«Փաստ չէ, որ ռուս խաղաղապահների հեռանալը Լեռնային Ղարաբաղից նույնական է Ռուսաստանի դուրս գալուն կովկասյան աշխարհաքաղաքական խաղից։ Անդրկովկասի նշանակությունը չափազանց մեծ է Եվրասիայի և, մասնավորապես, Մոսկվայի համար: Կարելի՞ է խոսել Ռուսաստանի նահանջի մասին, թե՞ իրականում մենք խոսում ենք կովկասյան տարածաշրջանային անվտանգության ողջ համակարգի վերագործարկման մասին: Մոսկվայի վիճակն ամենևին էլ այդքան անհուսալի չէ»,- ասել է ռուս քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովը։                
 

«Հաջողության պատմություն»

«Հաջողության պատմություն»
25.05.2018 | 01:04

Հիբրիդային գործընթացների փիլիսոփայությունը խարսխվում է «հաջողության պատմությունների» և «հնարավորությունների օգտագործման» թեզերի ծխածածկույթի վրա։
Այսօր աշխարհին ցուցանվում է այդ սերիայի հայկական տարբերակը։ Փորձենք հասկանալ հայկական «հաջողության պատմության» առանձնահատկությունները։ Լինենք անկեղծ ու արձանագրենք՝ առաջին փուլն իսկապես փայլուն ստացվեց, և կարելի է այն օգտագործել այլ տեղերում (Ռուսաստան, Ղազախստան, Բելառուս)՝ մի շարք պատճառներով։


ա) Հիբրիդային գործընթացն իրականացվեց շատ անսպասելի, ու ցայս, բացի հիմնական մոդերատորներից ու խաղացողներից, մնացյալք չունեն «փազլի» ամբողջական պատկերը, այն է՝ ով որքան բաժին ունի այս խաղում, վերջնահաշվում ում ձեռքում կմնա «հսկիչ փաթեթը»: Բոլորը, բուն խաղացողներից սկսած, մինչև գեոքաղաքական հարթություն, սպասման մեջ են։


բ) Հայկական հեղափոխության «հաջողության պատմությունը» եզակի էր հիբրիդային բոլոր հեղափոխությունների մեջ. հնարավոր եղավ անչափ թավշյա իրականացնել այն, եթե դրա կողքին դիտարկենք մերձավորարևելյան արյունոտ հիբրիդները, առ այս պահը ուկրաինական չփակվող վերքը։ Ժամանակ ու տեղեկատվական լուրջ հոսքեր են պետք այս ֆենոմենի հատակը հասկանալու համար, այնուհանդերձ, փաստը տեղ ունի։ Նաև չերկնչենք ասելուց՝ միմյանց դեմ կանգնած Սերժ Սարգսյան-Նիկոլ Փաշինյան գործիչների բնութագրական առանձնահատկությունների պատճառով, որպես միմյանց հայելային անդրադարձում, խաղի մեջ եղած այս երկու ուժերի համար էլ ամենակարևոր գերխնդիրը որևէ մեկի քթից արյուն չգալու մտահոգությունն էր. նրանցից յուրաքանչյուրն իր պատճառն ուներ այդպես մտածելու, այնուհանդերձ, փաստը կայացավ։


գ) Փողոցից իշխանության եկած ուժը, նաև Հայաստանը, այս պահին ունեն բավականին բարձր լեգիտիմություն։ Մնում է հասկանալ՝ կկարողանա՞ն փողոցից եկածները կապիտալացնել այդ լեգիտիմությունը՝ բոլոր ուղղություններով։
Այս հարցադրումից էլ սկսվում է հաջորդ՝ իրական «հաջողության պատմության» փուլը, որը վերաբերելու է բացառապես Հայաստանին։ Այո, անկեղծ լինենք և ասենք՝ «Հաջողության պատմության» առաջին փուլը ոչ այնքան Հայաստանի, որքան խաղի իրական մոդերատորների համար էր «հաջողություն», և քանի որ խաղի մեջ ներգրավվածներն անչափ շատ էին՝ իրենց հակոտնյա շահերով, այս փուլում արդեն կապիտալիզացիա պետք է իրականացնեն նաև իրենք։


Անկեղծ լինենք և ասենք՝ Նիկոլ Փաշինյանն առաջին փուլը տարավ առանց դույզն-ինչ սխալի, կարելի է ասել՝ «նա բիս»։ Երկրորդ փուլը, ակնհայտորեն երևում է, իրենը չէ, և, որ ամենակարևորն է, նա «նախատեսված» էր խաղի առաջին փուլի համար։ Ասել ենք, կպնդենք՝ հիբրիդային զարգացումների ժամանակ, որպես օրինաչափություն, իրական խաղացողներն ի հայտ են գալիս երկրորդ, երրորդ փուլերի ժամանակ։
Նիկոլ Փաշինյանն այս փուլում քիչ-քիչ կորցնում է իրավիճակի վերահսկողությունը։ Եվ դա ոչ այն պատճառով, որ Հայաստանը հոգսերի դանայան տակառ է, որ անգամ մի հայացքը կարող է ոչնչացնել ցանկացած «սինգապուրյան հրաշք» իրականացրած մեկին, էլ ու՜ր մնաց...
Երկրորդում ենք՝ բոլոր դեպքերում, իրավիճակը «կորցնելու» պատճառն այն չէ, որ Նիկոլի թիմը «մալալետկաների» ոչ ադեկվատ ամբողջություն է, ուր աջ ձեռքը չգիտե, թե ինչ է անում ձախը, նաև չգիտե, որ օրինաչափորեն ձախ ձեռք էլ է լինում։ Այն չէ, որ կան տնտեսական ահեղնադղորդ խնդիրներ։ Այն չէ, որ կա Ղարաբաղի հարց։ Այն չէ, որ քթի տակ է Իրանը։ Այն չէ, որ Ռուսաստանն արդեն իսկ հիստերիայի մեջ է ընկել «սորոսյան բալեքի» կառավարական օկուպացիայից։


Ո՛չ։ Ոչ այդ պատճառով։
Այլ այն պատճառով, որ խա՛ղն է այդպես գծված։ Իշխանության եկած «նորերը» հիմա իրենք են ենթարկվում անտեսանելի քաոսի, որպեսզի լավ ղեկավարվեն, հիբրիդային պրոցեսներն էլ երկարատև են և թույլ չեն տալիս այն իրականացրած որևէ մեկին մտածել, թե գործընթացի վրա ինքն իշխանություն ունի։
Ցավալի է, բայց սա էլ է փաստ։


Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 5259

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ