USD480.30
EUR558.49
RUB7.62
  •  Երևան 
    ... °C
  •  Գյումրի 
    ... °C
  •  Աբովյան 
    ... °C
 

Մթնոլորտ փոխելու խնդիր կա

Մթնոլորտ փոխելու խնդիր կա
29.05.2018 | 01:05

«Ի՞նչ նորություն կա»,- հարցրեց վաճառողը, իմանալով, որ լրագրող եմ։ «Ի՞նչ նորություն եք ուզում, որ լինի»,- հարցին հարցով պատասխանեցի։ «Տեսնում եք, չէ՞, կագեբեի պադվալներն ամեն օր լցնում են ինչ-որ պաշտոնյաներով կամ նրանց բարեկամներով»,- աչքերն ուրախությունից փայլեցնելով` ասաց վաճառողը։ «Պադվալները լցնելուց բացի, անձամբ Ձեր կյանքը փոխվե՞լ է, խանութում Ձեր աշխատաժամերը կրճատվե՞լ են, թու՞յլ են տալիս գոնե մեկ ժամ նստեք աշխատանքի ժամին, կամ Ձեր աշխատավարձը բարձրացե՞լ է, իսկ գուցե մսի, պանրի, կարագի գները նվազե՞լ են»,- հարցրի։ «Ոչ, գները չեն նվազել, հակառակը, ծխախոտի գինը բարձրացել է»,- պատասխանեց վաճառողը, իսկ իր աշխատաժամերի ու աշխատավարձի մասին ոչինչ չասաց։
Տխրեցի։ Տխրեցի, որովհետև այս վաճառողը միակը չէ։ Ձերբակալումների համար ուրախանում են և՛ բարձր ինտելեկտուալ աշխատանքի տեր մարդիկ, և՛ անգամ նրանք, ովքեր սեփականություն ունեն։ Սա մտահոգիչ փաստ է և ընդգծում է այն անառողջ մթնոլորտը, որն այսօր առկա է։


Ինչ խոսք, կառավարության առջև այսօր լուրջ տնտեսական մարտահրավերներ են ծառացած։ Հասկանալի է, որ առաջնահերթ է պետբյուջեի եկամուտների կտրուկ ավելացումը։ Եթե հետևենք վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին, ապա ակնհայտ երևում է, որ այդ խնդրի լուծումը նա տեսնում է տեղի միջոցների ներգրավմամբ։ Մասնավորապես, այն եկամուտները, որոնք տարիներ շարունակ շրջանցել են պետբյուջեն, հիմա պետք է վերադարձվեն։ Ինչ խոսք, սա այն քայլն է, որին տարիներ շարունակ սպասել է ժողովուրդը, և նման քաղաքականության ճիշտ իրականացումը միանշանակ կամրացնի այս կառավարության դիրքերը թե՛ սեփական ժողովրդի, թե՛ միջազգային հանրության շրջանում։ Սակայն արդյո՞ք այդ գումարները վերադարձնելու համար անհրաժեշտ է, ժողովրդի ասած, «կագեբեի պադվալները լցնել»։ Արդյոք սա հետագայում, վստահության առումով, խնդիրներ չի՞ ստեղծի։


Գաղտնիք չէ, որ ցանկացած երկրում ցանկացած մեծահարուստ, նախկին մեծ, թե փոքր պաշտոնյա, հեղափոխությունից հետո սպասում է, թե խաղի ինչ նոր կանոններ են հաստատվելու։ Նրանցից ոչ ոք չի կարող իր կամքը թելադրել նոր կառավարությանը, քանի որ շատ լավ գիտակցում է, որ երկրում ռադիկալ փոփոխություններ են կատարվում։ Այս իրավիճակում կարողանալ տարիներով պետբյուջեն շրջանցած գումարները հետ բերելու նոր կանոն հաստատել, առանց ատելություն սերմանելու, նշանակում է երկրում մթնոլորտ փոխել, տնտեսություն աշխատեցնել և լցնել պետբյուջեն, ինչն ավելի լուրջ անդրադարձ կունենա և՛ մարդկանց սոցիալական վիճակի, և՛ կառավարության վարկանիշի վրա։


Ժասմեն ՎԻԼՅԱՆ

Դիտվել է՝ 1715

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ

DiplomatRadio Mao
Marketers CommunityԱռողջ սիրտ