Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

«Արցախին վերաբերող բոլոր հարցերում վճռական խոսքի իրավունքը հենց Արցախում ապրող մարդկանց է պատկանում»

«Արցախին վերաբերող բոլոր հարցերում  վճռական խոսքի իրավունքը հենց Արցախում ապրող մարդկանց է պատկանում»
29.05.2018 | 00:25

Հայաստանի յուրաքանչյուր նոր իշխանությունից հասարակությունն առաջին հերթին ցանկանում է ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ հստակ դիրքորոշում լսել, ուստի ամենևին էլ պատահական չէր, որ Նիկոլ Փաշինյանը պաշտոնական առաջին այցով ժամանեց Լեռնային Ղարաբաղ: Հայկական երկրորդ պետությունում նա ուշագրավ հայտարարություն արեց, ինչը, բնականաբար, անտարբեր չթողեց Ադրբեջանի ղեկավարությանը: Հակամարտության շուրջ հնչած վերջին օրերի հայտարարությունների առնչությամբ մեկնաբանություն խնդրեցինք ԼՂՀ նախագահի խորհրդական ՏԻԳՐԱՆ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԻՑ:


-ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը, շնորհավորելով Ադրբեջանի Հանրապետության 100-ամյա հոբելյանը, հայտարարել է, որ առաջիկա ամիսներին հնարավորություններ կբացվեն Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման համար, ինչն առավել կսերտացնի ամերիկա-ադրբեջանական համագործակցությունը: Սա նշանակում է սպասել բեկումնային փուլի՞:
-Անկեղծ ասած, բանակցային գործընթացում բեկում արձանագրելու միտումներ նկատելի չեն: Դրա համար նախ և առաջ անհրաժեշտ է, որ Ադրբեջանը հրաժարվի իռացիոնալ մոտեցումներից, վերադառնա կառուցողական դաշտ: Սակայն ադրբեջանական կողմի մոտեցումները նկատելիորեն մաքսիմալիստական բնույթ են ստանում, ինչը գրեթե բացառում է կողմերի միջև վստահության դաշտի ձևավորումը, ըստ այդմ՝ բեկումնային փուլը:
-Մինչ այդ Նիկոլ Փաշինյանը Արցախում հայտարարեց, թե բանակցությունների սեղանի շուրջ պետք է վերադառնա Ղարաբաղը, Հայաստանը չի պատրաստվում Ղարաբաղի անունից բանակցելու: Կարելի՞ է ասել, որ հակամարտության այս փուլում Հայաստանի այսօրվա իշխանությունը նոր դիրքորոշում է որդեգրել:
-Դժվար է խոսել իրական փոփոխությունների մասին, երբ Արցախը լիարժեք ներգրավված չէ բանակցային գործընթացում: Ակնհայտ է, որ ինչ-որ փուլում Արցախը պետք է ներգրավվի այդ գործընթացում, դրա մասին խոսում են նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները: Արցախին վերաբերող բոլոր հարցերում վճռական խոսքի իրավունքը հենց Արցախում ապրող մարդկանց է պատկանում:
-Փաշինյանի այս հայտարարությանն անմիջապես արձագանքեց Ադրբեջանի ղեկավարությունը. Նախ ասվեց, թե դրանով վերջ է դրվում բանակցային խաղաղ գործընթացին, հետո էլ մեկ այլ առաջարկ առաջ քաշվեց, այն է՝ ադրբեջանական համայնքը ևս պետք է մասնակցի բանակցություններին: Ինչպե՞ս եք մեկնաբանում այս հայտարարությունները:
-Ադրբեջանի արձագանքը սպասելի էր, քարոզչական հարթակում պաշտոնական Բաքուն պետք է ամեն կերպ հիշեցնի իր ներկայությունը: Ադրբեջանն ամեն ինչ անում է՝ միջազգային հանրությանը ցույց տալու, թե հայկական կողմը, իբր, հանդես է գալիս ծայրահեղական դիրքերից: Իրականում, ինչպես այլ իրավիճակներում, այս դրվագում ևս Ադրբեջանը փորձում է հայկական կողմերի դիրքորոշումը ներկայացնել իր քարոզչական փաստարկների ներքո՝ ճարպկորեն նենգափոխելով հարցի ողջ էությունը:
-Ի դեպ, արդեն միջազգային վերլուծաբաններն էլ են հայտարարում, թե լավ կլինի, որ Ղարաբաղը մասնակցի բանակցային գործընթացին: Ո՞ր պարագայում և ո՞ր փուլում է իրատեսական, որ համանախագահող երկրներն այս առաջարկը դարձնեն օրակարգային հարց:
-2011-ին, երբ թվում էր, թե Կազանում կողմերը մոտ են ընդհանուր սկզբունքների շուրջ համաձայնության հասնելու, դեռ այդ ժամանակ խոսվում էր, որ բանակցություններին պետք է անմիջական մասնակցություն ունենա Արցախը: Հետո, ինչպես հայտնի է, Ադրբեջանը ձախողեց մինչ այդ ձեռք բերված պայմանավորվածությունները և իրադարձությունները հետևողականորեն հասցրեց 2016-ի ապրիլ: Կրկնում եմ՝ առանց Արցախի ուղիղ ներգրավվածության անհնար է լուրջ փոփոխություններ ակնկալել բանակցային գործընթացում:
-Քանի որ Հայաստանի նոր իշխանությունն իրեն համարում է ժամանակավոր, ի՞նչ եք կարծում՝ բանակցային գործընթացի այս փուլում արժե՞ լուրջ վերանայումներ անել:
-Ամեն դեպքում, իշխանությունը պետք է իր դիրքորոշումը հստակեցներ, և դա արվեց Արցախում: Արցախի հարցը մեր ժողովրդի համար կենսական նշանակություն ունի, և ցանկացած իշխանություն հստակ պետք է ձևակերպի իր մոտեցումներն այս հարցում:

Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 4229

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ