Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Հրաչօն վերադարձել է համաժամանակյա իրականություն

Հրաչօն վերադարձել է  համաժամանակյա իրականություն
25.05.2018 | 05:24

Երկրային կյանքին մոտ երկու տարի առաջ հրաժեշտ տված, իր խոսքով՝ իրեն սպասող դստրիկ Արուսի ու կողակից Հայկանուշի մոտ գնացած Հրաչօն (Հրաչյա Մաթևոսյանը) զավակների ու մտերիմ-գրչընկերների հուշապատումով վերադարձել է համաժամանակյա իրականություն: Որդու՝ Արտակ Մաթևոսյանի կազմած, Մարգարիտ Խաչատրյանի և Գևորգ Յազըճյանի խմբագրած, թոռնուհու՝ Սոնայի դիմանկարով ձևավորված, Մարգարիտ Արիստակեսյանի սրբագրած գիրքը շատ «հրաչոյական» վերնագիր ունի՝ «Մեր Հրաչօն»: Գրքի էջերից իսկապես վեր է հառնում այնտեղ իրենց հուշն ու սերը ի պահ տվածներիս քաջածանոթ գրողը, մտավորականը, քաղաքացին, հայրը, պապը, պարզապես մեր բոլորի կյանքում այնքա՜ն անհրաժեշտ ու այնքա՜ն պակասող մարդ տեսակը:


Գիրքը հուշ-պատառիկների ժողովածու է, որում Հրաչոյի մասին վավերացված գիրը մե՛րթ գրականագիտական-մասնագիտական վերլուծություն է, մե՛րթ գրչընկերոջ հոգու խոսք, մե՛րթ մտերիմի կարոտաբույր վկայություն, մե՛րթ հարազատի բազմագույն, հուզատրոփ երակ:
«Նա իր գործերում հաճախ է օգտագործում երգիծանքի հնարավորությունը և նախընտրում է թե՛ հումորը, թե՛ սպանիչ սարկազմը: Այդպիսին է նաև նրա հրապարակախոսությունը, որի միջոցով գրողը պատկերում է հայ մտավորականի և ընդհանրապես ազնիվ ու կրթված հայի հայացքը ներկա կյանքի թերությունների վրա»,- կարդում ենք Աելիտա Դոլուխանյանի գրականագիտական շարադրանքում:


Մեկ այլ գրականագետ՝ Մարգարիտ Խաչատրյանը, այսպես է բնութագրում գրող-հրապարակախոսին. «Նա ժամանակների ու սերունդների կենդանի կապն է՝ անսկիզբ ու անվերջ…»:
Երբ թերթում ենք գրող ընկերների հուշապատումները, արձանագրում ենք, որ ստեղծագործողների շրջանում օրինաչափ համարվող խանդն ու չկամությունը շրջանցել են Հրաչյա Մաթևոսյանին: Այնպիսի սեր ու ջերմություն է հորդում նրան հիշող գրչընկերների տողերից:
«Ոտից գլուխ լոռեցի էր Հրաչիկը՝ ներծծված լոռեցու շիտակությամբ, միամտությամբ, իմաստությամբ և հատկապես հումորով: Նրա բարկությունն էլ էր հումոր, ուրախությունն էլ, խրատն էլ» (Լևոն Ջավախյան):


«Հրաչօն ամեն ինչին հումորով էր վերաբերվում: Առաջին հայացքից շրջապատին անտարբեր մարդու տպավորություն էր թողնում: Բայց այդպես չէր: Ինչպիսի՜ սիրով էր սիրում իր հարազատներին, ընկերներին, իր Երկիրը… Կատակի մեջ ցավ ու անհանգստություն կար» (Հովիկ Վարդումյան):
Հրանտ Մաթևոսյանի բարեկամ, ռուս ականավոր գրող Անդրեյ Բիտովի գրքից քաղված պատառիկը բացում է ոչ միայն Հրաչյա Մաթևոսյանի, այլև հայ տեսակի էությունը. «Ընկերոջս եղբայրը՝ լրագրող: Նա ինձ շատ է սիրում այն պատճառով, որ ես շատ եմ սիրում իր եղբորը: Հայաստանում դա բնական բան է»:


Ջերմության, սիրո, արյան ելևէջումի մի նախանձելի, հարազատաբույր աշխարհ է բացվում Հրաչոյի գերդաստանի, ընտանիքի անդամների պատումաշարն ընթերցելիս:
Չես հասկանում՝ Մաթևոսյաններին ու նրանց հետ խնամի-բարեկամ դարձած բոլորի՞ն է ի վերուստ տրված գրելու շնորհը, թե՞ Հրաչոյի հանդեպ տածած սիրուց են գիր-գրականության անդաստաններում այդքան յուրային ու բնահատուկ դարձել:
Համո, Դավիթ, Արտակ, Մանե Մաթևոսյանների, Արևիկ-հարսիկի, Հասմիկ Պապյանի պատումները չափազանց հուզականության հետ մեկտեղ գրավում են գեղարվեստականությամբ:


Ավագ թոռնուհին՝ Մանեն, արձակ բանաստեղծության յուրահատուկ ժանրին է վստահել իր սրտի խոսքը.
«Մեզնից մի աշխարհ
սեր է պակասել
մեկ ու կես տարում:
Մի ձիգ տարի,
ու մի անբուժելի սպի գոյացավ
Էլ թոռնիկ չզգալուց»:
Արտակ Մաթևոսյան ավագ որդին չի մոռանում հույզի հետ մեկտեղել գրական ճշմարտությունը. «Բախտները բերել է՝ գիրքը քո ձեռքի տակով չի անցել: Բան չէիր թողնի»: Միջանկյալ ասեմ, որ ես էլ եմ ունեցել այս մտայնությունը, երբ ցաքուցրիվ ձեռագիր էջերից վերծանում-համակարգում էի Հրաչոյի վերջին գիրը՝ «Իրատեսում» տպագրելու համար:
Նույն Արտակը հետո դառնում է ցավակիր ու պարզապես որդի՝ պահանջելով չվերջակետել իր խոսքը. «Պա՛պ, հեռակա սիրելու մեջ պարտավորվածություն, հոգատարություն, խնամք, անհանգստություն չկան: Ինձ խորթ է այսպես սիրելը»:


«Մեր Հրաչօն» չէր կարող ամբողջանալ առանց իր խոսքի, ուստի գիրքն ամփոփում է նաև նրա գրականությունից արված ծաղկաքաղ-ընտրանին՝ իմաստուն խոհ ու խրատով. «Մենք իրավունք չունենք հեռու փախչելու մեր հիշողությունից: Արու է մեր հիշողությունը: Կուզես թուրքի հետ հացի նստիր, բայց քո հիշողության դաշտը մի՛ տուր նրան: Քիչ Մշո դաշտեր չես տվել:
Մտածենք:
Մտածենք, որ էս երկիրը մերն է: Վերջին հողակտորը, մնացած երկիրը մերն է: Եվ ինչպե՞ս անենք, որ մենք էլ լինենք երկրինը: Մե՛ր երկրինը: Կյանքո՛վ լինենք երկրինը: Աճյունի համար միշտ էլ մի տեղ ճարվում է»:
Առանձին բաժնով ներկայացված են գրողի լուսանկարները՝ լուռ ու պերճախոս մի աշխարհ, որում ինքն է ու իր սիրելիները:


Գիրքը մեզ միացնում է երկրային կյանքն ամփոփած Հրաչոյի հետ՝ թռիչք գործելով նրա մեծ բացակայության միջով ու հասցնելով շատ ավելի մեծ նրա ներկայությանը:
Ես, որ տասնամյակներ շարունակ ինձ համարել եմ Հրաչոյի և Հայկանուշի մտերիմը, այսօր նույնպիսի զգացումով կապված եմ նրանց ժառանգների հետ. ստեղծագործ, արարող մարդիկ իրենց ամենամեծ ջանքը ներդրել են զավակների դաստիարակության վրա ու այսօր բախտ ունեն վայելելու այդ ջանքի բարեբեր պտուղները՝ նաև այս «Մեր Հրաչօն» գրքի տեսքով: Վստահ եմ, որ սա երկնային կյանք թևակոխած գրողի հետմահու առաջին, բայց ոչ վերջին գիրքն է, որ կդրվի ընթերցողների սեղանին և նորովի կապրեցնի Մաթևոսյան տոհմի անմահներից մեկի չխամրող հիշատակը:


Կարինե ՌԱՖԱՅԵԼՅԱՆ

Դիտվել է՝ 5856

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ