USD484.37
EUR565.50
RUB7.15
  •  Երևան 
    ... °C
  •  Գյումրի 
    ... °C
  •  Աբովյան 
    ... °C
NCOA.Durgaryan/Madoyan
Անկախության տոնի կապակցությամբ «Իրատեսի» հաջորդ համարը լույս կտեսնի սեպտեմբերի 25-ին:               
 

Երկիրն ընդարձակվում է ներսից և փլուզվում է հիմքում (ի զե՜ն)

Երկիրն ընդարձակվում է ներսից և փլուզվում է հիմքում (ի զե՜ն)
25.05.2018 | 05:31

ՆԱԽԵՐԳ


Մայիսին վարդերը վառվում-բուրում են կարմիր, ճերմակ և հակինթե ցոլքերով։ Արարատի հայացքի տակ մայիս ամիսը ահա 1 դար սխրանքի ամիս է։ Մայիսի 9 և 28, օրեր համազգային զարթոնքի և հոգեպարար բերկրանքի։ Եվ, ինչ խոսք, սա է մնայունը, մնացյալը ժամանակավրեպ է։

72 ժամ, երեք օր անց երկիրը կդառնա 100 տարեկան։ ՈՒ մի՞թե չարժե գոչել սարերն ի վեր, ձորերն ի վար` կեցցե՛ գալիք շնորհապետական հայկական հանրապետությունը։
Եվ չարժե՞ արդյոք նախ վերհիշել նախորդ 2 հանրապետությունների անցած ուղին (խիստ համառոտ մի ընթերցմամբ), այնուհետև նշել ներկա պետականության կյանքի ընթացքը` և՛ աջից, և՛ ձախից, և՛ խորքից, և՛ լայնքից։ Հաստատ արժե, զի հենց սա է ճանապարհը, որը տաճար է տանում, և այս ճանապարհը 27 տարի, դեռ մի բան էլ ավելի խոտորվել և քշում էր մեզ ուղիղ դեպի փակուղիներ։


Լավ, մի կողմ թողնենք հույզերը մեր, հույսով վառվենք և պատմաքաղաքական մի շրջայց կատարենք։ 1-ին հանրապետությունը գոյատևեց 2 տարի, գուցե մի քիչ ավելի։ Այսինքն, դեռ նոր ոտքի ելած թոթովախոս սույն մանչուկը չդիմացավ ժամանակի փորձությանը և հայտնվեց համաշխարհային պատմության մանկատանը։
2-րդ հանրապետությունը խորհրդահայկական էր, Նաիրի երկիրը կիսանկախ էր, սակայն ապրեց 70 տարի, շենացավ, ընդարձակվեց ներսից, զի եվրոպական մակարդակի գիտա-արդյունաբերական համալիր ուներ և համաշխարհային նշանակության մշակույթ։ Կայսրությունը, այնուհանդերձ, յուր կամքից էլ անկախ, հանկարծ փլուզվեց, և 2-րդ հանրապետությունը փառավորապես հայտնվեց հայկական սովետական հանրագիտարանում։
3-րդ հանրապետությու՜ն, 27 տարեկան է, բայց թոթովախոս և կաղոտն դեգերում է մեր նորագույն պատմության խաչմերուկներում, գայթում է, ջարդում է քիթն ու ճակատը, ու մեկ էլ տեսար, երջանկացած շուրջպար է բռնում, եթե հուռռա՜-նվիրական մի խնդիր է առջևը դրվում։ Ասենք համազգային զուռնա-տրնգին` Արագած լեռան շուրջը։
Սակայն չէ՞ որ մայիս ամսին վառվում-բուրում են հայոց վարդերը, և մայիսը զարթոնքի ամիս է։ Եվ սա է մնայունը։

ԵՐԿՐԻ ԿԵՐՏՈՒՄՆ ՈՒ ՓԼՈՒԶՈՒՄԸ
«Երկիրն ընդարձակվում է ներսից». ժամանակին ասել է Շիրակ աշխարհի բանաստեղծական քրմապետ Իսահակյանը Ավետիք։ Համաձայնե՞նք նրա հետ, ստիպված ենք, քանզի նա Արփաչայի գետահովտում տաճարացած յուր քոլիկում հայի բախտն էր գոցում-բացում` տիեզերքի և աշխարհի հատման կետում։ Այսպիսով 3-րդ հանրապետությունը 27 տարեկան է, սույն տարիքը պատվական է, զի 27-ամյա այրը մասնագիտություն ձեռք բերած (հաճախ էլ ընտանիք կազմած) և շեն երկրում ապրող երկրի քաղաքացին է, որը նաև կարող է երազել Էրգրի ազատագրման մասին։ Բայց ներկա 27-ամյա ՀՀ-ն շատ նման է բոյ-բուսաթը տեղը, բայց մտքերը դեռ խակ մի անդարդ տղեկի, որը շարունակ խոտորվում է, տուն չի հասնում։ Բայց քանի որ ներկա օրը տոնական է, փորձենք պարզել, թե ինչ ենք կերտել 27 տարի շարունակ։ Ըստ իս, կերտել ենք հաղթանակը Արցախում և, կարծես թե, մոտ է երանելի օրը, երբ Արցախի Հանրապետությունը մարզի կարգավիճակով կմիանա Հայաստանին, և վե՛րջ, Արցախը Հայաստան է, Հայաստանը` Արցախ։ Այլ, երկրաշեն մեծագործություններով դժվար է հպարտանալ, բայց դե պետք է լիաթոք շնչել, զի, ի հեճուկս արտաքին ու ներքին անհամար դավերի, այնուամենայնիվ, 3-րդ հանրապետությունը որպես պետական-պատմական իրողություն աներեր առկա է աշխարհի քարտեզներում։ Մնում է այն առաջ մղել և վերածել 4-րդ շնորհապետական հայկական հանրապետության։ Զորելու՞ ենք, չկասկածեք` այո։ Դուք զարմացախառն հարցնում եք, թե այդ ինչպե՞ս, ես զմայլասիրտ պատասխանում եմ` բազում փորձությունները թրծել են մեզ, հանրապետությունում ահռելի կապիտալ կա, մնում է, որ տղեկը դառնա տղամարդ և խոտորնակի ճանապարհից խոտորվելով` քայլի դեպի լյառը Մասիս, նաև Սիս։ Կռահեցիք անկասկած, որ Մասիսը Հայաստանն է, Սիսը` Արցախը։ Եվ վե՛րջ, այլընտրանք չկա։

Նվիրական այս պահին արժե՞ արդյոք թվարկել երկրի կեղեքման բոլոր գործարքները։ Չարժե։ Նախ, որ դրանք հանրահայտ են և վաղուց ի պահ են հանձնվել մեր նորագույն պատմության դասագրքին, այնուհետև երկրի համապատասխան դատաիրավական ծառայությունների գրանցամատյաններին, և ապա, մի՞թե այսօր ժամանակն է, որ փորփրենք անցյալը և անարգանքի մետաղափուշ սյունին գամենք հանրահայտ և դեռ անհայտ այրաց և տիկնանց։ Չկասկածենք, այս ամենի ժամանակը դեռ գալու է։ Բայց գալու է այն երանելի օրերին, երբ կձևավորենք ազնվապետական խորհրդարան, որը կկազմավորի ազգընտիր մի կառավարություն։ Բայց մի քայլ կատարենք և փորձենք ձևավորել մի ծանրաբարո խորհրդարանական հանձնաժողով և պարզենք, թե հանուն ո՞ր պետականաշեն ծրագրի կենսագործման է 1999-2010 թվականներին ՀՀ-ից օֆշորներ «արտագաղթել» 2,2 մլրդ դոլարը, իսկ 2017-ին` 1 մլրդ-ը։ (Սույն տվյալները վերջերս ներկայացրել է Tax Justise Network խիստ ներկայացուցչական կազմակերպությունը)։


Գերցանկալի է, որ վերոնշյալ հանձնաժողովը ձևավորեն նախկին գործընկեր քաղկառույցները` ՀՀԿ-ն և ՀՅԴ-ն։ Դուք հարցնում եք` ինչու՞ նրանք։ Ես պատասխանում եմ, ահա թե ինչու։ Տեսեք, ՀՀԿ-ն հսկայական քաղաքատնտեսական խութեր է շրջանցել և կարող է ժամուկեսում հայտնաբերել օֆշորակիր նվիրյալներին։ Հասկանալի է, որ հայտնաբերելով` նրանց կներկայացնի հանրության դատաստանին։ Իսկ ՀՅԴ-ն։ ՀՅԴ-ն այս պահին գերերանելի մի հանգրվանում է, զի խորհրդարանական մեծամասնություն ՀՀԿ-ի ընդդիմությունն է, կառավարական ամբողջություն «Ելքի» դաշնակիցը։ Բնականաբար, ՀՅԴ-ն պետք է պատմական սխրանք գործի։ Զորօրինակ, եթե այժմ անհնար է Իսթանբուլը դարձնել արյան ծով և վերագրավել «Բանկ Օտտոմանը», ապա պետք է թիկունք կանգնել ՀՀԿ-ին և մահավճիռ կարդալ հայկական օֆշորներին։


Միով բանիվ, երկրի քերթումն ավարտվում է, օֆշորային գումարները ներգաղթում են դեպի ՀՀ, ծառայողական մեքենաները դրվում են աճուրդի, նվիրաբերված միլիոնները ճանաչվում են որպես գողոն (պահուստավորվում են պետբյուջեում) և, վե՛րջ, երկրի վարակասփյուռ վարկերը կամաց-կամաց մարվում են, թոշակները հանդգնորեն բարձրանում են, ջիպերի ոհմակներն էլ անհետանում են։

Ի ԶԵՆ, ԶՈՐԱՀԱՎԱՔ Է
Մայիսի 28-ի վեհաշուք օրվան ընդառաջ հողմաղացը քուն մտավ և մի քնարաշաղախ երազ տեսավ, երազում հյուրընկալեց արծաթատող բանաստեղծ Արմենին Մարտիրոսյան, որը երկու քառյակ ընթերցեց իր «Փայտփորիկը» աննման ստիխից.
Խաղաղ դաշտում կանաչ գծեր արթնացումի
խմորվում են երկունքի մեջ ազատության,
որի վրա Աստծո ձեռքն է տեղադրվում`
որպես շարժում և մոռացված մի հուշարձան։

Եվ ինքն իրեն կտցահարող մի փայտփորիկ,
որ փնտրում է ազատ շարժման ստվեր ու գիծ
և ինքն իրեն այնքան պիտի փնտրի-փորի`
մաշկը պատռի և դուրս ելնի իր մարմնից։

Զարթոնքախինդ հեղեղումներն արդեն պատմության դատաստանագրքում են։ Այժմ ժամն է ապաշխարության և պահն է ողջախոհության։ Ջրերը պղտորվել են և դեռ զուլալվելու են։ Բայց քանի դեռ կան պղտոր ջրեր, ապա անպակաս են այդ ջրերում ձուկ որսալու կազմ ու պատրաստ աղետամիտ ձկնագողերը, կարթերն առաջ, շարվեշարան լճի շուրջը դարան մտած։ Սակայն չէ՞ որ մեր խաղաղ դաշտերում կանաչ գծեր կան արթնացումի, և կա մի փայտփորիկ, որը փնտրում է ինքն իրեն և փորձում է սեփական մաշկը պատռել և դուրս ելնել ինքն իրենից։
Առակն այս ի՞նչ ցուցանեց։ Կռահեցիք, խիստ անհրաժեշտ է գոչել ի զեն և հայտարարել համազգային զորահավաք։ Հայտարարել և առաջ մղել ազգային ընտրանին։ Կա՞ն անհատներ, որ պատրաստ են գալիք խորհրդարանում և կառավարությունում մտնելու ծառայության, ոչ վայելքի, ոչ էլ վասն իշխանական այլասերման։ Թվարկում եմ ընդամենը երկուսին (ամենևին չկասկածեք, ուր նմանները շա՜տ են), և այսպիսով ներկայացնում եմ հողմաղացյան այն ասպետներին, որոնք կծառայեն ինքնամոռաց և երկիրը կընդարձակեն ներսից, կպահպանեն այն դրսից։


Ահավասիկ, Վահագն Խաչատրյան. Երևանի քաղաքագլուխն էր 1992-1995-ին, բարդ ու հեղհեղուկ այդ օրերին նա ծառայեց երկրին ու քաղաքին, ամենևին տուրք չտվեց ՀՀՇ-ի նկրտումներին։ Երեք տարի շարունակ տիար Վահագնը քաղաքապետարան էր գալիս ժամը 9.00-ից առաջ, հեռանում էր 23.00-ից հետո։ Եվ կառուցիկ աշխատում էր, դիմակայում էր գայթակղություններին, մերժում էր ապօրինությունները։ Բայց նրա տակ ական դրեց տխրահռչակ Բագրատյանը։
Գևորգ Գևորգյան. «Գևորգյան մարտարվեստի դպրոց» հայրենասիրական-երիտասարդական կենտրոնի հիմնադիր։ 14 տարեկանում միացել է արցախյան ազատամարտին։ ՈՒսումնասիրել է արևելյան մարտարվեստ և ուսուցանել է զինակիցներին։ Հայկական տառակերտման գաղափարի վրա ստեղծել է մարտարվեստի հայկական դպրոցը։ Սույն դպրոցում հոգևոր-հայեցի մարմնակրթություն են ստացել հարյուրավոր հայորդիներ, որոնք դարձել են ազգային պետության կառուցման գործին պատրաստ արորդիներ։


Այսպիսով, ներկա Հայաստանում մի՞թե չկան 105 նվիրյալ և գիտակ անձինք, որոնք պատրաստ են ի խորոց սրտի ճգնելու և կերտելու Երկիրը Նաիրի։ Կա՛ն։ Իհարկե կան։ Չկասկածեք ամենևին։ Ինչպես նաև վստահ եղեք, ի հայտ կգան արորդի կառավարիչներ (նրանց թվում նաև տիկնայք փափկասուն), որոնք կկառավարեն երկիրը խղճի մտոք։

ՎԵՐՋԵՐԳ
Նախ և առաջ` անհրաժեշտ է ՀՀ-ի և Արցախի վերամիավորման հարցը դարձնել համահայկական քննարկման նյութ և աշխարհին ծանուցել այդ մասին։
Նախ և հետո` պաղատենք թախանձագին, որ ներկա ժամանակավոր կառավարության նախարարները հնարավորինս շուտ ներկայացնեն իրենց վստահված ոլորտների արմատական բարեփոխումների ծրագրերը։
Եվ վերջապես, գալիք 100-ամյակը եկեք դիմավորենք նախ ապաշխարությամբ, այնուհետև` ծոմապահությամբ։


Վրեժ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Դիտվել է՝ 2337

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ

DiplomatRadio Mao
Ալեքսեյ ՉումակովMarketers CommunityԱռողջ սիրտ