Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Եվրոպան արդյոք կդիմանա՞ ԱՄՆ-ի ճնշմանը` դրանից գուցե կախված է նույնիսկ ողջ մարդկության ճակատագիրը

Եվրոպան արդյոք կդիմանա՞ ԱՄՆ-ի ճնշմանը` դրանից գուցե կախված է նույնիսկ ողջ մարդկության ճակատագիրը
24.05.2018 | 21:50

Եվրոպան հիմա ԱՄՆ-ի և «այս աշխարհի ճարտարապետների» ահռելի ճնշումների տակ է ու ջանում է դիմակայել դրանց: ԱՄՆ-ի պահանջը մեկն է` միանալ Իրանի դեմ իր ֆինանսատնտեսական պատժամիջոցներին, որոնք առաջիկայում դեռ էլի ու էլի խստացվելու են:

Միացյալ Նահանգների և հայտնի ուժերի այդ ճնշումն այսբերգի պես մի բան է, այսինքն` շատ ավելի մեծ է չերևացող մասը, բայց երևացողն էլ բավարար է պատկերացում կազմելու համար, թե ինչ է կատարվում: Մենք այժմ պատմական ու բախտորոշ իրադարձությունների ժամանակաշրջանում ենք ապրում, որի նշանակությունը, սակայն, քչերն են գիտակցում: Եվրոպան արդյոք կդիմանա՞ ԱՄՆ-ի ճնշմանը` դրանից գուցե կախված է նույնիսկ ողջ մարդկության ճակատագիրը: Այս հարցի ստույգ պատասխանը ոմանք եթե մինչև անգամ գիտեն էլ, ապա նրանց քանակը մոլորակի վրա չափազանց չնչին է:


Ինչպես հայտնի է, 2018 թ. մայիսի 8-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կրկնելով Իրանի դեմ հնացած և անհիմն մեղադրանքները, հայտարարել է Իրանի միջուկային ծրագրի շուրջ կնքված շրջանակային համաձայնագրից` «Համատեղ գործողությունների համապարփակ ծրագրից» (ՀԳՀԾ) ԱՄՆ-ի դուրս գալու և առաջիկա 3-6 ամիսներին Իրանի դեմ շրջափակումների վերականգնման մասին: ԱՄՆ-ը դուրս եկավ ՀԳՀԾ-ից, թեև ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի` ՀԳՀԾ-ից դուրս գալու մտադրության դեմ լուրջ քննադատություն և հակազդեցություն կային ոչ միայն Ռուսաստանի, Չինաստանի, Եվրոպայի և Ավստրալիայի կողմից, այլև այդպիսին կար նույնիսկ հենց Միացյալ Նահանգներում: Ենթադրվում է, որ ԱՄՆ նախագահը ՀԳՀԾ-ից դուրս գալու որոշումը կայացրել է խամաճիկի նման ենթարկվելով «այս աշխարհի ճարտարապետների» պահանջին: Կատարվածից Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն շա՜տ գոհ է… Սակայն, վտանգը և այն վնասը, որը կարող է ստանալ ԱՄՆ-ը, այնքան մեծ է, որ նույնիսկ Վաշինգտոնի ռազմավարական ուսումնասիրությունների ինստիտուտն է իր կայքում հրապարակված մի հոդվածում քննադատել ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի ելույթը, Իրանին ուղղված պետքարտուղարի 12 պահանջները և Իրանի նկատմամբ ԱՄՆ-ի ռազմավարությունը: Ըստ Վաշինգտոնի ռազմավարական ուսումնասիրությունների միջազգային ինստիտուտի, «ՀԳՀԾ-ից դուրս գալու Թրամփի քայլն ավելի է մեկուսացնելու ԱՄՆ-ին»:


ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն օրերս «Հերիթաջ» հիմնադրամում ելույթի ժամանակ 12 նախապայմաններ առաջադրելով Իրանին, սպառնացել է, որ եթե Իրանը չկատարի այդ նախապայմանները, Վաշինգտոնն այդ երկրի դեմ կսահմանի պատմության ամենահզոր պատժամիջոցները: Պոմպեոն այսպիսով ազդարարել է ՀԳՀԾ-ից դուրս գալուց հետո Իրանի նկատմամբ ԱՄՆ-ի նոր ռազմավարությունը։
ԱՄՆ պետքարտուղարի արտահայտությունների և նրա կողմից Իրանին 12 նախապայմաններ առաջադրելու նկատմամբ ԱՄՆ-ի ներքին շրջանակների արձագանքներում քիչ չեն քննադատականները: Օրինակ, Հարվարդի համալսարանի դասախոս Ստեֆան Վալթը անցած երեքշաբթի «Թվիթերում» զավեշտալի բնութագրելով Իրանի մասին Պոմպեոյի հայտարարություններն ու 12 նախապայմանների հստակեցումը, հումորով գրել է. «Ես դեռ մի փոքր ապշած եմ այն բանից, որ Պոմպեոն Իրանից չպահանջեց Թրամփի գերբով գոլֆի խաղադաշտ բացել Թեհրանում և վճարել ԱՄՆ-ի ու Մեքսիկոյի սահմանային պատի կառուցման ծախսը»:


Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունում (ԱԷՄԳ) Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Միխայիլ ՈՒլյանովն Իրանին ներկայացված ԱՄՆ-ի պահանջներն անհեթեթություն է համարել, այդ պահանջների առաջադրումը որակել անպատասխանատու և անտրամաբանական քայլ:
«Այս պահանջներն այնքան անհեթեթ ու անտրամաբանական են, որ դրանց շուրջ համաձայնության կայացումն անհեռանկարային է»,- ասել է ԱԷՄԳ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչը:


Նշելով, որ Իրանն իրավունք ունի ձեռք բերել խաղաղանպատակ միջուկային էներգիա, Միխայիլ ՈՒլյանովն ասել է. «Խնդիրն այն է, որ Վաշինգտոնը չի ընկալում այս իրողությունը»: Անդրադառնալով միջուկային համաձայնագրի շրջանակներում ստանձնած պարտավորություններին Իրանի հավատարմությանը, ԱԷՄԳ-ում ՌԴ մշտական ներկայացուցիչը հավելել է. «Երկիրը, որը խախտել է իր հանձնառությունները, ԱՄՆ-ն է և ոչ թե Իրանը»:
Ռուսաստանն արդեն հայտարարել է, որ Իրանի հանդեպ ԱՄՆ-ի պատժամիջոցները չեն կարող խոչընդոտել այդ պետության հետ ՌԴ համագործակցությանը: Ռուսաստանի փոխվարչապետ Դմիտրի Կազակը հայտարարելով այս մասին, ԻՏԱՌ-ՏԱԱՍ-ի հետ զրույցում անդրադարձել է նաև մայիսի 17-ին Ղազախստանում ստորագրված Իրանի ու ԵԱՏՄ-ի միջև առևտրական ազատ գոտու ստեղծման մասին համաձայնագրին: «Այս համաձայնագիրն անդամ երկրների միջև առևտրաշրջանառության բնագավառում աշխուժություն կմտցնի»,- ասել է ՌԴ փոխվարչապետը:


Իրանի ռադիո-հեռուստատեսության լրատվական ծառայության հաղորդման համաձայն, ՌԴ կառավարությունն անընդունելի է համարել այն նախապայմաններն ու պահանջները, որ ԱՄՆ-ը ներկայացրել է Իրանին: Այս մասին մայիսի 23-ին հանդես գալով մամուլի ասուլիսով, հայտարարել է ՌԴ ԱԳՆ մամուլի քարտուղար Մարիա Զախարովան:
«ԱՄՆ-ը խստացնելով հակաիրանական պատժամիջոցները և որդեգրելով սպառնալիքի ու վերջնագրի քաղաքականություն, պահանջներ ու պայմաններ է դրել Թեհրանի առջև, որոնք անընդունելի են»,- ասել է Մարիա Զախարովան և հավելել, որ «Ռուսաստանը երբեք չի աջակցել ու չի աջակցելու միակողմանի քայլերին»:


ՌԴ ԱԳՆ մամուլի քարտուղարը քննադատելով ՀԳՀԾ-ից ԱՄՆ հրաժարվելը, ընդգծել է. «Վաշինգտոնն այն դեպքում է նման քայլի դիմել, երբ Թեհրանը ամենայն լրջությամբ կատարում է իր պարտավորությունները»:
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն օրերս հայտարարել է. «Կարևորելով ՀԳՀԾ-ի պահպանման անհրաժեշտությունը, Մոսկվան ու եվրոպական ղեկավարներն այս համաձայնությունից ԱՄՆ-ի դուրս գալու հետևանքները նվազեցնելու համար համագործակցության ավելացման անհրաժեշտության հարցով միևնույն դիրքորոշումն ունեն»:
Մայիսի 22-ին Դմիտրի Պեսկովը լրագրողներին ասել է. «Ռուսաստանի Դաշնությունը և եվրոպական երկրները, այդ թվում` Ֆրանսիան ու Գերմանիան, համաձայնության են եկել ԱՄՆ-ի քայլի բացասական հետևանքների նվազեցման համար իրականացվելիք համագործակցության շուրջ»:


ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի` ՀԳՀԾ-ից դուրս գալու որոշումից հետո Իրանը և Եվրամիությունը, Չինաստանի ու Ռուսաստանի հետ միասին, առանց Միացյալ Նահանգների ՀԳՀԾ-ի իրականացման շրջանակներում նախանցած շաբաթ Բրյուսելում բանակցություններ են սկսել: Իրանն ընդգծել է. «Եթե ՀԳՀԾ-ից ԱՄՆ-ի դուրս գալուց հետո այս համաձայնագրով Իրանի ժողովրդի շահերը չապահովվեն ու չերաշխավորվեն, ՀԳՀԾ-ում Իրանի մնալու անհրաժեշտություն չի լինի»:
Թրամփի հիշյալ որոշման դեմ ընդդիմությունն այնքան մեծ է, որ նույնիսկ Եվրոպան է ոտքի ելել դրա դեմ: Ավստրիան ԱՄՆ-ի հակաիրանական պատժամիջոցները համարել է համաշխարհային օրենքների ոտնահարում: Քննադատելով Իրանի միջուկային ծրագրի առնչությամբ Միացյալ Նահանգների դիրքորոշումը և հակադրվելով Իրանի հետ նոր համաձայնության շուրջ բանակցություններ սկսելուն, Ավստրիայի արտաքին գործերի նախարար Կարին Կնայսելն ասել է, որ այդ քայլը հանգեցնելու է անկայունության:
«Մենք չենք վերաբացելու 2015 թվականին ստորագրված համաձայնագիրը, դա հանգեցնելու է անկայունության»,- ասել է նա:


«Վելթ» գերմանական օրաթերթին տված հարցազրույցում Կարին Կնայսելը քննադատելով ՀԳՀԾ-ից դուրս գալու ԱՄՆ-ի քայլը, Միացյալ Նահանգներին զգուշացրել է համաշխարհային օրենքների և միջազգային պայմանավորվածությունների խախտման հետևանքների կապակցությամբ:
«Եվրոպական ընկերությունները շարունակելու են համագործակցել Իրանի հետ և չեն ընդունելու իրենց ուղղված ԱՄՆ-ի սպառնալիքները»,- ասել է Ավստրիայի արտգործնախարարը:
ՀԳՀԾ-ի առնչությամբ հանդես է եկել նաև Ավստրիայի կանցլեր Սեբաստիան Կուրցը, որն ընդգծել է ՀԳՀԾ-ից ԱՄՆ-ի դուրս գալուց հետո իր եվրոպական գործընկերների հետ միասին այս միջուկային համաձայնագրի պահպանման անհրաժեշտությունը: Գերմանական «Ֆոկուս» պարբերականին տված հարցազրույցում Կուրցը, խոսելով միջուկային համաձայնագրից ԱՄՆ-ի դուրս գալու մասին, ասել է. «Իրանի հետ միջուկային գործարքը դրական է և արդյունավետ, և այժմ պետք է ջանքեր գործադրել այն պահպանելու համար»:
Ավստրիայի կանցլերը համաձայնագրի պահպանման եղանակի վերաբերյալ ասել է. «Բոլոր մակարդակներով բանակցություններ են ձևավորվում: Կարևորն այն է, որ Իրանը շարունակում է հավատարիմ մնալ այս համաձայնագրին»:


Գերմանիայի ԱԳ նախարար Հայկո Մասը ևս «Զարբրոկե» թերթին տված հարցազրույցում ասել է. «Եվրամիությունը պետք է շարունակի ջանքեր գործադրել Համատեղ գործողությունների համապարփակ ծրագրի պահպանման ուղղությամբ»: Ըստ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի, ՀԳՀԾ-ն կատարյալ չէ, սակայն այն պետք է պահպանվի: Գերմանական բանկերը պատրաստ են շարունակել Իրանի հետ բանկային գործարքները: Ըստ գերմանական «Deutsche Welle» օրաթերթի հրապարակման, չնայած ԱՄՆ-ի պատժամիջոցների վտանգին, գերմանական վեց բանկեր ցանկանում են Իրանի հետ առևտրական ներդրումները ֆինանսավորել:


Իր հերթին, Ֆրանսիայի էկոնոմիկայի նախարար Բրունո Լումերը հայտարարել է. «Մենք թույլ չենք տա, որ ԱՄՆ-ը դառնա աշխարհի տնտեսական ոստիկանությունը»: Բրունո Լումերի տեղեկացմամբ, Ֆրանսիան փորձում է ուղիներ գտնել, որպեսզի Եվրամիությունը կարողանա հատուցել եվրոպական այն ընկերություններին, որոնք Իրանի հետ գործարք կնքելու պատճառով տուժում են ԱՄՆ-ի սահմանած պատժամիջոցներից: «Ալ-Մայադին» հեռուստաընկերության կայքի տեղեկացմամբ, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը մայիսի 17-ին հայտարարել է. «Չնայած Վաշինգտոնը դուրս է եկել ՀԳՀԾ-ից, ԵՄ անդամ երկրները մտադիր են երաշխավորել ԻԻՀ-ում իրենց ընկերությունների գործունեության շարունակումը»:
ԵՄ արտաքին քաղաքականության պատասխանատու Ֆեդերիկա Մոգերինին անցած երկուշաբթի ԱՄՆ պետքարտուղարի արտահայտություններին ու պահանջներին հակադարձելով և ընդգծելով ՀԳՀԾ-ի հանդեպ Եվրամիության հավատարմությունը, ասել է. «ՀԳՀԾ-ն որևէ այլընտրանք չունի»:


Ֆեդերիկա Մոգերինին ԵՄ-ի պաշտոնական կայքում հրապարակված մի հաղորդագրության մեջ արձագանքել է Իրանի դեմ ԱՄՆ-ի նոր ռազմավարությանը, որը հրապարակել է Միացյալ Նահանգների պետքարտուղար Մայք Պոմպեոն: «Իրանի միջուկային համաձայնությունն ու դրա հանդեպ շարունակական աջակցությունը միջազգային դիվանագիտության նվաճումն է, որը երաշխավորում է Իրանի միջուկային կարողության խաղաղասիրական բնույթը»,- ասել է ԵՄ արտաքին քաղաքականության հանձնակատարը:
Ընդգծելով, որ ԱԷՄԳ-ն իր սեզոնային բոլոր 10 զեկույցներում հաստատել է ՀԳՀԾ-ի հանդեպ Իրանի հավատարմությունը, Ֆեդերիկա Մոգերինին հավելել է. «Գործակալությունն ընդգծել է, որ Իրանը թույլատրել է անհրաժեշտ համարվող բոլոր այցերը»:
«ԵՄ-ն հավատարիմ է ՀԳՀԾ-ի լիարժեք ու ազդեցիկ գործադրմանը և կշարունակի հավատարիմ մնալ այնքան ժամանակ, քանի դեռ Իրանը հավատարիմ է իր միջուկային բոլոր պարտավորություններին»,- հայտարարել է ԵՄ արտաքին քաղաքականության հանձնակատարը:


Մոգերինին նշել է նաև, որ միջուկային համաձայնության անբաժանելի տարրը համարվող Իրանի հետ առևտրական ու տնտեսական հարաբերությունների կարգավորումը միջազգային հանրության պարտականությունն է:
Ավելի վաղ Էներգետիկայի գծով Եվրամիության հանձնակատար Միգել Արիաս Կանյետեն հայտարարել էր, որ «Եվրամիությունը Համատեղ գործողությունների համապարփակ ծրագրի հարցում կդիմակայի ԱՄՆ-ի ճնշումներին ու պահանջներին»:
Թեհրանում մայիսի 19-ին Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավար Ալի Աքբար Սալեհիի հետ համատեղ մամուլի ասուլիսի ընթացքում Միգել Արիաս Կանյետեն ընդգծելով, որ ՀԳՀԾ-ից ԱՄՆ-ի հրաժարվելը որևէ ազդեցություն չի կարող ունենալ այդ համաձայնագրի վրա, հայտարարել է. «ԵՄ-ը կշարունակի իր տնտեսական համագործակցությունն Իրանի հետ»:


Ավելին, էներգետիկայի գծով ԵՄ-ի հանձնակատարը հավելել է. «ԵՄ-ը վերականգնելու է 1996 թվականին ընդունած օրենքը, որով աջակցություն է ցուցաբերվելու այն ընկերություններին, որոնք ԱՄՆ-ի կողմից կենթարկվեն պատժամիջոցների»: Սա կարելի է ուղղակի Եվրամիության մարտահրավերը համարել Միացյալ Նահանգներին: Նույնը կարելի է ասել նաև ԵՄ բյուջեի հարցերով հանձնակատար Գյունտեր Օթինգերի հայտարարության վերաբերյալ: Նա գերմանական ռադիոյին տված հարցազրույցում նշելով, որ ԱՄՆ-ը հայտարարել է, թե պատժամիջոցների կենթարկի Իրանի հետ տնտեսական համագործակցություն ծավալող երկրներին, ընդգծել է. «Այս միությունն առանց ուշադրություն դարձնելու Վաշինգտոնի սպառնալիքներին, շուտով բանկային ներդրում է կատարելու Իրանում»:
Մայիսի 19-ին համատեղ մամլո ասուլիսի ժամանակ նշելով, որ ԵՄ-ը պետք է իր ամբողջ ջանքերը գործադրի ՀԳՀԾ-ից ԱՄՆ-ի դուրս գալուց հետո ստեղծված վիճակի բարելավման ուղղությամբ, Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավար Ալի Աքբար Սալեհին հույս է հայտնել, որ մոտ ապագայում ԵՄ-ի կողմից Իրանին տրված խոստումներն իրականություն կդառնան:


Վերոնշյալ պաշտոնյաների հանդիպումից հետո, ի պաշտպանություն հիշյալ միջուկային համաձայնության, հայտարարություն է տարածել Եվրահանձնաժողովը, որով աջակցել է միջուկային համաձայնության իրականացմանը:
Հայտարարության մեջ նշված է. «Այս հանդիպումը վերահաստատում է Եվրահանձնաժողովի և Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության հավատարմությունը Համատեղ գործողությունների համապարփակ ծրագրի հատկապես 3-րդ հավելվածի նկատմամբ, որն ընդգծում է ոչ ռազմական միջուկային էներգիայի ոլորտում համագործակցության անհրաժեշտությունը»:
Եվրահանձնաժողովը հավելել է. «ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի թիվ 2231 բանաձևի շրջանակում հաստատված միջուկային համաձայնագրի իրականացումն անհրաժեշտ է տարածաշրջանի զարգացման և աշխարհի անվտանգության ու խաղաղության համար»: Հայտարարության մեջ ընդգծված է, որ Եվրամիությունը կշարունակի ամբողջությամբ և արդյունավետորեն իրականացնել միջուկային գործարքը:
Օրերս հայտնի դարձավ, որ Եվրոհանձնաժողովը եվրոպական պետություններին ԱՄՆ-ի պատժամիջոցներից խուսափելու համար առաջարկել է, որ նրանք իրենց ֆինանսական փոխանցումներն Իրանի կենտրոնական բանկի հետ իրականացնեն ուղղակիորեն: ԵՄ ավագ պաշտոնյան, ում անունը չի հրապարակվել, հավելել է, որ այս քայլը եվրոպական ընկերություններին հնարավորություն կտա վճարել Իրանի արտահանած նավթի գումարը և Եվրոպայից վերադարձնել Իրանի կապիտալը: ԵՄ-ի պաշտոնատարի տեղեկացամբ, այս նախագծի մանրամասնությունների շուրջ փորձագիտական աշխատանք պետք է իրականացվի: Այս մասին տեղեկացրել է «Ռոյթերսը» և հավելել է, որ Եվրոպան, որը ժամանակին Իրանից նավթ ներկրող ամենախոշոր կողմն է եղել, այսօր հաստատակամ է միջուկային համաձայնության պահպանման հարցում:


«ԱՄՆ նախագահի թշնամական քայլերն անհանգստության տեղիք են տվել և Եվրոպային ԱՄՆ-ի դեմ են տրամադրել»,- գրել է ամերիկյան «Վաշինգտոն Փոստ» թերթը, ապա հավելել. «Եվրոպական երկրների ղեկավարները 2017 թ. հունվարից ամենայն մտահոգությամբ օրերն ու ժամերն են հաշվում, թե երբ է ավարտվելու Դոնալդ Թրամփի նախագահության ժամանակաշրջանը: Սակայն ԱՄՆ-ի ամենամոտ դաշնակիցների նկատմամբ Թրամփի թշնամական քայլերն ավելի են լրջացրել եվրոպացիների մտահոգությունը»:
Անդրադառնալով Համատեղ գործողությունների համապարփակ ծրագրից (միջուկային համաձայնությունից) ԱՄՆ-ի դուրս գալուն, հիշյալ թերթը գրել է. «Թրամփի այդ քայլը Ատլանտյան օվկիանոսի երկու կողմերում գտնվող երկրների հարաբերությունները հասցրել են վերջին 10 տարիների ամենացածր մակարդակին»:
Ամերիկյան օրաթերթն ակնարկել է միջուկային գործարքից դուրս գալու Թրամփի քայլի վերաբերյալ Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկի հայտարարությանը: Վերջինս լրագրողներին տված հարցազրույցում ԱՄՆ-ի առնչությամբ ասել է, որ նման բարեկամներ ունենալով, այլևս թշնամու կարիք չկա: Ըստ «Վաշինգտոն Փոստ»-ի, Տուսկի խիստ ոճը ներկայացնում է Եվրոպայի հասարակական կարծիքը:
ՀԳՀԾ-ից ԱՄՆ-ի դուրս գալու վերաբերյալ որոշումն արժանացել է նաև ՆԱՏՕ-ում այդ երկրի դաշնակից Թուրքիայի քննադատությանը:


Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանն անընդունելի է համարել ՀԳՀԾ-ի համաձայնությունից ԱՄՆ-ի հրաժարվելը, նշելով, որ այդ քայլի պատճառով Միջին Արևելքում ճգնաժամը սրվել է: Ըստ ԻՌՆԱ գործակալության հաղորդման, Անկարայում մայիսի 21-ի երեկոյան արտասահմանյան երկրների դեսպանների ներկայությամբ իֆթարի (ծոմը բացելու) հանդիսության ժամանակ Էրդողանն ԱՄՆ-ի որոշումը համարել է միջազգային խաղաղությանը վնաս պատճառած: Նշելով, որ ավելի քան 15 000 միջուկային զենքի տերերն ավելի են սպառնում աշխարհին, Էրդողանն ասել է. «Նման պայմաններում ինչո՞ւ են սպառնալիք համարվում ատոմակայան ունեցող պետությունները»:
Իրանի ԱԳ նախարարության մամուլի քարտուղար Բահրամ Ղասեմին անդրադառնալով նոր համաձայնության ընդունման դիմաց Իրանին նոր փաթեթ ներկայացվելու մասին արտասահմանյան մամուլում հրապարակված տեղեկություններին, ասել է. «Եթե մյուս կողմերը կարողանան ապահովել ՀԳՀԾ-ում հստակեցված Իրանի իրավունքները և լիարժեք կերպով դրանք իրագործեն, Թեհրանը կմնա համաձայնության մեջ: Իսկ մնացած հարցերն անհիմն ու ապակողմնորոշիչ են և արժանի չեն ուշադրության»:


Անշուշտ, հետաքրքիր է, թե ինչպիսին է Իրանի վերաբերմունքը ՀԳՀԾ-ի հարցում եվրոպական երկրների և Եվրամիության քաղաքականության նկատմամբ: Իրանն արդեն բացեիբաց հայտարարել է, որ եթե եվրոպական երկրները ենթարկվեն ԱՄՆ-ի ճնշումներին ու չկատարեն ՀԳՀԾ-ով Իրանի առջև իրենց ստանձնած պարտավորությունները, ապա ինքը շատ կարճ ժամանակաընթացքում կվերսկսի 20 տոկոս հարստացված ուրան ստանալու իր աշխատանքները (այն պիտանի է ատոմային էլեկտրակայաններում էներգիա ստանալու համար, սակայն հետագա հարստացումից հետո հնարավոր է վերածել միջուկային զենքի ստեղծման համար անհրաժեշտ ուրանի): Հայտարարությունները` հայտարարություններ, բայց Իրանն այս փուլում նպատակամետ է ուշի ուշով հետևել Եվրոպայի պահվածքին, գործնական քայլերին (իրական քաղաքականությանը) և իրադարձությունների հետագա զարգացմանը:
Իրանի Ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի Շամխանին արձանագրել է. «Եթե Թեհրանը համոզվի, որ Եվրոպան անկարող է կատարել իր հանձնառությունները կամ փորձում է շահարկել Համատեղ գործողությունների համապարփակ ծրագրից ԱՄՆ-ի հրաժարվելու փաստը՝ Իրանի նկատմամբ ճնշում գործադրելու համար, ապա կվերանայի իր արտաքին քաղաքականությունը»:


Իրանի Ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղարն ասել է նաև, որ «ԱԷՄԳ-ն, որպես վերահսկող կառույց, բազմիցս հաստատել է Իրանի միջուկային ծրագրի խաղաղանպատակ բնույթը, և ԱՄՆ-ը որպես սովորական ժողովրդի դեմ միջուկային զենք օգտագործած երկիր, որը միջուկային զենքով սպառազինում է սիոնիստական մանկասպան ու վայրագ ռեժիմին, Իրանի միջուկային ծրագրի մասին կարծիք հայտնելու իրավասություն չունի»:
Իր հերթին, Իրանի խորհրդարանի ազգային անվտանգության ու արտաքին քաղաքականության հանձնաժողովի նախագահ Ալաեդդին Բորուջերդի փաստել է. «Իրանի ու եվրոպացիների առաջիկա բանակցությունները վերջնագրի բնույթ են կրում»։
Մայիսի 22-ին լրագրողների հետ ճեպազրույցում Ալաեդդին Բորուջերդին Իրանի ու եվրոպական երկրների առաջիկա բանակցությունների վերաբերյալ ասել է. «Եվրոպացիները կանգնած են պատմական կարևորագույն քննության դիմաց…»: Անդրադառնալով ՀԳՀԾ-ի պահպանման վերաբերյալ ԵՄ արտաքին քաղաքականության հանձնակատարի հայտարարությանը, նա հավելել է. «Այդ հաղորդագրության տարածումը Իրանի համար արժեք չի ներկայացնում, գործնական քայլն է, որ ՀԳՀԾ-ի պահպանման կարևորագույն երաշխիքն է համարվում»:


Այլ կերպ ասած, հիմա ամեն ինչ կախված է Եվրոպայի գործնական քայլերից, և եթե Եվրոպան չդիմանա ԱՄՆ-ի ճնշմանը և մինչև իսկ մասնակիորեն հրաժարվի Իրանի հանդեպ իր հանձնառությունների կատարումից` դրանք պայմանավորելով թեկուզ ոչ թե Իրանի կողմից միջուկային համաձայնության խախտմամբ, այլ Սիրիայում Իրանի զինծառայողների ներկայությամբ կամ Իրանի հրթիռային ծրագրով, ապա ՀԳՀԾ-ի տապալումը և Իրանի կողմից իր միջուկային ծրագրի կասեցված մասի վերսկսումն անխուսափելի կլինեն: Միանգամայն ենթադրելի է, որ դրանից որոշ ժամանակ հետո Իսրայելը և ԱՄՆ-ը հրթիռառմբային հարված կհասցնեն Իրանի ատոմային ռեակտորներին ու մյուս միջուկային օբյեկտներին, ինչն Իրանին կստիպի պատասխան հարված հասցնել նրանց, դրանից հետո իրադարձությունների զարգացումն արդեն կվերածվի լայնամասշտաբ պատերազմի, որը կարող է նույնիսկ դուրս գալ տարածաշրջանից…


Արթուր ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 3867

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ