«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում՝ պայմանավորված Հայաստանի ղեկավարության դիրքորոշմամբ, որը միտումնավոր փլուզում է հարաբերությունները Ռուսաստանի Դաշնության հետ։ Այժմ Հայաստան են ուղարկվում զինվորականներ Նորվեգիայից, Կանադայից և ԱՄՆ-ից՝ ԵՄ առաքելությունը վերածելով ՆԱՏՕ-ի առաքելության»,- «Известия»-ին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։                
 

Մակրոն-Պուտին` հանդիպման բազմանշանակ արդյունքներ

Մակրոն-Պուտին` հանդիպման բազմանշանակ արդյունքներ
29.05.2018 | 10:20

Նախագահ Էմանուել Մակրոնի Սանկտ Պետերբուրգ այցից հետո դիվանագիտական տարակարծությունները մնացին, բայց տնտեսական հարաբերություններին նոր ընթացք տրվեց` գրում է Բենջամեն Կենելը Les Echos-ում: Ռուսաստան իր առաջին այցի ընթացքում, Սանկտ Պետերբուրգի տնտեսական համաժողովում Էմանուել Մակրոնը մասնատվելով դիվանագիտության ու բիզնեսի շահերի միջև` ջանում էր ցրել «թշնամական ամպերը»` մերձենալու համար Վլադիմիր Պուտինի Ռուսաստանի հետ: ՈՒրբաթ օրը Ֆրանսիայի նախագահը Կրեմլի տիրոջ կողքին նստած` բազմապատկում էր սիրալիր ժեստերն ու բարեկամական խոսքերը` մեջբերելով Դոստոևսկուն, Տոլստոյին ու Սոլժենիցինին` «վստահությունը վերականգնելու» ու «փոխադարձ անհասկացողության» էջը շրջելու հույսով: Նրա էնտուզիազմը ռուսական քաղաքական-տնտեսական էլիտան ընդունեց զուսպ լավատեսությամբ: «Զգացվում է, որ Մակրոնն անկեղծ է մերձեցման իր երկչոտ փորձերում,- ասաց լիբերալ գործիչ Անդրեյ Շարոնովը:- Բայց նրա երկար ելույթը մի քիչ արհեստական գրական հղումներով մնաց առանց ռեալ առաջարկների: Փաստացի` Մակրոնը ցանկանում է տարանջատվել Վաշինգտոնից ու Մոսկվայից` ընտրություն չկատարելով նրանց միջև»:


Դիվանագիտական դոսիեով մերձեցումը զգացվում էր ավելի շատ տոնայնության, քան ենթատեքստի մեջ: Ելիսեյան պալատն ու Կրեմլը դեռ հեռու են պայմանավորվածությունից Վաշինգտոնի մերժած Իրանի միջուկային համաձայնագիրը «լրացնելու» միջոցների վերաբերյալ: Նոր ազդակ չտրվեց ՈՒկրաինայի խաղաղ կարգավորման գործընթացի ոչ մի նախաձեռնության: Սիրիայի հարցում երկու նախագահները, իհարկե, հայտարարեցին անցումային քաղաքական գործընթացի շուրջ բանակցությունների համակարգի մեխանիզմի ստեղծման մասին: Սակայն մնացին տարակարծություններ Դամասկոսի կողմից քիմիական զենքի օգտագործման հարցում: Թեման միայն շոշափվեց, որ միմյանց չնյարդայնացնի: Տնտեսական առումով, Սանկտ Պետերբուրգի տնտեսական համաժողովին, որ համարվում է ռուսական Դավոս, Էմանուել Մակրոնի այցով երկկողմանի բանակցությունների արդյունքում իրապես նոր դինամիկա հաղորդվեց: Ելույթ ունենալով երկու երկրների ձեռներեցների առաջ Էմանուել Մակրոնը ֆրանսիական ընկերություններին կոչ արեց «առավել մեծ ձեռքբերումներ ունենալ» Ռուսաստանում: «Նա հստակ ազդակներ հաղորդեց: Մենք սպասում ենք շարունակության»` հույս հայտնեց ՌԴ արդյունաբերության ու առևտրի նախարար Դենիս Մանտուրովը:


Վիթխարի Total կոնցեռնից մինչև բրետոնյան Olmix փոքր ձեռնարկությունը, ներառյալ Suez-ը, Dalkia-ն, Poma-ն, Auchan-ը, Orpea-ն` ֆրանսիական 50 ընկերություններ համաձայնագրեր ստորագրեցին նախագահի այցի շրջանակներում: «Նշանակում է` ոչինչ չի խանգարում մեր հարաբերությունների զարգացմանը, նույնիսկ այլ երկրների պատժամիջոցները»` բացականչեց օլիգարխ Գենադի Տիմչենկոն` այդ գործընկերության դիրիժորներից մեկը: Այդպես փորձ արվեց ցրել ԱՄՆ նոր պատժամիջոցների սպառնալիքը, որի ամպերը, այնուամենայնիվ, կուտակվում են Ռուսաստանում ֆրանսիական ներդրումների վրա:.
Բենջամեն ԿԵՆԵԼ, Les Echos


Հ.Գ. Անտոնեն Կլեմանը Le Figaro-ում գրում է, որ Մակրոնները Ռուսաստան են մեկնել մայիսի 24-25-ին` մասնակցելու Սանկտ Պետերբուրգի տնտեսական համաժողովին և քանի դեռ Էմանուել Մակրոնը բանակցում էր Վլադիմիր Պուտինի հետ Սիրիայի պատերազմի, Իրանի միջուկային ծրագրից ԱՄՆ-ի դուրս գալու մասին, Բրիջիտ Մակրոնը մայիսի 24-ին «ՈՒպսալա կրկեսի» երեկույթին էր ներկա, որտեղ ելույթ են ունենում անօթևան երեխաներ ու պատանիներ և մի քանի պարային պա ցուցադրեց այնտեղ: Ռուսական այդ կրկեսը Սանկտ Պետերբուրգում 20 տարի առաջ հիմնադրել է թատերական ռեժիսոր Լարիսա Աֆանասևան: «ՈՒպսալա կրկեսը» անօթևան երեխաների ու պատանիների սոցիալական ադապտացման համար է, կազմակերպության նպատակն է նրանց համար այլընտրանք ստեղծել փողոցի կյանքին: Բրիջիտ Մակրոնը շատ զգայուն է ինկլյուզիվ կրթության սոցիալական ցանկացած նախաձեռնության նկատմամբ, որ նրա սիրած թեման է, նա կրկես էր գնացել ծանոթանալու կրկեսային մանկավարժության մեթոդիկայի արդյունքներին, երբ ցերեկը երեխաների հետ պարապմունքներ են անցկացնում կրկեսային մարզիչներ, իսկ երեկոյան երեխաները մասնակցում են ներկայացումներին: Իր այցը նա ավարտեց բեմի վրա, որտեղ 70 երեխա կար: Տիկին Մակրոնը իրոք ռուսական ավանդական «կազաչոկը» պարեց, երբ շատ արագ շարժումներն ուղեկցվում են ծափերով: Ֆրանսուհին մնում է ֆրանսուհի` գործնականն ու արվեստը ներդաշնակ համատեղելով:


Իսկ Հայաստա՞նը: Երբ հանդիպում են ԵԱՀԿ Մինսկի խմբի երկու համանախագահները, ինքնին հասկանալի է, որ նրանց բանակցություններում գոնե հպանցիկ շոշափվել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցը, առավել ևս Հայաստանում իշխանափոխությունից ու Մակրոնի Հայաստան այցից առաջ` հատկապես Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան Իվ լը Դրիանի Բաքու ու Երևան այցերի նախօրեին: Արդյունքների մասին կիմանան խիստ սահմանափակ թվով մարդիկ, բայց հետևանքները կզգացվեն անպայման:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 2785

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ