«Ռուսաստանին ռազմավարական պարտության հասցնելու համար Հավաքական Արևմուտքը, ՈՒկրաինայից հետո, ձգտում է ապակայունացնել իրավիճակը հետխորհրդային տարածքի այլ հատվածներում, այդ թվում՝ Հարավային Կովկասում, խարխլելու Ռուսաստանին տարածաշրջանի երկրների հետ կապող դաշինքային և գործընկերային հարաբերությունները: Ռուսաստանը կշարունակի զարգացնել փոխադարձ հարգալից և փոխշահավետ համագործակցություն տարածաշրջանի բոլոր պետությունների հետ»,- ասված է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ։                
 

«ՀՀԿ-ն այս պահին էլ համար մեկ հակառակորդ համարում է «Ծառուկյան» դաշինքը, ոչ թե «Ելքը»

«ՀՀԿ-ն այս պահին էլ համար մեկ հակառակորդ  համարում է «Ծառուկյան» դաշինքը, ոչ թե «Ելքը»
25.05.2018 | 02:11

Խորհրդարանական ուժերն օգնեցին Նիկոլ Փաշինյանին վարչապետ դառնալու, արդյունքում ձեռք բերեցին նախարարական պորտֆելներ, առաջիկայում էլ կունենան նաև իրենց քվոտայով մարզպետներ: «Ծառուկյան» խմբակցությունը Փաշինյանի վարչապետ դառնալու գործում որոշիչ դերակատարում ստանձնեց, սակայն մինչ այսօր «Ծառուկյանի», ինչպես նաև ՀՅԴ-ի հետ չկա, այսպես ասած, որևէ փաստաթղթային ձևակերպում, թե ինչ համագործակցություն է նրանց միջև՝ համաձայնության կառավարությու՞ն, կոալիցիա՞: Այսպես, թե այնպես նրանք որոշակիորեն կիսում են այս կառավարության պատասխանատվությունը: «Ծառուկյան» խմբակցության անդամ ՍԵՐԳԵՅ ԲԱԳՐԱՏՅԱՆԻ հետ զրուցում ենք այս և այլ թեմաների շուրջ:

-Ձեր քաղաքական ուժն ունի նախարարական պորտֆելներ և, որոշ տեղեկություններով, առաջիկայում էլ առնվազն 4 մարզերի ղեկավարումն է վերապահվելու ձեզ: Ստացվում է` այս կառավարության և՛ դրական, և՛ բացասական քայլերի համար դուք և՞ս պատասխանատվություն եք կրելու:
-Ցանկացած իրավունք նաև պարտավորություն է ենթադրում: Որևէ համակարգում, այդ թվում` պետական կառավարման օղակում, չես կարող իրավունք ձեռք բերել, բայց պարտավորություն չունենալ: Այնչափ, որչափ ներկայացված ենք կառավարությունում, այդքանով կիսում ենք կառավարության պատասխանատվությունը: Սա բնական է, այլապես համաձայնության կառավարության մաս չէինք կազմի: Պետք է տարբերել կոալիցիոն և համաձայնության կառավարությունները, քանի որ հանձնառությունները տարբեր են: Սա սիրո և համերաշխության կառավարություն է, և մենք ցանկանում ենք, որ իսկապես այդպիսին լինի: Մեր անկախ պետության պատմության եզակի հնարավորություններից է, որ երիտասարդների խինդով լցված հեղափոխության կառավարություն է ձևավորվել: Պարտավոր ենք օգնել մեր երիտասարդների կամքը և ուղերձներն իրականացնելու: Կառավարության երիտասարդ կազմն ուզում է ոչ թե վաղը, այլ հենց այսօր փոխել իր կյանքը: Հսկա պատասխանատվություն վերցնելու մեծ ներուժ ունեն այսօր մեր երիտասարդները: Ապրիլյան պատերազմին էլ համոզվեցինք, որ երիտասարդները կարող են ինքնուրույն իրենց երկրի ճակատագիրը տնօրինել և երկրի տեր զգալ: Առաջին անգամ է ձևավորվել մի կառավարություն, որտեղ երիտասարդները կարող են իրագործել իրենց իղձերը: Մենք, որպես ավագ սերնդի ներկայացուցիչներ, մեր խորհրդով, աջակցությամբ կօգնենք նրանց:
-Երիտասարդ ու անփորձ լինելը որոշակիորեն մտահոգվելու առիթ չի՞ տալիս, ի վերջո, խոսքը ոչ թե մի հիմնարկի, այլ պետության կառավարման մասին է:
-Իհարկե, մտահոգություններ կան, որոնք տեղին են ու արդարացված: Այդ մտահոգությունները մեզ պետք է օգնեն, որ ավելի ուշադիր լինենք, մենք իրավունք չունենք ձեռքներս ծալած նստելու, անտարբեր լինելու, չմիջամտելու մեր հորդորով, վերլուծականներով: Պատկերացրեք, մենք մի մեծ ընտանիքում ենք ապրում, ծնողների քայլերն ինչպիսի՞ն են, նրանք ամեն ինչ անում են, որ իրենց երեխաները չսայթաքեն, իսկ ամեն մի լավ քայլ էլ խրախուսում են: Ընտանիքի հոգեբանությամբ պետք է մեր այսօրվա պետությունը պահենք: Վստահ եմ, եթե ուշադիր լինենք և հետևենք գործընթացներին, կհաջողենք պետականակերտման այս նոր փուլում:
-Ասում եք` կօգնենք, կաջակցենք, կմիջամտենք, եթե երիտասարդ կառավարությունը խնդիրներ ունենա, այնինչ, հեղափոխության օրերին երիտասարդները չցանկացան հարթակում տեսնել քաղաքական հայտնի, ծանոթ որևէ գործչի: Ավելին, ցանկանում են բոլոր կապերը խզել «հին» Հայաստանի հետ և կառուցել «նորը»: Այս տրամաբանությամբ, ի՞նչ եք կարծում, ձեր հորդորները, միջամտությունը, կոպիտ ասած, բանի տեղ կդնե՞ն:
-Կան բազմաթիվ հարթակներ, պարտադիր չէ անպայման լինել կառավարությունում և մասնակցել այդ գործընթացին: Սոցցանցերում կարող ենք կարծիք հայտնել, որոնք կարող են ազդեցություն ունենալ այս կամ այն որոշման վրա: Ով ականջալուր կլինի, շատ լավ, բայց չլսելու դեպքում էլ մենք պարտավոր ենք ուղղություն ցույց տալ: Իրավունք չունենք մեր երիտասարդներին մենակ թողնելու: Միշտ էլ այդպես է եղել, երիտասարդները ձգտել են բացարձակ անկախության, հարթակի հոգեբանությունն էլ այդպիսին էր: Նրանք ինքնուրույն էին ձևավորել քաղաքական օրակարգը ու կարողացան մինչև վերջ տանել: Հիմա պետք է բոլոր հարթակներում քննարկումների մասնակցել, տարբեր երկրների փորձը ներկայացնել: Մեր երիտասարդները գուցե շատ ջանք ու եռանդ կարող են ներդնել, բայց շատ հարցերում պետք է առնվազն մեր ունեցած տեղեկություններով օգնենք նրանց: Ինչքան կօգտվեն այդ տվյալներից, այդքան էլ կլինի մեր օգնությունը: Այո, բոլորս էլ ունենք մտահոգություններ, հասարակության որոշակի շրջանակ պասիվ դիրք է գրավել ու ասում է՝ դե կտեսնեք, չեն հաջողի: Իհարկե, հեռու եմ այն կարծիքից, որ նրանք մեր պետության հաջողությունը չեն ցանկանում, նրանք ավելի շատ մրցակցային խնդիր ունեն: Այսինքն, ընկալման և արտահայտման ոճի տարբերություններ կան:
-Հայտարարվում է սիրո և համերաշխության հեղափոխություն, բայց ՀՀԿ-ն մշտապես խոսում է այլակարծության հանդեպ անհանդուրժողականության մասին, իսկ երբ սոցցանցերին ենք հետևում, կատարյալ խառնաշփոթ է: Այս ամենը տեղավորվու՞մ է «սիրո և համերաշխության» շրջանակում:
-Այո, կան նման խնդիրներ, որոնց պետք է ուշադիր լինել: Ցանկացած լարվածություն պետք է թուլացնել հենց սիրո ու համերաշխության մթնոլորտում: Երբ մի գաղափար ընդունում ես, բնականաբար այն ունենում է հակառակորդներ, պետք է պատրաստ լինել հասկանալի մատուցելու նաև նրանց: Սա դժվար խնդիր է: Հավանաբար մեր երիտասարդներից շատերը պատրաստ չեն այդ ընկալմանը, այդ հարաբերություններին: Այն էյֆորիան, որ այս շարժման ժամանակ կար, դեռ չի «նստել», այն ազդում է նաև պետական մտածելակերպի վրա: Կան, այսպես ասած, ֆանատներ, որոնք փորձում են փակ աչքերով օգնել: Պետք է կարողանանք կրթել մեզ և մեր երիտասարդներին, որպեսզի ձևավորվի հանդուրժողականության մթնոլորտ: Ցանկացած այլակարծություն չի կարելի մերժել, պետք է փորձել հասկանալ և սիրով պատասխանել: Վիրավորանքներին էլ պետք է զսպվածությամբ պատասխանել, չի կարելի հիսուն հոգով հարձակվել որևէ կարծիք արտահայտողի վրա, սա շատ տգեղ է:
-ԲՀԿ-ն ժամանակին կոալիցիոն կառավարություն էր կազմել ՀՀԿ-ի հետ, ուներ նախարարներ, մարզպետներ: Ի՞նչ տարբերություն կա այն ու այս ժամանակ ստանձնած պատասխանատվության միջև: Եթե ցանկանում էիք ինչ-որ խնդիրներ լուծել ձեզ վստահված ոլորտում, ի՞նչն էր խանգարում և հիմա ի՞նչն է օգնելու, որ արագ լուծումներ գտնեք:
-Ժամանակին չկարողացանք իրագործել այն ծրագրերը, որոնք նախատեսել էինք: Մեզ համար էական չէ քաղաքական ուժը, մեզ համար քաղաքականությունն է ինքնին կարևոր: Պատասխանատու երկիր կառուցելը հատվածական հանձնառություններ ունի, այսինքն, եթե որևէ քաղաքական ուժ առավելապես հոգևոր, մշակութային քաղաքականության կրող է, անհրաժեշտ է լինում տնտեսական բաղադրիչը ևս ապահովել: Արդարությունը պետք է պաշտպանված լինի, այդ թվում` տնտեսական հզորությամբ: Այս կառավարության դեպքում մենք տնտեսական բաղադրիչը խիստ կարևորել ենք: Նախորդ կառավարության դեպքում մեզ թույլ չտրվեց իրացնել մեր հնարավորությունները: Այն ֆորմատը, որն ընտրվել էր, հետևյալն էր՝ մենք մեծամասնություն ենք, ձեզ ընդունել ենք որպես գործընկեր, բայց ոչ իրավատեր: Ներքին խոհանոցն այդպիսին էր: Ես աշխատել եմ մարզպետ և կադրային փոփոխություն անելու որևէ լիազորություն չեմ ունեցել: Այս պայմաններում աշխատելը, իհարկե, շատ դժվար է: Իսկ եթե տեսլականը և նպատակը նույնն են, միջոցները կարող են տարբեր լինել:
-Այս կառավարությունն առաջնահերթություն է համարել կոռուպցիայի և մենաշնորհի դեմ պայքարը: ԲՀԿ-ն համարվում է «հին» Հայաստանի ավանդույթների կրողը, հնարավո՞ր է, որ այս առաջնահերթությունները կյանքի կոչելուց հետո կառավարության «ուղտը» ձեր դռանն էլ չոքի: Ձեր քաղաքական ուժը մտահոգվելու առիթ չունի՞:
-Նախ «հին» ու «նոր» Հայաստան չկա: Հայաստանը մեկն է, եզակի: Բոլոր նախկին քաղաքական գործիչները, որոնք այս պահին քաղաքական գործընթացներին չեն մասնակցում, աշխատել են լավ, հզոր երկիր ունենալու նպատակով: Ամենահաստաբուն ծառը հարյուր հարվածից տապալվում է, այսինքն, եթե համակարգին վերջին հարվածն այս շարժմամբ եղավ, չի նշանակում, որ տարիներ շարունակ անարդարության դեմ պայքար չի եղել: Երկար տարիներ շատ ուժեր պայքարել են, որ կոռուպցիան, անարդարությունը նվազեն, քաղաքացին իր երկրում ունենա աշխատանք: Եթե մեկն աշխատանք ունի, չպետք է մոռանա այն մարդկանց, որոնք գուցե ավելի պատրաստված են, բայց աշխատանք չունեն: Եթե մենք ավելի հզոր երկիր ունենանք, պետք է պայքարել ավելի լավն ունենալու համար: Սա անընդհատ պայքար է: Եթե որևէ մեկը մտածում է, որ մի օր պետք է ընդդիմություն չլինի, դա ամենասխալ մոտեցումն է: Պետության մեջ միշտ պետք է լինի այլախոհություն, այլակարծություն, սա առողջացում տանող ճանապարհն է, սակայն չարությամբ, վնաս տալով չպիտի հարթել այդ ճանապարհը: Մենք ստեղծել ենք սխալ համակարգ, որը բոլորիս է խժռում, նույնիսկ ստեղծողին: Երբ բացարձակ լեգիտիմությամբ ընտրեցինք Լևոն Տեր-Պետրոսյանին, համակարգը թույլ չտվեց, որ նրա պարտությունը արձանագրվի: Այսինքն, սա ամենամեծ ապացույցն է, որ լեգիտիմությունը պայման չէ, որ համակարգը կարող է նահանջել: Մեր խնդիրը նման համակարգի բացառումն է, այլապես նույնիսկ առողջ ուժերին այդ համակարգը խժռելու է: Այս առումով շատերին համարում եմ «անմեղ մեղավորներ», որոնք ձգտել են համակարգում լինել, իշխանության մաս կազմել, դիրք ունենալ:
-Այսօր Ձեր նշած արատավոր համակարգը կոտրվե՞լ է:
-Դեռ ոչ: Ավելին, հինը չի կոտրվել, ու նորն էլ չի ստեղծվել: Կարող ենք հնին հրաժեշտ տալ միայն այն ժամանակ, երբ նորը ստեղծվի: Պիտի հիշեմ Հրանտ Բագրատյանին. «Եթե ասում ենք, որ այս աշխատողն ազնիվ է, պետք է նշենք` բայց ունեցե՞լ է հնարավորություն անազնիվ լինելու»: Կարող ենք շատ մարդկանց մասին բարձր կարծիք ունենալ, բայց երբ նա հնարավորություններ ունենա, կարող է փոխել իր վարքագիծը: Այս պարագայում է, որ համակարգը պետք է օգնի, որ հարցը չհասնի անձերին:
-Տեսակետ կա, թե մայիսի 1-ին, երբ ՀՀԿ-ն չընտրեց Նիկոլ Փաշինյանին, դրանով Նիկոլ Փաշինյանին «նետեց» «Ծառուկյանի» գիրկը, հասկացնելով, որ նա ոչ թե ժողովրդի, այլ «Ծառուկյան» խմբակցության թեկնածուն է: Սա կարո՞ղ է հիմք լինել, որ հետագայում շատ հարցեր «Ծառուկյան» խմբակցությանը ներվեն, այսինքն, դուք արտոնյալի կարգավիճակ ունենաք:
-Ամենևին համամիտ չեմ, որ մայիսի 1-ին ՀՀԿ-ն չընտրեց վարչապետ՝ մտքում ունենալով Ձեր նշած տարբերակը: ՀՀԿ-ն այս պահին էլ համար մեկ հակառակորդ համարում է «Ծառուկյան» դաշինքը, ոչ թե «Ելքը»: Մայիսի 1-ին ՀՀԿ-ի քվեարկությունը բացարձակ կապ չունի «Ծառուկյան» խմբակցության հետ: Երկար տարիներ պայքարելով ընդդիմության դաշտում, ունենալով ձախողումներ, «Ծառուկյան» դաշինքը վաստակել է իր տեղը ժողովրդական շարժման մեջ: Ստացվեց մեր համագործակցությունը: Ինչ վերաբերում է ներելուն, ոչ ոք չի պատրաստվում որևէ մեկին ներելու: Եթե մեր կազմում լինեն հանցագործներ, մենք պատրաստ ենք պատասխան տալու: Եթե ընդունում ենք արդար խաղի կանոնները, պետք է պատրաստ լինենք նաև պահելու այդ սկզբունքը: Չպետք է լինել երկերեսանի, այսինքն, այն, ինչ մերն է, լավն է, այն, ինչ ուրիշինը՝ վատ: Սա չէ ճիշտ ճանապարհը, պետք է այսուհետ հետևել խաղի կանոններին:

Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 3758

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ