«Ռուսաստանին ռազմավարական պարտության հասցնելու համար Հավաքական Արևմուտքը, ՈՒկրաինայից հետո, ձգտում է ապակայունացնել իրավիճակը հետխորհրդային տարածքի այլ հատվածներում, այդ թվում՝ Հարավային Կովկասում, խարխլելու Ռուսաստանին տարածաշրջանի երկրների հետ կապող դաշինքային և գործընկերային հարաբերությունները: Ռուսաստանը կշարունակի զարգացնել փոխադարձ հարգալից և փոխշահավետ համագործակցություն տարածաշրջանի բոլոր պետությունների հետ»,- ասված է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ։                
 

Ֆելիքս Շաքարյանի հետ` Լոռվա լեռնաշխարհի կածաններով

Ֆելիքս Շաքարյանի հետ` Լոռվա լեռնաշխարհի կածաններով
22.05.2018 | 01:18

«Ես վստահում եմ իմ ճանապարհին:
Ես գրում եմ այդ վստահության մասին: Իմ մտորումները ուրիշները գրել չեն կարող:
Ես ուզում եմ, որ մարդիկ ճշմարտությանը հասնելու համար տխրության պահին մտաբերեն պատերազմի տարիներին իրենց ապրած սև անձրևի սարսափը:
Այդ պետք է նաև նրանց երեխաներին»,- գրում է տասնմեկ գրքերի (պատմվածքների ժողովածուներ, վեպեր) հեղինակ Ֆելիքս Շաքարյանը վերջերս «Հայաստան» հրատարակչության լույս ընծայած «Սև անձրև» վեպի մեկնարկում և ընթերցողին կրկին տանում Լոռվա լեռնաշխարհի գունեղ կածաններով, բացում մարդկային փոխհարաբերությունների շատ փակագծեր:


Շաքարյանական մտքի քննությանն են ներկայանում նրա ընթերցողներին հայտնի Գուրուրանը և գուրուրանցիները, շարունակվում են նախորդ վեպերում սկսված ստալինյան ռեժիմի նկարագրությունները` ամենակարող Լավրենտի Բերիայի «քաջագործություններով»:
Ի տարբերություն իր նախորդ գրքերի և ընդհանրապես վեպի ժանրին հատուկ ամբողջականության, այս գրքում հեղինակը առանձին դեպքեր, դրվագներ և կերպարներ ներկայացնում է ենթավերնագրերով` «Խուճուճ Գևոն», «Նրանց ծանրից էլ ծանր կյանքը» և այլն։ Շարադրանքի այս ձևը ոչ միայն չի խախտում ամբողջական ասելիքի կուռ միասնությունն ու դեպքերի շարունակականությունը, այլև մեծացնում է ընթերցողի հետաքրքրությունը` նախապես ուղղորդելով նրա մտորումները: Հերոսները շատ են այս գրքում, բոլորն իրենց բնորոշ անուններով ու մականուններով` այգեպան Ղոջա Սանդրո, Փարմասո Աշխեն, Մայոր Նիկոլի Դավիթ, Ճուխի Մեխո, կոլտնտեսության նախագահ Իրիցանց Խեչում, փոստատար Ղարդյան Համբարձում, Ճուտանց Պետո, կոնդուկտոր Լևոն…
ՈՒսման գերազանցիկ էր Նիկոլի Դավիթը, բայց չգիտեր, որ Զորավորի աղբյուրի իսկական անունը Զորավար է, չգիտեր նաև, որ փոստատար Ղարդյան Համբարձումը Մեծ հայրենական էր մեկնել երեք անգամ:


«Փախստական, մարդասպան հանցագործների կյանքը գրպանահատի կյանքից բարդ է և ավելի վտանգավոր»,- հաստատում է վեպի հեղինակը և ընթերցողի հետ քննության առնում նրանց կյանքի հետաքրքիր մանրամասներ, իրապատումի նմանվող պատումներով ներկայացնում իր հերոսներին։
«Բան կա, որ պիտի ապրես: Բան կա, որ պիտի հիշես։ Բան կա, որ ստիպում է մտածել»,- խորհում է վեպի հերոս, 1919 թվականից կոմունիստ Տիտանյան Գալուստը, միշտ մտածելով, որ ինքը սխալվելու իրավունք չունի: Դժվար գլորվող մի գիշեր է ներկայացնում հեղինակը դասալիքների սովորական առօրյայից և դարձյալ ընթերցողին տանում ոլորաններ, անդունդներ…


Վեպի ավարտին հերոսները` Ջամալ Քամալյանը և Մայոր Նիկոլի Դավիթը, Քոբայրում հասնում են իրենց ուզածին, որ բաց ճակատով պատմեն իրենց հաղթական գործերի մասին:
-Ափսոս տղաները…- գրում է հեղինակը` կախման կետերով կարծես ընթերցողին հիշեցնելով, որ իր մանկության օրրանն է Գուրուրանը, որ այդտեղ են Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցին և Արդվիի Սրբըհան եկեղեցին:
Պատահական չէ, որ գեղանկարիչ, ՀՀ նկարիչների միության անդամ Ռաֆայել Ջավախյանի հենց այդ եկեղեցիների գծանկարներն են Լոռվա բնաշխարհի այլ պատկերների հետ տեղ գտել այս գրքում` մեկ անգամ ևս ընդգծելով վեպի ամբարած խորհուրդն ու հայրենագիտական ուղղվածությունը: Ի դեպ, արձակագրի դիմանկարն էլ տեղ է գտել գրքի կազմին` Լիլիթ Մնացականյանի համակարգչային ձևավորմամբ:


Վաղարշակ ՂՈՐԽՄԱԶՅԱՆ

Հ.Գ. Ժամանակին «Սև անձրև» վեպի համակարգչային շարվածքը ընթերցելու և հեղինակի հետ որոշ քննարկումներ ծավալելու երջանիկ հնարավորությունն եմ ունեցել: Մինչ այդ ինձ թվում էր, թե անձրևը գույն չունի, առավել ևս, սև անձրև չէի պատկերացնում: Հարգելի ընթերցող, մի զլացիր, փնտրիր, գտիր և կարդա այս վեպը, համոզված եմ, որ ինձ նման դու էլ կզգաս անձրևի գույնը և չես զլանա շնորհակալական խոսքեր հասցեագրել հրատարակչությանը, տպագրատանը և տպագրության հովանավորներին` Արթուր Նալբանդյանին, Արթուր Խառատյանին, Աշոտ Շաքարյանին: ՈՒ միասին կհամոզվենք, որ հեղինակի մահն անգամ ի զորու չեղավ խամրեցնելու նրա գրական հունձքի փայլը:

Դիտվել է՝ 1504

Մեկնաբանություններ