Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

«Լուրջ հաջողություններ արձանագրելու պարագայում երբեք չընկնել գլխապտույտի մեջ»

«Լուրջ հաջողություններ արձանագրելու պարագայում  երբեք չընկնել գլխապտույտի մեջ»
29.05.2018 | 09:34

Երեկ Սարդարապատի հուշահամալիրում հանդիսավորությամբ նշվեց Առաջին հանրապետության 100-ամյակը: Հայաստանն այսօր կրկին բեկումնային օրեր է ապրում, երբ սխալները կարող են թանկ արժենալ: Առաջին և երրորդ հանրապետությունների սխալների, դասերի մասին զրուցեցինք պատմաբան, ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն ԱՇՈՏ ՄԵԼՔՈՆՅԱՆԻ հետ:


-Երրորդ հանրապետությունը դասեր քաղե՞լ է Առաջին հանրապետության սխալներից:
-Հաճախ ասում ենք, թե Մեծ եղեռնից, հայոց պետականությունների պատմությունից դասեր չենք քաղել, բայց իրականությունն այլ է: Այսօրվա իրողությունները ցույց են տալիս, որ մենք, այնուամենայնիվ, դասեր քաղել ենք: Երբ փորձում ես Առաջին հանրապետության աշխարհաքաղաքական իրավիճակը վերլուծել, հասկանում ես, որ այդ հանրապետության կործանման պատճառներից մեկն էլ այն էր, որ Հայաստանը չկարողացավ գտնել իր տեղն ու դերը տարածաշրջանում և ճիշտ կողմնորոշվել մեծ տերությունների շահերի համադրման տեսանկյունից: Թեև երրորդ պետության ժամանակաշրջանը ևս բարդ էր, բայց մեզ հաջողվեց անվտանգության առումով տարածաշրջանում բալանս ստեղծել ու առնվազն քառորդ դար պահպանել հայոց պետականությունը: Կարծում եմ` Առաջին հանրապետության դասերից ճիշտ օգտվել ենք և կարողանում ենք պատմության դասերն օգտագործել ի շահ մեր ապագայի:
-Առաջին հանրապետությունը կերտվեց ճիշտ կադրերի շնորհիվ՝ Արամ Մանուկյան, Հովհաննես Քաջազնունի, Դանիել Բեկ-Փիրումյան, Ալեքսանդր Խատիսյան: Այսօր ինչ-որ առումով կրկին նոր պետության կերտման աշխատանքներ են իրականացվում: Հասկացե՞լ ենք, որ կադրերը կարող են վճռորոշ լինել:
-Չունենալով պետականություն կազմակերպելու փորձ (Առաջին հանրապետության ղեկավարներից, թերևս, միայն Ալեքսանդր Խատիսյանը պետական կառավարման փորձ ուներ, Թիֆլիսի քաղաքագլուխ էր եղել), բայց լինելով նվիրյալ գործիչներ, Առաջին հանրապետության ղեկավարները կարողացան իրենց անձնական օրինակով, նվիրումով ստեղծել հանրապետություն, և 2,5 տարվա ընթացքում այդ ջանքերն իրենց դերակատարումն ունեցան: Օրինակ, Հովհաննես Քաջազնունին ուներ 6 զավակ, որից 4-ը՝ տղա, նրանցից 3-ը զոհվեցին 1918-1920 թվականներին, իսկ 4-րդը՝ Հայրենական մեծ պատերազմում: Նույնը կարող ենք ասել Համո Օհանջանյանի մասին, որի զավակը զոհվեց Ղարաքիլիսայում, զոհվեց նաև Հովհաննես Թումանյանի մեկ որդին: Նրանք մարդիկ էին, որոնք իրենց անձնական օրինակով ոգևորում էին մարդկանց: Նիկոլ Աղբալյանը պայծառ կերպար էր, էլ չեմ խոսում Արամ Մանուկյանի մասին, որի կինը՝ Կատարինե Չալյան-Մանուկյանը, ամուսնու վաղաժամ մահից հետո, մի քանի ամիս անց, կարևորելով իր դերը և ամուսնու գործը շարունակելու առաքելությունը, դարձավ Հայաստանի Հանրապետության խորհրդարանի անդամ և բժշկական բարեսիրական գործունեություն ծավալեց հայ զինվորների շրջանում: Ասել է՝ մենք նվիրյալների մի սերունդ ունեինք, որոնք հաջորդ սերնդին փոխանցեցին պետականության զգացողությունը, որն անցավ սոցիալիստական հովերով տարված հայ համայնավարներին՝ բոլշևիկներին, որոնք ստիպված էին պետականության անթեղված կրակն իրենց մեջ պահպանել, թեկուզ ոչ անկախ պետության տարբերակով և հետագայում՝ 1991-ին կյանքի կոչեցին երրորդ անկախ Հայաստանի Հանրապետությունը:
-Առաջին հանրապետությունն ընդամենը 2,5 տարվա կյանք ունեցավ, ո՞րն էր այն էական սխալը, ինչը ժամանակին չհասկացան, և ինչը, հնարավոր է, հիմա էլ շարունակվում է: Ի՞նչ ընդհանրություն կա առաջին և երրորդ հանրապետությունների միջև:
-Եթե ժամանակաշրջանները համեմատում ենք, տեսնում ենք հետևյալը, Առաջին հանրապետությունը, ունենալով բավականին խոցելի կողմեր, 1920-ի մայիսի 5-ից մինչև նոյեմբերի 23-ը իրավական առումով ժողովրդավարական նահանջ արձանագրեց՝ ձեռք բերելով բռնատիրական տարրեր: Բայց նույնիսկ այս շրջանում, երբ արտակարգ իրավիճակ էր, Հայաստանը կարող էին ժողովրդավար հանրապետություն համարել: Նույնը կարելի է ասել նաև երրորդ հանրապետության մասին: Արցախյան պատերազմի տարիներին՝ 1991-1994-ին, բնականաբար կառավարման համակարգը ենթադրում էր նախագահական ուժեղ իշխանություն, որից մենք դժգոհ էինք, բայց ժամանակաշրջանն էր այդպիսին: Որքան հեռանում ենք այդ ծանր ռազմաքաղաքական իրավիճակներից, այնքան դեպի ժողովրդավարություն տանող ճանապարհները առաջին և երրորդ հանրապետությունների միջև նմանվում են միմյանց: Բայց տարբերությունը ևս հենց դրանում է: Լինելով ժողովրդավարական հանրապետություն, երրորդ հանրապետությունը վերջին շրջանում շատ ավելի միակուսակցական համակարգին նմանվող երկիր դարձավ, որը, փառք Աստծո, ապրիլյան պատերազմից և վերջին իրադարձություններից հետո իրական ժողովրդավարության ճանապարհն է բռնել: Իսկ սա ավելի կամրապնդի Հայաստանի Հանրապետությունը:
-Որպես պատմաբան, նոր իշխանություններին ինչ խորհուրդ կտաք, անցյալի ո՞ր սխալները չկրկնել:
-Ժողովրդական ալիքը շատ հետաքրքիր բան է, որը 1991-ին իշխանության բերեց նոր ուժերի, որոնք կոմունիստական կուսակցության ներկայացուցիչներ չէին, հիմա ժողովրդավարական ալիքի վրա նորից երիտասարդ, բանիմաց մարդիկ են եկել իշխանության: Որպես պատմաբան իմ խորհուրդը հետևյալն է՝ լուրջ հաջողություններ արձանագրելու պարագայում անգամ երբեք չընկնել գլխապտույտի մեջ և հիշել Շահամիր Շահամիրյանի «Որոգայթ փառացը»` անսխալականության բարդույթով չտառապելու համար: Եթե մեր երիտասարդ ղեկավարներն ուզում են, որ երկիրն առաջընթաց ունենա, պետք է հասկանան, որ իրենց ամեն մի հաջողությունը ժողովրդի հաջողությունն է, և դա չպետք է վերագրել անհատներին: Սա է իմ պատգամն Առաջին հանրապետության 100-ամյակի այս օրերին:

Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 3962

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ