«Փաստ չէ, որ ռուս խաղաղապահների հեռանալը Լեռնային Ղարաբաղից նույնական է Ռուսաստանի դուրս գալուն կովկասյան աշխարհաքաղաքական խաղից։ Անդրկովկասի նշանակությունը չափազանց մեծ է Եվրասիայի և, մասնավորապես, Մոսկվայի համար: Կարելի՞ է խոսել Ռուսաստանի նահանջի մասին, թե՞ իրականում մենք խոսում ենք կովկասյան տարածաշրջանային անվտանգության ողջ համակարգի վերագործարկման մասին: Մոսկվայի վիճակն ամենևին էլ այդքան անհուսալի չէ»,- ասել է ռուս քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովը։                
 

«Հայախոսությունը նահանջեց՝ բերելով նաև երկրորդ աղետը՝ խառն ամուսնությունը»

«Հայախոսությունը նահանջեց՝ բերելով նաև երկրորդ աղետը՝ խառն ամուսնությունը»
29.05.2018 | 09:49

Երևանի իմ մանկության թաղում, որին ժողովուրդը տվել էր Ախպարաշեն անունը, քանի որ այնտեղ ապրում էին հայրենադարձներ` մեր եղբայրները՝ աղբարները, ապրում էին 1915-ի ցեղասպանությունից փրկվածներ, նրանց շառավիղները, որոնց մեջ իրենց անկրկնելի կոլորիտով առանձնանում էին պոլսահայերը: Հիշում եմ` ակացիայի ծառի տակ, կեսօրին նրանց` փոքրիկ սուրճի բաժակների շուրջ անվերջանալի թվացող զրույցները Այնտեղի մասին: Այնտեղը նախ և առաջ Պոլիսն էր, որի մասին խոսում էին անանց կարոտով և նույնքան զայրույթով ու ցավով, որ դեռ դպրոց չհաճախող երեխաներիս համար անհասկանալի, հանելուկային շղարշով պատված մի բան էր: Հասկացանք դպրոցում՝ պատմության դասերին ու նաև մեր տատ ու պապերի պարզաբանումներից, որոնցից ոմանք նույնպես ցեղասպանությունից հրաշքով փրկվածներ էին: Խաստուրցի Հոռոմսիմ տատս փոքրիկ աղջնակ է եղել, գաղթի ճանապարհին նրան փրկել է Անդրանիկ Զորավարը: Եվ մեր հասակ առնելու հետ այլևս անհասկանալի չէր թվում ջահել օրերին նավաստի եղած և Արշալույս անունով կիսախուլ կին ունեցող, արդեն 80-ամյա Հակոբ դայու՝ ապագայում իր փոքրիկ տան վրա երկրորդ հարկ կառուցելու ջահել օրերից եկող, անկատար և արդեն հազիվ իրագործելի երազանքը...


Ամեն օր կեսօրին ակացիայի ծառի տակ նրանց սրճախմության ամբողջ ընթացքում երեխաներիս երկու գաղտնիք-հարցական էր հուզում. ինչպե՞ս կարելի էր մատնոցաչափ գավաթով սուրճը խմել ժամերով, և որտե՞ղ է այդ Պոլիս կոչվածը, որի մասին խոսելիս նրանց հայացքները խոնավանում էին, ձայները՝ դողում: Կար նրանց մեջ կլորիկ, կարճլիկ, տարեց մի կին՝ միշտ ծխախոտը շուրթին: Թվում էր, որ նա հենց այդպես՝ ծխախոտը շուրթին կպած է ծնվել: Զրույցի այն պահին, երբ հասնում էր ակացիայի շուքի տակ նստածների՝ Այնտեղի կարոտից արցունքոտվելու պահը, նա խելացնորվելու աստիճանի զայրացած գոռգոռում էր նրանց վրա, և զայրույթի բարձրակետին օդը պատռվում էր նրա թուրքերեն հայհոյանքից, որ այդ հայհոյանքը խայտառակ մի բան էր, երևում էր թաղեցիների ամոթահար, շիկնած հայացքներից: Եվ մինչ ուշքի կգային՝ այր մարդու հայհոյանք տված կլորիկ տիկինն արագ, մանրիկ քայլերով հեռանում էր մեր նրբանցքից դեպի Շահումյանի չորրորդ փողոցի կողմը, որտեղ ապրում էր նրա գերդաստանը: Ամեն անգամ հետևելով սրճախմության այդ հանդեսին՝ դեռևս դպրոց չհաճախող երեխաս երազում էր մեծանալ, գնալ-հասնել նրանց սիրո ու ատելության հեռավոր Պոլիսը: Անշուշտ, խորհրդային կարգերի օրոք հնարավոր չէր իրականացնել մի այդպիսի երազանք՝ այսպես կոչված՝ երկաթե վարագույրի ու փակ սահմանների պատճառով, բայց սովետը փլուզվեց, գոց ճամփաները բացվեցին, և արդեն առաջացած տարիքում իմ միտքը կրկին սկսեց ալեկոծել վաղուց հուշ դարձած և արդեն առասպելական թվացող մեր թաղի անհետացած բնակիչների՝ այնքան բաղձալի Պոլիսն այցելելու երազանքը: Նրանք՝ մեր սիրելի աղբարները, այդպես էլ չհամակերպվելով խորհրդային երկրի դրվածքին, լուռ, աննկատ մեկնեցին այլ երկրներ. որը Հունաստան, որը՝ չգիտեմ ուր՝ չենթադրելով անգամ, թե ի՜նչ սերմեր թողեցին Այնտեղին անծանոթ մանուկներիս սրտերում:


...Եվ ահա, Պոլսում եմ: Ասես երազում՝ արդեն 7 օր շրջում եմ մեր նրբանցքի աղբարների երբեմնի հայկական կյանքի շունչը պահող Գումգափուի փողոցներում ու այլ տիրույթներում՝ հմայված անցյալ հիշատակների բազմախոս, շքեղ ներկայությամբ:
Անցյալ օրերի հայեցի շունչն զգալու համար նախ այցելեցի գերեզմանոցներ. Շիշլիի գերեզմանոց ոտք դնելուն պես միանգամից վերացա իրականությունից, Շիշլիի, որի մասին Ռոպեր Հատտեճյանն իր «Դիմանկարներ» գրքում գրել է. «...պատմութեան դասագիրք մըն է գերեզմանատան այս բաժինը. գրագէտներուն, դերասաններուն, դաստիարակներուն դամբարաններ...»: Նշանավոր մարդկանց շքեղ շիրմարձանները, դրանց վրա փորագրված ծննդյան ու մահվան թվերը կյանքի անցավորության խոսուն վկայագրերն են, նաև՝ անմահության. և՛ Շիշլիում, և՛ Բալըքըում, և՛ Սկյութարում մահարձանների շարքերով անցնելիս, տապանաքարերի գրերը կարդալիս ոչ թե մահվան, այլ արվեստի, գիտության, պոեզիայի և անվերջ դեպի կատարելությունը ձգտող հայ մարդու կենդանի շունչ զգացի: Հիացած Բալըքլը գերեզմանոցի բարեկարգ ու կանաչապատ ծառուղիներում հոգածու ձեռքի քնքշալի հպումից՝ հենց առաջին աջակողմյան ճամփում քարացա՝ կարդալով Միսաք Մեծարենց անունը: Դպրոցական տարիներից արևմտահայ պոեզիայով տարված, Սիամանթոյի, Վարուժանի, Դուրյանի ու Մեծարենցի պոեզիան պաշտողս, հանկարծ հայտնվեցի ինձ ամենեն սիրելի բանաստեղծի շիրմի մոտ: Կախարդանքի պահը հաղթահարելով՝ երեխայի պես փաթաթվեցի ժամանակի հետքը կրող Մեծարենցի՝ ճերմակ, պարզ, անպաճույճ մահարձանին, ու թվաց՝ լսում եմ տակավին պատանի հիվանդ բանաստեղծի ալեկոծ սրտի տրոփյունը: Անվարան կարող եմ ասել, որ կյանքիս ամենաքաղցր օրերից մեկն էր ՝ շաղախված աշնան արևի ու նրբանախշ պոեզիայի հմայքով. «Քի՜չ մըն ալ դեռ, ա՜հ, շողա՜, շողա՜, բարի՜ արև, հիվա՜նդ եմ... »: Հուզմունքս փոխվեց ալեբախության, երբ ցույց տվեցին քիչ հեռու՝ ճանապարհի մյուս եզրին հանգրվանած հզոր, անխորտակ, ճշմարտության համար զոհաբերումին բացճակատ ընթացող քաջամարտիկ Հրանտ Դինքի գերեզմանը. մարմարի սարսռուն ճերմակն ու վրան հանգչող արնագույն կարմիր վարդերը ընդվզման հրացոլքով պատեցին հոգիս... Հրանտ Դինքն առաջինը կարողացավ բարձրաձայնել տաբու համարվող Հայոց ցեղասպանության թեման, նրա հիմնած «Ակօսը» ամայի հողի մեջ ուղի բացեց. Հրանտ Դինքն արթնացրեց մարդկանց հոգիները: Եվ այսօր Հայոց ցեղասպանության ճանաչման համար գնահատելի աշխատանք կատարած թուրք գրող և քաղաքական գործիչ Հասան Բուրգուջուօղլուն ասում է նույն միտքը, ինչ մեծ հայորդին. «Միայն առերեսումը կհանգստացնի՝ Թուրքիայի առերեսումը: Պիտի ընդունենք, որ հիվանդ ենք, և հայը պետք է թուրքի բժիշկը լինի, թուրքը՝ հայի»:


...Սկյութարի հայկական գերեզմանոցում եղա այն օրը, երբ Պետրոս Դուրյանի գերեզմանին տեղադրված նոր հուշարձանի բացումն էր: Ներկա էին պոլսահայության նշանավոր դեմքեր՝ ճարտարապետներ, մանկավարժներ, նկարիչ, երգիչ, հոգևորական... Թվում էր՝ բանաստեղծը կենդանի ներկա է և ինքն էլ հուզվում է հայ շուրթերից դեպ երկինք ելևէջվող «Իմ ցավը» բանաստեղծության տողերից.
Հեգ մարդկության մեկ ոստը գոս
Հայրենիք մը ունիմ թշվառ,
Չօգնած անոր՝ մեռնի՜լ աննշան,
Ո՛հ, ա՛յս է սոսկ ցավ ինձ համար:


Կար, թպրտում էր օրվա երկվությունը, թեկուզ կիսաշշուկ՝ թե հին մահարձանն ավելի ներդաշնակ էր Դուրյան բանաստեղծի հոգեկերտվածքին՝ պարզ ու հարազատ, քան մարմարյա ծանրությամբ ճնշող նոր քանդակը: Անշուշտ, ժամանակը կհստակեցնի երկկարծության պատասխանը: Հարահոս ժամանակը...
Գերեզմաններ այցելություններից հետո եղա Սուրբ Փրկիչ ազգային հիվանդանոցում, շրջեցի հարկեհարկ, մտա հիվանդասենյակներ, լաբորատորիա, դեղատուն... և հիացած, ապշած դուրս ելա, չեմ վարանի ասել, ժամանակակից անհրաժեշտ սարքավորումներով հագեցած շքեղագույն այդ տիրույթից. ամեն բան այնքան կատարյալ էր, որ գյումրեցու ասած՝ մարդու հիվանդանալը կգար...


Խոր ապրումներով համակված՝ այցելեցի «Մարմարա» օրաթերթի խմբագրություն, թերթ, որ 1940-ից ի վեր (հիմնադիր` Սուրեն Շամլյան), տասնամյակներ շարունակ կատարել է կարևոր ու ազգօգուտ առաքելություն: Տասնամյակներ շարունակ և այսօր նույնպես օրաթերթի գլխավոր խմբագիր, «Նոր Մարմարայի» արտոնատեր Ռոպեր Հատտեճյանը նավավարի պես ճամփա է հարթել, շնորհաշատ գրչով բազմաթիվ գրքեր հեղինակել, որոնց դերն ու նշանակությունը պոլսահայ կյանքում անժխտելի են՝ սերունդներ կրել-դաստիարակելու, պոլսահայության կյանքը պատմությանն ի պահ տալու առումով:

-Հարգարժան պարոն Հատտեճյան, արդեն մի քանի օր շրջում եմ Պոլսում, այցելում գերեզմանոցներ, վարժարաններ, եկեղեցիներ, զրուցում տարբեր տարիքի ու հոգեկերտվածքի պոլսահայերի հետ, և հոգիս տակնուվրա, ալեկոծ մի հարց եմ տալիս ինքս ինձ՝ իրականում ի՞նչ է ներկայացնում այսօր իրենից Պոլիսը, նվազու՞մ, խամրու՞մ է նրա հայկական ոգին, թե՞, ինչպես մարգարիտը խեցու մեջ, պահում է իր երբեմնի փայլն ու հմայքը...
-Անշուշտ, երբ Պոլիս ենք ասում, հասկանում ենք այսօրվա Իստանբուլ քաղաքը, որը շատ մեծ հասկացություն է, որ գալիս է պատմությունից: Ինը, տասը տասնամյակ առաջ, երբ մեր աչքը բացվեց, մեզ գտանք Պոլիս քաղաքի մեջ, որտեղ տակավին շատ էին 20-րդ դարի սարսափն ապրած մեծ աղետի ավերակները. մեր ծնողները հազիվհազ փրկել էին իրենց կյանքը և այդուհանդերձ որոշում ընդունել կյանքը շարունակելու։
Երբ մենք եկանք, մեր գիտակցությունը գտանք, հասկացանք, որ ունենք պոլսահայ փառավոր անցյալը մեր կյանքի, որ պատիվ կբերեր այդքան դժբախտություն անցած մեր ժողովրդին: ՈՒնեինք շատ փայլուն գրականություն, մշակութային հսկայական աշխատանք, ունեինք ավելի քան 18 դպրոցներով տոհմիկ կրթական ուսուցման պատմություն, ունեինք մոտավորապես 40 եկեղեցիով և հոգևորական հարուստ անձնակազմով հոգևոր-եկեղեցական կյանք, տակավին շատ բան, որ մեզ բնական էին թվում, հակառակ, որ արտասահմանի մեջ պիտի կարծեին, թե 1915 թ. փչացրել է այս ամենը: Չէր փչացրել: Այնքա՜ն գրագետ էինք կորցրել, այնքան հոգևորականներ, ուսուցիչներ, ազգային գործիչներ... բայց մեր գրականությունը շարունակվում էր, մշակութային կյանքը շարունակվում էր: Մենք էլ մեր մասնակցությունը բերեցինք, նվիրվեցինք գրական աշխատանքին, Մխիթարյան վարժարանի տված հարուստ պաշարով ստեղծեցինք մեր գրականության և մամուլի նոր աշխարհը: Վերջապես, Աստծո կամքով, 1915 թ. չկարողացավ ամբողջովին կասեցնել պոլսահայ կյանքը: Միայն մեկ բան՝ գավառը գրեթե ամբողջությամբ կորցրել էինք, և ինչ որ մնացել էր այդ գավառից, եկել էր, միացել Պոլսո հայությանը: Կարող եմ ասել, որ Պոլիսն իր հայկական դիմագիծը կարողացավ պահել երկար տարիներ:
Այս երկրի մեջ պատահած մի շարք անիրավ կարգադրություններ ազգային փոքրամասնությունների և մեր նկատմամբ ոչ միայն չկանգնեցրին մեր դիմագիծը, այլև ավելի շեշտեցին, ամրացրին մեր հայկական ներկայությունը, մեզ հիշեցրին, որ մեր ժողովուրդը դժբախտության մեջ ավելի է հաջողում իր ինքնությունը պահել, քան ուրախության և երջանկության պահերին: Գալով այսօրվան՝ հակառակ մեր բոլոր կորուստների, դժբախտությունների, այսօր էլ ունենք փառավոր պոլսահայություն՝ օրինակելի համայնք՝ իր 16 դպրոցով, 32 եկեղեցիով, յուրաքանչյուր վարժարանի քով հիմնված մշակութային կենտրոններով, և, այո, ամբողջ Թուրքիայի բնակչության նախանձը գրգռող հայկական ազգային հիվանդանոցով:
Մեր ամբողջ պատմությունը խտացել է հայ պատրիարքական աթոռի շուրջը: Հոգ չէ, որ այսօր այդ աթոռը ժամանակավորապես դատարկ է և կսպասե իր գալիք տիրակալին: Հայերեն օրաթերթերով ու նաև տեղական լեզվով հրատարակվող այլ թերթերով, մասնավորապես «Մարմարա» թերթի մեջ ծագած, հասակ առած նոր գրականությամբ ու մշակույթով և ազգային ինչ-ինչ հրատարակություններով պոլսահայ կյանքը շարունակվում է:
-Հայ համայնքը զուրկ է պետական հոգածությունից: Ինձ ասացին, որ անգամ աշակերտներին տրվող նպաստներն են նվազել. 1916-1917 թթ. դիմած աշակերտներից մի մասն է միայն ստացել նպաստ: Ի՞նչ միջոցների հաշվին են գոյատևում հայկական դպրոցները: Անշուշտ, կան դպրոցներ, որոնք շատ ապահով վիճակում են, օրինակ, Գարակէօզեան վարժարանը, ուր այցելեցի, զարմացրեց, հիացրեց իր ազնվական դասին վայել շքեղությամբ և ապահովվածությամբ, բայց բոլորը չեն այդ վիճակում:
-Մեր 16 վարժարանների նյութական կարիքները հոգալու համար գտնվում են ազգային բարերարներ և նվիրատուներ: Նրանք Սիրո սեղան կոչվող արարողությունների ժամանակ նվիրատվություններ են անում և գոյացած միջոցների հաշվին հոգում են վարժարանի կարիքները:
-Այդպիսի երկու միջոցառման մասնակից եղա՝ պատրիարքարանում և Սամաթիայի Սուրբ Գևորգ եկեղեցում: Պատրիարքարանում առաջարկեցին ներկա լինել Սուրբ Գևորգ եկեղեցու մատաղ Սիրո սեղանին: Համայնքի ներկայացուցիչները հանդիսավոր, կասեի՝ տոնական տեսք ունեին՝ պատրաստ օժանդակելու դպրոցի տարեկան ծախսերի համար անհրաժեշտ միջոցների ապահովմանը: Բայց լսեցի, որ հավաքված գումարը չարդարացրեց սպասելիքները, և խնդիրը ծանրացավ պատասխանատուների ուսերին: Թեև համոզված եմ, որ պատվախնդիր պոլսահայը խնդիրն անլուծելի չի թողնի:
Հայաստանյան ընթերցողը, հատկապես ավագ սերունդը, կարդացել է Ռոպեր Հատտեճյանի գրականությունը, տեղյակ է «Մարմարա» թերթի՝ երկրի ու համայնքի իրադարձություններին սրտացավ արձագանքումներին, Պոլսի հայությանը անցյալ և մեր օրերի հայ գրականությանն ու մշակույթին հաղորդակից դարձնելուն: Ձեր «Հուշատետր 60-ի» «Պտոյտ հայ գրականութեան քուլիսներուն մէջ» շարքի (Իսթանպուլ, 2008 թ.) առաջին և երկրորդ հատորներում ներկայացրել եք դրվագներ հայ մտավորականների կյանքից, թե ինչպես են ապրել նրանք այստեղ կամ արտասահմանում. «Այսպես՝ եղանք Եղիա Տէմիրճիպաշեանի, Լեւոն Շանթի, Արշակ Չոպանեանի, Շահան Շահնուրի, Ռուբէն Զարդարեանի, Երուանդ Օտեանի, Միքայել Կիւճեանի, Տիրան Չրաքեանի, Վահան Թեքէեանի, Գրիգոր Զոհրապի եւ Արփիար Արփիարեանի հետ ու տեսանք, թէ այս տաղանդավոր հայ մարդիկը երբեմն ինչպիսի ողբերգական պայմաններու մէջ է որ քաշքշած էին իրենց գոյութիւնը, միշտ հավատարիմ մնալով հայ գրականութեան եւ հայկական իրենց ինքնութեան:
Այս երկրորդ հատորին մէջ մենք մեր ընթերցողներուն կ’առաջարկենք մեզի հետ ման գալ այս անգամ Համաստեղի, Սիամանթոյի, Թէոդիկի, Խաչատուր Միսաքեանի, Աւետիք Իսահակեանի, Անդրանիկ Ծառուկեանի, Թլկատինցիի, Զապէլ Ասատուրի, Դանիել Վարուժանի, Յ. Ճ. Սիրունիի, Մկրտիչ Պէշիկթաշլեանի, Գուրգեն Մահարիի կյանքի մտերմության մէջ եւ ափսոսալ՝ թէ ինչպիսի տառապանքներ ու զրկանքներ պարտադրուեր են այդ տաղանդաւոր մարդոց, ոմանք զոհ՝ 1915-ի տեղահանութեան, ուրիշներ զոհ՝ հորիզոններու վրայ կատարուած անիրաւութիւններու ու պարտադրուած աքսորներու եւ սպանդներու....»: Չեմ վարանի ասել՝ իրոք, հանրագիտարանային հարուստ վավերագրություն, որ ընթերցողին գերում-տանում է ուրիշ մի հայ աշխարհ, նաև Ձեր գեղարվեստական վեպերը, որ հարուստ, բազմաբովանդակ նյութ են անցյալ և ներկա հայ կյանքն ու հայ ստեղծագործությունը ճանաչելու, ուսումնասիրելու համար: Սակայն Դպրեվանք, հայկական այլ վարժարաններ այցելելիս ցավով արձանագրեցի, որ հայ երեխան, հայ պատանին հեռացել, օտարացել են մայրենի լեզվից:
-Ստիպված ենք ընդունելու, որ վերջին 15-20 տարիների ընթացքում պոլսահայությունը, այո, սկսեց կորցնել մի շարք մասնահատկություններ, որոնցով հպարտ էինք: Դրանցից գլխավորը հայախոսությունն է: Անշուշտ, մի քիչ էլ արտաքին կյանքի ճնշումով մեր նորահաս սերունդն սկսեց ավելի հանգիստ զգալ թուրքերենով, քան հայերենով: Հայախոսությունը նահանջեց՝ բերելով նաև երկրորդ աղետը՝ խառն ամուսնությունը: Տասը տարի առաջ մատով ի ցույց կտրվեր խառն ամուսնության դեպքը: Օտարների, մասնավորապես թուրքերի հետ բարեկամություն կար, բայց ամուսնություն չկար: Հիմա, երբ լսում ենք մեկի ամուսնության մասին, հարցնում ենք՝ հա՞յ է, այդչափ ընդհանրացել է խառն ամուսնությունը: Նորաստեղծ հարցերից մեկն էլ մեր վարժարանների աշակերտների թիվն է: Հետզհետե ավելի շատ ծնողներ են ձգտում իրենց զավակներին օտար կամ թերի կրթությամբ վարժարան ուղարկել՝ մտածելով, որ դա ավելի օգտակար է լինելու զավակի ապագա հաջողությունների առումով: Եվ հետևանքն այն է, որ մեր համայնքը, պահելով հանդերձ իր հայկական դիմագիծը, քիչ մը մի կողմ դրած է մեր հրաշալի արևմտահայերենը, որն աշխարհի ամենակատարելագործված լեզուներից մեկն է: Մեր սիրելի գրողները և մասնավորապես՝ ես, վերջին 20 տարում շատ ճիգ թափեցին մեր արևմտահայերենը իր բարձունքի վրա պահելու, նույնիսկ ավելի բարձրացնելու համար: Այսօր էլ նույն ճիգով հատորներով գրականություն կստեղծենք, սակայն տխուր է տեսնել, որ ընթերցողների թիվը գնալով նվազում է: Այդուհանդերձ՝ ուրախությամբ ասեմ, որ հակառակ մի քիչ տխուր այս պատկերի, աշխարհի ամեն կողմում ունենք հայ մշակույթի և գրականության ծարավի հայորդիներ, որոնք անօրինակ կերպով կապված են պոլսահայությանը, այսօր շարունակում են տեսնել ու կարևորել մեր փառավոր անցյալի ժառանգությունը, մեր պապերից մեզ փոխանցված հայկականությունը: Ես կարծում եմ, որ այս հրաշալի պատկերի մեջ դասականներն իրենց ներգործությունն ունեն, մեր երջանկահիշատակ պապերը, երբեմն իրենց կյանքը վտանգելով, մեզ սովորեցրին, թե ի՛նչ է նշանակում հայ լինելը, որպես հայ ապրելը օտարների լայն շրջանակների մեջ:
-Հատկապես խորհրդային շրջանի հայկական գրական մամուլից հայ ընթերցողը գիտեր և գիտե պոլսահայ գրող, թերթի խմբագիր Ռոպեր Հատտեճյանին: Այս այցելությունը հրաշալի առիթ եղավ նվեր ստանալու ձեր գրքերից՝ «Դիմանկարներ», «Պտոյտ մը հայոց լեզուի բառարանին մէջ», «Պտոյտ հայ գրականութեան քուլիսներուն մէջ»... Օրվա այցելություններից, հանդիպումներից, գրառումներից հետո, թեև հոգնած, երեկոյան անհամբեր թերթում եմ, կարդում առանձին հատվածներ, և, հաճոյախոսություն չէ, հոգնությունս չքանում է կյանքի սիրով լի, մարդկային հոգու բազմաշերտ ապրումների գեղանկարչորեն պատկերավոր արտացոլումներից: Գրականություն, որ ամեն տարիքի ընթերցողի համար ուսանելի է, մարդկային էության նոր ու նուրբ աշխարհներ բացահայտող: Որքան հայտնագործումներ կարող է անել հատկապես պատանի հասակի ընթերցողը, գրականություն սիրող ամեն ոք՝ թերթելով Ձեր «Պտոյտ մը հայոց լեզուի բառարանին մէջ» բազմահատորյակի Է հատորը, որտեղ ամփոփված են 2014 թ. «Մարմարա» օրաթերթում լույս տեսած Ձեր հոդվածները, որոնցում անդրադարձել եք բառերի ծննդյանը, դրանց իմաստային նրբերանգներին, ճիշտ տեղում օգտագործման յուրահատկություններին: Այդ հոդվածները արդեն, լեզուս չի դառնում ասել, անհետացման վտանգի շեմին հայտնված արևմտահայերենը սովորող աշակերտի կամ որևէ անձի համար լեզուն ուսումնասիրելու որոնելի ուղեցույցներ են: Եվ որքան հուզական, թովիչ եք բնորոշել գրքի նախաբանում՝ «Հայոց լեզուի մէջ կատարված խանդավառ պտույտներ»: Նախաբանի յուրաքանչյուր պարբերություն հայ զավակներին ուղղված պատգամ է, քաղցր հորդոր: Ահա, մեկ հատված, որ անտարբեր չի կարող թողնել ընթերցողին. «Բառարանները խոժոռ են թերեւս, բայց անկասկած հիւրընկալ են, կսիրեն օգնել մեզի, եթե մենք օգնութիւն ուզենք անոնցմէ... բառարանները մէկմէկ դպրոց են եւ մենք հարիւր տարեկան ալ դառնանք, պիտի չդադարինք բառարանի մը աշակերտ ըլլալէ: Երանի՜ մեզի»: Խորին հարգանքով գրող Հատտեճյանի գրական ժառանգության և գլխավոր խմբագրի ամենօրյա տքնաջան, հետևողական աշխատանքի հանդեպ, ուզում եմ հարցնել՝ ո՞րն է ձեր մանկության առաջին հուշը...
-Շատ կանուխեն Մխիթարյան վարժարանի սան եղա: Շատ վաղ տարիքից սկսեցի կարդալ, բայց թուրքերեն էի կարդում, նաև՝ երիտասարդության շրջանում, սկսեցի թուրքերեն գրել, հազարավոր էջեր լեցուցի՝ վեպերով, թատերախաղերով, բանաստեղծություններով, բայց, բարեբախտաբար, դրանցից ոչ մեկ տող չհրատարակվեց: Ես գրում էի պարզապես ինձ համար, բայց ունեի հայ գրականություն մշակող բազմաթիվ ընկերներ, որոնցից երկուսի անունը երախտագիտությամբ եմ հիշում՝ Խաչիկ Ամիրյան և Վարուժան Աճեմյան, ովքեր ինձնից գաղտնի մի օր հայերեն թարգմանեցին իմ մեկ պատմվածքը և այն հրատարակեցին իրենց հիմնած գրական ամսագրի առաջին համարում: Շատ զարմացա, երբ այնտեղ հայերեն պատմվածքի տակ տեսա իմ ստորագրությունը: Այդ օրից սկսյալ հայերեն եմ գրում՝ առանց մոռանալու ինձ այդ ուղղության վրա դնող իմ երկու լուսահոգի ընկերներին: Հպարտ եմ, որ մեր գրականությանը, մեր մամուլին բերել եմ անօրինակ վաստակ մը։
-Ձեր վերջին գրքերից մեկում նկարագրել եք սրտի վիրահատությունից առաջ և հետո կյանքի, անիմանալիի մասին Ձեր մտորումները, կասեի՝ ասեղնագործ ժանյակի նրբագեղ ստեղծագործությամբ: Տագնապներից վերստին առօրյա կյանք վերադարձող մարդու հոգու հրճվանքը... Կյանքը որչա՞փ է սիրելի, ոչ, խմբագրեմ հարցս՝ կյանքը շա՞տ է սիրելի։
-Կարծում եմ՝ ինչ պայմաններում էլ ապրենք, եթե անգամ տառապանքներ են վիճակվում, ու մեզ թվում է ՝ ձանձրացել ենք կյանքից, սխալ տպավորություն է... Կյանքը շատ թանկագին է, և եթե կյանքը մեզ չի ժպտում, կհավաստենք, որ վաղն անպայման պիտի ժպտա: Կյանքը մեր ունեցած բարդ նյութական և բարոյական հարստությունների ոչ միայն գագաթնակետն է, այլև գանձանակն է: Կյանքն է, որ մեր ձեռքը բռնում, տանում է մեր երազած ոլորտները: Անշուշտ, երբ խոսում ենք կյանքի գեղեցկության մասին, դրանում հասկանում ենք նաև մեր բոլոր սիրելիներին՝ ծնող, զավակ, ընկեր, և նայում ենք դեպի ապագա սերունդներ, հականում, որ մեր կյանքը պիտի շարունակենք ապրել մեր զավակների և թոռների մեջ:
-Ձեր սերնդի պոլսահայերը. ինչպիսի՞ն են նրանք...
-«Մարմարա» թերթի մեջ սյունակ կա՝ «Հուշատետրը». 37 տարուց ի վեր ամեն օր այդ սյունակում հրատարակում եմ գրական ու ազգային թեմաներով նյութեր: Վերջերս ավարտեցի 250 հոդվածների շարքը, որ կոչվում է «Մարդիկ, որ անցան կյանքիս մեջեն»: Հուզիչ շարք է, որ խոսում է հարյուրավոր մարդկանց մասին, ջախջախիչ մեծամասնությամբ՝ պոլսահայեր, որոնց հանդիպելը կարևոր բաներ փոխեց իմ կյանքում, և կամ ես էլ փոխադարձաբար բան փոխեցի նրանց կյանքում: Բազմաթիվ են այդ անձերը, կան մի քանիսը, որ ավելի հիշատակելի են, առանձնանում են: Նրանցից մեկը Շնորհք արքեպիսկոպոս Գալուստյան պատրիարքն է, որի հետ գործակցելու պատիվն ունեցա մոտավորապես 30 տարի և որի պաշտոնական կենսագիրը եղա: Բայց մի՞թե միայն նա... Քանի՜ ու քանիսը, որոնք պոլսահայության պայծառ դեմքն ունեն, որոնց ուզենանք նմանվել՝ պահել, քանի որ մյուսները նույնպես ունեն հիշվելու իրենց իրավունքը:
-Հայաստան, ի՞նչ ապրումով է համակում Ձեզ այս բառը...
-Առաջին անգամ 1970 թ. էր, որ բախտ ունեցա Հայաստան այցելելու: Խորհրդային շրջանի ծանր պայմանների մեջ էր երկիրը: Այնուհանդերձ հոն ապրեցի 15 անմոռանալի օր, որոնք իմ ամբողջ կյանքը և գրական ոճը հիմնովին փոխեցին: Ավելի ուշ՝ անկախության շրջանում, բազմաթիվ առիթներ եղան Հայաստան այցելելու, ծանոթացա այնտեղ տիրող պայմաններին, հանդիպեցի ազգային և այլ շրջանակների մեր բարեկամների հետ: Մի շրջան էր, երբ դյուրին չէր Հայաստանի մասին թուրքերեն խոսել կամ Հայաստան գնալ-գալ: Երբ հրատարակեցի «Օրագրիս 15 էջերը»՝ իմ առաջին գրքերից մեկը, որ նվիրված էր Հայաստանին, մի այնպիսի ժամանակաշրջանի, երբ Հայաստան անունը դժվար էր արտասանել այս երկրի մեջ: Տարիների ընթացքում առաջացան ավելի կակուղ պայմաններ, երթևեկություն ստեղծվեց Թուրքիայի ու Հայաստանի միջև, հաճախ այցելություններ եղան, հաճախ արժանացանք մեր պատվին հոբելյանների: Առանձնապես հաճելի էր Հայաստանում ավելի քան տասը մեդալով պարգևատրումը, որոնցից առանձնակի պատվաբերը «Մեսրոպ Մաշտոց» շքանշանն էր, որ ստացա նախագահի ձեռքից և առիթ ունեցա նաև «Մարմարայի» էջերում հյուրընկալելու Հայաստանի իմ գրչեղբայրներին, ներկայացնելու նրանց գրական նմուշները: Կապը կա և պետք է շարունակվի:
Իմ կարծիքով հայ ժողովուրդն ունի երեք խոշոր աշխարհագրություն. Հայաստան, Սփյուռք, երրորդը Պոլիսն է: Այս երեք հասկացությունների միջև կապը որքան աշխույժ է, այնքան ապահով է մեր ապագան: Կորուստներ միշտ պիտի տանք, բայց միշտ պիտի ապրենք մնացյալով: Այդպես եղել է հազարավոր տարիներ ի վեր: Լուսահոգի հայրս մի խոսք ուներ. «Առջևեն եկողը ճողոպրեց, ձախ կողմեն եկողը կողոպտեց, բայց ինչ մնաց ինձի՝ բավ էր»: Մերն էլ նույնն է՝ աջեն կորսուցինք, ձախեն կորսուցինք, բայց վարպետություն ունեցանք մնացյալներով հայորեն ապրելու:
-Շնորհակալություն հետաքրքիր հարցազրույցի համար: Շնորհակալություն այն գրականության համար, որ ստեղծել եք: Ամեն տարիքի, հոգեկերտվածքի մարդ, առավելապես հայը այնտեղ իրեն հոգեհարազատ պատմություն, միտք, բառ կգտնի: Ի դեպ՝ բառերի մասին. կրկին շնորհակալություն՝ «Պտոյտ մը հայոց լեզուի բառարանին մէջ» գրքի համար: Ամենաանտարբեր մարդն անգամ բացելով որևէ էջ, չի կարողանալու կտրվել այնտեղից, քանի որ շատ հետաքրքիր ու հափշտակող են հայերեն բառերի ձեր ստուգաբանություններն ու մեկնաբանությունները: Եվ այդ գրքից մի փոքրիկ մեջբերումով ավարտեմ այս հանդիպումը, որը, անշուշտ, շարունակություն է ունենալու:
«Բարեկամ մը, որ երաժիշտ է, ինծի կհարցնէր անցեալ օր.
-Մեր լեզուին մէջ ունինք «ակնահաճոյ» բառը, որը շատ գեղեցկօրէն կը նկարագրէ աչքին հաճոյք պատճառող աղուոր բանը: Ատոր զուգահեռ կերպով արդեօք ունի՞նք «ականջահաճոյ» բառն ալ:
Ան ալ գիտէր անպայման որ «ականջահաճոյ» բառ չունինք մեր լեզուին մէջ.... ականջին հաճոյք պատճառող գեղեցիկ ձայնին համար կը սիրենք գործածել բառեր ինչպէս՝ «հեշտալուր», «ախորժալուր» կամ «գեղահունչ», բայց ոչ՝ «ականջահաճոյ»:
Այսքանը արդէն մեզ բաւական հեռուները կրնայ տանիլ: Ճամբան բավական կնճռոտ է, բայց հոգ չէ, մենք՝ մեր Մեծասքանչը սիրողներս, պիտի փորձենք ընթանալ հոնկէ»:
Եվ դու ընթացիր դեպի բառերի անսահման աշխարհը, սիրելի ընթերցող, որովհետև մայրենի լեզվի անաղարտությունը Երևանում նույնքան կարևոր խնդիր է, որքան Պոլսում: Եվ ականջալուր լինենք Ռ. Հատտեճյանի կոչին. «Դուք ալ եկէք, սիրելի ընթերցողներ, մեզի միանալու բառարան կոչուած դպրոցին նստարաններուն վրայ...»:

Զրուցեց ԱՍՊՐԱՄ ԾԱՌՈՒԿՅԱՆԸ

Լուսանկարներ

. .
Դիտվել է՝ 7307

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ