Ավարտվել է Ռուսական կայսրության, իսկ հետո՝ Խորհրդային Միության, ապա նաև՝ Ռուսաստանի Դաշնության վերջին 300-350 տարիների պատմությունը Հյուսիսային Կովկասում, Անդրկովկասում և Կենտրոնական Ասիայում՝ ասել է Մերձավոր Արևելքի ռուսական ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին։ «Այսօր մենք Արևմուտքի հետ մեծ պատերազմի կիզակետում ենք, որտեղ հարցի գինը ոչ թե այս կամ այն ռազմաբազան է՝ այս կամ այն պատմական տարածաշրջանում, այլ Ռուսաստանի գոյությունն է, գուցե և՝ ողջ աշխարհի գոյությունը»,- նշել է նա։                
 

Խոշոր հրաժեշտների առաջնություններ

Խոշոր հրաժեշտների առաջնություններ
22.05.2018 | 01:21

Վերջին տուրի հանդիպումներով ընթացիկ մրցաշրջանի առաջնությունները եզրափակեցին Իսպանիան, Իտալիան, Ֆրանսիան: Ինչ վերաբերում է դրանք ավելի վաղ ավարտած Անգլիային ու Գերմանիային, այստեղ էլ գավաթային եզրափակիչ հանդիպումներ էին: Այնպես որ այստեղ էլ մեծ ֆուտբոլի պակաս չկար: Սակայն դրամատիզմն այս առաջնությունների ու գավաթային խաղերի ավարտի մեջ էլ չէր: Դրանք կավարտվեն էլ, կսկսվեն էլ` ի՞նչ է պատահել: Դրամատիզմը շատ ավելի առաջնային բանի մեջ էր: Զորօրինակ` ֆուտբոլին Բուֆոնի հրաժեշտ տալու, ֆուտբոլիստ, որն ոչ միայն եղավ մի ամբողջ դարաշրջան, այլև բոլոր ժամանակների համար կհիշվի ու կվկայաբերվի որպես ֆուտբոլի պատմության թիվ մեկ դարպասապահ: Սակայն վերջին տուրի հանդիպումները վերջինն էին ոչ միայն Բուֆոնի համար: «Բարսելոնի» կազմում վերջին հանդիպումն անցկացրեց Ինիեստան, նույն բախտն էր վիճակված նաև Մադրիդի «Աթլետիկոն» ներկայացնող Տորեսին:

ԻՍՊԱՆԻԱ
«Բարսելոնը» ջանաց իր կազմում ֆուտբոլային պրոֆեսոր Անդրես Ինիեստայի վերջին մրցելույթը հնարավորինս տպավորիչ դարձնել` խաղավարտին անգամ ֆուտբոլային ժամանակ տրամադրելով Մեսիին, որն անչափելի է բոլոր պարամետրերով, սակայն հանդիպման հնարավոր սցենարի վերաբերյալ իր պատկերացումներն ուներ հյուր ժամանած «Ռեալ Սոսիեդադը», որը մեկ գոլից ավելի չընդունեց իր դարպասը:
«Աթլետիկոյի» կազմում իր վերջին խաղն անցկացնող, այս դպրոցի սան Ֆեռնանդո Տորեսը հեղինակեց դուբլ` երջանկության քիչ պահեր չպարգևելով սեփական հանդիսատեսին, սակայն դա էլ բավարար չեղավ հաղթանակ ֆիքսելու համար: Վերջին ավելի քան երեսուն րոպեներին թվային գերազանցություն ունեցող «Էյբարը» (կոպիտ խաղի համար հեռացվել էր մադրիդցի Լուկասը) հավասարեցրել է հանդիպման հաշիվն ու երկրի նորընծա փոխչեմպիոնին պարտադրել բավարարվել մեկ միավոր վաստակելով` 2:2:
Նույն 2:2 հաշիվն է արձանագրվել և «Վիլյառեալ»-Մադրիդի «Ռեալ» դիմակայությունում: Վերջինս նման արդյունք է ցույց տվել առաջին երկու գոլը հեղինակելուց ու, թվում է, թե մրցակցին պարտության փաստի առաջ կանգնեցնելուց հետո: Ավելորդ մանրամասների մեջ չխորանանք, միայն նշենք, որ անգամ հաղթանակի դեպքում «Ռեալը» չէր կարող հասնել 79 միավոր վաստակած իրենց համաքաղաքացիներին ու պարտադրված էր այս առաջնությունը ավարտել երրորդ հորիզոնականում: Ինչ խոսք, որ «արքայականն» այս երրորդ տեղի բերած ցավի մորմոքը փարատելու հնարավորություն ունի` առջևում մայիսի 26-ին Կիևում կայանալիք Չեմպիոնների լիգայի եզրափակիչն է: Մարդու շունչն է կտրվում պատկերացնելուց, թե այդ հաղթանակն ինչ ռեկորդների հեղինակ է դարձնում «արքայականին»:


Ճիշտ նույն կերպ «արքայականին» չէր կարող հասնել և այս մրցաշրջանը բացառիկ վերելքով անցկացրած «Վալենսիան», թեպետ սեփական հարկի տակ երեք միավոր է կորզել «Դեպորտիվոյից»` 2:1: Ինչպես «Ռեալն» էր երեք միավորի հեռավորության վրա «Աթլետիկոյից», այնպես էլ նույնքան միավորով «Վալենսիան» է հետ «արքայականից»: Սակայն բոլոր դեպքերում նշենք, որ աղյուսակում ունեցած չորրորդ հորիզոնականով «Վալենսիան» նվաճել է Չեմպիոնների լիգայի խաղարկության ուղիղ մասնակցություն:
5-6-րդ հորիզոնականներում հանգրվանած «Վիլյառեալն» ու «Բետիսը» նվաճել են Եվրոպայի լիգայի խաղարկության մասնակցության իրավունք:

ԻՏԱԼԻԱ
Առաջին եռյակի կազմն ամբողջապես ներկայացնելու հարցում մինչև վերջին խաղը համառ եղավ սկուդետեն: Ավարտական տուրի հանդիպումներից մարզական հետաքրքրություն չէին ներկայացնում ոչ «Յուվենտուս»-«Վերոնա», ոչ էլ «Նապոլի»-«Կրոտոնե» դիմակայությունները, որոնք ավարտվել են 2:1 հաշվով, տանտերերի հաղթանակով, և որոնցում հյուրընկալող կողմերը վաղուց իրենցով էին արել մրցաշարային աղյուսակի առաջին երկու հորիզոնականները: Որքան էլ միասնական ներկայացրինք այս երկու դիմակայությունները, միևնույն է, չենք կարող կրկին չհիշատակել Բուֆոնի գործոնը, որը, հրաժեշտ տալով իր մեծանուն թիմին, սերունդների պատմության մեջ կմնա որպես ամենա, ամենամեծ դարպասապահ ու մեզ եկող սերունդների համեմատությամբ այն առավելությունը կտա, որ պատիվ ենք ունեցել նրա ժամանակակիցը լինելու:


Բավականին անհասկանալի բան եղավ «Լացիո»-«Ինտեր» դիմակայությունում, որտեղ տանտերերը վերցրին ու Չեմպիոնների լիգայում հանդես գալու հնարավորությունն իրենց իսկ ձեռքով «Ինտերին» նվիրեցին` անհասկանալի փոխակերպումներ ապրելով հանդիպման վերջին 10-12 րոպեներին: Անհասկանալին այն էր, թե այդ ինչ տրամաբանությամբ Սիմոնե Ինձագին հարձակվողին փոխարինեց պաշտպանով, որը փոխանակ ավելի ամրացնելու, հակառակը, հիմնովին քանդեց պաշտպանությունը` մրցակցին թույլ տալով այդ խառնաշփոթի մեջ դարպասի երկու գրավում արձանագրել ու հանդիպումն այդպես ցավալիորեն տանուլ տալ: Անհասկանալին ոչ պակաս այն է, որ մի երկու խաղ առաջ «Յուվենտուսի» հետ դիմակայությունում նման կոպիտ սխալ թույլ էր տվել «Ինտերի» մարզիչն ու թիմին պարտության հասցրել: Ինչևէ, «Լացիոյի» համար ցավալի պարտություն 2:3 հաշվով և հավասար միավորների պայմաններում (72) չորրորդ հորիզոնականի զիջում մրցակցին:
«Լացիոյի» պարտության դեպքում «Ռոմային» ոչինչ չէր կարող սպառնալ բրոնզե մեդալների տեր դառնալուն, սակայն «գայլերը» նախընտրեցին իրենց հարցերը իրենք լուծել: «Սասուոլոն» որքան էլ փորձեց խաղարկել սեփական դաշտի գործոնը, այդուհանդերձ, հարկադրված էր զիջելու` 0:1:
Սկուդետեն վեցերորդ տեղում ավարտած «Միլանն» էլ սկզբունքորեն անհանգստանալու բան չուներ և, այդուհանդերձ, հյուր եկած «Ֆիորենտինայի» հետ խաղում հարմար գտավ սեփական հանդիսատեսին տոնի լիակատար զգացողություն պարգևել` 5:1:

ՖՐԱՆՍԻԱ
Դիվիզիոնի վերջին տուրը միայն կարողացավ տալ բոլոր հարցերի պատասխանը, հստակ նշել մրցաշարային աղյուսակում թիմերի դասավորությունը: «Պարի Սեն Ժերմենին» հանգիստ թողնենք, քանզի այն չեմպիոնությունը վաղօրոք էր նվաճել ու բացարձակապես անհանգստանալու ոչինչ չուներ: Անգամ վերջին չորս խաղում ձեռք բերած ավելի քան համեստ երեք միավորը չկարողացավ խաթարել երկրորդ տեղից նրա ահռելի պոկվածությունը: «Կաննի» հետ խաղացած ոչ-ոքիից (0:0) հետո մայրաքաղաքցիների վաստակած միավորները 93-ն են, ինչը երկրորդ տեղը գրաված «Մոնակոյի» ունեցածից ավելի է 13 միավորով: Նշենք, որ վերջին խաղերում իրենց վերագտած մոնեգասկները չվրիպեցին և «Տրուայի» հետ ունեցած արտագնայում հաղթեցին 3:0 հաշվով:


Մրցաշրջանը երրորդ տեղում ավարտեց «Լիոնը», որը չափազանց ծանր հանդիպում ունեցավ «Նիցցայի» հետ` 3:2: Չլիներ լիոնցիների այս կամային հաղթանակը, աղյուսակում նրա տեղը կզբաղեցներ «Մարսելը», որը լավագույնի ակնկալիքով ամեն ինչ արեց «Ամիենից» երեք միավոր կորզելու համար (2:1): «Լիոնը» մրցաշրջանը փակեց 78 միավոր վաստակած, ինչն ընդամենը մեկով է ավելի «Մարսելի» ունեցածից: Ավելորդ չհամարենք նշել, որ «Մոնակոյի» օրինակով «Լիոնը» ձեռք բերեց Չեմպիոնների լիգայի ուղիղ մասնակցության ուղեգիր, իսկ ահա «Մարսելն» ուժերը չափելու է Եվրոպայի լիգայի խաղարկությունում:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 2689

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ