«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում՝ պայմանավորված Հայաստանի ղեկավարության դիրքորոշմամբ, որը միտումնավոր փլուզում է հարաբերությունները Ռուսաստանի Դաշնության հետ։ Այժմ Հայաստան են ուղարկվում զինվորականներ Նորվեգիայից, Կանադայից և ԱՄՆ-ից՝ ԵՄ առաքելությունը վերածելով ՆԱՏՕ-ի առաքելության»,- «Известия»-ին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։                
 

Վերջին ժամանակների սրբակյացները

Վերջին ժամանակների սրբակյացները
22.05.2018 | 00:02

Ղպտի ուղղափառ եկեղեցու նշանավոր հոգևոր առաջնորդներից է եղել սբ Կյուրեղ Ալեքսանդրացի 6-րդ հայրապետը: Նա ապրել է 20-րդ դարում և հայտնի է եղել իր սրբակենցաղ կյանքով: Մշտապես իր ժողովրդին փոխանցել է հոգևոր խորհուրդներ, որոնք հոգևոր կյանքի և ուսուցման մեջ նշանակալի կարևորություն ունեն: Ներկայացնենք նրա հոգևոր ուսուցման խոսքերից, որոնք կարող են օգտակար լինել յուրաքանչյուր քրիստոնյայի:
Եթե երբևէ գայթակղության մեջ ընկնես, թույլ չտաս, որ մեղքի զգացումը խոչընդոտ հանդիսանա աղոթքիդ համար։ Եթե դադարես աղոթել, մինչ սպասում ես ապաշխարության, ապա երբեք չես ապաշխարի, քանզի հենց աղոթքն է, որ դուռ է հանդիսանում դեպի իրական ապաշխարություն: Առաքինություններն առանձին վերցրած մարգարիտների են նման, որոնք կարիք ունեն մեկ թելով միմյանց կապվելու։ Սերն է բոլոր առաքինություններն իրար կապող թելը։ Առանց սիրո զանազան առաքինությունների միջև չկան միասնություն և կայունություն։

Տիրոջ աչքերը շրջում են երկրով մեկ և փնտրում ապաշխարության համար հասունացած հոգիներ, որպեսզի կարողանա մոտենալ նրանց։ Շատերն են փնտրել և շարունակում են փնտրել Հիսուսին, յուրաքանչյուրն իր սեփական պատճառներով։ Ինչ-որ մեկը փնտրում է Տիրոջը, որպեսզի խնդրի նրան հետևյալը. «Վարդապե՛տ, ասա եղբորս, որ ժառանգությունը ինձ հետ բաժանի» (Ղուկաս 12.13)։ Ինչ-որ մեկը՝ Հերովդեսի նման, փնտրում է Տիրոջը, որպեսզի ականատես լինի Նրա Նշաններին և Հրաշքներին (Ղուկաս. 23.8)։ Կան շատերը, ովքեր կուշտ լինելով սպասում են Տիրոջը լեռան ստորոտին, բայց Տերն անցնում է նրանց մոտով։ Սի0մոն փարիսեցու նմանները փնտրում են Տիրոջը, որպեսզի հրավիրեն իրենց տուն ճաշելու (Ղուկաս 7.36-50)։ Եվ կան շատերը՝ սամարացի կնոջ նման, ում Տերը մոտենում է, թեպետ նրանք գիտակցաբար չեն փնտրում Տիրոջը (Հովհ. 4)։ Այս բազում տեսակի մարդկանց միջից Տերը պատասխանում է միայն նրանց, ովքեր փնտրում են ապաշխարություն և պատրաստ են ստանալու այն: Ծոմը պետք է պահել թե՛ մարմնով, թե՛ սրտով՝ ձեռնպահ մնալով ինչպես մսից, այնպես էլ բամբասանքից և զրպարտությունից։ Ծոմ պահող լեզուն ավելի լավ է, քան ծոմ պահող ստամոքսը, իսկ առավել լավ է բարկությունից իրեն զսպող սիրտը։ Ես աղոթում էի մաքուր սիրտ ունենալու համար, ինձնից պահանջվեցին երկար ժամանակ և դժվար պայքար հասկանալու համար, որ աղոթքն ինքնին ճանապարհ է դեպի մաքուր սիրտը: Մի սիրտ, որ չունի ո՛չ ուղեկցող, ո՛չ պահապան և ո՛չ էլ զենք ու զրահ, թիրախակետ է դառնում օտար մտքերի համար։

Դրախտ տանող ճանապարհը և՛ շատ լայն է, և՛ շատ նեղ։ Այն լայն է, որովհետև կարող է տեղավորել նույնիսկ աշխարհի ամենամեղավոր մարդկանց։ Սակայն այն նեղ է, որովհետև, եթե ցանկանում ես անցնել այդ ճանապարհը, չես կարող կրել նույնիսկ մեկ մեղք, այսինքն` չապաշխարած անձը չի կարող Երկնքի Արքայություն մտնել: Եթե հոգեպես արթուն չլինենք նույնիսկ քնած ժամանակ, ապա չարը կգա և կսերմանի մեր մեջ այն ամենը, ինչ ցանկանում է։ Խոնարհ մարդկանց սիրում են թե՛ Աստված, թե՛ մարդիկ, իսկ չարը վախենում է նրանց վարքագծից։ Նույնիսկ հրեշտակներն ու սրբերն են սիրում խոնարհներին, իսկ Աստված նրանց շնորհներ է տալիս։ Բարձրաստիճան մարդուն առավելություն մի՛ տուր ավելի ցածր կարևորություն ունեցող մարդու նկատմամբ։ Աղքատին մի՛ սպասեցրու, քանի դեռ այցելում ես աստիճանավորին։ Մի՛ խաբիր քո խղճին։ Յուրաքանչյուր հավատացյալ փրկվողների բանակի մեջ մի զինվոր է, նա պարտականություններ ունի կատարելու, որպեսզի բարձրացվի իր Տիրոջ կողմից և պարգևներ ստանա։ Օգտագործեք ձեր ամբողջ զրահը՝ պայքարելու չարի խաբեությունների դեմ։ Սկսիր պայքարել հին սովորույթների դեմ` դրանք մեկ առ մեկ վերացնելու համար։

Պայքարիր ստի և երդումների դեմ, զերծ մնա զրպարտություններից, մինչև որ կհաղթահարես դրանք Հիսուսի շնորհով, մինչև որ կհաղթահարես բոլոր վատ սովորույթները և կդառնաս նոր մարդ։ Նա, ով շտապում է դատապարտել ուրիշներին, ցույց է տալիս, որ ինքը երբեք իրապես չի եղել Կենդանի Աստծո ներկայության մեջ։ Այս աշխարհում ոչինչ չի կարող մտահոգել կամ վրդովել ինձ, քանի որ ես իմ ապաստանն եմ գտնում Եկեղեցու անսասան ամրոցում։ Ես ապավինում եմ Աստծո ողորմածությանը։ Նրանից մշտապես մխիթարություն և օրհնություն են հոսում։ Տիրոջ ողորմածությունը կարծես ճախրում է թևերով՝ հեռու վանելով ամեն տխրություն և բուժելով մարդկանց սրտերն իր աննման սպեղանիով։ Որքա՜ն քաղցր է այն: Ոչ ոք չի կարող դիմակայել այս աշխարհի փորձություններին առանց Նրա հոգատարության կամ իշխանության: Մեր Հայրերը համեմատում են այս Ողորմածությունը իր զավակներին քայլել սովորեցնող մոր հետ։ Նա կանգնում է որոշակի հեռավորության վրա և երբ տեսնում է, որ զավակն ուր որ է կընկնի, այդժամ շտապում է նրա մոտ և մաքրում նրա աչքերն արցունքներից։ Ահա այսպիսին է նաև Աստծո Ողորմածությունը մարդու հանդեպ։

Մարդու պայքարի ընթացքում Աստծո Ողորմածությունը որոշակիորեն հեռացնում է իրեն մարդուց, որպեսզի վերջինս վարժվի քայլել առաքինության ճանապարհով։ Եվ երբ մարդը տխրում կամ հուսահատվում է, այդժամ Ողորմածությունը շտապում է մխիթարել և քաջալերել նրան։ Երբ երիտասարդ էի, աղոթում էի իմաստության և սիրո համար, բայց մեծանալով սովորեցի աղոթել մեր Տեր Հիսուսի Իմաստության համար և մեր Թագավոր ու Փրկիչ՝ Խաչված Հիսուսի Սիրո համար։ Լսի՛ր խոսելուց առաջ, մտածի՛ր` ինչ լսեցիր այդ պահին, և հետո կարող ես խոսել: Տե՛ր իմ և Աստված` Հիսուս Քրիստոս, դարձրու՛ ինձ պիտանի` քայլելու համար սրբերի նույն ճանապարհով: Օգնի՛ր մեզ ամուր պահելու մեր հավատքը, հետևելու պատվիրաններին և արհամարհելու այս աշխարհի բոլոր նյութական արժեքները:


Տպագրության պատրաստեց
Հովհաննես ՄԱՆՈՒԿՅԱՆԸ

Դիտվել է՝ 1853

Մեկնաբանություններ