Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Ինչպես տոնվեց առաջին տարեդարձը

Ինչպես տոնվեց առաջին տարեդարձը
25.05.2018 | 05:38

Ինձ հայտնի չէ, թէ հայրենական իշխանությունն ինչպես է նշելու Հայաստանի Հանրապետության 100-ամյա հոբելյանը, ինչպիսի միջոցառումներ են նախատեսվել և առհասարակ նախատեսվե՞լ են, թե՞ ոչ: Բայց գիտեմ, որ ՀՀ առաջին տարեդարձը բառի բուն իմաստով համազգային տոնախմբություն էր, չկար գեթ մեկ գաղթավայր, որտեղ հպարտ ցնծություն չտիրեր: Իսկ մամուլը հեղեղված էր անհամար նյութերով, որոնց մի մասը քաղել ու ներկայացնում եմ ստորև:

Երևան: Աննման հանդիսավորությամբ է տոնվել Հանրապետության հռչակման տարեդարձը Երևանում: Ամբողջ քաղաքը դրոշազարդված էր: Առավոտյան քաղաքային տան առջև հոգեհանգիստ կատարվեց կաթողիկոսի հանդիսապետությամբ: Հոգեհանգիստ-մաղթանքին հաջորդել է զորահանդեսը, որին ներկա են եղել դաշնակից և դրացի պետությունների ներկայացուցիչները:
Մեծ թափորով պաշտոնական անձինք առաջնորդվել են Խորհրդարան, ու կաթողիկոսի, դաշնակից և դրացի պետությունների ներկայացուցիչների և խուռն հասարակության ներկայությամբ վարչապետը կարդացել է Միացյալ, Անկախ և Ազատ Հայաստանի պաշտոնական հայտարարագիրը, որ քանիցս ընդհատվել է որոտընդոստ կեցցեներով ու ծափերով: Դաշնակից պետությունների ներկայացուցիչների համար հայտարարագիրը կարդացվել է նաև ֆրանսերեն:
Խորհրդարան է մտել արևմտահայերից 12 հոգի, որպես վավերացում Միացյալ Հայաստանի, համաձայն արևմտահայոց համագումարի փետրվարի 6-ի որոշման. խուռն ծափերով են ընդունվել արևմտահայ պատգամավորները:
Տոնի առթիվ ընդհանուր ներում է շնորհվել բանտարկյալներին, բացվել են զանազան վարկեր` մայրաքաղաքում հուշարձան կանգնեցնելու, հայ ազատագրության պատմությունը գրելու և հայրենիքին մատուցած ծառայությունների համար շքանշան պատրաստելու համար:

Յայտարարագիր Միացեալ Հայաստանի անկախութեան
Հայաստանի կառավարութիւնը մայիսի 28-ին` Հայաստանի Հանրապետութեան հռչակման օրը, յայտարարել է Միացեալ Հայաստանի անկախութիւնը: Ահա այդ պատմական վաւերաթուղթը:
«Հայաստանի ամբողջութիւնը վերականգնելու և ժողովրդի լիակատար ազատութիւնն ու բարգաւաճումն ապահովելու համար, Հայաստանի կառավարութիւնը, համաձայն բովանդակ հայ ժողովրդի միահամուռ կամքի ու ցանկութեան, յայտարարում է, որ այսօրուանից Հայաստանի բաժան-բաժան մասերը մշտնջենապէս միացած են իբրև անկախ պետական միութիւն:
ՈՒղիղ մի տարի առաջ Ռուսահայերի համագումարից ընտրված Հայոց Ազգային խորհուրդը յայտարարեց իրեն անդրկովկասեան հայկական գաւառների բարձրագոյն իշխանութիւն: Ազգային խորհրդի կազմած կառավարութիւնն այդ քաղաքական ակտի մասին պաշտօնապէս պետութիւնների ներկայացուցիչներին յայտնելուց յետոյ, այս մի տարուայ մէջ փաստօրէն հաստատել է իր իշխանութիւնն Անդրկովկասի հայկական գաւառներում:
1919 թ. փետրուար ամսին Երևան քաղաքում կայացած արևմտահայ երկրորդ համագումարը հանդիսաւոր կերպով յայտարարեց, որ նա Հայաստանը միացեալ և անկախ է ճանաչում:
Այժմ Անդրկովկասում և Օսմանեան կասրութեան սահմաններում գտնուած հայկական երկիրների միացման և անկախութեան այս ակտը կատարելով` Հայաստանի կառավարութիւնը յայտարարում է, որ Միացեալ Հայաստանի պետական ձևն է Ռամկավար Հանրապետութիւն և որ ինքը հանդիսանում է Միացեալ Հայաստանի Հանրապետութեան կառավարութիւնը:
Այսպիսով, ներկայումս Հայաստանի ժողովուրդն է իր ամբողջացած հայրենիքի գերագոյն տէրն ու տնօրէնը և Հայաստանի խորհրդարանն ու կառավարութիւնը հանդիսանում են միացեալ ազատ ժողովուրդը շաղկապող բարձրագոյն օրէնսդիր և գործադիր իշխանութիւնը:
Հայաստանի կառավարութիւնը սոյն գիրը հրատարակում է 1919 թ. ապրիլ 2-ի խորհրդարանի որոշմամբ, կառավարութեանը տրուած յատուկ լիազօրութիւնների հիման վրայ:
Նախարարական խորհրդի նախագահի և արտաքին գործերի նախարարի պաշտօնակատար Ալ. Խատիսեան
Ներքին գործերի նախարարի պաշտօնակատար
Մ. Մանասեան
Զինուորական նախարար զօր. Ա. Արարատեան
Արդարադատութեան նախարարի պաշտօնակատար
Յ. Չմշկեան
Հանրային կրթութեան նախարար
Գ. Մելիք-Ղարագյոզեան
Խնամատարութեան նախարար Ս. Թորոսեան
Պարենաւորման նախարար Ք. Վերմիշեան
Ելևմտական նախարարի պաշտօնակատար
Գ. Ջաղեթեան
Գործերի կառավարիչ Գ. Խատիսեան
1919 թ. մայիսի 28, Երևան քաղաք

Կ. Պոլիս: Մայիս 28-ի առաւոտուն կանուխ Կ. Պօլսոյ բոլոր թաղերը, սկսած Իշխանաց կղզիներէն մինչև Վոսփորի և Ոսկեղջիւրի հեռաւոր գիւղերը, զարդարուած էին հեղեղանման եռագոյնի ծփանքներով: Մեր յոյն եղբայրները մեզի հետ կը բաժնէին կատարուող խրախճանքի վայելքը: Չկար հունական խանութ մը կամ հանրային հաստատութիւն մը, որուն վերև չծածանէր հայկական եռագոյնը: Սուլթաններու մայրաքաղաքը նման հրաշքի մը բնաւ ականատես եղած չէր դարերէ ի վեր:
Միևնոյն օրը միաժամանակ տեղի կունենային անկախութեան հանդէսներ բոլոր թաղերուն և հեռաւոր արուարձաններուն մէջ: Մեծագոյն հանդէսը տեղի կ’ունենար Բերայի Սբ Երրորդութիւն եկեղեցիին մէջ, հսկայ բազմութեան մը ներկայութեան: Հանդէսներուն կը մասնակցէին ժողովրդական բոլոր խաւերն ու հոսանքները: Ռամկավար-Ազատական յայտնի գործիչ մը իր բանախօսութեան ընթացքին ըսաւ. «Ով որ կ’անտեսէ Հայաստանի անկախութեան փառահեղ իրականութիւնը, կամ անբուժելի ստրուկ մըն է և կամ յաւիտենապէս կորած դաւաճան մը»:
Այս խանդավառութեան տակ էր, որ դոկտ. Վահրամ Թորգոմեանի նախագահութեան տակ կազմակերպուեցաւ Հայաստանի բանակի Օգնութեան մարմինը, մասնակցութեամբ քաղաքական բոլոր հոսանքներուն և հայրենակցական միութիւններուն, որպէսզի կարելի օգնութիւնը հասցուի Հայաստանի քաջարի բանակին, որ զէն ի ձեռին կը շարունակէր ստեղծել Հայաստանը` կարգի բերելով բոլոր ըմբոստ տարրերը:

Փարիզ, 19 մայիս 1919
Սիրելի հայրենակից
Յառաջիկայ մայիս 28-ը տարեդարձն է Հայկական Հանրապետութեան ցնծառիթ հիմնարկութեան. այս տարեդարձը կը զուգադիպի այնպիսի օրերու, ուր օսմանեան բռնապետութեան քանդումը և բովանդակ Հայաստանի ազատագրման վճռական երանաւէտ իրականացումը իրենց վախճանին յանգելու վրայ են: Լուսապայծառ յոյսերով լեցուն այս օրերուն մէջ հանդիսաւորապէս տօնելու համար հայ ազատագրութեան արշալոյսին այս մեծ տարեդարձը, Միացեալ Հայաստանի պատուիրակութեան նախաձեռնութեամբ Համբարձման տօնի օրը` 29 մայիս հինգշաբթի, հանդիսաւոր պատարագէն յետոյ գոհաբանական մաղթանք պիտի կատարուի: Պիտի պատարագէ Ամեն. Տ. Եղիշէ արք. Դուրեան, երգիչ խումբը քառաձայն պիտի երգէ պատարագը երգեհոնի ընկերակցութեամբ:
Պատուիրակութիւնս կազմակերպած է նաև յատուկ յանձնախումբի մը աջակցութեամբ ազգային և արուեստագետական երեկոյթ մը, որ տեղի պիտի ունենայ մայիս 28 չորեքշաբթի գիշեր, ժամը ճիշտ 8.50-ին, Salle des Inge՛nieurs Civils 19 rue Blanche, ուր պիտի բանախօսեն Պօղոս Նուպար փաշա, պ. Ա. Ահարոնեան և պ. Ա. Չօպանեան:
Գեղարուեստական բաժնին պիտի մասնակցին հանրածանօթ դաշնակահար M. Victor Gille, օր. Արմէն Օհանեան, օր. Մ. Բաբայեան, օր. ի. Գավանոզ, պ. Տ. Ալիքսանեան, Հայկազուն Բագրատունի և երգիչ խումբը առաջնորդութեամբ տոքտ. Լ. Համբարձումեանի:
Հայ ազատութեան վերակենդանացման առաջին հանգրուանը տօնող այս կրկնակ հանդիսութեանց կը յուսանք, որ ամբողջ Փարիզի գաղութը պիտի փութայ ներկայ գտնուիլ:
Ընդունեցէք, սիրելի հայրենակից, մեր յարգանաց հաւաստիքը:
Ի դիմաց Ամբողջական Հայաստանի պատուիրակութեան
Ա. Ահարոնեան
Պօղոս Նուպար

Բեռլին: Պերլինէն կը հաղորդեն մեզի, թէ մայիս 29-ին Հայկական Հանրապետութեան առաջին տարեդարձը շատ փառաւոր կերպով տօնուած է այնտեղ. Պերլինի ամբողջ հայ գաղութը` մօտ 80 հոգի, ներկայ գտնուած է հանդէսին: Տօնակատարութեան յիշատակը յաւերժացնելու համար հանգանակութիւն եղած է ի նպաստ Հայաստանի սովեալներուն: Հանգանակութիւնը անմիջապէս բարձրացած է 70 հազար մարկի, Համպուրկի հայ գաղութը այս գումարին վրայ 10000 մարկ աւելցուցած է:
Կը կարծուի, թէ մէկ քանի օրէն հանգանակուած գումարը կը հասնի 100000 մարկի:

Տարսոն (Կիլիկիայի Ադանայի նահանգ): Տարսոնի հայերը փայլուն կերպով տօնած են Հայկական Հանրապետութեան առաջին տարեդարձը: Եկեղեցական արարողութիւններէ վերջ հայերը հաւաքուած են ազգային վարժարանը, որ այս առթիւ դրօշազարդուած էր, և ուր կատարուած է հանդէսը: Ազգային երգեր երգուած են և բանախօսութիւններ եղած: Ներկայ եղած է ֆրանսացի կառավարիչը: Այս առթիւ բոլոր հայերը ու յոյները գոցած են իրենց խանութները:
Ատանայի մէջ ևս տարեդարձը տօնած է շքեղ հանդիսաւորութեամբ: Առաւօտուն եկեղեցիին մէջ կատարուած է գոհաբանական պաշտամունք, որուն մասնակցած են նաև յոյն եկեղեցականներ: Կէսօրէ վերջ կատարուած է բուն հանդէսը վարժարանի սրահին մէջ, եղած են բանախօսութիւններ ու երգուած են ազգային երգեր: Բոլոր տուներն ու խանութները դրօշազարդուած են այս առթիւ:

Փա՜ռք անոնց, որ յուսացին այս օրը, երբ յուսալն յիմարութիւն էր, և երազեցին զայն, երբ երազելն ոճիր էր:
Փա՜ռք անոնց, որ խաւարին մէջ արշալոյսը երգեցին և մահուան մէջ կեանքը որոնեցին:
Փա՜ռք անոնց, որ հայրենի դաշտերը չլքեցին, երբ անոնք տատասկ կը բուսցնէին ցորենի փոխարէն, և հայրենի աղբիւրներէն չբաժնուեցան, երբ անոնք արիւն-արցունք կը հոսէին ջուրի փոխարէն:
Փա՜ռք անոնց, որ օտար հորիզոններու տակ հայրենի կարօտի հուրովը հրաբուխներ բորբոքեցին և հայրենիքի տառապանքէն շանթեր նիւթեցին:
Փա՜ռք անոնց, որ իրենց գրիչը թաթխեցին հայրենիքի արիւնի մէջ և հայկական տառապանքը ըրին իրենց ներշնչման ակը:
Փա՜ռք, յաւիտենական փառք անոնց մանաւանդ, որ գերերկնային ինքնաժխտումով մը իրենց հաւատքը իրենց իսկ արիւնով սրբագործեցին և ինկան Մեծ Երազին երկունքին մէջ` կեանք պարգևելու համար իրենց տեսիլքներուն: Փա՜ռք երեկի երազին, փա՜ռք այսօրուան իրականութեան:
Մ. Համբարձումեան

Այս օր` 28 մայիս, հայ ժողովուրդը` ցրուած աշխարհի ամեն կողմ և Հայաստանի մէջ, հանդիսաւորապէս կը տօնէ Հայաստանի ազատագրութեան առաջին տարեդարձը…
Դարերու երկա՜ր և անպատմելի ստրկութիւնէ, տանջանքէ և խաչելութենէ վերջ, հայ ժողովուրդը իր վերապրելու յամառ և սքանչելի կամքով, կորովով և հերոսական մաքառումներով անգամ մը ևս յարութիւն կ’առնէ Արարատի ստորոտը…
Կեցցէ՜ Հայաստան Հանրապետութիւնը…
Մայիս 28-ը այսուհետև պիտի լինի ուրեմն Հայաստանի ազատագրութեան տօնը, ինչպէս հուլիս 4-ը Միացեալ Նահանգներու և 14-ը Ֆրանսայի ազատութեան տօնն է:
ՈՒ մենք ու մեր յաջորդները ամեն տարի նոյն հանդիսաւորութեամբ պիտի տօնենք ազատութեան մեր ազգային տօնը, միշտ յիշելով և միշտ վառ ու բարձր պահելով յիշատակն ու գործը անոնց, որոնք իրենց տարիներու տաժանելի և ստեղծագործ ջանքերով, աշխատանքով և փրկարար կռիւներով ու սրբազան արիւնով հայ ժողովուրդին ազատութիւնը դարբնեցին…
ՈՒ այդ հրճուառիթ օրը հայ ժողովուրդը իր ազատագրութեան տօնը կը տօնէ հայրենիքի, մայիսի կանաչներով ու ծաղիկներով զարդարուած դաշտերուն մէջ ու հրապարակներուն վրայ և շրջապատուած իրմէն նուիրուած իր հերոսներուն մարմարեայ յուշարձաններով…
Կեցցէ՜ մայիս 28, կեցցէ՜ հայ ժողովուրդը:
Զ. Մաթիկեան

Խաչատուր ԴԱԴԱՅԱՆ

Դիտվել է՝ 4662

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ