Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Պուտինի նոր կառավարությունը ցրեց Ռուսաստանում բարեփոխումների հույսերը

Պուտինի նոր կառավարությունը ցրեց Ռուսաստանում բարեփոխումների հույսերը
22.05.2018 | 12:08

Չորրորդ նախագահական ժամկետում Վլադիմիր Պուտինի ձևավորած նախարարների կաբինետը համարյա ոչնչով չի տարբերվում նրա նախորդ կառավարությունից` դա ցրում է հույսերը, որ Կրեմլը կիրականացնի բարեփոխումների հավակնոտ ծրագիրը և կձգտի նվազեցնել տարաձայնությունները Արևմուտքի հետ հարաբերություններում` գրում է Financial Times-ում Մաքս Սեդոնը:

Պուտինի նախարարների կաբինետում դիտորդները ցանկանում էին տեսնել ֆինանսների նախկին նախարար Ալեքսեյ Կուդրինին, բայց չտեսան: Կուդրինը տնտեսական ու իրավական բարեփոխումների գլխավոր ջատագովն է Ռուսաստանում, բայց նա կգլխավորի Հաշվիչ պալատը: Այդ կառույցը համարյա ազդեցություն չունի քաղաքականության ձևավորման վրա: Դա ցրում է հույսերը, որ Կրեմլը կընդունի Կուդրինի արմատական գաղափարները և կլիցքաթափի աշխարհաքաղաքական տարաձայնությունները, որ Կուդրինը համարում է տնտեսական աճի մեծ խոչընդոտ:

Պուտինը նորից վարչապետ նշանակեց Մեդվեդևին, իսկ ֆինանսների նախարար Անտոն Սիլուանովին դարձրեց առաջին փոխվարչապետ: Կառավարությունից հեռացածներից Իգոր Շուվալովը հիմա հավանաբար կզբաղեցնի լավ վճարվող բարձր պաշտոն խոշոր պետական ընկերությունում: Որ Շոյգուն ու Լավրովը մնացել են իրենց պաշտոններում, վկայում է, որ Պուտինը հազիվ թե մտադիր է լիցքաթափել Արևմուտքի հետ լարված հարաբերությունները: «Ոչ մի անակնկալ, իսկ Պուտինը վարում է զուտ պաշտպանական գիծ` ոչինչ չի թողնում պատահականությանը, չի ակնարկում արմատական բարեփոխումների չափազանց անհրաժեշտ ծրագիրը: Դա կայունության գագաթնակետն է և Ռուսաստանի մակրոստագնացիան կմնա արդիական»` նկատել է Թիմոթի Էշը (Bluebay Asset Management):

Մաքս Սեդոն, Financial Times


Հ.Գ. Պատկերացնու՞մ եք` ինչ հակասությունների մեջ ենք մտնում Ռուսաստանի հետ զուտ կառավարությունների կազմով: Ռուսաստանում ոչինչ չի փոխվում, Հայաստանում ամեն ինչ է փոխվում: Ռուսաստանի տնտեսության վերափոխման Իգոր Կուդրինի ծրագիրը փաստորեն ծալվում ու դարակում է դրվում: Բայց այդ դեպքում ինչու՞ է նա համաձայնել դառնալ Հաշվիչ պալատի նախագահը: Կառավարության կազմավորումից առաջ Կրեմլի աղբյուրները հաղորդում էին, որ նա կամ նախարար կդառնա, կամ նախագահի աշխատակազմում կստեղծվի նոր կառույց, որը կզբաղվի տնտեսության զարգացման ռազմավարական ուղղությունների մշակմամբ: Փաստացի` Մեդվեդևը, որ ֆինանսների նախարար Կուդրինի պաշտոնանկության պատճառն էր, հիմա ևս չցանկացավ նրան նախարար տեսնել: Բայց դա քիչ հավանական է: Առավել հավանականը, որ հիմա ընդունվել է կարճաժամկետ որոշում, որից հետո Իգոր Կուդրինը կզբաղվի բարեփոխումների գործով` Ռուսաստանն այլ ելք չունի:
The Washington Post-ը գրում է, որ ՌԴ Պետդումայում կքննարկվի Սահմանադրության փոփոխությունը, որը Պուտինին թույլ կտա իր թեկնածությունը դնել 2024-ի ընտրություններում, նա կարող է երկիրը կառավարել մինչև 77-ամյակը: Փոփոխության համաձայն` նախագահը կարող է իր պաշտոնում մնալ երեք ժամկետ անընդմեջ: Տեսականորեն Դուման կարող է առաջարկն ընդունել, սակայն Ռուսաստանում այդ գաղափարը համարյա ԶԼՄ-ների ուշադրությանը չարժանացավ և շատ վերլուծաբաններ կասկածում են, որ Պուտինի նախագահական նոր ժամկետի սկզբում Կրեմլը թույլ կտա այդքան կարևոր որոշում ընդունել ժամկետների թվի մասին: Առաջարկը, որ տեղակայվել է Պետդումայի կայքում, ներկայացրել է Չեչնիայի խորհրդարանը` ռեգիոն, որ գլխավորում է Ռամզան Կադիրովը` Պուտինի ջերմ կողմնակիցը, որ նրան անվանում է «սուպերհերոս» և հայտարարում, որ պիտի ցմահ կառավարի: Ենթադրությունը, որ 2024-ին Պուտինը կխուսափի Կրեմլին հրաժեշտ տալուց, վաղուց կա, բայց եթե նա առաջադրվի, կհաղթի նորից:
Ու ի՞նչ:

Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 1820

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ