USD487.27
EUR549.69
RUB7.31
  •  Երևան 
    ... °C
  •  Գյումրի 
    ... °C
  •  Աբովյան 
    ... °C
Mariam Merabova in Armenia
 

Ամենասուր հարցը աշխատատեղերի գերսղությունն է, ինչի պատճառով շատ տավուշցիներ զանգվածաբար արտագաղթում են

Ամենասուր հարցը աշխատատեղերի գերսղությունն է, ինչի պատճառով շատ տավուշցիներ զանգվածաբար արտագաղթում են
25.05.2018 | 05:19

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի Ռուսաստան կատարած այցի ամենացնցող տպավորությունը, թերևս, կարելի է համարել այն խանդավառ ընդունելությունը, որ ցույց տվեց տեղի հայությունը հայրենի նորընտիր ղեկավարին: Սա հիրավի աննախադեպ երևույթ էր, առավել ևս եթե նկատի ունենանք, որ տեղ ունեն Հայաստանում տարածված այն մտայնությունները, թե ռուսահայերը Սփյուռքի պասիվ հատվածներից են: Սակայն Սոչիում հնչած «Նի-կոլ, Նի-կոլ» վանկարկումները իրենց ոգևորությամբ բոլորովին չէին զիջում հայաստանյան տարբերակին: Եվ սա մեծ հույսեր է ներշնչում:


Ապշում ես, այդ ինչպե՜ս պիտի կառավարեր իրեն վստահված երկիրը Սերժ Սարգսյանը, որ արժանանար նման համաժողովրդական ատելության: Նույնիսկ «պասիվ» ռուսահայության: Եկեք անկեղծ լինենք. Նիկոլ Փաշինյանն իր օրինական պետական հեղաշրջման իրականացման մեջ էապես պարտական է հենց այդ համազգային մերժողականությանը: Չգիտե՞ր Սերժ Սարգսյանը, որ ժողովուրդն իրեն, մեղմ ասած, չի սիրում: Իհարկե գիտեր: Սակայն տասնամյա իշխանավայելչության ընթացքում նա առաջնորդվեց միայն մեկ մտահոգությամբ՝ իշխանապահությամբ: Հիմա էլ չես հասկանում, թե դրսևորված արգահատանքի ֆոնին ինչպես է նա շարունակում կուսակցություն ղեկավարել, եթե նույնիսկ այդ կուսակցությունն էլ է արտացոլում նշյալ համազգային զգացումը:


Կուզենայի անմիջականորեն դիմել Նիկոլ Փաշինյանին:
Հարգելի Նիկո, ես էլ եմ արմատներով տավուշցի: Եվ օրերս լրագրողական «տեսչական» այցով եղա իմ հայրենի նախկին Շամշադինում: Շքեղ անտառներով, գերկանաչ հովիտներով բոլորված մեր երկրամասը, թերևս, աշխարհի ամենագեղեցիկ բնատուր անկյուններից է: Հատկապես տարվա այս եղանակին: Եվ խոր ցավ ես ապրում, երբ տեսնում ես այնտեղ բնակվող մարդկանց թշվառ վիճակը: Սակայն իշխանափոխությունը այստեղ էլ է մեծ հույսեր առաջացրել: Եվ ոչ այն պատճառով, որ Դուք էլ այս վայրերի ծնունդ եք: Թեև նախկին շամշադինցիները հումորով, սակայն հպարտորեն հայտարարում են, որ իրենք էլ են արդեն... իջևանցի: Ամենասուր հարցը, իհարկե, Դուք էլ հիանալի գիտեք, աշխատատեղերի գերսղությունն է, ինչի պատճառով շատ տավուշցիներ ու հատկապես երիտասարդությունը զանգվածաբար արտագաղթում են Ռուսաստան, նույնիսկ Մոսկվա: Միգուցե, պարոն վարչապետ, մարզի իրավիճակի առողջացման առաջին քայլերից մեկը դարձնեք գոնե ամենասահմանամերձ գյուղերի ազատումը ոչ թե մասնակի, այլ բոլոր պետական վարկերից, ինչպես վարվում են Իսրայելում: Պետական բյուջեն, հավատացեք, դրանից չի տուժի: Դուք հիմա ցուցադրում եք այն գերշքեղ առանձնատները, որոնցում բյուջեի հաշվին ցինիկաբար ապրել են անկախ Հայաստանի ոչ բարով ղեկավարները: Կիսասոված երկրում: Կարելի է ավելի համեստ ապրել և ձեռք բերված խնայողության հաշվին բավարարել նոսրացած սահմանամերձ գյուղերի բնակիչների կարիքները: Չմոռանանք, որ նրանք մշտապես ապրում են հնարավոր գնդակոծությունների վտանգի տակ:


Մոսկվայում քիչ չեն բազմաթիվ նախկին տավուշցի հաջողակ բիզնեսմենները: Նրանց զգալի մասը պատրաստ է ներդրումներ կատարելու իրենց ծննդավայրում: Մինչ այժմ նրանցից շատերը հրաժարվել են այդ գաղափարից, բախվելով հրեշավոր կոռուպցիայի դրսևորումների հետ: Բոլորի մեջ նույն կարծիքն է ձևավորված՝ մինչև չինովնիկը (բոլոր մակարդակներով) իր անձնական շահը չունենա, ոչնչով չի օժանդակի ներդրողին: Եթե նոր իշխանությանը հաջողվի իրոք բիզնեսի համար ստեղծել հավասար պայմաններ, ապա ռուսաստանաբնակ շատ տավուշցիներ կաշխուժացնեն գործարար կյանքը հայրենի երկրամասում: Ավելին, մարզպետներին պետք է աշխատուժի «պլան» պարտադրել, որ նրանք ոչ թե «նստեն թախտին ու սպասեն բախտին», այլ իրենք ակտիվորեն փնտրեն ներդրողներին: Գլխավորը՝ անշահախնդրորեն:


Պարոն վարչապետ, լայն առումով Դուք խիստ կշահեք, եթե շարունակեք Ձեր հրապարակային գործունեությունը: Ես չգիտեմ անձամբ ինչ տպավորություն գործեց Ձեզ վրա Վլադիմիր Պուտինը Ձեր հանդիպման ժամանակ, սակայն համոզված եղեք, որ իր ժողովրդականությանը սեփական երկրում նա էապես պարտական է հենց հրապարակային կեցվածքի համար, երբ ինքը մատչելի է հասարակությանը, լրագրողներին, անգամ երկրի կյանքով մտահոգված ընդդիմադիր լսարանին: Ձեր կառավարման 100-րդ օրը հրավիրեք գոնե 100 լրագրողների ու հասարակության տարբեր խավերի ներկայացուցիչների և ուղիղ հեռուստահանդիպում ունեցեք նրանց հետ, պատասխանեք բուռն իրադարձություններից հետո հառնած նրանց հուզառատ հարցերին: «Ժողովուրդ ջան»-ի աչքի առաջ ազնվորեն գործելու Ձեր պատրաստակամությունը կհայցի նաև նրա ներողամտությունը Ձեր բացթողումների համար (ոչ ոք դրանցից ապահովագրված չէ), հնարավոր կդարձնի դրանց անցնցում հաղթահարումը:
Եվ վերջում՝ փոքր-ինչ քաղաքական լիրիկա: Օրերս զանգեց բարեկամս Բոստոն քաղաքից: Ասաց, որ այնտեղ վերապատրաստվում ու կատարելագործվում են մի խումբ հայաստանցի երիտասարդ չինովնիկներ, թեև այս հորջորջումը կոպիտ է հնչում նրանց համար: Հիանալի մասնագետներ են, և ամենահետաքրքրականը՝ եկել են Ամերիկա Սերժի ժամանակ, կվերադառնան Նիկոլի օրոք: Եվ չեն թաքցնում իրենց մեծ ոգևորությունը, որ գործի կլցվեն «նոր ու ազատ» Հայաստանում: Բարեկամս ավելորդ չհամարեց հիշատակել, որ ինքն էլ իր «ոգևորությամբ» փորձում է օգտակար լինել նրանց` վերջիններիս ազատ ժամանակը համալրելով զանազան միջոցառումներով, որպեսզի ջահելները ավելի լավ ճանաչեն ամերիկյան քաղաքակրթությունը և իմաստալից դասեր քաղեն սպասվող հայրենանպաստ պետական գործունեության համար:


Ռուբեն ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ
Մոսկվա

Դիտվել է՝ 1041

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ

DiplomatRadio Mao