Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանի մուտքը Հայաստան արգելել են: Նա «Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ է հայտարարել: «Ես Հայաստանից գնացողը չեմ, ես հենց այստեղ՝ «Զվարթնոց» օդանավակայանի անձնագրային բաժնում, հայտարարում եմ հացադուլ։ Առանց որոշումը ցույց տալու, առանց հիմնավորման արգելել են իմ մուտքը իմ հայրենիք։ Միգուցե` որովհետև լուսաբանել եմ Ոսկեպարի դեպքերը, եղել եմ Ոսկեպարում»,- իր տեսաուղերձում նշել է Նիկոլյանը:                
 

Դատարանը պետք է նրանց դատի

Դատարանը պետք է նրանց դատի
25.05.2018 | 02:01

Անշուշտ, վարչապետը ոչ միայն այս, այլև շատ հարցերով ծանրաբեռնված ժառանգություն է ստացել նախորդ իշխանությունից: Այդ ծանր ժառանգությունից մեկն էլ «Սասնա ծռեր» զինված խմբի հարցն է, որոնց կալանքի տակ պահելը շռնդալից հեղափոխությունից հետո միանշանակ չի ընդունվում հասարակության մեջ, թեև վարչապետը մեկ անգամ չէ, որ բարձրաձայնել է, թե դատավոր, դատախազ, քննիչ չեմ և ոչ էլ այն պաշտոնյան եմ, որ պետք է գնամ և բացեմ կալանավայրերի խցերի դռները և ասեմ՝ դուք ազատ եք: Որքան էլ դժվար, բայց չհամաձայնել հնչած կարծիքի հետ ճիշտ չի լինի:


Փորձեմ բացատրել, թե ովքեր են «Սասնա ծռերի» տղերքը: Սակայն, մինչ նրանց բնութագրելը, փոքրիկ անդրադարձ անցյալին: Ովքե՞ր էին ԱՍԱԼԱ-ի զինված խմբի տղաները: «Քաղաքակիրթ» աշխարհը միանշանակ կասի` «ահաբեկիչներ», որոնք զենք էին վերցրել և աշխարհի տարբեր երկրների թուրքական դեսպանատներում կամ այլ վայրերում սպանում էին բոլորովին անմեղ թուրքերի, ինչպես նաև գործողությունների ժամանակ դեպքի վայրում հայտնված պատահական մարդկանց: Այդպիսի պատահական մարդկանցից էր նաև իսպանացի հայտնի գրողը, որը հետագայում հոգեբանական գիրք գրեց «ահաբեկիչների» մասին և որպես մարդ արտահայտեց իր համակրանքը ահաբեկիչների նկատմամբ: Եվրոպական, այդ թվում նաև թուրքական դատարանները խիստ պատիժ էին սահմանում «ահաբեկիչների» նկատմամբ, որովհետև վերջին հաշվով նրանց գործողություններից անմեղ մարդիկ էին զոհվել:


Ինչու՞ էին ԱՍԱԼԱ-ի տղաները գնում գիտակցական մահվան. որովհետև նրանք քաջ գիտակցում էին, որ իրենց արարքը թեկուզ ոչ օրինական, սակայն մեծ, բայց մոռացված ոճրագործության հիշատակի վերականգնման համար է: Նրանք մարդկության հիշողությունն էին ցանկանում բևեռել այդ մոռացված ծանրագույն հանցագործության վրա: Եվ կարելի է ասել, որ կարողացան արթնացնել մարդկության հիշողությունը: Թեպետ նրանց վերջին հաշվով դատապարտում էին, բայց ողջ մարդկության համակրանքը նրանց կողմն էր:
Հիմա կոնկրետ հարցնեմ, ինչու՞ «Սասնա ծռերի» տղաները գնացին այդ ճանապարհով, ինչու՞ գրավեցին ՊՊԾ գնդի տարածքը, որի արդյունքում ոստիկաններ զոհվեցին: Որպես պետականորեն մտածող մարդ չեմ կարող բարձր չգնահատել իրենց ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված ոստիկաններին: «Ծռերի» զինված տղաները ոչ խուլիգաններ էին, ոչ ավազակներ և ոչ էլ շահամոլներ, այլ հակառակը` կռված հայրենասերներ, որոնք մտահոգված էին երկրում ստեղծված ծանր սոցիալական վիճակով, արտագաղթով, կոռումպացված ավազակների անպատժելիությամբ և երկրի համար շատ ծանր, իրենց համար անլուծելի թվացող հարցերի առկայությամբ: Նրանք ոչ ծրագիր ունեին, ոչ իշխանության էին ձգտում և ոչ էլ կոնկրետ պահանջներ: Նրանք ավազակներ չէին, որովհետև տեսնում էինք, թե որքան մարդ էր հավաքվում փողոցում ի սատարումն նրանց: Այժմ էլ ենք տեսնում փողոցում մի ստվար զանգված, որն իր գործողություններով պահանջում է ազատ արձակել նրանց: Նույնիսկ խմբի անվանումը` «Սասնա ծռեր», տիպիկ բնութագրում է զինված խմբի տղաների էությունը: Խենթ, խելագար հայրենասերներ, որոնք հանուն հայրենիքի ազատության ու բարգավաճման պատրաստ էին ամեն ինչի: Եվ այդ խենթ ու խելառության արդյունքում նրանք, որպես քրեորեն հետապնդելի արարք կատարողներ, հայտնվել են մեղադրյալի աթոռին: Նրանց չի կարելի անվանել քաղբանտարկյալներ, որովհետև իրենց գործողություններով մարդ են սպանել:


Սոկրատ ՀՈՎՍԵՓՅԱՆ

Հ. Գ. Ո՞րն է հարցի լուծումը ստեղծված իրավիճակից: Դատարանը պետք է նրանց դատի: Քանի որ նրանց արարքը ծանր հանցագործություն է, դատարանը չի կարող այլ հոդված կիրառել և նրանց ազատել պատժից: Նրանց պատժից կարող է ազատել միայն երկրի գլուխը՝ ներում շնորհելով, ինչպես վարվեց Ռուսաստանի նախագահը 2003 թվականին Սպիտակ տունը գրոհով վերցնելու անհաջող փորձից հետո դատապարտված մի շարք բարձրաստիճան քաղաքական, ռազմական, պետական գործիչների նկատմամբ:

Դիտվել է՝ 3721

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ