Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Ինչու բանի տեղ չի դրվել ԱԺ-ն

Ինչու բանի տեղ չի դրվել ԱԺ-ն
29.05.2018 | 01:07

Հայոց պետականությունն ու ազգային արժեքները ոչ մի իշխանության չեն պատկանում, հետևաբար ով էլ գա իշխանության, պարտավոր է սա հասկանալ: Առաջին հանրապետության 100-ամյա հոբելյանը ոչ մեկի սեփականությունը չէ, դա ազգը համախմբող, իմաստավորող ու վերքաղաքական իրադարձություն է: Գոնե նման օրերին պետք է զերծ մնալ քաղաքական հակասություններն ի ցույց դնելուց, իսկ այն, ինչ երեկ տեղի ունեցավ, քիչ է ասել, թե տհաճ էր: Պարզվեց` խորհրդարանական երկրի ԱԺ ղեկավարը չի մասնակցում Սարդարապատում Առաջին հանրապետության 100-ամյակին նվիրված տոնական միջոցառումներին: Չեն հրավիրվել նաև փոխխոսնակները: Այս առնչությամբ ԱԺ աշխատակազմի ղեկավարի տեղակալ Արսեն Բաբայանը պարզաբանում է տարածել: «Նախորդ տարիներին ՀՀ Ազգային ժողովը, որպես իշխանության ճյուղ, արարողակարգի համաձայն միջոցառմանը հրավիրված է եղել ամբողջ կազմով։ Այս տարի դրսևորվել է այլ մոտեցում։ Որպես ԱԺ մարմինների ղեկավարներ չեն հրավիրվել հանձնաժողովների նախագահները։ Չեն հրավիրվել Ազգային ժողովի փոխնախագահները, և չի հրավիրվել Ազգային ժողովի նախագահը։ Արա Բաբլոյանը հրավիրվել է որպես ՀՀ ԱԺ ՀՀԿ խմբակցության երեք պատգամավորներից մեկը։ Ավելին, երբ Ազգային ժողովի աշխատակազմը փորձել է ճշտել ԱԺ նախագահի մասնակցության արարողակարգը, հաշվի առնելով, որ միջոցառման պաշտոնական մասը միշտ իրականացվել է եռյակի մասնակցությամբ՝ hանրապետության նախագահի, ԱԺ նախագահի և վարչապետի, ԱԺ աշխատակազմին հայտնել են, որ այս տարի Ազգային ժողովի նախագահը չի լինելու նշված եռյակում։ Այսպիսով, ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը կարծում է, որ իշխանության առանձին ճյուղի, օրենսդրի նկատմամբ դրսևորվել է ոչ համարժեք վերաբերմունք»,- հայտարարել է Բաբայանը:


Այստեղ Արա Բաբլոյանի ու անգամ այդ կուսակցության ղեկավար Սերժ Սարգսյանին հիշեցնող քաղաքական ուժի մասին չէ խոսքը, այլ պետական ինստիտուտն արհամարհելու և բանի տեղ չդնելու: Ի վերջո, նաև այսպիսի իրադարձությունների ժամանակ է երևում, թե որքան է օրվա ղեկավարությունը տարբերվում նախորդից: Առավել ևս, երբ այս իշխանությունը որդեգրել է սիրո և հանդուրժողականության քաղաքականություն: Դա պետք է գործով երևա: Այսօր խորհրդարանում մեծամասնություն է այս տարիներին բազմաթիվ սխալներ գործած ու վարկաբեկված ՀՀԿ-ն, բայց վաղը կարող է այսօրվա իշխանությունը մեծամասնություն կազմել: Չմոռանանք բումերանգի մասին: Ի դեպ, Սարդարապատում ներկա հյուրերի ցանկում կարելի էր տեսնել նախորդ իշխանությունների ժամանակ բավականին լավ «տեղավորված» նախկին իշխանավորների, որոնք մեկ օրում ընդդիմություն դարձան: Հետաքրքիր «զուգադիպությամբ» ՀՀԿ-ն էլ է այսօր ընդդիմություն, բայց Սարդարապատում չէր:

Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ
Հ. Գ. Հավելենք, որ Ազգային ժողովից տոնական միջոցառումներին հրավիրվել է 13 պատգամավոր, 4-ը՝ «Ելք» խմբակցությունից, 3-ական՝ ՀՀԿ-ից, ՀՅԴ-ից և «Ծառուկյան» խմբակցությունից: ՀՀԿ-ից հրավիրվել են Արա Բաբլոյանը, Վահրամ Բաղդասարյանը և Ֆելիքս Ցոլակյանը: Այսինքն, Արա Բաբլոյանը դիտարկվել է որպես սովորական պատգամավոր, այլ ոչ ԱԺ խոսնակ:

Դիտվել է՝ 3303

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ