USD484.87
EUR547.37
RUB7.30
  •  Երևան 
    ... °C
  •  Գյումրի 
    ... °C
  •  Աբովյան 
    ... °C
 

«Աշխարհի բոլոր երկրների հայերը նայում են դեպի Երևան»

«Աշխարհի բոլոր երկրների  հայերը  նայում են դեպի Երևան»
22.05.2018 | 01:19

Բեռլինաբնակ տենոր և երգահան ՄԱՍԻՍ ԱՌԱՔԵԼԵԱՆԸ հունիսի 10-ին Կոմիտասի թանգարան-ինստիտուտում կներկայանա մենահամերգով, որը նվիրում է Էրեբունի-Երևանի 2800-ամյակին:


«Իրատեսի» հետ զրույցում երգահանն ասաց, որ ներկայացնելու է Կոմիտասի, Ռոբերտ Շումանի և իր հեղինակային ստեղծագործություններից: Պատմեց նաև, որ մի պատմաբանի հետ խոսել է Երևանի մասին, վերջինս ասել է, որ Երևանը աշխարհի ամենահին քրիստոնեական մայրաքաղաքն է: Իր հերթին հավելեց. «Երևանը կարևոր է մեզ համար, որովհետև հին է, և որովհետև աշխարհի բոլոր երկրների հայերը նայում են դեպի Երևան»:
Մասիս Առաքելեանի համերգային գործունեությունն ուղղված է գլխավորապես հայկական երաժշտության հանրահռչակմանը: Կոմիտասն ու Սայաթ-Նովան ներկայացնում է նոր, ժամանակակից մշակումներով: Երաժշտի բնորոշմամբ` հայկական երաժշտությունը կապված է մեր պատմության հետ. «Այն շատ բաց է, հասկանալի և՛ Արևելքի, և՛ Արևմուտքի համար: ՈՒնենք մեղեդիներ, որ երբ իրանցին լսում է, իրեն ծանոթ է թվում, կան մեղեդիներ էլ, որ ծանոթ են Արևմուտքի երաժշտասերներին: Իբրև օրինակ, երևանյան մենահամերգի ժամանակ կատարելու եմ Շուման և Կոմիտաս, գիտեք, որ նման է նրանց երաժշտությունը»:
Մասիս Առաքելեանը հյուրախաղեր է ունեցել Հնդկաստանում, Հունաստանում, Իրանում, Շվեյցարիայում և այլ երկրներում: Հնդկաստանում տեղի ունեցած փառատոնին ներկա են եղել 150 երկրների ներկայացուցիչներ: Շատերը, խոսելով իրենց տպավորությունների մասին, ասել են, որ բառերը չեն հասկացել, բայց երաժշտությունն ուղղակիորեն թափանցել է իրենց սիրտը։
Հայազգի տենորը շրջագայում է «Կռունկ» և «Երկխոսություն» ծրագրերով։ «Կռունկը» խորհրդանշում է աշխարհասփյուռ հայերի կարոտը, «Երկխոսությունը» պարսկական ծրագիր է, հանդիսատեսի դատին է հանձնում Հաֆեզի, Օմար Խայամի բանաստեղծությունների հիման վրա գրած իր երաժշտական կոմպոզիցիաները:


Մասիս Առաքելեանը ծնվել է Սպահանում (Իրան)։ Տասնմեկ տարեկանում սկսել է եկեղեցական երգեցողության կրթությունը հայ դիրիժոր Մովսես Փանոսեանի մոտ՝ որպես մենակատար։ Տասներեք տարեկանում Իրանի մշակույթի նախարարության կազմակերպած երիտասարդական թատերական մրցույթում ստացել է առաջին մրցանակ։ Մասնագիտական կրթություն է ստացել նաև Գերմանիայում՝ որպես դասական տենոր և կոմպոզիտոր։ Ապրում և ստեղծագործում է Բեռլինում։


Նա ստեղծել և ղեկավարել է Բեռլինի հայկական համայնքի երգչախումբն ու նվագախումբը, «Մագումա» ջազ խմբի հիմնադիրներից է: Հիմնադրել և ղեկավարում է Բեռլինի նորաստեղծ հայկական կիրակնօրյա «Գիտելիք» դպրոցի մանկական երգչախումբը։ Նրա «Կռունկ» ձայնասկավառակում տեղ են գտել Կոմիտասի, Սայաթ-Նովայի, Շերամի (Գրիգոր Տալյանի), Ազնավուրի և իր սեփական աշխատանքները` իր իսկ կատարմամբ:


Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 2089

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ

DiplomatRadio Mao