Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Աշխարհի թագավորների կիրճը Հայաստանում. մեկնարկը տրված է

Աշխարհի թագավորների կիրճը Հայաստանում. մեկնարկը տրված է
25.05.2018 | 06:17

Կրկին ներկայանալով «Իրատեսի» ընթերցողներին` հիշեցնում եմ նախագիծը և ներկայանում առաջարկով:
Ինչպես նշել եմ նախորդ հարցազրույցում, ցավալի է, բայց փաստ. Հայաստանը և Երևանը գրեթե անճանաչելի են աշխարհում, քանի որ բավականաչափ լիարժեք չեն ներկայացվում, դուրս են մնում համաշխարհային զբոսաշրջության ճանապարհային քարտեզներից: Բայց չէ՞ որ մեր երկրի պատմությունն ու մշակույթը իրենց հարստությամբ և բազմազանությամբ ամենևին չեն զիջում այն երկրներին, որոնք հսկայական քանակով զբոսաշրջիկների են հյուրընկալում և մեծ գումարներ վաստակում: Չնայած ՀՀ կառավարությունը ջանք չի խնայում զբոսաշրջության զարգացումը խթանելու համար, այնուամենայնիվ, 2017-ին Հայաստան է ժամանել ընդամենը 1,5 մլն զբոսաշրջիկ: Սա ամոթալի թիվ է: Հատկապես եթե հաշվի առնենք, որ 1,5 մլն մարդկանց թվում շատ են մեր հայրենակիցները, ապա ասածս հաստատվում է ամբողջովին: Այնինչ հարևան Վրաստանը մի քանի անգամ ավելի զբոսաշրջիկ է ընդունում, ինչից շահում են և՛ երկրի բյուջեն, և՛ նրա բնակիչները: Ի դեպ, տարեկան 12 մլն հյուր է ընդունում Ստամբուլը: Եթե նրանցից յուրաքանչյուրը անգամ 1000 դոլար թողնի, ապա պատկերացրեք, թե ինչ մեծ օգուտ են նրանք տալիս այդ երկրին: Եվ ահա ես կամենում եմ գաղափարներս իրագործել և օտարներին գրավել դեպի Հայաստան:


Հայաստանը աշխարհին նույնքան ծանոթ չէ, որքան ծանոթ են թեկուզ մեր հարևան երկրները՝ Իրանը, Թուրքիան և Վրաստանը: Այն, որ Հայաստանը շատ նշանավոր անհատների հայրենիքն է և գտնվում է Արարատ լեռան դեմ հանդիման, առաջինն է աշխարհում քրիստոնեությունն ընդունել որպես պետական կրոն, և Վատիկանում էլ տեղադրվեց Նարեկացու արձանը, դեռևս բավարար հանգամանքներ չեն: Բացի դրանից ՀՀ-ում բավականին թանկ են հյուրանոցները, այնքան թանկ են, որ երբեմն ուղղակի թվում է, թե Հայաստան են ժամանում միայն մեծահարուստներ: Իսկ ճանապարհների և ենթակառուցվածքների մասին անգամ չարժե խոսել. քիչ թե շատ որակյալ մայրուղուց թեքվելով, դիցուք, զբոսաշրջիկների խումբը փորձում է մոտենալ այս կամ այն նշանավոր հուշարձանին և վախեցած հետ է դառնում, քանի որ ճանապարհը քարուքանդ է: Այսինքն` աշխարհի ծայրից քաղաքակիրթ ձևով զբոսաշրջիկները հասնում են Երևան, ճանապարհ են բռնում դեպի վանք կամ լիճ, սակայն վերջին մի քանի հարյուր մետր ճանապարհը անզոր են հաղթահարելու: Ասենք, միջհանրապետական որոշ ճանապարհներ ևս դեռ շատ հեռու են բարվոք վիճակից:


Նախ փորձենք հասկանալ և մեզ համար ականջին օղ դարձնել, թե ինչն է զբոսաշրջիկին անծանոթ երկիր հրապուրում: Հնագույն հուշարձաններով, շատ կներեք, դժվար է աշխարհը զարմացնել: Ազգային խոհանոցի առումով վերջին տեղում չենք, բայց ողջ աշխարհն է իր յուրօրինակ խոհանոցը հրամցնում իր հյուրերին: Այս ամենը չեմ նշում որպես թերություն. հուշարձանները, խոհանոցը, ազգային ծեսերը, Արարատ լեռն ու Մատենադարանը, Խոր վիրապն ու Զվարթնոցը և շատ այլ բաներ մեր պատմության և մշակույթի գանձերն են, և դրանք կարող ենք ներկայացնել աշխարհին: Բայց ձեզ ներկայացվող նախագիծն ունի իր գաղափարական առանձնահատկությունը, որը գուցե նաև նշանաբան է՝ «Աշխարհի թագավորների կիրճը Հայաստանում այն եզակի կենտրոնն է, որը նախադեպ չունի աշխարհում»:


Զբոսաշրջային այս յուրօրինակ կենտրոնը երկու առանձին աշխարհ է ներկայացնում` Պուրակը և Կիրճը: Ծանոթանանք այս աշխարհներին:
Պուրակի մուտքը աչքի է զարնում Հաղթական կամարով, բայց սա Փարիզի և այլ քաղաքների հանրածանոթ հաղթական կամարը չէ: Այն խորհրդանշելու է հայոց թագավորական հարստությունները նրանց զինանշաններով, մարտակառքերով, կառուցած քաղաքների խորաքանդակներով և այլն: Այսինքն, Հաղթական կամարը տպավորվելու է այցելուների մեջ և նախապատրաստելու է նրանց մուտքը Պուրակ:


Այնտեղ կառուցելու ենք հայկական պետականության հիմնադիր թագավորների և թագուհիների, ինչպես նաև նշանավոր զորավարների և գործիչների արձանները, հուշարձանները, արձանախմբերը և այլն: Եկեք չմոռանանք, որ մեր պետությունները ստեղծած և դրանք պահպանած թագավորների և գործիչների արձաններ ստեղծելու տեսանկյունից բավականին ծույլ և անտարբեր ենք գտնվել: Պուրակի կենտրոնում հրապարակն է, իսկ հրապարակի կենտրոնում վեր կխոյանա Արտաշես Աշխարհակալի արձանը: Պուրակում կտեղադրվեն Արա Գեղեցիկի և Աբգար արքայի, Տիգրան Մեծի և Պապ թագավորի, Արգիշտիի և Գագիկ արքայի, Աշոտ Երկաթի, Դավիթ Բեկի ու կիլիկյան արքաների, Զաբել թագուհու և այլոց արձանները: Չեն անտեսվի վերջին շրջանի գործիչներն ու կառավարիչները՝ Գարեգին Նժդեհ, Ալեքսանդր Մյասնիկյան, Աղասի Խանջյան, Յակով Զարոբյան, հայ զորավարներ և այլք: Խնդիրն այն է, որ և՛ օտարները, և՛ հայերս այստեղ կարող ենք հիանալ հայոց պատմությամբ, հայկական պետությունների բարգավաճմամբ և այլն: Հասկանալի է, որ արձանները, քանդակներն ու հուշարձանները պետք է բարձրարվեստ լինեն, կերտված պետք է լինեն լավագույն նյութից, պետք է ստեղծեն մի աննախադեպ պատմամշակութային միջավայր, որտեղ կարելի է և՛ գիտելիք ձեռք բերել, և՛ հանգստանալ:
Պուրակից դեպի Կիրճ անցումը կկատարվի կամուրջների միջոցով: Կիրճում կտեղադրվեն վերջին 5 հազար տարիների նշանավոր արքաների և գործիչների արձանները, սկսած շումերական թագավորներից, Ալեքսանդր Մակեդոնացուց և Հաննիբալից մինչև Իոսիֆ Ստալին, Ջոն Քենեդի, Վլադիմիր Պուտին և այլք: Ընդ որում, արդեն նամակներ եմ հղում տարբեր երկրներ, որպեսզի նրանց կառավարություններն ապահովեն իրենց արքաների արձանների պատրաստումը և տեղադրումը Կիրճում: Այսպես, Իրանը կպատրաստի իր բազմադարյան պատմության նշանավոր շահերի և գործիչների արձանները: Իսկ անհետացած պետությունների (Ասորեստանի, Շումերի, Աքքադի և այլն) խնդիրը կհոգանք ինքներս: Հավելեմ, որ պատմական շատ նշանավոր իրադարձություններ թե՛ Պուրակում, թե՛ Կիրճում կներկայացվեն առանձին արձանախմբերով: Օրինակ, Թեհրանի կոնֆերանսը Ստալինի, Չերչիլի և Ռուզվելտի մասնակցությամբ:


Ծախսերն իսկապես մեծ են, սակայն վաղուց հայտնի ճշմարտություն է. մեծ նավին՝ մեծ նավարկություն: Այս նախագիծը մեր պետության շենացմանն է ուղղված, և համոզված եմ, որ և՛ Հայաստանում, և՛ Սփյուռքում կգտնվեն մարդիկ, ովքեր կկամենան ներդրումներ կատարել: Այս նախագիծը մի քանի հարյուր աշխատատեղ կստեղծի թե՛ շինարարության, թե՛ կենտրոնը սպասարկելու տեսանկյունից: Մշտապես կսպառվի շրջակա համայնքների հաճախ գետնի վրա մնացող բնամթերքը, բազմաթիվ քանդակագործներ և դեկորատիվ կիրառական արվեստի տաղանդավոր վարպետներ կաշխատեն այստեղ: Ես երկար տարիներ ապրել և աշխատել եմ Գերմանիայում, շրջագայել եմ Եվրոպայով մեկ, ծանոթ եմ Ամերիկային և վստահեցնում եմ՝ քաջատեղյակ եմ, թե ինչն է գրավում մարդուն օտար երկրում: Պուրակում և Կիրճում տեղադրված արձանախմբերը և քանդակները իրենց հատուկ պատմական միջավայրում կներկայացնեն տարբեր ժամանակաշրջանների կերպարվեստը, մշակույթն ու քաղաքակրթական մակարդակը: Ազգային խոհանոցները կգերազանցեն բոլոր սպասելիքները: Մասնավորապես Պուրակում կմատուցվեն և՛ տարբեր դարաշրջանների հայ արքունիքի, և՛ հայ գեղջուկների նախընտրած ուտեստներն ու խմիչքը: Ավելորդ եմ համարում նշել, որ սպասարկումը կլինի միանգամայն պատշաճ, Երևան-Սևան մայրուղուց մինչև կենտրոն հասնող ճանապարհը՝ բարեկարգված, կենտրոնը՝ ծառապատված լիուլի:
Տեղեկացնում եմ, որ Հիմնադրամի նախնական ներդրումը կատարել եմ իմ սեփական գույքով, որը ներառում է մասնավորապես գյուղատնտեսական նշանակության հողեր ՀՀ Արարատի, Արագածոտնի և Կոտայքի մարզերում:


Միաժամանակ տեղեկացնում եմ, որ Հիմնադրամի ստեղծագործական խումբը հոգաբարձուների խորհրդի հետ համատեղ զբաղվում է համապատասխան վայրի ընտրության հետ կապված հարցերով: Այստեղ կան երկու` գաղափարական և գործնական պահանջներ: Պուրակը և Կիրճը պետք է ստեղծվեն հայկական բնաշխարհին հատուկ լեռնահովտում, աշխարհից կտրված, խորհրդավոր մի տեղանքում: Միաժամանակ Երևանից հեռավորությունը պետք է լինի 25-30 կիլոմետրից ոչ ավելի:


Վրեժ ԱԲՐԱՄՅԱՆ
«Նոյան տապան քաղաքը Հայաստանում» հիմնադրամի հիմնադիր և տնօրեն,
Գերմանիայի դաշնային և Իրանի Իսլամական հանրապետությունների քաղաքացի

Հ. Գ. Այս մտահղացմամբ հետաքրքրվող նվիրատուները կարող են մուտք գործել հիմնադրամի (vrejfound.com) կայքը:

Դիտվել է՝ 1960

Մեկնաբանություններ