Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Բրիջիթ Բրինք․ Ինձ ոգևորում է հայ ժողովրդի ոգին ու կորովը

Բրիջիթ Բրինք․ Ինձ ոգևորում է հայ ժողովրդի ոգին ու կորովը
28.05.2018 | 22:09

Եվրոպայի և Եվրասիայի հարցերով ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալ Բրիջիթ Բրինքը մայիսի 27-28-ը այցելել էր Հայաստան՝ հանդիպումներ ունենալու նոր կառավարության և քաղաքացիական հասարակության հետ` հաղորդում է Հայաստանում ԱՄՆ դեսպանությունը: Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ իր առաջին հանդիպման ընթացում Բրիջիթ Բրինքը շնորհավորել է նրան պաշտոնում ընտրվելու և իշխանության խաղաղ փոխանցման համար: Նա ողջունել է վարչապետի ստանձնած հանձնառությունը՝ ուղղված կոռուպցիայի դեմ պայքարին, և առաջարկել է ԱՄՆ-ի շարունակական աջակցությունը հակակոռուպցիոն աշխատանքներում:


Պետքարտուղարի փոխտեղակալն ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հետ քննության է առել երկկողմ հարաբերությունների հարցեր: Նա շեշտել է, որ ԱՄՆ-ը հանձնառու է աշխատել նոր կառավարության հետ՝ երկկողմ կապերի ամրապնդման և դեպի Հայաստան հավելյալ ամերիկյան ներդրումների ներգրավման ուղղությամբ: Բրինքը նկատել է, որ Հայ-ամերիկյան միջկառավարական աշխատանքային խումբը կարող է հարթակ հանդիսանալ նպատակների փոխադարձ առաջխաղացման հարցում իրական տեղաշարժեր ապահովելու համար: Դիվանագետը նշել է, որ ԱՄՆ-ը որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ շարունակելու է աջակցել Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ բանակցային կարգավորմանը և կողմերի հետ ակտիվորեն աշխատելու է Մինսկի խմբի գործընթացի շրջանակում խաղաղ լուծում գտնելու ուղղությամբ:


«Ամեն անգամ հաճույքով եմ գալիս Հայաստան, և այս այցի ընթացքում էլ այն կրկին աչքի ընկավ իր ամենաազդեցիկ ու ամենակարևոր ռեսուրսով՝ իր մարդկանցով: Ինձ ոգևորում է հայ ժողովրդի ոգին ու կորովը, և ես հատկապես տպավորված եմ ձեզնով՝ Հայաստանի երիտասարդ առաջնորդներով, ովքեր այսպիսի մեծ նվիրումով ու ջանասիրությամբ ձգտում են կերտել իրենց երկրի պայծառ ապագան», - ասել է Բրիջիթ Բրինքը երիտասարդ առաջնորդների հետ հանդիպման ընթացքում:


«Պետքարտուղարի փոխտեղակալ Բրինքը իր շնորհավորանքներն է հղում Հայաստանի կառավարությանն ու ժողովրդին Առաջին հանրապետության 100-ամյա հոբելյանի առթիվ», - ասված է Հայաստանում ԱՄՆ դեսպանության հաղորդագրությունում:

Դիտվել է՝ 1443

Մեկնաբանություններ