USD488.68
EUR549.03
RUB7.21
  •  Երևան 
    ... °C
  •  Գյումրի 
    ... °C
  •  Աբովյան 
    ... °C
Mariam Merabova in Armenia
 

«Չպետք է լինեն ավելի գերադասված գործարարներ»

«Չպետք է լինեն ավելի գերադասված գործարարներ»
25.05.2018 | 03:03

Օրերս վարչապետը փակ հանդիպում է ունեցել մի քանի օլիգարխների հետ։ Արդյո՞ք այդ հանդիպմանը ներկա է եղել ՊԵԿ նախագահը, ի՞նչ հարցեր են քննարկվել` երեկ գործադիրի նիստից հետո հարցրինք ՊԵԿ նորանշանակ նախագահ ԴԱՎԻԹ ԱՆԱՆՅԱՆԻՆ։


-Այդ հանդիպմանը չեմ եղել և չգիտեմ, թե ինչ հարցեր են քննարկվել, սակայն դրանից հետո ստացել եմ համապատասխան հանձնարարականներ։
-Կոնկրետ ի՞նչ հանձնարարականների մասին է խոսքը։
-Հանձնարարությունները եղել են պարզ և հստակ` ՊԵԿ-ը պետք է իր գործառույթներն իրականացնի օրենսդրության շրջանակներում` չպետք է լինեն ավելի գերադասված գործարարներ։
-Պարոն Անանյան, քանի որ Դուք ֆինանսների փոխնախարարն եք եղել, պետք է որ իմանաք` վերջին երկու տարում ստվերը կրճատելու քաղաքականություն իրականացվե՞լ է, թե՞ ոչ, այժմ ՊԵԿ-ի նախագահի քայլերն այդ ուղղությամբ որո՞նք են լինելու, այս պահին կա՞ անվանացանկ, թե ում եք ստվերից բերելու օրինական դաշտ։
-Ձեր հարցերին հերթով պատասխանեմ։ Վերջին տարվա ընթացքում ստվերի դեմ պայքար իրականացվել է և, մեր գնահատմամբ, այն բավականին արդյունավետ է եղել։ Սակայն չենք կարող ասել և պնդել, որ այդ պայքարը եղել է, այսպես ասած, ամբողջական կամ համապարփակ, որովհետև բոլոր երկրներում ստվերի դեմ պայքարը պետական եկամուտները հավաքագրող կառույցի առօրեական խնդիրն է և մշտական հսկողության առարկան։ Այսինքն, Ձեր հարցին պատասխանեմ. այո, ստվերի դեմ բավականին արդյունավետ պայքար իրականացվել է։ Նոր իրողություններից հետո ստվերի դեմ պայքարի է՛լ ավելի արդյունավետ պայմաններ են ստեղծվել. վարչապետը կառավարության նիստում ասում էր հենց այդ պայմանների մասին։ Ինչ վերաբերում է անվանացանկին, ապա նման տեղեկություն ՊԵԿ-ը կներկայացնի հարկ վճարողի հաշվառման համարներով։ Խոստանում եմ, որ, ըստ ավանդույթի, իմ պաշտոնավարման 100 օրը լրանալուց հետո ավելի հիմնավոր տեղեկություն կներկայացնեմ հանրությանը` Ձեր միջոցով։
-Ըստ Ձեզ, այս պահին տնտեսության քանի՞ տոկոսն է գործում ստվերում։
-Կարծում եմ, որ այդ հարցի պատասխանն ավելի ճշգրիտ կտա վիճակագրության ծառայությունը, քանի որ վիճակագրական հարցումների միջոցով է այդ տեղեկությունը ձևավորվում։
-Այո, բայց Դուք, որպես նախկինում ֆինանսների փոխնախարար, պետք է որ ունենայիք մոտավոր հաշվարկ։
-Ֆինանսների նախարարությունը կարող է անել մակրոտնտեսական դիտարկումներ, որոնց հիման վրա որևէ տոկոս հնչեցնելը չեմ կարծում, թե ճիշտ է։ ՊԵԿ-ի կամ ՊԵԿ նախագահի արտահայտած մտքերը պետք է լինեն ավելի հիմնավոր, ոչ թե վերացական կամ հիմնված մակրոտնտեսական վերլուծությունների վրա։

Ժասմեն ՎԻԼՅԱՆ

Դիտվել է՝ 1540

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ

DiplomatRadio Mao