Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

ՈՒրվականների Հայաստանը

ՈՒրվականների Հայաստանը
25.05.2018 | 01:17

Արտահերթ ընտրությունների ուրվականը պտտվում է Հայաստանով ու չի մարմնավորվում: Հայաստանն արդեն նմանվում է ուրվականներով տան, որտեղ ամեն ոք տեսնում է` ինչ ցանկանում է: Նախկին իշխանությունը իրեն է տեսնում նորից իշխանություն, նոր իշխանությունը իրեն է տեսնում ներկա ու հաջորդ իշխանություն: Իրականում Հայաստանում երկիշխանություն է` կառավարությունը նորերինն է, օրենսդիրը, դատականն ու ՏԻՄ-ը` հներինը: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հավաստում է, որ ԱԺ արտահերթ ընտրությունները կլինեն այս տարի, առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը հավաստում է, որ աշխատում են Ընտրական օրենսգրքի բարեփոխումների վրա: Լուրեր կան, որ սահմանադրական փոփոխություններ են նախապատրաստվում: ՀՀԿ-ն համառում է, որ արտահերթ ընտրություններ պետք չեն և Ընտրական օրենսգիրքն էլ պետք չէ փոխել: ՈՒ` ի՞նչ: Ամենաանհասկանալի վիճակում ՀՀԿ-ն է: Որպես կանոն` ժողովրդավարական երկրներում ընտրություններում տանուլ տված կամ իշխանությունը կորցրած կուսակցության ղեկավարը փոխվում է: Սերժ Սարգսյանի հրաժարականը հիշու՞մ եք` «Նիկոլ Փաշինյանը ճիշտ էր, ես սխալվեցի»: Վարչապետի պաշտոնից հրաժարականից հետո նա պատրաստվում էր ՀՀԿ-ից ևս հեռանալ: Բայց մի քանի օրից վերադարձավ ու ղեկավարում է ՀՀԿ-ի քայլերը` միասնականության կոչ անելով նրանց: Միայն ՀՀԿ-ի՞ քայլերն է ղեկավարում Սերժ Սարգսյանը:


Բոլոր դեպքերում` թավշե հեղափոխությունը մնաց ֆենոմեն, որ որքան էլ բացատրվի համաժողովրդական անհնազանդությամբ, ապստամբությամբ, երիտասարդության պոռթկումով, միևնույն է, Գյումրիից Երևան քայլելով ու Երևանում մի քանի օր երթևեկություն ու ճանապարհ փակելով իշխանափոխություն չէր լինի, եթե իշխանությունը չհանձնվեր: Սա` մեկ:
Երկրորդ` անբացատրելի կերպարանափոխություն եղավ Նիկոլ Փաշինյանի հետ` նա սկսեց երկրորդել Սերժ Սարգսյանի արտաքին քաղաքականությունը` հերքելով իր նախկին տեսակետներն ու հայտարարությունները:


Երրորդ քայլով նա մաքրելու է համակարգը այն կադրերից, որ պետք չէին և Սերժ Սարգսյանին, թեպետ ընտրությունից ընտրություն ապահովել են նրա իշխանությունը: Նրանք բոլորն անցել են կարմիր գիծը` սպառելով ՀՀԿ-ի պահանջարկը հասարակության մեջ` կուսակցությունը դարձնելով հնարավոր ամեն ինչի հականիշը: Ինչու՞ ՀՀԿ նախագահը ինքը չի հեռանում ՀՀԿ-ից: Կասկած չկա, որ այդ դեպքում ՀՀԿ-ից մնալու են բեկորներ, որ որոնելու են իրենց տեղը այլ կուսակցություններում, փորձելու են նոր քաղաքական ուժ ստեղծել կամ քաղաքականությունից են հեռանալու` տարիքի, ֆինանսական վիճակի, այլևայլ պատճառներով: Ռեբրենդինգ ՀՀԿ-ում չի լինի, կլինի ինքնալիկվիդացիա: Դրա ժամանակն էլ կգա` կամ ՀՀԿ-ն այնքան կկազմափոխվի, որ ծանոթ անուն չի մնա, կամ դեռ կան խնդիրներ, որոնց լուծման համար պետք է, որ ՀՀԿ-ն մնա ու չխանգարի:


Մայիսի 1-ին մերժելով Նիկոլ Փաշինյանի ընտրությունը և մայիսի 8-ին նրան ձայն տալով` ՀՀԿ-ն ապացուցեց, որ կուսակցությունում փոփոխություն չի եղել` եղել ու մնում են մարդ-կուսակցություն, որտեղ մեկը որոշում է, մյուսները կատարում են: ՀՀԿ-ն հայտարարում է, որ լինելու է կառուցողական ընդդիմություն: Դժվար է համաձայնել, որ կառուցողական ընդդիմությունը կառուցողական է սոսկ կառավարության ծրագիրը ընդունելու չափ, հետո կառուցողականն ավարտվելու է ու սկսվելու է ընդդիմությունը` ՀՀԿ-ն չի պատրաստվում ընդունել Ընտրական օրենսգրքի փոփոխությունները: ՀՀԿ-ն պարզ պատճառով մերժում է արտահերթ ընտրությունները: Որքան էլ զարմանալի է` Նիկոլ Փաշինյանն էլ մեծ ցանկություն չունի ՀՀԿ-ի իշխանազրկումը շարունակելու, այլապես հեղափոխությունից հետո իրենց պաշտոններում չէին մնա ԱԺ նախագահն ու 2 փոխնախագահները:


Ակնհայտորեն ևս մեկ պայմանավորվածություն եղավ ու ՔՊ-ի ակտիվիստները առժամանակ հանգիստ թողեցին Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին: Նույնը կատարվեց Գյումրիում` քաղաքապետ Սամվել Բալասանյանը բեմադրեց իր հրաժարականը ու վստահության քվե ստացավ հրաժարականը պահանջողներից` մեկ տարի աշխատաժամանակ շահելով, ու ՔՊ-ի ակտիվիստները դարձյալ լռեցին, այսինքն` ևս մեկ պայմանավորվածություն կայացավ:

Ֆեյսբուքի ուղիղ եթերում Նիկոլ Փաշինյանը պատմում է ինչի մասին ասես, բայց ոչ բուն գործընթացների: Նա հրաշալի աշխատում է փողոցի հետ` պահելով կապը և առաջին անհրաժեշտության դեպքում Հանրապետության հրապարակը նորից լցնելու հեռանկարը: Ամբողջ խնդիրը հենց դա է` ներշնչել մարդկանց, որ իրենք հեղափոխություն են արել, վարչապետ են նշանակել ու համարյա իրենք են կառավարում երկիրը, մինչդեռ ընդամենը ՀՀԿ-ն փոխել են ՔՊ-ով ու իրենք էլ չեն գիտակցում, որ ՔՊ-ն աստիճանաբար դառնում է ՀՀԿ-ի քաղաքականության շարունակողը: Արտաքինի մասով` աներկբա: Հրապարակային քաղաքականությունը, կառավարման թափանցիկությունը, նորարարությունը, երիտասարդների մուտքը քաղաքականություն հրաշալի են: Քաղաքական էլիտայի փոփոխությունն ակնհայտ է, բայց որակակա՞ն է: Եթե Նիկոլ Փաշինյանը մտադիր կամ տրամադիր էր հեղափոխության, նրա կառավարությունում ոչ մի ԲՀԿ-ական կամ ՀՅԴ-ական չպիտի լիներ: Համենայն դեպս` Հանրապետության հրապարակը նրան չէր լիազորել կոալիցիա կազմել այդ քաղաքական ուժերի հետ, որ տասնամյակներով մաս են կազմել այն համակարգի, որը, իբր, հիմա քանդվում է:


Երեկ հեղափոխությանը «միացած» ԲՀԿ-ն արդեն հայտարարում է, որ արտահերթ ընտրություններում հավակնում է բացարձակ մեծամասնության: Արտառոց չէ՞ համաձայնության կառավարության անդամների համար: Նիկոլ Փաշինյանը դեռ օգտվում է իր բարձր վարկանիշից ու հիանալի խաղարկում է վարկանիշը` վարելու մի խաղ, որի արդյունքում կարող է ստեղծվել պատային վիճակ: Չի բացառվում, որ տարեվերջին նա հայտարարի` կառավարման համակարգում անհրաժեշտ փոփոխությունները եղել են, կոռուպցիան արմատախիլ է արված (ԱԱԾ-ի տնօրենը խոստացել է բացահայտումներ, որ կարող են վերաբերել ոչ միայն իրական կոռուպցիոներներին, այլև անցանկալի մարդկանց), տնտեսության մեջ մենաշնորհը վերացվել է (ՊԵԿ նոր նախագահը սպիտակ դաշտ կբերի ստվերում գործող «չարամիտ» գործարարներին ու բյուջեի եկամուտները կավելացնի), հայտնի ու հարուստ սփյուռքահայերը` ոգևորված թավշե հեղափոխությամբ, ինչ-որ ներդրումներ կանեն, 2019-ից որոշ չափով կբարձրացվեն աշխատավարձերն ու կենսաթոշակները: Մի քանի պոպուլիստական որոշումներ կընդունվեն (դեղատոմսերի, արագաչափերի, տուգանքների, որոշ հարկերի վերացման կամ նվազեցման մասով)` ապահովելու ժողովրդի աջակցությունը: Կրեատիվ քայլեր կլինեն: Այդ դեպքում` ի՞նչ իմաստ ունի արտահերթ ընտրությունը: Ի՞նչ խնդիր է լուծելու: Եթե թավշե հեղափոխությամբ նաև համակարգն է փոխվում (իսկ այդ տպավորությունը ստեղծվելու է), միանգամայն խելամիտ է հերթական ընտրություններով վերջնականապես ժողովրդավարություն հաստատել Հայաստանում` արտախորհրդարանական ու խորհրդարանական կուսակցությունները հնարավորություն կունենան պատրաստվելու, Ընտրական օրենսգիրքը փոփոխելու բավարար ժամանակ կլինի, և ընդհանրապես ֆորս մաժորները որևէ երկրի բնականոն զարգացման տրամաբանությունից չեն բխում: Իրականում դա կնշանակի, որ Նիկոլ Փաշինյանը ևս մի պայմանավորվածություն է խախտել` ի՞նչ և ու՞մ հետ` ինքը գիտի և նա, ով ստիպված կլինի հակախաղ որոնել: Առայժմ նա հետևում է իր 14+4-ին հաջորդած «ճանապարհային քարտեզին»` նոր քարտեզին, որի կետերը բխում են թե իր, թե ՀՀԿ-ի «վերաֆորմատավորման» շահերից: ՈՒ՞մ պետք կլինի նոր ՀՀԿ-ն` դարակազմիկ հարց չէ: Պատասխանը մակերեսի վրա է ու այնքան ակնհայտ, որ անիմաստ է անուններ ու թվականներ նշելը: Ծննդյան թվականը կամ իշխանության գալու: Նոր տեխնոլոգիաները հրաշալի աշխատում են, բայց ունեն անուղղելի թերություն` արագ հնանում են, անընդհատ պետք է նորից անցնել նորագույնին, նորագույնից` գերնորագույնին: ՈՒ` այդպես:
Իսկ մյուս կուսակցություննե՞րը: Կան, որ խաղի մաս են: Կան, որ ջանում են խաղի մեջ տեղավորվել: Կան, որ անմասն են ու հավատում են, որ նոր օր է բացվել Հայաստանում: Կամ` տեսնում ու հասկանում են կատարվողը ու չեն ուզում խաղարկությանը մասնակցել` իրենց խաղը չհամարելով:


Հայաստանում բազում ուրվականներ են շրջում` գաղափարների ու հակագաղափարների տեսքով: Թավշե հեղափոխությունը ևս ուրվական է, որ կարող է մարմնավորվել ու բովանդակություն ստանալ կամ մնալ պայմանավորվածությունների շրջանակում: Եթե մարմնավորվի, որքան էլ անհավատալի է, նոր իշխանափոխություն է լինելու: Եթե մնա պայմանավորվածությունների շրջանակում, նորանոր նվաճումներ է արձանագրելու ու երբ կատարվեն իրական «ճանապարհային քարտեզի» բոլոր կետերը, վերադառնալու է ելման դրություն: Ոչ ոք չի կարող պնդել, որ ինքը դրության տերն է ու իրավիճակը վերահսկելի է: Ոչ ոք չի կարող պնդել, որ ֆորս մաժորը բացառված է: Իսկ միջին վիճակագրական հայերն ուրախանում են ու հավատում են, որ իրենք են իրենց երկրի տերը: Դա իրապես սքանչելի է, կենսական էներգիան, որ բխում է հավատից ու փոփոխությունների ցանկությունից, կարող է ամեն ինչ իր տեղը դնել ու «հեղափոխությունը» դարձնել հեղափոխություն, որտեղ չկան քաղաքական կուլիսներ, որտեղ իսկապես էլիտայի որակական փոփոխություն է լինում, և իշխանություն դարձածները ոչ մի պատճառ չունեն 180 աստիճանով տեսակետ ու համակարգում միայն ցուցանակ փոխելու: Նրանց եռանդն ու ջանքը միակ դրականն է, որ անուրանալի է ապրիլ-մայիսյան Հայաստանում ու Հայաստանից դուրս բնակվող հայերի մեջ: Հայրենիքի զգացողության վերականգնումը, ամբողջի մաս դառնալու ցանկությունը և իրենց կենսագրության մեջ սեփական հեղափոխություն ունենալու զգացողությունը: Դա ամենակարևորն է, որ չի կարելի կորցնել:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Հ. Գ. Իսկ մտածե՞լ եք` ինչու՞ ու ինչպե՞ս Ռուսաստանը այսքան հեշտ ու հանգիստ վերաբերվեց իր ֆորպոստի «ապստամբությանը»: Որովհետև հստակ երաշխիքներ ունե՞ր, որ ոչինչ չի փոխվելու ռուս-հայկական հարաբերություններում ու Հայաստանի ինքնիշխանության վերականգնման հարցում: Որտեղի՞ց նման երաշխիք, և ո՞վ կարող էր տալ: Առավել ևս, որ այս ընթացքում Մոսկվան միջամտելու մեկ տեսանելի փորձ արեց` Սերժ Սարգսյանի հրաժարականից հետո իշխանության ծանր բեռը փորձելով դնել Կարեն Կարապետյանի վստահելի ուսերին: Բայց` ուսերն ու բեռն իրար չգտան, ու առաջինը Սերժ Սարգսյանին շնորհավորելուց հետո ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն առաջինը շնորհավորեց Նիկոլ Փաշինյանին: Մեկ շաբաթվա տարբերությամբ: Սոչիում Նիկոլ Փաշինյանը լիովին արդարացրեց նրա հույսերը: Եվ` մինչև հիմա արդարացնում է` լինելով «հայամետ» ու տեսնելով միայն ռուսական վեկտորը: Ի՞նչ տարբերություն Մոսկվայի համար Սերժ Սարգսյանի ու Նիկոլ Փաշինյանի միջև: Կուսակցակա՞ն: Տարիքայի՞ն: Անձերի՞: Մեծ քաղաքականության մեջ մանրուքներ չեն լինում, դա մանրուք է, որ ենթակա է փոփոխության: Մնացածը գիտի Քայլոն, բայց նա հավատարիմ է Գյումրիից Երևան անցած ճանապարհին ու ոչինչ չի ասի: Կամ` կասի: Նրա մասին արդեն ֆիլմ են նկարահանում, բայց փաստ չէ, որ Քայլոն կխաղա ինքն իր դերը: Ինչպես փաստ չէ, որ այս ամբողջ պատմության մեջ ամեն մեկն իր դերը չի խաղում` նույնիսկ տեղյակ չլինելով: Կամ` լինելով: Դրանից պատմության բովանդակությունը չի փոխվում, կարող են փոխվել տևողությունը և գործող անձանց քանակը միայն: Օրինակ` նախահեղափոխական Հայաստանի բազում նորանշանակ ընտրված պաշտոնյաներ հիմա չգիտեն` կաշխատե՞ն, թե՞ հրաժարական կտան` Սահմանադրական դատարանից ԿԸՀ: Այնպես որ` բարի օր, հետհեղափոխական հայեր, սպասեք հեղափոխությանը և նորանոր հրաժարականների, ներեցեք` նշանակումների:


Մի հավատացեք ուրվականներին` նրանք մարմնավորում են ուրիշների, ոչ ձեր իղձերը: Հեղափոխությունը շարունակվում է և շարունակվելու է այնքան, քանի դեռ այս օրերին իր առաջին հանրապետության 100-ամյակին պատրաստվող Հայաստանը չի անկախացել` նախ ինքն իրենից ու իր ուրվականներից, հետո` միջազգային ասպարեզում:

Դիտվել է՝ 2012

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ