործման համար փոխվեց Սահմանադրությունը։ Եթե այլ հանգամանքներում հիշյալ գործընթացը գուցե և արդարացվեր (որին ի դեպ ինքս կողմնակից եմ), ժողովուրդն այդպես չընկալեց, քանզի դա, մեղմ ասած, հնարք էր իր իշխանավարումը երկարաձգելու, ստեղծելով կարծիք` իբր սա մի նոր սկիզբ է: Սակայն այդ քայլը չաշխատեց՝ առաջացնելով ժողովրդական զանգվածների դժգոհության նոր ալիք: Նա չէր կարող նախկինի պես շարունակել և երրորդ անգամ հավակնել կրկին նախագահ դառնալու, որը և հակասահմանադրական էր, և բացահայտ մարտահրավեր համաշխարհային կանոններով ընդունված կարգին: Այո՛, նա չէր կարող նույն ձևով շարունակել, որքան էլ փորձեր բացատրել դրա անհրաժեշտությունը, քանզի նա ոչ Նուրսուլթան Նազարբաև էր, ոչ Իլհամ Ալիև, և ոչ էլ առավել ևս՝ Վլադիմիր Պուտին:
ՈՒստի դժգոհության առաջին ալիքը «Ոչ» սահմանադրական շարժումը և ցույցերն էին, որոնց նախաձեռնողը երիտասարդությունն էր։ Կազմակերպիչները նույնիսկ չընդունեցին և մերժեցին «ավագների» շարժմանը մասնակցելու, խորհրդատու լինելու փորձերը:


Մյուս կարևոր գործոնը, որը հանգեցրեց Սերժ Սարգսյանի դեմ պայքարի մեծացմանը, նրա խոսքի և գործի հակասությունն էր։ 2014-ին նա ի լուր համայն հայության հայտարարել էր, թե չի հավակնում ո՛չ վարչապետի, ո՛չ էլ նախագահի պաշտոնին:
Բայց երբ 2018-ի մարտին պարզ դարձավ, որ Սերժ Սարգսյանը շարունակելու է գլխավորել երկիրը նոր` ՀՀ վարչապետի կարգավիճակով դժգոհությունը խորհրդարանում և խորհրդարանից դուրս դրսևորվեց նոր ուժով, որին այնքան էլ լուրջ և սթափ չէին նայում իշխանությունները:
Նոր նախաձեռնության կազմակերպիչը Նիկոլ Փաշինյանն էր, որն էլ հաշված օրերի ընթացքում՝ մի քանի կողմնակիցներով, հասավ իշխանության։ Հանուն արդարության ասեմ, որ ամեն ինչ իրականացվեց ամբոխի քմահաճույքով, առաջնորդի, իմա` Նիկոլ Փաշինյանի ուղղորդմամբ։ Նրա հրավիրած հանրահավաքը որոշեց, թե ո՛վ է վարչապետի թեկնածուն։ Ավելի ստույգ` նա ինքն ուղղորդեց հրապարակում հավաքվածներին։ Մտաբերենք նրա բարձրաձայնումը` կամ ես կլինեմ վարչապետ, կամ Հայաստանում ո՛չ մեկը չի լինի վարչապետ։
Սա վերջնագիր էր, որն իրականում ո՛չ մի աղերս չուներ դեմոկրատիայի, իմա` ժողովրդավարության հետ։ Եվ ո՛չ ոք չբարձրաձայնեց, որ անհամատեղելի են վերջնագիրն ու Սահմանադրությունը։
Ինչևէ, 2018-ի մայիսի 8-ին, ՀՀ ԱԺ-ում, փողոցի ճնշմամբ, Նիկոլ Փաշինյանին պարտադրված դարձրին ՀՀ վարչապետ։


Հանրապետությունում ստեղծված վիճակը Նիկոլ Փաշինյանը գնահատեց որպես համազգային և համաժողովրդական զարթոնքի բացառիկ ժամ` կատարվածը ներկայացնելով որպես ոչ բռնի, թավշյա, ժողովրդական հեղափոխություն, որը զարմացրել ու հիացրել է աշխարհին։ Նիկոլ Փաշինյանը բնութագրեց այն որպես սիրո և համերաշխության հեղափոխություն:
Փաստենք. գեղեցիկ ցանկության և երազանքի ոլորտ են։ Իրականությունն ավելի դաժան է և ենթադրում է հավասարակշռված ու սթափ մոտեցումներ, պահանջելով իշխանություններից քայլեր, որոնք կիրականացնեն իշխանության գալու ճանապարհին տված խոստումները։ Իսկ դրա իրականացումը նախ և առաջ համերաշխ մթնոլորտի ստեղծումն է:


Հենրիկ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
Պատմ. գիտ. դոկտոր, պրոֆեսոր

Դիտվել է՝ 4142

Մեկնաբանություններ