Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Սուրբ Գրիգոր Նարեկացուն և Քրիստոսի խաչափայտին առնչվող հրաշքները

Սուրբ Գրիգոր Նարեկացուն և Քրիստոսի  խաչափայտին առնչվող հրաշքները
25.05.2018 | 06:23

Գրիգոր Նարեկացու մասին մեր ժողովրդի մեծ մասը շատ քիչ բան գիտե, հանճարին հիմնականում ծանոթ են նրա «Մատյան ողբերգության» գլուխգործոցով, շատերն այն նույնիսկ չեն էլ կարդացել կամ մինչև վերջ չեն կարդացել, լսել են այդ պոեմի կամ նրա վերնագրի մասին: Այնուհանդերձ, երբ հարկ է լինում հպարտանալ մեր ազգի մեծերով, հպարտանում են` մենք Նարեկացի ենք ունեցել…


Նարեկացին, սակայն, միայն հայ գրականության հանճարներից չէ, այլև Հայ առաքելական սուրբ եկեղեցու երևելի սրբերից մեկը: Նրա անվան հետ բազմաթիվ հրաշագործություններ են կապված` արդի գիտության տեսանկյունից անբացատրելի, նույնիսկ անհավատալի, անհավանական, անշուշտ, ո՛չ հավատացյալների համար:
Սուրբ Գրիգոր Նարեկացին (951-1003 թթ.), որը հայտնի է որպես բանաստեղծ, երաժիշտ, փիլիսոփա, աստվածաբան, վարդապետ ու սուրբ, ծնվել է աստվածաբան Խոսրով Անձևացի եպիսկոպոսի ընտանիքում: Նարեկավանքի դպրոցում աշակերտել է իր մոր ազգական, փիլիսոփա, մատենագիր և բանաստեղծ Անանիա Նարեկացու մոտ, մինչև կյանքի վերջն ապրել ու ստեղծագործել է Նարեկավանքում: Վանքի տարածքում նրա հիշատակին կառուցվել է մատուռ, որտեղ ամփոփվել է նրա աճյունը: Մատուռը հավատացյալ քրիստոնյաների համար հետագայում վերածվել է ուխտատեղի: Գրիգոր Նարեկացու հրաշագործություններից մեկի վերաբերյալ այս պատմությունն իր «Ավանդապատում» աշխատությամբ մեզ է փոխանցել Արամ Ղանալանյանը:


Աղթամարում Անդրեաս անունով մի մարդ է ապրել, որն ունեցել է մի ամուլ կին, զավակ չեն ունեցել: Նա, կնոջն առնելով, եկել է սուրբ Գրիգոր Նարեկացու գերեզմանին ուխտի, սրբից խնդրել են իրենց որդի տալ: Աստված սուրբ Գրիգորի բարեխոսությամբ նրանց որդի է պարգևել: Ծնողները շատ են ուրախացել, մկրտելով` անունը դրել են Գրիգոր:
Երբ լրացել է տղայի 7 տարին, ծնողները կամեցել են ընտանիքով գնալ սրբի գերեզմանին այցի: Վարդավառի շաբաթ օրը նստել են նավակ և եկել հասել Վանա ծովի մեջտեղը: Չարի ազդմամբ քամի է բարձրացել և նավակը քշել Արճեշի ուղղությամբ, Ղարաքաշիշի դեմ: Ալեկոծության ժամանակ տղան ընկել է ծովը: Ծնողները դուրս գալով ցամաք, լճի բոլոր կողմերի մարդկանց խնդրել են փնտրել ջուրն ընկածին, սակայն չեն գտել իրենց որդու մարմինը: Խիստ կսկիծով ու արտասուքով վերադարձել են տուն: Հետագա օրերին սաստիկ ողբացել են, ինչի հետևանքով կուրացել են նրանց աչքերը: Հաջորդ տարվա Վարդավառին նրանց համագյուղացիներն ասել են Անդրեասին. «Որդիդ ընկավ ծովը և մեռավ, դուք լալով կուրացաք, արդ, եկեք գնանք սրբի տապանին այցելության, որ ձեր աչքերը լուսավորի»:
Եկել հասել են վանքի ջրաղացի մոտ, ուխտավորներից այլ տղաներ առաջ են գնացել, որ համբուրեն սրբի գերեզմանը: Բացելով գերեզմանի դուռը, նրանք հանկարծ տեսել են մանուկ Գրիգորին` գերեզմանի վրա ջրաթաթախ նստած: Բնականաբար, ապշել են, ապա ուրախությամբ հետ դարձել և ավետիս տվել երեխայի ծնողներին, թե ձեր որդին կենդանի է, սրբի գերեզմանի վրա է: Ծնողները չեն հավատացել, մինչև որ եկել, մոտեցել են իրենց որդուն: Գրկելով որդուն, ասել են` դե պատմիր, թե ինչ է պատահել քեզ հետ:


Եվ մանուկ Գրիգորն ասել է. «Երբ ես ծովն ընկա, մի այլակերպ դև ինձ բռնեց և կամենում էր խեղդել ծովի խորքում, այդ ժամանակ երևաց Գրիգոր Նարեկացին՝ ձեռքին մի գավազան և սաստեց այլակերպ դևին, ազատեց նրա ձեռքից և, առնելով ինձ, իջավ ծովի հատակը: Գավազանը զարկեց գետնին, փիլոնը ձգեց գավազանի վրա որպես վրան, և ջուրն իբրև կամար եղավ ինձ վրա: Խաչակնքեց չորս կողմը և եղավ լուսավոր, ու ես հանգստանում էի ասես լուսեղեն խորանում: Եվ ասաց ինձ. «Դու այստեղ կաց, մինչ ես գնամ ուխտավորների խնդրանքները կատարեմ»: Երկուշաբթի օրը վերադարձավ և երկու նշխար բերեց ինձ, ես կերա ու զորացա: Այսպես ամեն շաբաթ օր երկու նշխար էր բերում ինձ: Իսկ այսօր ինձ ասաց. «Ահա քո հայրն ու մայրը ուխտի են գալիս իմ գերեզմանին, ե՛կ տանեմ քեզ և տամ նրանց»: Վերցրեց ինձ ու հանեց ծովից, և հանկարծակի ինձ տեսա իր գերեզմանի վրա: Իր ձեռքի թաշկինակն էլ տվեց ինձ, թե սրանով էլ լուսավորի՛ր ծնողներիդ աչքերը»:


Երբ ծնողները համբուրել են սրբի թաշկինակը, լուսավորվել ու բժշկվել են նրանց աչքերը: Եվ ովքեր տեսել ու լսել են այս ամենը, ամենուրեք հիացել ու սքանչացել են, փառք տվել Աստծուն և սուրբ վարդապետ Նարեկացուն:
Հայոց աշխարհում տեղի ունեցած մեկ այլ հրաշքի` Դլենի Սուրբ Խաչի հրաշքի մասին է գրել Ստեփանոս Օրբելյանն իր «Սյունիքի պատմություն» (Երևան, 1986 թ.) աշխատության մեջ: Ինչպես նշել է հեղինակը, մինչ այս պատմությունը, Արցախ գավառից բերել էին Աստվածընկալ խաչի հրաշագործ նշանը, որի մեծամեծ հրաշքների ու զարմանալի սքանչելագործությունների համբավը տարածված էր ամբողջ աշխարհում:


«Նա կենսակիր այն փայտից էր, որն իր վրա կրում էր Աստվածային Կողերից հոսած Արյան ներկվածքի հետքը և ամրացված էր ոսկու մեջ` փոքրիկ տուփով,- գրել է Օրբելյանը:- Այն տոհմով սերնդեսերունդ պահում էին Դլենի իշխանի թոռները, դա այն տոհմն էր, որ Տաթևում ունի եկեղեցի և բազմամարդ միաբանություն: Իսկ Աստվածընկալ խաչի` Խաչեն փոխադրվելու պատճառի մասին այսպես ենք լսել ստույգ իմացող մարդկանցից: Անծանոթ աշխարհից մի ճգնավոր, որ աղոթքի առիթով շրջագայում էր, մի ձմռան ընկավ Դլենի գյուղ: Նա իր պարկի մեջ ուներ աստվածային այդ անկշռելի գանձը: Իջևանելով գյուղի քահանայի տանը` պարկը տալիս է տանտիրուհուն ու ասում. «Սա մաքուր տեղ դիր մինչև գնալս»: Դա հայտնության ճրագալույցի օրն էր: Քահանայի փոքր տղան գիշերը մեռել էր, բայց տոնի պատճառով դուրս չէին հանել: Տանտիրուհին ճգնավորի պարկը տանում-դնում է վախճանվածի սնարի մոտ: Երեկոյան պաշտամունքային արարողության ավարտից հետո, երբ մի փոքր ննջել էին, կենսատու փայտը վերակենդանացրեց մանկանը, որն սկսեց ձայն տալ մորը: Մայրը քնից արթնանալով զարհուրեց, արթնացրեց քահանային: Նրանք գնացին ներքնատուն, տեսան, որ մանուկը վերակենդանացել ու նստած խաղ է անում պարկի հետ: Երկար ժամանակ զարհուրած ու ապշած էին, չգիտեին ինչ բան է դա:


Ապա ճգնավորը իմանում է եղելությունը, և երբ դեռ հյուրընկալողները այսպիսի ընդարմացած վիճակում էին, ծածուկ կերպով վերցնում է պարկն ու փախչում-գնում է: Քահանան ու կինը սթափվելով հասկանում են, թե ինչ է կատարվել: Գնում են գյուղապետի մոտ ու ճիչ բարձրացնելով, պատմում տեղի ունեցած հրաշքի մասին: Աղաղակն ընկնում է գյուղը, և բոլորը գալիս են մանկանը տեսնելու: Դլենը վեր է կենում, ծառաներով ու շինականներով ընկնում են ճգնավորի հետևից` ընթանալով դեպի Աղունո գետի կողմը: Ճգնավորն իմանալով, որ իրեն հետապնդում են, տուփից հանում է փայտի շատ փոքրիկ մասը, դնում իր կրած կնգուղի ծալվածքը, իսկ տուփը գցում է մացառախիտ անտառի մի սալորի թփի մեջ և հեռանում: Հետապնդող մարդիկ գալիս, հասնում են այնտեղ, համատարած ձյան և սառույցի մեջ տեսնում են տուփը հանկարծակի փթթած գեղեցիկ ծաղիկներով և պատած կանաչ սաղարթներով` աննման հոտ բուրելով: Մեծապես հիանում են` կարծելով այնտեղ է պահված խաչը:


Երբ տեղը զննեցին, թփի մեջ գտան տուփը` դատարկ, շարունակեցին հետապնդել ճգնավորին, որին հասան Աղունո գետի եզրին: Ճգնավորը հետ դարձավ և տեսավ նրանց, մտքում զայրացավ, կնգուղից հանեց փայտը և գցեց գետը: Այն մարդիկ ճգնավորին բռնելով սաստկապես տանջեցին, պահանջում էին փայտն իրենց տալ: Բացելով պարկը, ոչինչ չգտան այնտեղ: Վրայի կոպիտ քուրձն էլ հանեցին, բայց փնտրածը չէր երևում: Ապա նայեցին գետին, տեսան հսկայական ջուրը երկու մասի ճեղքված, մասունքն էլ` ցամաքած տեղում, որից բորբոքված բոց էր ցոլանում դեպի վեր և զարմանալի բույր էր թանձր ծխի նման տարածվում շրջակայքում: Այն մարդիկ համակվեցին ահով ու խնդությամբ, դողում ու թռչկոտելով ցնծում էին` անգին ու անհամեմատելի մարգարտի գյուտից: Մտնելով ջուրը, վերցրին Փրկչական փայտը և դնելով տուփի մեջ, բերեցին: Իսկ ճգնավորը գնում էր նրանց հետևից` ողբալով ու կուրծքը ծեծելով, մինչև որ հուսահատվեց, դառնորեն անիծեց Դլենի տունն ու անցավ գնաց:
Եվ այն օրից ի վեր մասունքը դարձավ այդ տոհմի սեփականությունը` նվերներով մեծարվելով իշխանների ու ժողովրդի կողմից: Հետո աստվածասեր և բարեպաշտ իշխանաց իշխան Ջալալը շինում է Գիշերաձոր անունով մի եկեղեցի և արծաթե պահարան պատրաստելով, հիշյալ մասունքը հաստատում է այնտեղ:


Ահա այսպիսի աստվածահրաշ նշանը Վերին թելադրանքով մեր տիրապետության մեջ բերեցին իրենց գավառի ավերումից և իրենց դառն ու վերջին աղքատությունից նեղված նրա տերերը, որոնք եկան և բնակություն հաստատեցին մեր կողմերում:
…Մենք նորովի պահարանիկ պատրաստել տվեցինք ոսկուց ու արծաթից: Շինել տվեցինք նաև խաչը սոփերական ընտիր ոսկուց… Եվ մեջտեղի թանկագին քարի տակ դրեցինք Փրկական փայտը, որը փոսիկների շուրջ ուներ մանրատառ գիր: Թիկունքի կողմից այսպիսի մակագրություն արեցինք. «Աստվածընկալ այս սուրբ Նշանը` պատրաստված Սյունյաց եպիսկոպոս Տեր-Ստեփանոսի կողմից, հավիտենապես հաստատված պիտի մնա Նորավանքի այս սուրբ եկեղեցում»:


Հիսուսի խաչափայտի հրաշագործ զորության մասին մեկ այլ պատմություն իր «Տեսիլքներ և մարգարեություններ ի հայս» գրքում հղում կատարելով Անանուն զրուցագրի (կարծեցյալ Շապուհ Բագրատունի) «Պատմություն» (Երևան 2011 թ.) աշխատությանը, մեզ է փոխանցել Աշոտ Հունանյանը:
«Իսկ Հերակլես 50 թագավորը բանակ էր դրել Կարին քաղաքում և սկսել էր այն պարսպի կառուցումը, որ քանդել էր Պարսից Խորիան զորավարը: Հերակլ արքան միացրեց Հայոց, Վրաց և Աղվանից, Միջագետքի, Հունաց և Փրանկաց զորքերն ու առաջ շարժվեց, գնաց Վասպուրական:


Լսելով այդ մասին, Սյունեաց տիկինը, որի անունը Բյուրեղ էր, ընդառաջ եկավ Հերակլ արքային և բերեց ոսկե թանկարժեք իրեր, թանկագին հագուստներ, բազմաթիվ ձիեր, ջորիներ, հազար պատերազմական զրահ, չորս հարյուր ոսկեկուռ զենքեր և հազար սաղավարտ: Իր հետ բերեց նաև երեք հազար ռազմիկներ: Եվ նա գեղեցիկ ու չափազանց իմաստուն կին էր և հաճություն պատճառեց Հերակլ արքային:
Հերակլը շարժվեց, եկավ հասավ Պարսից աշխարհ, և նրա հետ տասը բյուր ռազմիկ այրեր: Խոսրով արքան լսեց Հոռոմոց արքայի գալու մասին և կազմեց իր զորքն ու ելավ նրա դեմ պատերազմի: Եվ բանակ դրեց Թավրեժի դաշտում, իսկ Հոռոմոց զորքերը հարձակվեցին նրա վրա և բռնեցին Պարսից արքային ու շղթայեցին երկաթե կապանքներով: Եվ գնացին այն քաղաքը, որտեղ նստում էր Խոսրովն ու շրջապատեցին այն: Եվ երեք օրում գրավեցին քաղաքն ու քանդեցին նրա միջնաբերդը: Եվ բացելով նրա գանձատունը, Հերակլն այնտեղ գտավ Քրիստոսի Փրկչական Խաչը ու մեծ ուրախություն ապրեց: Եվ բազում ավար առնելով, նաև գերեվարեց Պարսից ողջ երկիրն ու անապատ դարձրեց՝ թափուր թողնելով մարդուց ու անասունից, և քշեց գերության:


Եվ գտնելով Քրիստոսի Փրկչական Խաչը, ամբողջ զորքը հավաքվեց, երկրպագեց նրան: Իսկ թագավորն ինքն էր խունկը մատուցում ու օրհնում Աստծուն: Եվ մեծ ուրախությամբ մեծ տոնախմբություն կատարեցին այդ օրը, որ սահմի ամսի (Հայոց սահմի (3-րդ) ամիսը 628-630 թթ. ընկնում էր օգոստոսի 21-ից սեպտեմբերի 19-ը, առկա է որոշակի անհամապատասխանություն իրական ամսաթվի և բնագրում նշվածի միջև.- Ա. Հ.) տասն էր…
Վերադարձավ Հերակլը Հայոց երկիրն ու եկավ բանակեց մեր երկրում, Արտազի դաշտում՝ Սանատրուկի քաղաքի մոտ, որ Շավարշանն է:
Եվ Սյունեաց տիկինն ընդառաջ եկավ Հերակլ արքային ու բերեց ավելի շատ նվերներ, քան առաջին անգամ: Եվ Հերակլ արքան ասում է. «Ո՜վ կին, դու ահագին չարչարվեցիր, ասա՛ ինձ, փոխարենն ի՞նչ անեմ քեզ համար, ասա՛ ինձ»: Սյունիքի տիկինն ասում է. «Ո՜վ արքա, քեզնից ինձ ոչ մի բան պետք չէ»: Հերակլ արքան նրան ասում է. «Որչա՞փ մեծ ես դու, որ քո չարչարանքը ես տանեմ անձամբ: Խնդրի՛ր ինձնից երկիր կամ մեծատոհմիկ ամուսին, կտամ քեզ գավառ, քաղաք և կամ մեծաքանակ ոսկու և արծաթի գանձեր, ձիեր, ջորիներ»: Տիկինն ասում է. «Ինձ ոչինչ պետք չէ քո ձեռքից, արքա՛, բայց եթե կամենում ես ինձ պարգևներ տալ, ապա նախ և առաջ պիտի քեզ ասեմ, թե ում նմանեցրի ինձ կամ քեզ»: Արքան ասում է. «Ասա՛, որ լսեմ»: Տիկինն ասում է. «Դու նման ես ճանապարհորդ մարդու, իսկ ես նման եմ հյուրընկալ օթևանի: Ով գալիս է ճանապարհից, նա ընդառաջ գնալով ընդունում է նրան և նրա առջև սեղան է դնում ու իր ողջ կարողության չափով կերակրում ճանապարհորդ մարդուն, իսկ սա իր բեռնաբարձ ունեցվածքից է մի բան հանում ու տալիս նրան, ով հյուրընկալել է: Արդ, տեր իմ արքա՛, եթե քո ունեցած պարգևներից մի մասունք կտաս՝ տու՛ր, իսկ եթե ոչ՝ ուրիշ բան պետք չէ»:


Արքան հրաժարվելով, ասում է. «Չեմ կարող տալ քեզ, ինչ որ խնդրում ես»: Եվ տիկինը վեր կացավ, խոնարհվեց արքային ու առաջանալով գնաց իր ճանապարհը: Իսկ Հերակլ արքան ասաց. «Ի՞նչ անեմ Սյունեաց բարեպաշտ տոհմի և հավատարիմ կնոջ համար, քանզի նա բազմաշատ ծախսեր արեց իմ առջև, բայց տրտում ու դատարկ դարձավ, գնաց, չարիք գործեցի»:
Եվ այնտեղ էր Հովհան Մայրագոմեցին (կամ՝ Մայրավանեցին. 7-րդ դարի նշանավոր եկեղեցական գործիչ և մատենագիր.- Ա. Հ.)՝ մի իմաստասեր մարդ, որին արքան սիրում էր՝ նրա սուրբ լինելու համար: Հովհանն ասաց. «Տեր իմ արքա՛, հապա ինչու՞ այժմ չկատարեցիր նրա խնդրանքը»: Իսկ արքան ասում է. «Ինչպե՞ս կկարողանամ սուր մոտեցնել Քրիստոսի կենսաբեր խաչափայտին, երբ այնքան չարչարանքով կարողացա Պարսից գերությունից ազատել այն»: Հովհանն ասում է. «Ո՜վ արքա, լսի՛ր ինձ ինչ որ կասեմ: Սուրը դի՛ր Խաչի պահարանի մեջ և Սյունեաց տիկնոջն ասա՛, թող նա աղոթք անի, և եթե Սուրբ Նշանը կամենա, Սուրբ Հոգին կտա նրան իր խնդրածը»:


Հերակլ արքան լսեց և մարդ ուղարկեց, հետ դարձրեց Սյունեաց տիկնոջն ու ասաց. «Ո՛վ կին, դու մեծ հոգս դարձար ինձ համար: Բայց այժմ սուրը կդնենք Խաչի պահարանի մեջ, իսկ դու վերցրու քո եպիսկոպոսներին և քահանաներին և աղոթք արա՛. Եվ եթե Տէր Աստծուն հաճո թվա, մասունք կտա քեզ Իր Խաչափայտից՝ ըստ քո հավատքի չափի»:
Եվ տիկինը խոնարհվեց արքային: Այդժամ Հերակլը հրամայեց բերել Խաչանշանը: Եվ բացելով թանկագին ակներով ընդելուզված ոսկե արկղը, որի մեջ գտնվում էր Սուրբ Խաչափայտը, արքան սուրը դրեց նրա մեջ և կնքեց այն իր մատանիով:
Եվ երբ արեգակը մայր մտավ, Սուրբ Նշանի առջև եկան տասներկու եպիսկոպոսներ, Հովհան Մայրագոմեցին ու բազմաթիվ քահանաներ և ամբողջ գիշեր հսկում կատարեցին մեծ չարչարանքով, աղաչանքներով, սաղմոսներով և օրհնությամբ մինչև առավոտ: Որից հետո Հերակլ թագավորը եկավ և բաց անելով Խաչի պահարանը, տեսավ, որ Խաչից երկու մասունքներ կտրվեցին ու ապշեց, զարմացավ կնոջ հավատքի վրա: Եվ ասաց արքան. «Ո՜վ դու կին, մեծ է քո հավատքը և երանի է սուրբ Գրիգոր Լուսավորչի ժողովրդի վիճակին»:
Եվ տիկինն առավ Խաչանշանը, որ նրան շնորհվեց Աստծուց, ու առաջ ընկավ` գնալու իր տունը: Եվ երբ գնաց իր ճանապարհը, անցավ նաև Արտազ գավառի այն դաշտի միջով, որը Հացիվն են կոչում:


Եվ երբ դեռ իր ճանապարհն էր գնում, խաչանշանը տանող ոսկեպատ կառքի ջորին հանկարծ նստեց ու նրան շարժելու որևէ հնար չեղավ ո՛չ եպիսկոպոսներին և ո՛չ քահանաներին: Եվ ո՛չ էլ տիկինը կարողացավ տեղից շարժվել, երբ գիրկն առավ արկղը, որի մեջ դրված էր Քրիստոսի Սուրբ Խաչանշանը: Նա լաց եղավ հորդահոս արտասուքով և ասաց. «Ո՜վ Տէր իմ, Հիսուս Քրիստո՛ս, ինչու՞ զրկեցիր ինձ այն սիրելի, ցանկալի գանձից, որն ինձ ավանդեցիր, քանի որ ես ցանկանում էի տանել սա իմ հայրենի բնակավայրը: Սակայն նույնապես Դու ես Տէրը և այդ է Քո պատգամը, թէ՝ «ՈՒրիշները թո՛ղ վաստակեն, իսկ այլք ուտեն և այլք՝ բնակվեն»:
Եվ ապա եկավ մի միայնակեաց մարդ, որ բնակվում էր Հացիվնեաց լեռան վրա. և գալով ասաց տիկնոջը. «Ո՜վ բարեպաշտուհի տիկի՛ն, Աստված հրամայեց, որ այդ Սուրբ Խաչն այս տեղում բնակություն հաստատի»: Եվ տիկինն սկսեց ու վանք կառուցեց Խաչանշանի համար: Նաև գնեց Հացիվն կոչվող բերդավանը և Ռունգն բերդն ու դրանք նվեր տվեց Սուրբ Նշանի վանքին, իսկ ինքը գնաց իր երկիրը: Եվ սահմանեցին, որ այն օրը, երբ ջորին Սուրբ Նշանի կամքով նստեց, մեծահանդես տոն կատարեն և ամեն տարի նույնն անեն՝ խոյեր ու զուարակներ մորթելով ի պատիվ Սուրբ Նշանի»:


Ընթերցողներից ոմանք հեքիա՞թ կհամարեն այս ամենը… Մի շտապեք: Հայոց աշխարհում մեր օրերում էլ են հրաշքներ եղել, դրանց մի մասն արդեն ներկայացրել ենք մեր նախորդ հրապարակումներով, շուտով կներկայացնենք նաև մյուսները, սակայն այս անգամ արդեն ոչ միայն դրանց անմիջական մասնակիցների վկայությամբ, այլև ֆոտոփաստերով:


Արթուր ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 7425

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ