Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Ոչ միայն փշրված երազանքներ

Ոչ միայն փշրված երազանքներ
25.05.2018 | 06:33

Ռուսաստանում կայանալիք ֆուտբոլի աշխարհի առաջնությանը բան չի մնացել` երեք շաբաթի չափ բան: Մրցակցության մեջ մտնելու պատրաստ ընտրանիները սկզբունքորեն կողմնորոշվել են կազմերի հարցում, հետևաբար մասնակի շտկումներ կարող են անել չնախատեսված հանգամանքները սոսկ, որոնք այս պարագայում, բնականաբար, սպասվածների շարքից չեն: Եվ այդուհանդերձ` սպասված թե չսպասված, ընկերական խաղերի կամ հավաքների տեսքով փորձարկումները շարունակվում են հնարավոր վատթարի դեմն առնելու համար: Բա ի՞նչ եք կարծում` զգուշությունը լավ բան է:

Հասկանալի է, որ աշխարհի առաջնության մասնակցության իրավունքը յուրաքանչյուր մարզիկի լուսավոր երազանքներից է, ու այն, պայմանավորված տարբեր հանգամանքներով, իրականացված տեսնելն ամեն մեկին չի վերապահված: Այո, այո, սուբյեկտիվիզմի գործոնն այս պարագայում պակաս «լիազորություններ» չունի` մարզիչ է ու այս կամ այն խաղացողին իր պատկերացրած ֆուտբոլում, իր գծած մարտավարությունում ու ռազմավարությունում տեղ չի գտնում, ի՞նչ կարող ես անել: Սույնի առնչությամբ շատ դիպուկ է արտահայտվել Գերմանիայի ընտրանու գլխավոր մարզիչը. «Ցավոք սրտի, ինչ-որ մեկի երազանքները փշրելն իմ աշխատանքն է»:
Յոհախիմ Լյովի սույն ասածը, սակայն, չի կարելի որպես աքսիոմատիկ ճշմարտություն ընդունել, քանզի հասկանալի է, որ այն լավ էլ կոնկրետ դեպքի կամ, որ ավելի ստույգ է, կոնկրետ անձի առնչությամբ է ասված, սակայն եկեք չմոռանանք, որ այդ նույն Լյովը 2014-ի աշխարհի առաջնություն վերցրեց որակները շատ բաներում կորցրած Միրոսլավ Կլոզեին, ինչ է թե նրան աշխարհի առաջնությունում իր տասնվեցերորդ գոլը խփելու հնարավորությունը տա ու բրազիլացի Ռոնալդոյի ռեկորդն իրենով անի: Այնպես որ, մարզչի աշխատանքը ինչ-որ մեկի երազանքները փշրելը չէ միայն:


Ինչևէ, դառնանք մեր ասելիքին:
Շատ խաղացողների համար, որոնց ներկայությունը հավաքականներում հարցեր չէր հարուցում, կազմերի բարձրաձայնումը վերածվել է իսկական մղձավանջի: Այսպես` Իսպանիայի ընտրանու կազմում տեղ չի գտնվել «Չելսիի» հարձակվողի` Ալվարո Մորատայի համար, որը, խոստովանենք, ընթացիկ մրցաշրջանը պահանջվող մակարդակով չանցկացրեց: Այս մրցակցությունում Մորատան տանուլ է տվել Յագո Ասպասին («Սելտա»), Դիեգո Կոստային («Աթլետիկո») ու Ռոդրիգոյին («Վալենսիա»): Խուլեն Լոպետեգին հավաքականում չի տեսել նաև «Բարսելոնի» պաշտպան Սերժի Ռոբերտոյի ու նույն ամպլուայի խաղացող Էկտոր Բելերինի («Արսենալ») մասնակցության անհրաժեշտությունը: Շտապենք ընթերցողին տեղեկացնել, որ հավաքականում լինելու է «Բարսելոնում» մրցելույթներն ավարտած Անդրես Ինիեստան, քանզի ֆուտբոլային նման տիտանի ծառայություններից չօգտվելը խելագարությունների շարքից է:


«Վրեժի կարմիր աստվածուհիների»` իսպանացիների հետ նույն խմբում ընդգրկված պորտուգալացիները նույնպես կողմնորոշվել են թեկնածուների հարցում: Մանուել Ֆերնանդեշը Եվրոպայի վերջին առաջնությունում հաղթած թիմի կազմը մեծ փորձությունների չի ենթարկել, եթե նկատի չունենանք Էդերի բացակայությունը, այն Էդերի, որը դարձավ ֆրանսիացիների դարպասը խփած ոսկի գոլի հեղինակը: Կասկած չկա, որ «եվրոպական բրազիլացիները», ունենալով Քրիշտիանու Ռոնալդու ու արդեն չեմպիոնության «հոտ» առած կազմ, կփորձեն աշխարհի չեմպիոն էլ դառնալ: Իհարկե, սա ակնհայտորեն անհավանականությունների շարքից է, բայց մինչ Եվրոպայի առաջնության եզրափակիչը բացառապես ոչ-ոքիներով հանդիպումներն անցկացրած Պորտուգալիայի ընտրանին ում մտքով կանցներ, որ կդառնա այդ առաջնության թիվ մեկ հավաքականը: Այնպես որ, բացառելով, եկեք ամեն ինչ չբացառենք, քանզի, մեկ է, կյանքն իր պահանջված խմբագրումներն անելու է մեր կամքից անկախ:


Չեմպիոնական տիտղոսի հիմնական հավակնորդների` ֆրանսիացիների կազմը նույնպես վերջնական տեսքի է բերված, հրավիրված են ներկա պահի դրությամբ ամենալավերը: Վերջին տարիների օրինակով ընտրանու կազմում դարձյալ տեղ չի գտնվել Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կարիմ Բենզեմայի համար, որին երկրի ֆուտբոլի ֆեդերացիան այդպես էլ չներեց ու չի ներում թույլ տված արարքը, թեպետ հավաքականում նրան առանձնապես սպասող էլ չկա: Արարքի մասով իմացողները հարկավ գիտեն ինչի մասին է խոսքը, սակայն այդ պատմությունն այնքան տգեղ է, այնքան ոչ տղամարդկային, որ չարժե էլ դրա հիշեցումով նյութի տոնայնությունը պղտորել:


Վերջնական կազմի մասին բարձրաձայնել է նաև Արգենտինայի ընտրանու ղեկավարությունը: Ասենք, որ ֆուտբոլասերը զուր ջանքեր կգործադրի աշխարհի վերջին առաջնության արծաթե թիմի կազմում Մաուրո Իկարդիի անունը գտնելու համար, քանի որ նա այնտեղ պարզապես չկա: Իհարկե, շարքային ֆուտբոլասերի համար անհասկանալի է ժամանակակից ֆուտբոլի լավագույն հարձակվողներից մեկի բացակայությունը հավաքականի կազմում («Ինտերի» կազմում այս մրցաշրջանում հեղինակել է 29 գոլ), սակայն սա այն դեպքերից է, որը Լյովը բնութագրել էր որպես աշխատանք:
D խմբում աշխարհի չեմպիոններին պատրաստ է ձեռնոց նետելու Իսլանդիայի ընտրանին` Եվրոպայի վերջին առաջնության հայտնություններից մեկը, որն այդ վերջինի համեմատ նվազագույն փոփոխություններ է կրել:
Ֆուտբոլային հանրության շրջանում հարկավ խոշոր արձագանք գտավ աշխարհի այս առաջնության ամենախոստումնառատ ընտրանիներից մեկի կազմի հրապարակումը: Բելգիացիների հավաքականի գլխավորը` Ռոբերտո Մարտինեսը, թիմի ընդլայնված կազմում անգամ տեղ չի գտել «Ռոմայի» կիսապաշտպան Ռաջու Նաինգոլանի համար, որը, ի պատասխան իսպանացի մասնագետի, հասցրել է հայտնել հավաքականում մրցելույթները դադարեցնելու մասին, որում հանդես էր գալիս 2009 թվից:


Անգլիացիները նույնպես որոշարկվել են կազմի հարցում: Այստեղ իրենց առաջին աշխարհի առաջնությանը կմասնակցեն «Լիվերպուլի» 19-ամյա պաշտպան Տրենտ Ալեքսանդր-Առնոլդն ու «Կրիստալ Պալասի» կիսապաշտպան Ռուբեն Լոֆտուս-Չիկը, փոխարենը հավաքականում չենք տեսնի «Լիվերպուլի» հարձակվող, ծանր վնասվածք ստացած Ալեքս Օքսլեյդ-Չեմբեռլենին:
Ավարտելով նյութը` ասենք, որ, բնականաբար, տվյալներ ունենք և այլ հավաքականներից, սակայն այսօր բավարարվենք այսքանով:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 2014

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ