Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Երրորդ անգամ անընդմեջ, իսկ ընդհանուր առմամբ` 13 անգամ

Երրորդ անգամ անընդմեջ, իսկ  ընդհանուր առմամբ` 13 անգամ
29.05.2018 | 09:59

Անգլիական «Լիվերպուլի» հետ խաղում մայիսի 26-ին Կիևում Մադրիդի «Ռեալը» երրորդ անգամ անընդմեջ նվաճեց Չեմպիոնների լիգայի գավաթը: Նման բան, որ մի թիմը երեք անգամ անընդմեջ հաղթի հեղինակավոր այս մրցաշարում, առաջին անգամ եղել է սրանից մեկ էլ 42 տարի առաջ: Երևելի՞ արդյունք է: Անվիճելիորեն: Սակայն այս հավաստումը հնարավորություն տալի՞ս է ասելու, որ ուժեղներից ուժեղն է «Ռեալը»: Անձամբ մենք հարցին միանշանակ պատասխանելու համարձակություն չէինք վերցնի մեր նվազ ուսերին` հիշելով ու հիշեցնելով հայտնի այն բանաձևումը, որ… Սակայն եկեք շարունակությունը թողնենք նյութի վերջին, երբ կամփոփենք ահագին բաներ, ու ահագին բաներ էլ այլ լույսի տակ կերևան:

Կիևյան այս դիմակայությունն էլ անցավ պատմության էջ, ինչպես պատմության էջ է դառնում ցանկացած եղած բան, սակայն դրան այդ նույն պատմության չթերթվող, մոռացության տրված էջի ճակատագիր հաստատ վիճակված չի լինելու ու, որքան էլ տարօրինակ է, ոչ թե «Ռեալի», որը հաղթել է 3:1 հաշվով, այլ «Լիվերպուլի» պատճառով, որը պարտվել է 1։3 հաշվով:
Ինչ տարբերություն հաղթած 3:1 ու պարտված 3։1 հաշիվների մե՞ջ:
Շատ մեծ: Մի քիչ խորքային մտածեք ու կտեսնեք, որ սկզբունքորեն տարբեր բաների մասին ենք խոսում:
Մինչ կփորձեք ձեզ համար գտնել վերն ասվածի առանցքային տարբերությունը, մենք փորձենք տեսնել, թե ինչ ունեցանք եզրափակչում: Առաջին ու հիմնական բանը, որ ֆիքսելու ենք, ըստ էության, երկու տարբեր խաղակեսերն էին, որոնցից մեկում ընդհանրապես դարպասի գրավում չարձանագրվեց, մյուսում էլ եղածն ավելի քան էր:
Այն մեկում, որտեղ ընդհանրապես դարպասի գրավում չտեսանք, դոմինանտություն անողը «Լիվերպուլն» էր, չեմպիոնների լիգայի այս խաղարկությունում մինչ այդ ունեցած մրցակիցներին տեռորի ենթարկած իր Սալահ-Մանե-Ֆիրմինիո հարձակման գծով: Չէ, ինչ խոսք, անգլիական ակումբի մեկնարկային գրոհները չբերեցին գոլային պահերի հեղեղի, բայց որ «արքայականը» դրանցից ճնշված էր, չեմ կարծում, թե կառարկեք:


Այո, առաջին խաղակեսում «Լիվերպուլն» ուներ առավելություն, ու դրա դեմը պիտի առնվեր: Առնվեց ոչ միայն խելացի հաշվարկված պաշտպանությամբ, այլև կոպիտ խաղով ու առաջին հերթին ագրեսիվ խաղաոճ ունեցող Սերխիո Ռամոսի ակտիվ մասնակցությամբ: Սա բավական խոր հաշվարկված քայլ է «Ռեալի» կողմից, որը դրանում բավականին խոշոր խաղադրույք է անում իր պաշտպանի ունեցած հեղինակության, իսկ տվյալ պարագայում շատ ավելի ճիշտ կլինի ասել, ունեցած ճնշող հեղինակության վրա: Հապա մտածեք` այդ ո՞ր մրցավարը կհամարձակվի Սերխիո Ռամոս դաշտից հեռացնել, այն էլ առանցքային նման խաղում: Դեղին քարտ ցույց տա՞լ` լրիվ հնարավոր է, կարմի՞ր` բացառենք: Համենայն դեպս, պրակտիկան դա է ցույց տալիս: Մոհամեդ Սալահի հետ նրա երկու նպատակային բախումները (ինձ թողնելով իմ ասածին` սույնի առնչությամբ դուք ասեք խաղային իրավիճակով պայմանավորված բախումները, սակայն չփորձեք այս ձևակերպման տակ սղացնել և այն պահը, երբ Ռամոսն իր սուրբ պարտքը համարեց մի անգամ էլ արմունկով հասցրած հարվածով անցնել Լորիս Կարիուսի դեմքի վրայով) հանգեցրին նրան, որ երկրորդն ավարտվեց եգիպտացուն ոչ միայն տվյալ հանդիպման շարունակությունից, այլև հաշված օրեր անց մեկնարկող աշխարհի առաջնության մասնակցությունից զրկելով: Երկրորդ խախտման գործոնն առանձնապես ենք շեշտում, քանզի այն խախտում էր միանգամայն այլ մարզաձևից վերցրած հնարքի կիրառմամբ, ու ոչ միայն արժեր, այլև անհրաժեշտ էր Ռամոսին դաշտից հեռացնել, սակայն մրցավարն այդ քաջությունը չունեցավ, մինչդեռ այդ խախտումով ոչ միայն ընդհատվեց «Լիվերպուլի» գրոհը սոսկ, այլև նրա խաղի կոնցեպցիան:


Կասեք` ի դեմս Կարվախալի, նման մի կորուստ էլ ունեցավ «արքայակա՞նը»: Այո, ունեցավ, ու աշխարհի առաջիկա առաջնությունում այս տաղանդավոր ֆուտբոլիստի մասնակցությունն էլ է վտանգված, սակայն եթե պահանջվածից ավելի երկար նստարան ունեցող «Ռեալը» կարող էր Կարվախալի կորուստը հնարավորինս անցնցում տանել, «Լիվերպուլի» համար եղածը ողբերգություն էր այդ նույն պահեստային նստարանի կարճության, այդ նստարանին նստածների դեռևս ոչ ամբողջությամբ դարմանված վնասվածքների պատճառով: Բավական է ասել լոկ, որ Սալահին փոխարինման ելած Ադամ Լալանան նոր-նոր է ուշքի եկել վնասվածքներից և մարզավիճակ չի էլ հասցրել ձեռք բերել, իսկ Լալանայի փոխարեն համարժեքությամբ Սալահին ավելի մոտ ֆուտբոլիստ Յուրգեն Կլոպը չուներ, ու նաև սրանում էր գերմանացի մարզչի ողբերգությունը, որի պասիվում ոչ մի կերպ չի կարելի գրանցել այս խաղը:
Երկրորդ խաղակեսն ամբողջությամբ «Ռեալի» ուրախությունն էր ու նույնքան ամբողջությամբ «Լիվերպուլի» ողբերգությունը: Կարիուսի հետ պատահածից չխոսելն ավելի բարոյական կլինի, քան խոսելը: Ես ընդհանրապես հակված եմ մտածելու, որ եթե այս հանդիպումից հետո «Լիվերպուլի» դարպասապահի հետ նպատակային ու տևական հոգեբանական աշխատանք չտարվի, նա որպես ֆուտբոլիստ կոչնչանա, որովհետև նման սխալները հակացուցված են անգամ միջինից ցածր որակ ունեցողների համար: Բայց ինչ կարող ես անել. այդ օրն այդ մարդու կյանքի ամենասև օրն էր, ու զուտ մարդկայնորեն նրան պիտի միայն ու միայն ցավակցել:


Սակայն եկեք սևից անցնենք սպիտակին, Բենզեմայի օրը ցերեկով «գողացած» գոլին ու նրա անձին: Ես այսպես կասեի` ոչ այնքան «Ռեալի», որքան Զինեդին Զիդանի մարզչական կյանքում բացառիկ դեր է վերապահված Կարիմ Բենզեմային, ու դա` նաև նրանց ունեցած ազգային պատկանելության բերումով: Եթե չեմ սխալվում, նախկինում արված բազմաթիվ դիտարկումների կողքին սույն հարցին բավականին հանգամանալից անդրադարձել եմ Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի թե մեկ քառորդ եզրափակչի կտրվածքով: Այո, Բենզեման խփում է Զիդանի ու բնականաբար թիմի համար վճռական գրեթե բոլոր խաղերում, հենց այն նույն Բենզեման, ում` թիմին համապատասխանության առումով «Ռեալում» լինելու նպատակահարմարությունն արդեն քանիերորդ անգամ է բարձրացվել ու արդեն քանիերորդ անգամ մարել-պարպվել անհրաժեշտ պահին ավելի քան պահանջված գոլեր խփելու պատճառով:
Ինչևէ:


Ի պատիվ «Լիվերպուլի» ասենք, որ այն շատ արագ վերականգնեց հաշվի հավասարությունը, սակայն ակնհայտ էր, որ «Ռեալը» հաջողությունն այլևս ձեռքից բաց չի թողնի, մանավանդ որ անգլիացիների հոգնածությունն արդեն շոշափելիորեն էր զգացվում: Բեյլին խաղադաշտ հանելով` եկեք պահը որսալու իմաստնություն չվերապահենք Զիդանին, քանզի այդ փոխարինման անհրաժեշտությունը երեխային էլ պարզ քայլ էր` «Ռեալին» անհրաժեշտ էր ևս մեկ արագացում հաղորդել թիմին: Բեյլն «արքայականի» համար ոչ միայն այդ արագությունն ապահովեց, այլև ֆանտաստիկ գեղեցկությամբ գոլ հեղինակեց (սա նշելով` եկեք չմոռանանք և «Յուվենտուսին» խփած Քրիշտիանու Ռոնալդուի ոչ պակաս ֆանտաստիկ գոլը), իսկ դարպասի նրա երկրորդ գրավումը Կարիուսի մեղքերի շարքից էր:
Ամփոփենք:


Իսպանական ակումբը վերջին երեք տարում շահեց իր երրորդ գավաթն այս մրցաշարում ու կրկնեց 42 տարվա վաղեմությամբ ռեկորդը, իսկ ընդհանրապես սա «արքայականի» ընդհանուր թվով տասներեքերորդ հաղթանակն էր Չեմպիոնների լիգայում (միջանկյալ նկատենք, որ երեք անգամ պարտվել է եզրափակչում, այնպես որ, տասնվեց անգամ է դուրս եկել եզրափակիչ): Նման արդյունքով չի կարող պարծենալ և ոչ մի թիմ, այդ թվում և «Բարսելոնը», որի պատճառով կիսատ թողեցինք նյութի սկզբում բարձրացված «արդյոք ուժեղներից ուժե՞ղն է «Ռեալը» հարցի պատասխանն ու կիսատ թողած այն բանաձևումը, որը փաստում է` կարող ես հաղթել աշխարհի հնարավոր բոլոր մրցաշարերում, սակայն քո ուժեղագույնը լինելու թիվ մեկ նախապայմանը երկրի առաջնության չեմպիոնությունն է: Գուցե մտածողներ կլինեն, որ սա ներքին առաջնության գնի ակնհայտ բարձրացում է, բայց դա այնքան էլ այդպես չէ, մանավանդ որ իրականում այդպես չէ: Նախ իսպանական առաջնությունն իրապես հզոր է: Չեմպիոնների լիգայի խաղարկության կողքին հավասարապես դիտարկեք Եվրոպայի լիգայինն ու կտեսնեք, թե այնտեղ էլ որ երկրի թիմերն են տոն տվողը: ՈՒ մեկ որ Եվրոպայի լիգային անդրադարձանք, ասենք, որ այստեղ էլ հաղթել է իսպանական մյուս ակումբը` «Աթլետիկոն»` սուպերգավաթի համար պայքարում ապահովելով մեկ այլ կարգի մրցակցություն, իսկ առավել հատկանշականը թերևս այն է, որ պատմության մեջ առաջին անգամ սուպերգավաթը վիճարկելու են նույն երկիրը ներկայացնող թիմեր: Արդեն իսկ սա երևույթ է, ու թույլ տվեք ավելի մանրամասների մեջ չմտնել, ասելով, որ այդ երկու փառահեղ թիմերը ներկայացնում են ոչ միայն նույն երկիրը, այլև նույն քաղաքը: Ահա այսպիսի բախտավորություն, որն աշխարհում կարող է ունենալ միայն Հայաստանը` պայմանով, որ հեղափոխական խժդժությունները կշրջանցեն հայկական ֆուտբոլը, և մարզաձևի ֆեդերացիայի գլխին կշարունակի մնալ Նեմեց… ներեցեք Ռուբեն Հայրապետյանը, իրեն հայտնի հնարքների միջոցով բակային մրցաշարի եզրափակիչ հանելով ավանյան երկու թիմ:
Սկզբունքորեն կարելի է այսքանով էլ ավարտել Չեմպիոնների լիգայի կիևյան եզրափակչի համառոտ տեսությունը, սակայն եկեք «Ռեալի» հետ մեկտեղ պատշաճը մատուցենք և նրա հարձակման գծի ընդգծված առաջատարին` Քրիշտիանու Ռոնալդուին, որը, ճիշտ է, գոլ չխփեց այս խաղում (ի միջի այլոց, եթե չլիներ դաշտ ներխուժած հանդիսատեսը, շատ հնարավոր է, որ պորտուգալացին առանց գոլի չհեռանար), սակայն հիրավի մեծ մասնակցություն է ունեցել թիմին չեմպիոնական բարձունքի հասցնելու հարցում, ու նկատենք, որ սա նրա հինգերորդ հաղթանակն էր Չեմպիոնների լիգայում, իսկ յոթում եղել է հեղինակավոր այս խաղարկության լավագույն ռմբարկուն:

ԱՐՏԱՌՈՑ ՍԽԱԼՆԵՐՆ ԱՅՆՔԱՆ ԷԼ ՍԱԿԱՎԱԴԵՊ ՉԵՆ
Չեմպիոնների լիգայի այս վերջին խաղարկությունում «Ռեալ»-«Լիվերպուլ» հանդիպման ելքի վրա մեծ ազդեցություն ունեցան անգլիացիների դարպասապահ Լորիս Կարիուսի վրիպումները, սակայն այնպես չէ, որ շատ ավելի հեղինակավոր դարպասապահներ նման կարգի ձախողումներ չեն ունեցել այս նույն խաղարկության հանդիպումներում:
Մրցաշրջան 2010-2011-ում «Ինտերի» դարպասապահ Ժուլիո Սեզարի վրիպումը «Բավարիայի» հետ խաղում իտալական ակումբի համար կարող էր ծանր ավարտ ունենալ, եթե «Ինտերը» չկարողանար ևս երկու անգամ գրավել մրցակցի դարպասն ու դուրս գալ մեկ քառորդ եզրափակիչ:


Մրցաշրջան 2013-2014-ում անկյունայինի խաղարկման ժամանակ «Ռեալի» դարպասապահ Իկեր Կասիլյասն անհաշվենկատ դուրս եկավ դարպասից ու բաց թողեց գոլ: Ի բարեբախտություն «արքայականի»` թիմը կարողացավ եզրափակչի այդ հանդիպումում չորս գնդակ խփել «Աթլետիկոյի» դարպասն ու տիրացավ գավաթին:
Ավարտված այս մրցաշրջանի խմբային «Բենֆիկա»-«Մանչեստր Յունայթեդ» դիմակայությունում պորտուգալական թիմի դարպասապահ Միլե Սլիվարը կարողացավ որսալ գնդակը միայն այն ժամանակ, երբ ինքն էր արդեն դարպասում:
Մրցաշրջան 2017-2018-ում «Ռեալի» դարպասապահ Կեյլոր Նավասը դարպասի ուղղությամբ արձակված գնդակի փոխարեն օդը որսաց, ինչը «Յուվենտուսի» ֆուտբոլիստներին հնարավորություն տվեց արձանագրելու դարպասի գրավում:


Նույն այս մրցաշրջան 2017-2018-ում, մինչ «Բավարիայի» դարպասապահ Սվեն ՈՒլրայխը «Ռեալի» հետ կիսաեզրափակիչ խաղում կկողմնորշվեր ինչպես վարվել հետ փոխանցված գնդակի հետ, Կարիմ Բենզեման գրավեց անպաշտպան դարպասը: Այնպես որ, ինչպես տեսնում եք, դարպասապահներն այնքան էլ պակաս հաճախականությամբ չեն կուրյոզային գոլեր բաց թողնում:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 2959

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ