Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

«Արամ Իլյիչը նեղացել էր և իրավունք ուներ»

«Արամ Իլյիչը նեղացել էր և իրավունք ուներ»
29.05.2018 | 09:57

ՀՀ ժողովրդական արտիստ, միջազգային մրցույթների դափնեկիր, Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր ԷԴՈՒԱՐԴ ԹԱԴԵՎՈՍՅԱՆԸ հայ ջութակահարական դպրոցի լավագույն ներկայացուցիչներից է:

2005 թվականին ես պատրաստեցի հաղորդում «Օթյակ» հեռուստաշարքում տաղանդավոր ջութակահարի մասին:
Էդուարդի հայրը՝ Զոհրաբ Թադևոսյանը, գաղթել էր Էրզրումից, մասնագիտությամբ ինժեներ էր: Նա ամուսնացել էր Աստղիկ Մխիթարյանի հետ, և նրանք ունեցել էին 3 երեխա, որոնցից Էդուարդը դարձավ հայտնի ջութակահար: Զոհրաբ Թադևոսյանը վաղ հեռացավ կյանքից, և ընտանիքի հոգսն ընկավ տիկին Աստղիկի ուսերին:
-2-3 տարեկան էի,- հիշում է Էդուարդ Թադևոսյանը,- երբ վերանորոգում էին մեր բնակարանը: Բանվորներից մեկը մի մեղեդի էր սուլում: Լսելով այդ մեղեդին՝ ես ռիթմով խփում էի սեղանին: Նկատելով դա, սուլողը փոխեց ռիթմը, ես էլ փոխեցի իմ խփելու ռիթմը: Այդ մարդը խորհուրդ տվեց ծնողներիս, որ ինձ անպայման երաժշտական դպրոց տանեն: Եվ 7 տարեկանում ինձ տարան Երևանի Չայկովսկու անվան երաժշտական մասնագիտացված հատուկ դպրոց: Դպրոցում սովորեցի վաստակավոր ուսուցիչ Տատյանա Հայրապետյանի դասարանում:
Երբ Էդուարդն ավարտեց դպրոցը, Տատյանա Հայրապետյանը պնդեց, որ նա ընդունվի Մոսկվայի կոնսերվատորիա, և ինքն էլ Էդուարդի հետ մեկնեց Մոսկվա: Էդուարդը հաջողությամբ հանձնեց ընդունելության քննությունները և դարձավ հռչակավոր Լեոնիդ Կոգանի աշակերտը:


-Տատյանա Հայրապետյանը խոսք էր տվել մոսկովյան պրոֆեսորներից մեկին ինձ ցույց տալ, որպեսզի ես դառնամ նրա աշակերտը: Սակայն մինչև քննությունը ինձ լսեց մի ուրիշ պրոֆեսոր և ասաց. «Էդուարդին Կոգանն է պետք»: Աստծո տված պարգևներից էր, որ Կոգանը վերցրեց ինձ իր դասարանը: Յուրահատուկ անձնավորություն էր, կյանքում մի կերպ ուներ, բեմում ուրիշ տեսակ էր:
Կոգանը անհատական մոտեցում ուներ յուրաքանչյուր ուսանողի նկատմամբ: Սովորեցնում էր ինքնուրույնություն, պահանջում էր ուսանողից սեփական մտածելակերպ, սեփական մոտեցում կատարվող ստեղծագործությանը, սեփական մեկնաբանություն: Նա մեկ անգամ էր լսում ուսանողի կատարումը: Ինքը միայն շտկում էր, ճիշտ ուղու վրա կանգնեցնում: Իսկ ամբողջ խոհանոցային աշխատանքը կատարում էր նրա ասիստենտը: ՈՒսանողն ինքը պետք է կորզեր Կոգանից, հետևեր ձեռքերին, կեցվածքին, լիներ փորձերին, լսեր վերջնական կատարումը, ընկալեր կատարման որակը: Կոգանն ամիսներով բացակայում էր, լինում էր հյուրախաղերի: Երբ վերադառնում էր, մի ամբողջ ծրագիր պետք է պատրաստած լինեինք:
Փարիզի Մարգարիտ Լոնգի և Ժակ Տիբոյի՝ միջազգային մրցույթում պարտադիր ծրագրում էին Լալոյի «Իսպանական սիմֆոնիան» և Մենդելսոնի Ջութակի կոնցերտը: Ես պատրաստել էի երկու ստեղծագործությունն էլ: Նա լսեց և իր հավանությունը տվեց: Չէի ասի, որ կյանքում նա շփվող էր: Իր մեջ պարփակված էր. գուցե գալիս էր նրանից, որ վատառողջ էր:
Էդուարդ Թադևոսյանը դպրոցական էր, երբ առաջին անգամ մասնակցեց մրցույթի և դարձավ դափնեկիր: Դա Անդրկովկասյան հանրապետությունների մրցույթն էր: Հետագայում ջութակահարը հաղթող դարձավ միջազգային հեղինակավոր մրցույթներում՝ Մարգարիտ Լոնգի և Ժակ Տիբոյի՝ Փարիզում և Վենյավսկու անվան:


-1965 թվականին նշվում էր Արամ Խաչատրյանի 60-ամյակը: Ֆիլհարմոնիայի մեծ դահլիճում վարպետը փորձ էր անում սիմֆոնիկ նվագախմբի հետ: Պետք է կատարվեին կոմպոզիտորի Ջութակի կոնցերտը և ջութակի ռապսոդիան, մենակատարն էր հանրահայտ ջութակահար Վիկտոր Պիկայզենը: Տատյանա Հայրապետյանն ինձ տարավ ֆիլհարմոնիա, փորձի ընդմիջմանը ինձ ներկայացրեց մեծ կոմպոզիտորին: Արամ Խաչատրյանն ինձ առաջարկեց նվագել հատված Ջութակի կոնցերտից: Կատարումից հետո Արամ Իլյիչը ասաց. «Ջութակի կոնցերտը կնվագի Էդուարդ Թադևոսյանը, իսկ ռապսոդիան՝ Վիկտոր Պիկայզենը»:
-Էդուարդի հետ ապրելը հեշտ է, աստղային հիվանդություն չունի,- պատմում է Թադևոսյանի տիկինը՝ ՆՈՐԱ ՀԱԿՈԲՅԱՆԸ:- Նա անընդհատ ջութակի հետ է՝ բեմում, ազատ ժամանակ: Ջութակն ու երաժշտությունը անընդմեջ նրա հետ են: Ես դա զգացել եմ ու գիտեմ՝ նա դրանով է ապրում: Նա արվեստագետ չի խաղում, նա ծնվել է արվեստագետ: Երաժշտությունն իր մեջ է, արվեստն իր մեջ է:


Էդուարդը կարող է մթնոլորտ ձևավորել, իր շուրջը կա բարության, անկեղծության, ընկերակցության մթնոլորտ: Ինքը կարող է իր շուրջը պահել տարբեր տարիքի մարդկանց, նրանց հետ ընկերություն անել: Էդուարդը գիտի և՛ հոգևոր լինել, և՛ հողեղեն լինել, և, ամենակարևորը, նա գիտի իր կողքի մարդկանց համար խիստ հաճելի լինել:
Ես արդեն 35 տարի ունկնդրում եմ Էդիկին դահլիճից և միշտ զարմանում եմ, թե ինչպես է նա սովորական կյանքից, ամենասովորական ծիծաղով, քրքիջով, կատակով, անեկդոտ պատմելով, բաժակաճառ ասելով, համով բանը համտեսելով և նրա արժեքը գնահատելով անցում անում դեպի բեմ: Ես կատակ ունեմ, ասում եմ՝ Էդուարդը բեմում 3-5 սանտիմետրով բոյով է, մոնումենտալ է, շատ համոզիչ է ինձ համար: Ինքը անկեղծ է, խորունկ գիտի այն նյութը, որը ներկայացնում է: Էդուարդը երբեք բեմ չի բարձրանա, եթե կիսատ-պռատություն կա: Դա չկա իր մեջ: Լավ գիտի կոմպոզիտորի էպոխան:


Նա նաև լավ անսամբլիստ է: Ես լսել եմ Արամ Խաչատրյանի Ջութակի կոնցերտը տարբեր մեծ ջութակահարների կատարմամբ: Բայց ինձ համար ամենահամոզիչը Էդուարդ Թադևոսյանի կատարումն է: Դա ասում է ոչ թե Նորա Հակոբյան կինը, այլ Նորա Հակոբյան ունկնդիրը:
-Լեոնիդ Կոգանը բնակվում էր նույն շենքում, որտեղ բնակվում էր Արամ Իլյիչը,- շարունակում է Էդուարդը,- Կոգանի դասարանը մեծ էր, և հաճախ 2-3 աշակերտ պարապում էինք մեր պրոֆեսորի տանը ¥ի դեպ, Թադևոսյանն էլ ունի աշակերտներ, ովքեր դասերն անցկացնում են մաեստրոյի տանը: Կոգանը երբեմն հանձնարարում էր իր աշակերտներին պարապել համակուրսեցիների հետ: Թադևոսյանը շարունակում է իր ուսուցչի ավանդույթը¤: Արամ Իլյիչը հաճախ էր լինում Կոգանի տանը: Կոմպոզիտորը մեծ դեր էր խաղացել ջութակահարի կայացման հարցում: Օգնել էր Կոգանին նշանակում ստանալու հարցում, բանակի հարցում: Ես կարդացել եմ Արամ Խաչատրյանի նամակները տարբեր ղեկավարներին, որոնցում գրում էր, որ այս երիտասարդը փառք ու պատիվ կբերի սովետական արվեստին: Հետագայում Արամ Իլյիչի հետ շփվել եմ կոնսերվատորիայում ուսման տարիներին: Նա կոնսերվատորիայի պրոֆեսոր էր: 70-ականներին Արամ Խաչատրյանը բուժվում էր կառավարական հիվանդանոցում, Կունցևոյում: Կոմպոզիտորը լուր էր ուղարկել, որ խաղողի թփով տոլմա է ուզում: Կինս Մոսկվայում էր և եփեց տոլման: Տարա հիվանդանոց: Առաջին անգամ տեսա, որ մարդը երկու վերարկու է հագել, մրսում էր Արամ Իլյիչը:


Արամ Իլյիչը պատրաստվեց տոլման ուտելու և հանկարծ հարցրեց. «Բա մածուն չե՞ս բերել»: Մոռացել էի: Ճարեցի թթվասեր: Եվ կոմպոզիտորը հաճույքով կերավ տոլման: Հետո Արամ Իլյիչը տվեց ինձ նոտաների ձեռագիր. «Նոր եմ գրել, ուզում եմ քեզ տալ»: Սոլո սոնատինա էր ջութակի համար: Հաջորդ օրը ես պետք է մեկնեի հյուրախաղերի, ասացի, կվերցնեմ նոտաները վերադառնալուց հետո: Նա ասաց. «Լավ», և դեմքի ոչ մի մկանը չդողաց:
Երբ վերադարձա հյուրախաղերից, իմացա, որ Արամ Իլյիչը նոտաները տվել է Վիկտոր Պիկայզենին: Այսինքն, նեղացել էր և իրավունք ուներ, ես սխալ էի, պետք է վերցնեի նոտաները: Արամ Իլյիչի հետ իմ շփումը շարունակվում է մինչև այսօր: Ես համարում եմ ¥և ոչ միայն ես¤, որ նա ոչ միայն ազգային, այլև համամարդկային արժեք է: Նա ազգային սահմաններից դուրս է եկել: Ես նրա ջութակի կոնցերտը կատարել եմ Պետերբուրգում, Մոսկվայի սյունազարդ դահլիճում, կոմպոզիտորի հոբելյաններին, երբ ինքն արդեն չկար:
1969 թվականին Մոսկվայում նշվեց Կոմիտասի 100-ամյակը: Համերգին մասնակցում էր ուսանող Էդուարդ Թադևոսյանը: Նրան նկատեց Կոմիտասի անվան քառյակի հիմնադիր, տաղանդավոր ջութակահար Ավետ Գաբրիելյանը և առաջարկեց լինել քառյակի երկրորդ ջութակը:


-Վեց տարի երջանկություն ունեցա օգտվելու այդ տաղանդավոր, էնցիկլոպեդիկ գիտելիքներ ունեցող մարդու հարստագույն երաժշտական լաբորատորիայից: 1976 թվականին ես վերադարձա հարավարևելյան Ասիայից, ուր Կամերային նվագախմբի հետ մեկնել էի հյուրախաղերի որպես մենակատար: Ջութակը պետք է վերադարձնեի Ավետ Գաբրիելյանին: Նա ասաց. «Այսօրվանից ոչ միայն ջութակն է քոնը, այլև իմ տեղը»: Հուզումնալից էր իմ առաջին ելույթը Կոմիտասի քառյակի կազմում: Այն տեղի ունեցավ Մոսկվայի կոնսերվատորիայի դահլիճում: Ծրագրում Շոստակովիչի 7-րդ կվարտետն էր: Ես 22 տարեկան եմ, անփորձ՝ կվարտետի առումով: Իմ կողքին է Ավետ Գաբրիելյանը, իսկ դահլիճի 6-րդ կարգում՝ Շոստակովիչը:


Համերգից հետո Շոստակովիչը մտավ մեր սենյակ: Մոտեցավ և ինձ, ինչպես բոլոր մեծերը, շնորհակալություն հայտնեց, շնորհավորեց, որ այսպիսի կոլեկտիվ եմ եկել: Հետագայում եղել եմ Շոստակովիչի սիմֆոնիաների պրեմիերաներին, փորձերին, որոնք տարբեր նվագախմբերի հետ ինքն էր վարում: Շփվել եմ Շոստակովիչի որդու՝ դիրիժոր Մաքսիմի հետ, որը հետո գնաց Սովետական Միությունից: Մեծերից շփվել եմ Դավիթ Օյստրախի, իմ սերնդակիցներից՝ Օլեգ Կագանի, Վլադիմիր Սպիվակովի, Նատալյա Գուտմանի ¥հիանալի թավջութակահար է¤, Վիկտոր Տրետյակովի, Ժակ Դյուպրենի հետ: Անձնական փոխադարձ համակրանք կար Մստիսլավ Ռոստրոպովիչի հետ: Նրա դասերը շատ կարևոր էին ինձ համար:


80-ականներին Առնո Բաբաջանյանը գրեց իր 3-րդ կվարտետը: Ասում էր՝ չեմ հիշում էն երկու կվարտետները կատարվե՞լ են, թե՞ ոչ: Առնո Բաբաջանյանը ինձ պատմեց 3-րդ կվարտետի ստեղծման պատմությունը. «Հանգստանում էի Դիլիջանում: Ռադիոյով լսեցի Շոստակովիչի մահվան լուրը: Նստեցի ռոյալի մոտ ու ստեղծագործության կեսը միանգամից նվագեցի: Հետո տանջվելով, ծննդաբերում էի, ծնում էի մյուս կեսը»: Բաբաջանյանը մի անգամ ևս վերապրեց Շոստակովիչի մահը: Լինելով հանճարեղ մարդ, նա լավ էր հասկանում Շոստակովիչի արժեքը: Բաբաջանյանը ինձ ուղարկեց այդ կվարտետի նոտաները, որը նվիրված էր Շոստակովիչի հիշատակին: Սկսեցինք փորձել, այն ժամանակ տեղ չունեինք, փորձում էինք ԸԿԽհ-ում։
Շատ բարդ գործ էր, գլուխ հանելը դժվար էր։ Մենք դեռ պատրաստ չէինք, երբ եկավ Բաբաջանյանը։ Մասնակցում էր բոլոր փորձերին, յուրաքանչյուր նոտայի հետ կապված դիտողություններ էր անում։ Ներվային վիճակ էր։ Դուդուկի թեման պետք է մտներ` ողբը, դա շեղում էր դասականից, ողբը պետք է լիներ վեհ, ոչ թե լաց։


Մի օր էլ փորձի ժամանակ գլուխը բռնեց. «Մի րոպե, մի րոպե, Էդիկ ջան»... Վախեցա. «Ի՞նչ եղավ»։ Ցույց տալով գլուխն ասաց. «Տաղանդս ցավում է»... Լարվածությունից էր։ Կվարտետի կատարումը տեղի ունեցավ Դամասկոսի «Ինտերկոնտինենտալ» շքեղ հյուրանոցի համերգային դահլիճում։
Բաբաջանյանը սրահ չմտավ։ Դռան հետևից էր լսում կատարումը։


Բաբաջանյանի հետ շատ եմ շփվել Մոսկվայում։ Շատ հումորով, մարդամոտ անձնավորություն էր։ Իհարկե, ամեն մարդու չէր մոտենում, կիսվում։ Միասին հանգստացել ենք Դիլիջանում։ Փայլուն դաշնակահար էր։ Էմիլ Գիլելսն ասել է. «Եթե Առնոն շարունակեր նվագել, արդյո՞ք մեր համբավը կլիներ աշխարհով մեկ»։ Զարմանալի տաղանդի տեր մարդ էր։
Էդուարդ Թադևոսյանը նաև հմուտ մանկավարժ է։ Նա կոնսերվատորիայի առաջատար պրոֆեսորներից է, սիրում է իր աշակերտներին, միաժամանակ շատ պահանջկոտ է նրանց նկատմամբ։ Նրա աշակերտների թվում կան միջազգային և հանրապետական մրցույթների դափնեկիրներ։ Իսկ նրա ղեկավարած Կոմիտասի անվան քառյակը համաշխարհային ճանաչում ունի։


Գարիկ ՂԱԶԱՐՅԱՆ

Դիտվել է՝ 1904

Մեկնաբանություններ