Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Ի՞նչ կբերի մայիսի 24-ը

Ի՞նչ կբերի մայիսի 24-ը
23.05.2018 | 10:04

Երբ Հայաստանը 2013-ին անդամակցում էր Մաքսային միությանը, նշվում էր, որ 1-2 տարում կվերաբացվի երկաթուղին, որ Հայաստանը Վրաստանով, Աբխազիայով, Հարավային Օսեթիայով կապում է Ռուսաստանին: 1-2 տարի հետո արդեն այդ մասին չէին էլ խոսում: 2017-ի վերջին ու 2018-ին երկաթուղու հարցը նորից դարձավ արդիական: Վրաստանի վարչապետի՝ Ռուսաստանի հարցերով հատուկ ներկայացուցիչ Զուրաբ Աբաշիձեն հայտարարել է, որ Ռուսաստանը ստորագրել է Մաքսային մոնիտորինգի եւ վարչարարության համաձայնագիրը: 2011-ին շվեյցարական SGS ընկերության հետ համատեղ մշակված պայմանագիրը նախատեսում է չեզոք մոնիտորինգ մաքսային միջանցքներում: Վրացական կողմը համաձայնագիրը ստորագրել է 2017-ի դեկտեմբերին: Զուրաբ Աբաշիձեն հայտարարել է, որ ստորագրումը նախապայման էր մայիսի 24-ին Պրագայում Գրիգորի Կարասինի հետ հանդիպմանը կոնկրետ քայլեր քննարկելու համար:


«Կարծում եմ, որ մայիսի 24-ին որոշակի քայլեր կլինեն: Հույս ունենք, որ ռուսական կողմը բարեխղճորեն կկատարի համաձայնագրով ստանձնած պարտավորությունները: Դրանից հետո պետք է վրաց-շվեյցարական աշխատանքային խումբ ստեղծվի, որը վերահսկելու է նախագծի ու համաձայնագրի իրագործումը»` ասել է Զուրաբ Աբաշիձեն: ՌԴ ԱԳՆ-ն տեղեկացրել է, որ որ մայիսի 18-ին Ռուսաստանի, Շվեյցարիայի եւ SGS Société Générale de Surveillance SA ընկերության միջեւ համաձայնագիր է ստորագրվել, որով նախատեսվում է Ռուսաստանից Աբխազիայով ու Հարավային Օսեթիայով դեպի Վրաստան ու Հայաստան «առևտրային միջանցքների» ստեղծում: Շվեյցարացի դիտորդները իրավիճակի մոնիտորինգ են անելու Ռուսաստանի ու Վրաստանի տարածքում, բայց բեռների մաքսային ձեւակերպման ընթացակարգերին չեն մասնակցելու, տեղեկատվություն են հավաքելու ապրանքների տեղաշարժի մասին: Զուրաբ Աբաշիձեն բացառել է Ցխինվալի մասնակցությունը՝ հայտարարելով, որ Վրաստանը չի ճանաչում Աբխազիայի եւ Հարավային Օսեթիայի անկախությունը, համաձայնագրի ու մոնիտորինգի իրականացման «երրորդ կողմ» կարող է լինել միայն Շվեյցարիան:

Փաստորեն` Ռուսաստանը միջանցքների հարցով պայմանավորվել է Հարավային Օսեթիայի ու Աբխազիայի հետ, որ պնդում էին պայմանագրի կողմ լինելու իրենց իրավունքը: Եթե մայիսի 24-ին հաջողվի պայմանավորվել համատեղ խումբ ստեղծելու շուրջ, հարցը տեղապտույտից դուրս կգա: Վրաստանով նոր տարանցիկ ճանապարհի բացումը Հայաստանի համար գերկարևոր է, եթե հաշվի առնենք, որ ցամաքային միակ ճանապարհը Վերին Լարսն է, որ պարբերաբար` ամառ, թե ձմեռ փակվում է եղանակային ու քաղաքական պայմանների թելադրանքով: Բաքուն մշտապես դեմ է եղել երկաթուղու վերագործարկմանը և կարողացել է Թբիլիսիի վրա որոշակի ճնշում գործադրել` համարելով, որ Հայաստանի շրջափակումը ճեղքվում է: Կամ` իրավիճակ է փոխվում ռուս-վրացական հարաբերություններում, կամ իրավիճակ է փոխվում վրաց-ադրբեջանական հարաբերություններում: Գուցե երկուսը միաժամանակ: Բոլոր դեպքերում` երկաթուղու վերագործարկման հարցը քաղաքական դաշտից տնտեսական դաշտ տեղափոխելը մեծագույն հաջողություն կարող է համարվել, եթե ստացվի: Տարածաշրջանում բազում փոփոխություններ են լինում ու այդ փոփոխությունների տրամաբանությունը երբեմն առաջին հայացքից դժվար է հասկանալ:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ.Գ. Մայիսի 25-ից 26-ը նախատեսված է ՀՀ նախագահի այցը Վրաստան` ասել է ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը. «Նախագահը կմասնակցի Վրաստանի անկախության հռչակման 100-ամյակի միջոցառումներին: Իսկ մայիսի 30-31-ը կայանալու է վարչապետի պաշտոնական այցը Վրաստան»: Ակնհայտորեն երկաթուղու վերաբացումը լինելու է օրակարգում, եթե մայիսի 24-ին համաձայնություն ձեռքբերվի, առավելևս` եթե ձախողվի:

Դիտվել է՝ 2502

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ