Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Ալեն Սիմոնյանը VS Տարոն Մարգարյա՞ն

Ալեն Սիմոնյանը VS Տարոն Մարգարյա՞ն
24.05.2018 | 12:17

ԱԺ պատգամավորի մանդատ ստացած ու երդում տված Ալեն Սիմոնյանը մայիսի 22-ին մեկօրյա խորհրդարանական աշխատանքից հետո հայտարարեց, որ մանդատը վայր է դնում: Նա նախընտրում է Երևանի ավագանու անդամի մանդատը: Հարց` ինչու՞ մինչ այդ չէր հրաժարվել ԱԺ պատգամավորի մանդատից, որովհետև համոզված էր, որ կդառնա՞ «Ելք» խմբակցության ղեկավար` ԱԺ գալով Նիկոլ Փաշինյանի մանդատը վայր դնելուց հետո: Թե՞ այլ պատճառ կա: Իր բացատրությամբ նա ճիշտ է համարում ՀՀԿ-ի «անօրինականությունների դեմ պայքարը շարունակել Երևանի ավագանիում»։ Թեպետ պակաս արդյունավետ ու պահանջարկված չէ այդ պայքարը ԱԺ-ում: «Այս քաղաքական իրավիճակում ճիշտ եմ համարում դեռ պայքարել ավագանու մանդատը պահելու համար», - լրագրողներին բացատրել է Ալեն Սիմոնյանը և մանրամասնել. «Երևանում, իմ ունեցած տեղեկություններով, շատ արագ տեմպերով մարդիկ փորձում են վերջացնել այն բոլոր «գործերը», որոնք չեն հասցրել վերջացնել։ Այդ դամոկլյան սուրը պահելով, պայքարելով՝ ես կպայքարեմ այդ գործողությունների դեմ»։ ՈՒրեմն` ինչի՞ համար են իրավապահները: Պատրվակը ճշմարտանման չէ: Առավել հավանական է, որ քաղաքապետ Տարոն Մարգարյանի հետագա պաշտոնավարման համաձայնությունն է փոխվել և Ալեն Սիմոնյանը վերադառնում է ավագանի` քաղաքապետ դառնալու համար: Այսինքն` վերսկսվելու են քաղաքապետարանի առաջ «Տարոն, հեռացիր» պահանջող ակտիվիստների մինի հանրահավաքները: Կամ նոր պատմություն է հնարվելու, ինչպես այգու ծառահատման հայտնի պատմությունն էր: Մայիսի 21-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ինքը չէր հորդորել Տարոն Մարգարյանի հրաժարական պահանջել, հակառակը՝ հորդորել էր քաղաքացիներին դադարեցնել քաղաքացիական անհնազանդության ակցիաները, որ վնասում են թավշյա հեղափոխությանը:

Նաև` ակնարկեց, որ եթե հորդորի Տարոն Մարգարյանին հրաժարական տալ, քաղաքապետը կլսի իրեն: Ի՞նչ է նշանակում «հորդոր»: Իրավականորեն վարչապետը չի կարող պաշտոնանկել ընտրված քաղաքապետին, կարող է «հորդորել»` քաղաքական ու կոմպրոմատային տարբերակներով: Այդ դեպքում ու՞ր մնաց Նիկոլ Փաշինյանի` «ոչ մի զանգ չի լինելու» խոստումը, որ վերաբերում էր դատավորներին, թե՞ միայն դատավորներին էր վերաբերում: Բայց պատմությունն այդքանով չի ավարտվում` «Ազատությանը» տված հարցազրույցում Ալեն Սիմոնյանը «Հիմա Դուք միանշանակ որոշե՞լ եք, պատգամավոր չե՞ք ուզում լինել, շարունակու՞մ եք Ձեր աշխատանքը որպես Երևանի ավագանու անդամ» հարցին տալիս է այնպիսի խճճված պատասխան, որ սատանան ոտքը կկոտրի.
«Ասեմ, որ միանշանակ որոշել եմ, որ ինձանից կախված ամեն ինչ անելու եմ, որ կանխեմ այն գործողությունները, որը ՀՀԿ-ն փորձում է անել, եթե պետք կլինի մնալ ավագանիում, մինչև վերջ կմնամ, եթե հասկանամ, որ ստեղ կարող եմ ավելի շատ դա վերահսկեմ, կմնամ այստեղ»։ Կողմնորոշվեք` ո՞ր մանդատն եք ընտրում հորդորին ի պատասխան ավելի է խճճել. «Կա տեղեկություն, որ քաղաքապետարանը պատրաստվում է անկախ նրանից, թե ես մանդատս վայր կդնեի, թե չէի դնի, դիմի Կենտրոնական ընտրական հանձնաժողով և զրկի ինձ ավագանու անդամի մանդատից, ես ընդդիմացել եմ այդ որոշմանը և ես արել եմ սա, որպեսզի հնարավորություն չտամ, որ իրենք այդ քայլն անեն։ Դա պատճառներից մեկն է նաև եղել։

Քաղաքական իրողությունն ինձ կթելադրի, թե հետագա քայլը որը կլինի, ինչպես նաև իմ գործընկերների հորդորը և քննարկումը»։ Հետո նա հայտարարում է, որ Տարոն Մարգարյանն անցյալ շաբաթ պետք է հրաժարական տար և իր անցած ճանապարհով երբևիցե առիթ չի տվել մտածել, որ ինքը տեսախցիկների առջև սուտ է խոսում, կամ որևիցե բան թաքցնում է, նման օրինակ չի եղել: Հետո պարզվում է ավելի հետաքրքիրը` «Ես դա արել եմ ինքնուրույն, դա եղել է իմ որոշումը, ես դա չեմ քննարկել որևիցե մեկի հետ, ես օգտվել եմ այն իրավական հնարավորությունից, որն օրենքն ինձ տալիս է, որպեսզի հնարավորինս ազդեցություն ունենամ քաղաքապետարանում և քաղաքապետի կողմից իրականացվող գործողություններին»: Փաստացի` Նիկոլ Փաշինյանի թիմի առանցքային անդամները նրա հետ չեն խորհրդակցում նույնիսկ ԱԺ խմբակցությանը վերաբերող հարցերու՞մ: Հիմա Նիկոլ Փաշինյա՞նն է կրակն ընկել, թե՞ օրենքը, որ հնարավորություն է տալիս ընտրել երկու մանդատների միջև, իսկ Ալեն Սիմոնյանը չի կարողանում երաշխիքներ ստանալ երկու պաշտոններից մեկնումեկի վերաբերյալ` ԱԺ-ում խմբակցության ղեկավար, ավագանիում` քաղաքապետ: Սա պետությու՞ն է, թե՞ տունտունիկ:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ.Գ. Երեկ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կրկին քաղաքացիական անհնազանդության բոլոր գործողությունները դադարեցնելու կոչ արեց. «Ինձ համար անհասկանալի է, որ կան քաղաքացիներ, ովքեր պատշաճ ձևով չեն արձագանքում քաղաքացիական անհնազանդության բոլոր ակցիաները դադարեցնելու և առկա խնդիրների շուրջ կառավարության հետ աշխատելու իմ կոչին»,- Ֆեյսբուքում գրել է նա: «Սիրելի հայրենակիցներ, կրկին խնդրում, հորդորում և պահանջում եմ՝ դադարեցնել քաղաքացիական անհնազանդության առանց բացառության բոլոր ակցիաները և աշխատել կառավարության հետ՝ ձեզ հուզող հարցերը քննարկելու և լուծելու համար: Ժողովրդի վստահությունը վայելող կառավարության դեմ քաղաքացիական անհնազանդության ակցիաներ իրականացնելը նշանակում է քաղաքացիական անհնազանդության ակցիաներ իրականացնել ինքներդ ձեր դեմ, կամ իրականացնել սաբոտաժի գործողություններ»,- շեշտել է վարչապետը: «Կրկին խնդրում, հորդորում և պահանջում եմ այս պահից դադարեցնել քաղաքացիական անհնազանդության բոլոր գործողությունները, եթե դրանք սաբոտաժ չեն ընդդեմ ժողովրդի վստահությունը վայելող կառավարության», - գրել է Նիկոլ Փաշինյանը:

Դիտվել է՝ 1879

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ