Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

«Մանանեխի հատիկի չափ հավատ ունեցողը կարող է աշխարհներ շարժել»

«Մանանեխի հատիկի չափ հավատ ունեցողը կարող է աշխարհներ շարժել»
25.05.2018 | 05:28

«Իրատեսի» հյուրը բանաստեղծ, «Ծիծեռնակ» ամսագրի գլխավոր խմբագիր ԱՆՈՒՇ ՎԱՐԴԱՆՅԱՆՆ է: Զրույցը հիմնականում անդրադարձ է նրա «Շարժման Արևը» գրքին և ոչ միայն:

«ԵՍ ԻՄ ԲԱՆԱՍՏԵՂԾՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ ԱՆԴՐԱԴԱՌՆՈՒՄ ԵՄ ԳԼՈԲԱԼ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ԱՇԽԱՐՀՈՒՄ»
-Տիկին Անուշ, «Շարժման Արևը» գրքում զետեղված են կարծիք-գնահատումներ Ձեր գրականության մասին, որոնցից մեկի հեղինակը՝ գրականագետ Աելիտա Դոլուխանյանը, նկատում է, թե Դուք ցանկանում եք Ձեր ասելիքը փոխանցել ընթերցողին և հենց ինքներդ ունեք լսված լինելու անհրաժեշտությունը: Կա՞ ինչ-որ ասելիք, որ դուրս է մնացել այս գրքի էջերից և կցանկանաք փոխանցել հարցազրույցի ձևաչափում:
-Ես տպագրածս յոթ գրքերը դրեցի իրար կողքի և փորձեցի հասկանալ՝ իմաստ ունե՞ր տպագրել այս նոր գիրքը: Շատ դեպքերում են գրողները կրկնվում իրենց երկրորդ, երրորդ ժողովածուներում: Իմ բոլոր գրքերում թեմաները կրկնվում են, և եթե գրելու լինեմ ութերորդ գիրքս, դարձյալ նույն թեմայով եմ գրելու: Գրքիս շնորհանդեսի ժամանակ Ավիկ Իսահակյանը կարծիք հայտնեց, որից շատ հուզվեցի: Ասաց, որ ես ոչ թե զուտ կանացի երևույթ եմ, այլ հետաքրքրվում եմ ամեն ինչով՝ Սառուցյալ օվկիանոսի ճակատագրով, մեղուների վերանալու խնդրով, Եվրոպայի կործանման հեռանկարով: Այսինքն՝ ես իմ բանաստեղծություններով անդրադառնում եմ գլոբալ փոփոխություններին աշխարհում: Եվ մենք, լինելով փոքրիկ Հայաստանում, տարված մեզանում կատարվող անցուդարձերով, չենք պատկերացնում, որ դրանք շատ աննշան բաներ են այն ամենի համեմատությամբ, որ այսօր կատարվում է Երկրագնդի հետ:
Ձկների դարաշրջանից մենք մտել ենք Ջրհոսի դարաշրջան: Ես շատ եմ կարդում և գրում գուշակների մասին, մտնում եմ պորտալների մեջ (գիտեմ, որ այս մասին կարդացողները կարող են ինձ խենթի տեղ դնել, բայց հիմա արդեն ոչ մի կասկած չկա, որ դրանք իրոք գոյություն ունեցող երևույթներ են): Աշխարհը չորս չափումների մեջ է, և չորրորդ չափումը գիտնականները նոր են փորձում բացահայտել, ու ես այդ ամենով խիստ հետաքրքրվում եմ: Այսօր ամենամեծ չարիքը, որ գործում է մարդը, տիեզերքի աղտոտումն է: Իհարկե, բնության, մանավանդ ծովի աղտոտումը ևս շատ լուրջ պրոբլեմ է, բայց տիեզերքի աղտոտումը սրա հետ համեմատելի չէ: Սա տանում է մարդկության ոչնչացմանը: Ողջ գիտական աշխարհն է ասում, որ Երկրագնդի վրա եղել է բարձր քաղաքակրթություն և այն կործանվել է: Փրկվել է միայն Նոյը: Նույնիսկ Սոդոմ-Գոմորի կործանումը համարում են ատոմային ռումբի փորձարկման հետևանք, և սա չի բացառվում: ՈՒ չի բացառվում, որ մենք հիմա էլ կանգնած ենք աշխարհի երեսից վերանալու վտանգի առաջ: Իհարկե, մարդկությունը, կյանքն ամբողջովին չեն վերանա, ամեն ինչ կկրկնվի, նորից աղավնին կբերի ձիթենու ճյուղը, նորից Երկրագունդը կապրի: Բայց մենք այս պարագայում պիտի մտածենք մեր տեսակը փրկելու և պահպանելու մասին: Ես կտրականապես դեմ եմ գլոբալացմանը, որովհետև հայ ազգը եզակի է, չպետք է ձուլվի ուրիշների հետ: Սովետմիության կամ Ամերիկայի փորձերը՝ մարդկանց լցնելու մի կաթսայի մեջ, խառնելու-նմանեցնելու իրար, անիմաստ են: Երբ մարդը կորցնում է իր անձնական հատկանիշները, կտրվում է իր ընտանիքից, իր հնամյա ավանդույթներից, նրա «ես»ը այլևս դադարում է գոյություն ունենալուց: Եվ իմ գրքում զետեղված պոեմները այս մասին են:
Մարդկությունը մինչև հիմա չի հասկանում, թե ինչ է իրենից ներկայացնում Զատկի կղզին: Հնագիտական ամբողջ նյութը հիմա դուրս է եկել ջրի երես, մենք հիմա այնքա՜ն բան գիտենք հին ժամանակների մասին: Այդ ամենը հայտնի է եղել վաղուց, բայց քանի որ հակասել է Դարվինի կեղծ տեսությանը, թաքցրել են: Մի բան հստակ է, բնության մեջ ոչ մի տեսակը չի վերածվում մեկ այլ տեսակի: Կարող է տեսակը մուտացիայի ենթարկվել, բայց ոչ թե դառնալ այլ տեսակ: Պլանկտոնը հիմա մուտացիայի է ենթարկվել, սկսել է պլաստմասսա ուտել, բայց դա չի նշանակում, որ դարձել է մեկ այլ բան, ասենք՝ շերեփուկ: Հոքինգը, որ Նոստրադամուսի նման մեկն էր, իր վերջին պատգամն է թողել. «Գնահատեք նրանց, ովքեր ձեզ սիրում են»: Այսինքն՝ ընտանիքը, մարդկային ավանդույթներն ավելի կարևոր են, քան մնացած ամեն ինչը: Ես շատ եմ հավանում Ղուրանը, որը Աստվածաշնչի գեղարվեստական վերարտադրությունն է իմ կարծիքով: Ղուրանում մի միտք կա, որ ուսանող տարիներից խրվել-մնացել է գլխումս. մարդը ծննդյան, սիրո ու մահվան մահճում չի փոխվել: Ես հայ ազգը համարում եմ աստվածային էությանը ամենամոտ կանգնած տեսակ, և մենք այդ տեսակի կրողն ենք եղել դեռևս հեթանոս ժամանակներից: Միտքը հզոր ուժ ունի. այն միտքը, որ մանանեխի հատիկի չափ հավատ ունեցողը կարող է աշխարհներ շարժել, ապացուցված է մարդկության պատմության մեջ բազմաթիվ օրինակներով: Բոլոր հեղափոխական շարժումները, բոլոր հեղաշրջումները կատարվել են այդ եղանակով: Դրանք կատարել են մարդիկ, որոնք հավատացել են իրենց գաղափարին:

«ԵՍ ՌԵՔՎԻԵՄ ՉԵՄ ՀՂԻ ՀԻՆ ՔԱՂԱՔԱԿՐԹՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ, ԵՐԱԽՏԱԳԻՏՈՒԹՅՈՒՆՍ
ԿՀԱՅՏՆԵՄ»
-Գրել եք «Ձոն կործանված քաղաքակրթությունների», ձոն և ոչ՝ ռեքվիեմ: Ասել է` քաղաքակրթությունները չե՞ն կործանվել, դրանք այս կամ այն կերպ շարունակվու՞մ են:
-Ես ռեքվիեմ չեմ հղի հին քաղաքակրթություններին, երախտագիտությունս կհայտնեմ: Նրանց փորձն ուսումնասիրելով, նրանց սխալները ճանաչելով՝ մենք պիտի կարողանանք ինքներս մեզ փրկել: Եվ բոլոր քաղաքակրթությունների փրկության հանգրվանը Հայաստանն է:
-ՈՒնեք այսպիսի տողեր.
«Դարերի խորքից ինձ ձեռք են մեկնում
Մովսեսը Խորենացի, Գրիգորը՝ Նարեկա վանքից,
Մեսրոպը՝ Հացեկաց գյուղից:
Եվ մի սև սյուն խոյացավ
Ժամանակների միջակայքում»:
«Սև սյան» ժամանակները անցյա՞լ են մեզ համար, թե՞ մենք դրանց մեջ ենք դեռևս:
-Անցել են այդ ժամանակները, ես 1915 թիվը նկատի ունեմ: 15 թիվը իմ սերնդի մեջ մինչև հիմա նստած է, բայց ես հույս ունեմ, որ իմ թոռներն արդեն դրանից ազատագրված կլինեն: Համոզված եմ, որ մեր նահատակների սրբադասման արարողակարգից հետո արդեն այլ կերպ պետք է ընկալել «ցեղասպանություն» երևույթը:
-«Խոստովանություն» բանաստեղծության մեջ գրում եք. «Կյանքն այնքան կարճ է՝ // Ստելու համար…»: Այդուհանդերձ, սուտը, ստողները անպակաս են մեր կյանքից: Ինչու՞:
-Նախ` մարդը շատ լավ հիշողություն պիտի ունենա՝ իր ասած սուտը չմոռանալու և միշտ կրկնելու համար: Իսկապես, ստելու համար կյանքը շատ կարճ է: Ամեն մարդ պիտի հասկանա, որ նախ և առաջ ինքն իրեն չպիտի ստի, որովհետև դա ավելի ծանր մեղք է, քան ուրիշին ստելը: Եթե մարդը չի կարող չստել, գոնե պիտի կարողանա լռել, չասել ճշմարտությունը: Ես երբեմն ստիպված եմ լինում այդ կերպ վարվել:

«ՎԵՐԱԴԱՐՁԵԼ ԵՆՔ ԷՊՈՍԱՅԻՆ, ԳՈՂԹԱՆԵՐԳԻՉԱՅԻՆ ԺԱՄԱՆԱԿՆԵՐԻՆ»
-Գրում եք.
«Ես բանաստեղծություն եմ գրում
նույն սիրով, ինչ հափշտակությամբ
երգիչ Չելենտանոն
վերանորոգում է
ժամացույցներ…»:
Իսկ կա՞ն բաներ, որ անում եք առանց սիրո, պարտադրված:
-Սիրելի՛ս, ես դուրս եմ եկել այն տարիքից, երբ անում էի շատ բաներ պարտադրված: Երիտասարդ տարիներին ինչ հիմար բաներ ասես, չեմ արել: Եթե մարդը գրում կամ նկարում է և տպագրում, ցուցադրում է իր ստեղծագործությունը, ուրեմն պատռել է պարտադրանքի կապանքները, ուրեմն ազատ է: Արվեստագետը միշտ ցանկություն ունի ճանաչված, լսված լինելու: Եվ այսօր դրա հնարավորություններն ավելի մեծ են շնորհիվ համացանցի: Ես, օրինակ, մտածում եմ, որ այսուհետ գիրք չեմ տպագրելու, Ֆեյսբուքը բավարար հարթակ է ասելիքդ տեղ հասցնելու համար: Ի՞նչ իմաստ ունի փող ծախսել, գիրք տպել, որը, միևնույն է, չի վաճառվելու: Այսօր պոեզիան չի վաճառվում, իսկ արձակը, հատկապես ֆանտաստիկ գրականությունը, լավ վաճառվում է: Այսօր աշխարհում եկել է հոմերոսյան գրականության ժամանակը: Ով էլ որ գրում է ու հաջողություն ունենում, տեսնում ենք, որ անդրադարձել է անտիկ թեմաներին: Պարզ, խոսակցական ոճը, պալատական հեքիաթի ոճը դարձել են շատ պահանջված այսօր: Այսինքն՝ կատարվել է «դարձ ի շրջանս յուր»: Մենք վերադարձել ենք էպոսային, գողթաներգիչային ժամանակներին: Ինչպես որ ամբողջ երաժշտական աշխարհը, այնպես էլ գրականը հիմա հենվում է բանահյուսության վրա: Ամեն ազգ հենվում է իր ազգագրական, բանահյուսական արժեքների վրա ու ստեղծում իր ժամանակակից արվեստը:

«ՄԵՆՔ ԱՅՍ ՍԵՐՆԴԻՑ ՊԱԿԱՍ ՉԵՆՔ ԵՂԵԼ 88-Ի ՕՐԵՐԻՆ ԵՎ ԱՆԿԱԽՈՒԹՅՈՒՆԸ ՁԵՌՔ ԲԵՐԵԼԻՍ»
-Այսօրվա ներհայաստանյան իրադարձությունները կդառնա՞ն ստեղծագործական ներշնչանքի նյութ:
-Ինչպե՞ս կարող են չդառնալ: Ես ամեն օր գրում եմ ֆեյսբուքյան իմ ստատուսները: Օրինակ՝ օրեր առաջ գրել եմ. «Աշխարհը փոխվել է 180 աստիճանով, բայց մարդիկ մնացել են նույնը»: Մենք մոռանում ենք, որ ինչ էլ կատարվի, մարդը չի կարող փոխվել: ՀՀԿ-ին հարմարվողը հիմա էլ պիտի հարմարվի Նիկոլ Փաշինյանին, ՀՀԿ-ի իշխանության օրոք տականքություն արածն էլի պիտի մնա նույն տականքը, առաջ գնացողն էլի պիտի առաջ գնա, ուղիղ խոսողը, ազնիվը պիտի մնա իր տեղում:


Այս վերջին քսան օրվա մեջ այնքա՜ն բան փոխվեց մեր կյանքում, և ամեն օրը շատ հետաքրքիր էր: Եթե այդ օրերին ֆեյսբուքում իմ գրած ստատուսները հավաքվեն, գիրք կդառնան: Գրառումներս անելիս դրանք անցկացրել եմ իմ ներսի քննադատի միջով: Եվ եթե դրանք կարդաք, կտեսնեք իմ վերաբերմունքի աստիճանական փոփոխությունը կատարվող իրադարձությունների նկատմամբ: Սկզբում ես ահավոր դեմ էի այդ շարժմանը, հավատացած էի, որ Մարտի 1-ի կրկնությունն է լինելու: Իմ որդիները ցուցարարների մեջ էին, ես շատ անհանգիստ էի: Բայց հետո վերաբերմունքս փոխվեց, և նույնիսկ եղան մարդիկ, որ երեսով տվեցին դա: Այո՛, ես գրում եմ այն, ինչ մտածում եմ, և եթե մտածածս փոփոխության է ենթարկվել, փոփոխվել է նաև գիրս: Եվ այն, որ Մարտի 1-ը չկրկնվեց, ես համարում եմ ֆանտաստիկայի ժանրից: Երբ ամեն ինչ ավարտվեց, ես ստատուս գրեցի. «Չանելով ոչինչ՝ ստացա ամեն ինչ»: Ես երջանիկ էի այդ տողը գրելու պահին էլ, հիմա էլ: Ես լուսանկարել եմ Երևանը այդ օրերին, մարդիկ անսահման ուրախ էին: Եվ ասեմ նաև, որ մենք մեր երիտասարդ օրերին պակաս չենք եղել այսօրվա երիտասարդներից: Մենք մեր ուսերի վրա անկախություն ենք տարել, ղարաբաղյան պատերազմ ենք տարել: Հայ ազգի բազուկը, ուժը գյուղացի, հասարակ տղերքն են, որոնք սիրում են ռաբիս, լսում են Թաթա: Էդ տղերքն էին կռվում Ղարաբաղում, ես էլ տանս նստած ապրում էի ամեն մի լուրով, լաց էի լինում և ուրախանում: Այնպես որ, թող չասեն, թե մենք սովետական, կաշկանդված սերունդ ենք եղել: Այդպես չէ, մենք այս սերնդից պակաս չենք եղել 88-ի օրերին և անկախությունը ձեռք բերելիս:


Զրույցը վարեց
Կարինե ՌԱՖԱՅԵԼՅԱՆԸ

Դիտվել է՝ 3537

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ