ԵՄ արտաքին և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը կոչ է արել թուլացնել Իսրայելի և Իրանի միջև հակամարտության լարվածությունը՝ հրեական պետությանը Իսլամական Հանրապետության հարվածից հետո: «Մենք կանգնած ենք անդունդի եզրին և պետք է հեռանանք այդտեղից։ Մենք պետք է սեղմենք արգելակները և միացնենք հետընթաց շարժումը»,- ասել է ԵՄ բարձրաստիճան դիվանագետը։                
 

Ո՞վ է ԼՂՀ-ն դուրս մղել բանակցություններին ուղղակի մասնակցելուց

Ո՞վ է ԼՂՀ-ն դուրս մղել բանակցություններին ուղղակի մասնակցելուց
29.05.2018 | 09:31

Արցախա-ադրբեջանական հակամարտության կարգավորման գործընթացի մասին Հայաստանի «ժողովրդական» վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտնի հայտարարություններից հետո հանրապետությունում բավական լուրջ բանավեճ բորբոքվեց: Այն սկսեց պաշտպանության նախկին նախարար, ավելի առաջ՝ նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը, որը, հիշեցնենք, մի ժամանակ նույնիսկ հանրապետական կուսակցությունում դիտարկվում էր որպես ՀՀ վարչապետի թեկնածու: Ճիշտ է, դա եղել է մոտավորապես 2014-17 թթ.: Վ. Սարգսյանը հասցրեց քննադատել «ժողովրդական» վարչապետին ոչ միայն ղարաբաղյան հիմնախնդրի գծով բանակցային գործընթացի ապագայի վերաբերյալ հայտարարությունների, այլև այսրոպեական նպատակներին հասնելու համար ընտրած եղանակի համար, առաջարկելով ընդհանրապես թքել խորհրդարանի վրա և «ազնվորեն ասել, որ խորհրդարանը ոչինչ է, իրեն հռչակել դիկտատոր և որոշումներն ընդունել հրապարակում»: «Դժվար է օրինականության քողի ներքո թաքցնել այն, ինչն իրավաբանական հիմնավորում չունի»: Ինչ պատճառներ էլ ունեցած լինի Վիգեն Սարգսյանը, նա առայժմ մնում է Փաշինյանի գործունեության ամենակոշտ քննադատը: Եվ դա ակնհայտորեն կապված չէ ՀՀԿ-ի քաղաքականության կամ որոշումների հետ. Վիգեն Սարգսյանը երկար ժամանակ եղել է անկուսակցական և միայն 2016 թ., նախագահի աշխատակազմից պաշտպանության նախարարի պաշտոնին անցնելուց հետո, դարձավ ՀՀԿ անդամ:


Ճիշտն ասած, Փաշինյանի արտահայտած մտքերում ոչ մի նոր բան չի եղել. այս նյութի հեղինակը, շփվելով ԵԱՀԿ Մինսկի խմբի (ՄԽ) նախկին համանախագահների հետ (դեռ Մեթյու Բրայզայի ժամանակ) հարցեր էր դնում նույն տեսանկյունից, հիշեցնելով, որ հենց ԵԱՀԿ ՄԽ-ի համանախագահներն էին հայտարարում, որ ԼՂՀ-ն անպայման վերադառնալու է բանակցային սեղանի շուրջը, բայց, այսպես ասած, «հարկ եղած պահին»: Էլ չեմ ասում ՄԽ-ի ռուս նախկին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովի հետ ունեցած բազմամյա շփումների և բազմաթիվ վեճերի մասին ԼՂՀ-ի իրավասուբյեկտության և 1994 թ. փաստաթղթերի վրա նրա ներկայացուցիչների ստորագրությունների վերաբերյալ: Ես համեմատելու բան ունեի, քանի որ 1992-93-ին Հայաստանի անունից մասնակցել եմ ամենաառաջին «Հակամարտության գոտում հրադադարի անհետաձգելի միջոցառումների գրաֆիկների» փորձագիտական գնահատականների և հակաառաջարկների մշակմանը: Մասնավորապես այն առաջին փորձագետներից մեկն էի, որոնք Հայաստանի իշխանությունների ուշադրությունը հրավիրեցին այն բանի վրա, որ հակամարտ բանակների շփման գծից զորքերի և ծանր սպառազինության հետքաշման հարցում ԵԱՀԿ-ից պետք է պահանջել (1992-93 թթ.) անհամաչափության սկզբունքի կիրառում: Այդ պատճառով Փաշինյանի հռետորաբանությունը չզարմացրեց. «Լրագրի» խմբագրությունում, որտեղ որոշ ժամանակ աշխատել ենք և ես, և Փաշինյանը, կարգավորման հարցը կենցաղային մակարդակով շատ անգամ է քննարկվել: Սակայն 2018 թ. մայիսին վաղուց և լավ հայտնի դրույթների վերաբերյալ բանավեճ բորբոքվեց, ընդ որում` նույնիսկ ոչ թե Փաշինյանի և Վ. Սարգսյանի միջև (վարչապետը չարձագանքեց, համենայն դեպս, հրապարակայնորեն), այլ նախկին նախարարի և նախկին առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի միջև: Այդ բանավեճին արդեն խառնվել են Արցախի հարցով բանակցությունների երկու ոչ պակաս «ծանրակշիռ» մասնակիցներ՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը և Վլադիմիր Կազիմիրովը: Այսինքն, վեճի հիմնական բաղադրիչը որակական թռիչք է ապրել, մանավանդ որ Կազիմիրովն անմիջապես հայտնվեց Երևանում և տեսակցություն խնդրեց Տեր-Պետրոսյանից:


Կազիմիրովի գործոնը ծայրահեղ կարևոր է: Երկար տարիներ նա կտրականապես ժխտում էր, որ 1994 թ., այսինքն, երբ երեք հակամարտ կողմերի միջև նախադրյալներ էին ստեղծվում հրադադարի համաձայնագրի ստեղծման ու ստորագրման համար, Ռուսաստանի ԱԳՆ-ի (որի ներկայացուցիչն էր Կազիմիրովը) և ՌԴ ՊՆ-ի միջև կարգավորման հարցում կային «տարընթերցումներ» ՌԴ պաշտպանության նախկին նախարար Պավել Գրաչովի անձնական կապերի և տարածաշրջանի իրադրության նկատմամբ անձնական վերաբերմունքի շնորհիվ: Նշեմ, որ Ռուսաստանի ԱԳՆ-ի և ՊՆ-ի դիրքորոշումների տարբերության նրբերանգները Երևանից շատ ավելի նկատելի էին: Մասնավորապես, այդ ժամանակ Հայաստանի գրեթե բոլոր ԶԼՄ-ները նշում էին, որ, պատկերավոր ասած, «հասկանալի չէ, թե Մոսկվայում ով և ինչի համար է պատասխանատու»: Մինչև Երևանում Տեր-Պետրոսյանի հետ հանդիպելը Կազիմիրովը հասցրեց հեռակա կարգով խառնվել ներերևանյան բանավեճին և բռնեց առաջին նախագահի կողմը, ինչը զարմանալի չէ. չէ՞ որ Տեր-Պետրոսյանը, կարելի է ասել, համարյա «կոզիրևյան տարր է», իսկ ՌԴ ԱԳ նախկին նախարարի բոլոր առաքինություններն ու թերությունները վաղուց դատապարտել են ոչ միայն ՌԴ-ի քաղգործիչները և հասարակությունը, այլև ՌԴ-ի հետելցինյան բարձրագույն իշխանությունը: «Sputnik Հայաստանը» դիմել է Կազիմիրովին, և նա, մեկնաբանելով բանավեճը, ասել է. «Տեր-Պետրոսյանը ճիշտ է»: Այն հարցին, թե Հայաստանը երբվանից կարող է համարվել հակամարտության կողմ, Կազիմիրովը պատասխանել է. «Գործնականում, մեր կարծիքով, զինված հակամարտության հենց սկզբից: Մենք այդպես էինք կարծում, որովհետև Հայաստանի ներգրավվելը շուտով դարձավ անխուսափելի («ԽՏսՖՓՏ» գործողությունից և հայերին Լեռնային Ղարաբաղի հյուսիսային շրջանից արտաքսելուց հետո)»: Ըստ նրա, Երևանը դա ընդունեց ոչ թե անմիջապես, այլ միայն հրադադարի համաձայնագիրը կնքելիս: Կազիմիրովն ընդգծեց, որ այդ հարցը լրացուցիչ քննարկում է պահանջում: Այն փաստաթղթերում, մասնավորապես, ԵԱՀԿ ղեկավար խորհրդի նախագահի Պրահայի մեկնաբանության մեջ, «Sputnik Հայաստանն» իսկապես անուղղակի հիշատակում գտավ Հայաստանի, որպես հակամարտության կողմի, մասին. «Գործող նախագահը հաստատում է նախկինում ԵԱՀԿ-ի ընդունած որոշումները կողմերի կարգավիճակի մասին, այսինքն, հակամարտության մեջ ընդգրկված երկու պետության, ինչպես նաև հակամարտության երրորդ կողմի (Լեռնային Ղարաբաղ) մասնակցության մասին բանակցությունների ամբողջ գործընթացում, ներառյալ Մինսկի կոնֆերանսը»: Այստեղ նշվում են Լեռնային Ղարաբաղը որպես հակամարտության կողմ և երկու «մասնակից պետությունները»: Պարզ է, որ խոսքը Հայաստանի և Ադրբեջանի մասին է:


Մեկ այլ փաստաթղթում՝ 1994 թ. բուդապեշտյան հուշագրում, կողմերի մասին անորոշ է ասվում: Տեքստում նշվում է, որ ԵԱՀԿ նախարարների խորհուրդը պաշտպանում է զինված հակամարտության դադարեցման վերաբերյալ քաղաքական համաձայնության հասնելու՝ համանախագահների ջանքերը: Ըստ հեղինակների, դա պետք է վերացներ հետևանքները «հակամարտության բոլոր կողմերի» համար: «Այդպիսի համաձայնությունը բոլոր կողմերի համար կվերացնի հակամարտության հիմնական հետևանքները»,- ասվում է տեքստում:

Հնարավոր է, որ հենց այդ արտահայտությունն է ենթադրում հակամարտության երկուսից ավելի կողմերի առկայություն, չնայած Պրահայի փաստաթուղթը շատ ավելի համոզիչ է, իհարկե: Եվ նշենք, որ 1993-95 թթ. իսկապես ուղղակի շփումներ կային Բաքվի և Ստեփանակերտի միջև, դա ոչ քննարկվում, ոչ էլ կասկածի տակ էր դրվում: Նույնիսկ Կազիմիրովն է նախազգուշացնում, որ հեռու գնացող եզրակացություններ չարվեն, և պահանջում է «լրացուցիչ քննարկում»: Մեր կարծիքով, այն պատճառով, որ ռուս դիվանագետին լավ հայտնի է Ռ. Քոչարյանի, որին նա ոչ պակաս լավ գիտի, քան Տեր-Պետրոսյանին, առարկությունը, և նա հիանալի հասկանում է, որ եթե Քոչարյանը մի քիչ ավելին ասի, ապա ինքը և Տեր-Պետրոսյանը կհայտնվեն արդարացողների ծայրահեղ տհաճ վիճակում, որոնք ինքնարդարացման համար ստիպված կլինեն խոսելու էլի և էլի: Թե ինչ, դժվար թե որևէ մեկն ի վիճակի լինի ենթադրելու, քանի որ Արցախի խնդրով բանակցային գործընթացը, ըստ էության, երկար ժամանակով գաղտնիացված է: Այդ պատճառով ենթադրենք, թե 2018-ի մայիսի անձնական շտապ հանդիպումը Տեր-Պետրոսյանի հետ պետք էր պայմանավորվելու համար, որ նախկին առաջին նախագահն այլևս չխորանա իր խոստովանություններում և խրատական հորդորներում: Ահա թե ինչու ներկայիս բանակցության մասին Կազիմիրովի հաղորդագրություններում ոչ մի ակնարկ չկա այն մասին, թե իրականում ինչ է քննարկվել. «Հանդիպման ընթացքում քննարկվել են ղարաբաղյան կարգավորման և տարածաշրջանում այդ գործընթացից բխող քաղաքական իրականությունների հետ կապված հարցեր»: Հայտնի է միայն, որ «հանդիպմանը մասնակցել է ՀԱԿ-ի («Հայ ազգային կոնգրես») փոխնախագահ Լևոն Զուրաբյանը: Պատահական չէ, որ հենց Կազիմիրովի և Տեր-Պետրոսյանի հանդիպման օրը Նիկոլ Փաշինյանը հանկարծակի հայտարարեց, որ պատրաստ է հանդիպելու նախկին նախագահ Սերժ Սարգսյանի հետ հստակ նպատակով. «Միակ տարբերակը, որի դեպքում տեսականորեն հնարավոր է հանդիպումը Սերժ Սարգսյանի հետ, կարող է լինել Ղարաբաղի հիմնախնդրով որոշակի տեղեկույթի ստացման անհրաժեշտությունը»: Ի միջի այլոց, դա նաև անուղղակի խոստովանություն է, որ վարչապետը չափազանց հեռու է Արցախի վերաբերյալ բանակցային գործընթացի վիճակի մասին հավաստի տեղեկություններից:


Նշենք ևս մեկ նրբություն. Քոչարյանի առարկությունից հետո Տեր-Պետրոսյանը պարզապես չհամարձակվեց որևէ բան պատասխանել: ՈՒրեմն, երկրորդ նախագահի շուրթերից ի՞նչ լսելուց են վախենում Տեր-Պետրոսյանը և Կազիմիրովը: Հասկանալի է, թե Փաշինյանն ինչու չի ուզում հանդիպել Քոչարյանին և նրա հետ խոսել Արցախի մասին: Պատճառը Փաշինյանի կենսագրությունն ու կարիերան են. ի վերջո, հետին թվով կարելի է պնդել, որ «նստել է» կամ դատարանի վճռով ինչ-որ բաներ է ասել «քաղաքական շարժառիթներով», բայց շատ ավելի դժվար է խոստովանել, որ ժամանակին ինչ-որ բան է հրապարակել Քոչարյանի տիկնոջ մասին, որը զրպարտանք է ճանաչվել: Բայց արդյոք զարմանալի չէ՞, որ բանակցային գործընթացի գնահատականներում առաջացած ճգնաժամի մասին լռում է նա, ով Քոչարյանից ժառանգել է չստորագրված «Մադրիդյան սկզբունքները» և հետո ստորագրել, այսինքն՝ Ս. Սարգսյանը: Մինչդեռ Քոչարյանից երրորդ նախագահին են փոխանցվել նաև այլ փաստաթղթեր, որոնք նա պարտավորվել էր ստորագրելու, ինչով էլ կճանաչվեր (կամ կհիշեցվեր) Արցախ-ԼՂՀ-ի իրավասուբյեկտությունը: Քչերն են հիմա հիշում, որ Հայաստանի խորհրդարանում այն ժամանակ բուռն կերպով քննարկվում էր Հայաստանի և ԼՂՀ-ի միջև ռազմական օգնության և փոխգործողության վերաբերյալ ինչ-որ համաձայնագրի ստորագրման մասին հարցը: Եվ փաստաթուղթը նախապատրաստվել էր, սակայն Սերժ Սարգսյանն այն մեկ միլիմետր անգամ առաջ չտարավ:
(շարունակելի)

Սերգեյ ՇԱՔԱՐՅԱՆՑ

Դիտվել է՝ 5126

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ